38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դեպի ո՞ւր

Դեպի ո՞ւր
06.03.2018 | 18:15

Այս օրերին, անվերջ հիասթափություններից ու հուսախաբություններից հոգնած մարդկանց, հանկարծ «հոգատարության» մեծ չափաբաժին մատուցվեց՝ «ավելորդ» դեղորայքի ընդունման հետևանքով առողջության վնասման դեմ կյանքի կոչված դեղերի դեղատոմսային բացթողման «բալասանի» տեսքով: Պարզվում է, այս ժողովրդի մասին մտածողներ ու անհանգստացողներ կան և այն էլ առողջապահության ոլորտում, որը վաղուց արդեն բիզնեսի փողաբեր տիրույթում հայտնված, իրեն հաշիվ էլ չի տալիս, որ տունուտեղ կորցնելու և մարդկանց հարկադրված երկրից հեռանալու առյուծի բաժինն արդեն իր խղճի վրա է ծանրանում օրը օրի: Որովհետև անհասկանալիորեն, այսօրվա զարգացած բժշկագիտության պայմաններում, բազում անբուժելի հիվանդությունների տեր դարձած մարդկանց մեծ մասին անհրաժեշտ բուժումը, վիրահատությունները և բուժման համար մշտապես պահանջվող դեղերը, գնային այնպիսի սահմանների են հասել, որ լավագույն դեպքում վիճակից ելքը՝ վարկ վերցնելն ու արդյունքում տուն կորցնելն է… և, բնականաբար, հաջորդ քայլը՝ մի քանի հայրենյաց մասունքներ ճամպրուկներում, անհայտության ճանապարհ ելնելը:

Ոչ միայն առողջապահության ոլորտում, մնացածում էլ և ամենուր այլևս անդիմանալի խնդիրներն այնքան շատ են, որ զարմանում ես, թե էլ որտեղից նորերը կարող են հորինվել: Սակայն նրանք, ովքեր կոչված են երկրապահպան ու ազգաշահ գործեր անելուն, եղած խնդիրներին լուծում տալուն, լավ էլ կարողանում են անվերջորեն նոր խնդիրներ բարդել ու բարդել ժողովրդի գլխին, ավելի անելք դարձնելով անգամ օրախնդիր հարցերը… Եվ շատ միտք չարչարելու պատճառ էլ չունեն, որովհետև դրսից հուշումներն ու պատրաստի ծրագրերը «փրկության» պես շտապում են օգնության… Իսկ երբ դա հենց «եվրոպական մոդելի պետություն» կոչվածն է՝ միանգամից երկրի ու ազգի բոլոր հարցերը միանգամից իր սեղանին դնող ու «լուծող», արդեն ամեն բան հեշտից էլ հեշտ է…


Եվ ահա, «վայելում ենք» օտարի համար ձևվածը, մոռանալով, որ մեր երկրի անունը Հայաստան է և մեզ հայկական «մոդել» է պետք: Էլ չասած, որ այդ «եվրոպականը» հենց Եվրոպայի գլխին էլ պատուհաս է դարձել՝ գլոբալիզմի ծրագրավորված քաոսի կործանարար խառնաշփոթով: Շատ չշեղվեմ ու չմոռանամ մեզ նվիրված մարտիմեկյան «հոգատարության» ցույցը… Եվ, ի դեպ, նաև հիշեցնեմ, որ, արդեն տարիներ ի վեր, հատկապես տոնական օրերին են մեզ մատուցվում գների բարձրացման, կյանքի դժվարացման, ցավոք, նաև արյունահեղության «նվերները»… եզրահանգումները ձեզ եմ թողնում…
Եվ այսպես… դեղերը… դժբախտաբար այսօր գրեթե բոլորին անհրաժեշտ դարձած, փուլ առ փուլ արդեն ողջ տեսականիով, մեզ հասանելի են լինելու միայն կյանքը բարդացնող պայմաններով: Ոչ հաճախակի, ուղղակի պահի խնդիրներից առաջ եկած գլխացավի ժամանակ պետք է պարզապես տառապել, որովհետև, բժշկի դռան մոտ հերթերում սպասելն ու հետո հետազոտությունների երկար ցուցակը ձեռքում մի տեղից մյուսը վազվզելը՝ ունեցած և չունեցած գումարից քիչ առ քիչ զրկվելով, հաստատ գլխացավ չի անցկացնի: Իսկ հանգստյան օրերի և գիշերային խնդիրների դեպքում՝ խղճին դեմ գնալով շտապօգնություն կանչելու հետևանքը պարզապես սարսափելի է լինելու այն առումով, որ մեկ կամ մի քանի գլխացավերի և բարձր ջերմության պատճառների արդյունքում իսկապես կյանքի-մահվան սահմանում գտնվողների համար, բնականաբար, արդեն ծանրաբեռնված շտապ օգնության ուշացած այցերը որքան ողբերգությունների պատճառ կարող են դառնալ: Անգամ հասարակ թվաբանություն էլ պետք չէ դա հասկանալու համար:


Այո, իհարկե պետք է, որ հիվանդության դեպքում դեղորայքը նշանակվի բժշկի կողմից, սակայն հենց այդպես էլ արվում է, ոչ մի հիվանդ ինքնուրույն լուրջ բուժման կուրս չի ընդունում… Այլ բան են սիմպտոմատիկ, կարճատև խնդիրների ժամանակ օգտագործվողները, որոնք եթե անգամ ավելորդ էլ լինեն, այդքան կարճ ժամանակում մեծ վնասներ պատճառել չեն կարող, քան,երբ դեղորայքը պետք է և դժվարությունների պատճառով ժամանակին չի ընդունվում: Բացի դա, մեր երկիրն ունի իր առանձնահատկությունները և դրանցից մեկն այն է, որ բուժող բժիշկը կարող է լինել հարևանը, ծանոթը, ծանոթի ծանոթը, էլ չասած՝ ընտանիքի անդամը: Նման դեպքերում ավելորդ խնդիր չեն դառնում թանկ դեղորայքի և որոշակի դեղատների պարտադրանքները: Իսկ ինչպես արդեն նշվեց՝ սիմպտոմատիկ և առողջական թեթև խնդիրների դեպքում, յուրաքանչյուր հասուն մարդ հիանալի գիտի դրա ապաքինման համար անհրաժեշտ միջոցները՝ դեռևս չբարդացած սուր վիրուսային հիվանդությունների, ստամոքսի խանգարման, մեկ-մեկ հոգնածության ժամանակ անհանգստացնող գլխացավերի ժամանակ. Դրա համար համալսարան ավարտել պետք չէ, անգամ ոչ ուսյալ մարդու համար կյանքի ընթացքում շատ անգամ տարած այդ խնդիրները և նաև իր մշտական, քրոնիկ և արդեն բժշկական ֆիլտրով անցած հիվանդությունը՝ իրենց լուծումներով, արդեն անգիր արած դաս են դառնում: Մենք ռոբոտների աշխարհում չենք ապրում և ռոբոտներ չենք, որոնց մեջ, եթե որևէ ծրագիր բացակայում է, այն այլևս անլուծելի է… Բանական մարդիկ ենք, ովքեր կյանքի բոլոր ոլորտներում շատ հարցեր ինչ-որ չափով կարող են իրենց համար իրենք էլ լուծել և ոչ բոլոր դեպքերում դիմել մասնագետի: Իսկ ինչ վիճակում են հայտնվելու թոշակառու, աշխատանքից զրկված կամ պարզապես պոլիկլինիկայում չաշխատող բժիշկները: Նրանք էլ՝ բան ու գործ թողած և իրենցից ավելի քիչ գիտելիքներ ունեցող մի բժշկի դռան մոտ հերթերում պետք է մեկ անալգետիկի համար ժամանակ ու նյարդեր մաշեն…Աբսուրդ… Եվ… մտածո՞ւմ են մեր մասին…
Իսկ բարդ դեպքերում բժշկի չդիմելու պատճառն այն է, որ պարզապես հետազոտությունների, իսկ հետո նաև բուժման ահռելի գները հիվանդի համար անհասանելի են: Սոցիալական տարբեր ծրագրերն ու պետպատվերները նման են անապատում կաթիլի և դեռ քաշքշուկների պատճառով ավելի առողջություն քայքայող, այնպես որ դրա վրա չկենտրոնանանք: Եվ եթե դա անգամ մեծ չափերի էլ լիներ, այն մի քանի առանց բուժման միջոցների մնացածներն էլ պետք է անհանգստանալու լուրջ պատճառ լինեին:


Բայց չէ… գրեթե ողջ ժողովուրդը տառապում է այդ անելք լաբիրինթոսում և դեռ ավելի են շատացնում փողաբեր բիզնես-բուժհիմնարկների շարքը, ՛՛մթության քողի տակ՛՛, սուսուփուս ավելի ու ավելի բարձրացնում ստացիոնար բուժման, վիրահատությունների, հետազոտությունների և դեղորայքների գները… Ծանր, ողջ կյանքում բուժում պահանջող կամ անբուժելի հիվանդությունները գնալով ավելի մեծ թվով մարդկանց են իրենց ոստայնի մեջ խճճում, գամում անկողնուն և, ի վերջո… Հոգատարությունն այն կլիներ, որ առողջապահության ոլորտում ամենակարևոր գործերի մեջ առաջինը համարվեր հիվանդությունների ահռելի քանակի դեռ օր օրի ավելացման պատճառներն ի հայտ բերելը, դրանք մեր կյանքից հնարավորինս գոնե քչացնելը, դրանց կանխարգելման լուրջ մեխանիզմներ մշակելը՝ հաճախակի հետազոտություններից ու ինչ-որ պատվաստումներից ավելի կարևոր և գործուն: Բայց ասես այդ ամենը ոչ մի կարևորություն չեն ներկայացնում մեզ նման փոքրաթիվ ժողովրդի համար: Մարդն ինչ է որ, կարևորը՝ հիվանդ մարդը լավ է վճարում… Նրանց պատասխանը միշտ պատրաստ է՝ այդպես է ամբողջ աշխարհում և վերջ: Դա ճիշտ է, և այս մեկն էլ «աշխարհային է». ընդամենը «եվրոպական մոդելի», ավելի ճիշտ աշխարհը կործանելու ելած գլոբալիստների ծանր կրունկի հերթական մեր գլխին իջնելը՝ իր բոլոր խարդախություններով: Եվ երևի ամենակարևորը և ամենավտանգավորն այս ամենում առողջապահության միասնական էլեկտրոնային համակարգի անցնելն է. առողջության հետ անհարիր պայմաններ ստեղծելու հետևանքով մարդկանց մեջ առաջացած ամենափոքր խնդիրն անգամ ֆիքսելն ու ներկայացնելը ուր որ պետքն է…


Անդրանիկ Զորավարը ոսկով հայ մանուկներ էր գնում և, ի հեճուկս աշխարհի դավերի, երկիր փրկելու իր ջանքը չէր խնայում… Նրա և նրա նմանների շնորհիվ մենք կանք կյանքի ակունքներից… իսկ այսօրվանների շնորհիվ… դեպի ու՞ր...


ՆԱՆԵ

Դիտվել է՝ 4641

Մեկնաբանություններ