38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քաղաքական ապաշխարանք

Քաղաքական ապաշխարանք
03.02.2017 | 08:50

ՑՈՒԳՑՎԱՆԳ


Մինչ քաղդաշինքները քոչարի ազգային պարի դղրդոցի ներքո երբեմն շփոթվում, գալարվում են պորտապարի հանգով ու զանգով, հանրությունը ՀՀ-ում, հայությունն էլ Երկիր մոլորակում սպասում են քաղցուցակների հրապարակմանը։ Սպասում են շունչը պահած, զի օվալաձև դահլիճում բախտորոշվելու է մեր վաղվա օրը։
Ձեր հեզ ծառան, հնազանդ իր ներքին ձայնին, կնշագրի հենց այն դաշինքի անվանման դիմաց, որի ներկայացրած քաղաքական-նախընտրական ցուցակը չի մատնանշի` ա) հայության կողմից որոնվող քրեական ծանր հանցանքների հեղինակներին, բ) քաղաքական երդվյալ պոռնիկներին և գ) մականունակիր-գանձագողերին։
Դրական խիզախումները, այո, սկսում են համակշռել բացասական խուսանավումներին։ Նախ ի սրտե թուքումրենք, այնուհետև հևիհև փառաբանենք։

ԽՈՒՍԱՆԱՎԵՔ ԵՎ ԹԱՓՎԵՔ ԱՐԱՔՍ ԳԵՏԸ
(սիրառատ թուքումուր)
Դուք ամո՞ւր եք նստած ձեր աթոռ-բազկաթոռ-բազմոցների վրա։ Այո՞, ուրեմն է՛լ ավելի ամրագրեք ձեր դիրքը, զի մեզ սպասում են ահեղագոչ առերեսումներ։ Համաձայն եմ, խորհրդահայ 5-աստղանի կոնյակը հարկ է վայելել կիլիկյան կիտրոնով։ Եվ ահա մեր քիմքն անուշահամվեց, և միտքը մեր լուսաշողվեց։ Փորձենք վերծանել ներքոնշյալ էպոսահենք ինքնախոստովանանք-սպառնալիքը երկրին, երկրի գալիքին և վերջապես Արարատի մարզին. «Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին։ Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի»։ Թող մինչև ապրիլի 1-ը խլանան այն ականջները, որոնք փակ կմնան այս ազգապետականափրկիչ ուղերձի դեմ, և թող որ մասամբ կուրանան աչքերը այն, որոնք չեն տեսնում եղածը և, ինչ խոսք, չեղարկում են դեռ լինելիքը։


Սակայն զանց առնենք խռովահույզ մեր ապրումներն ու դատենք բանականությամբ։ Այսինքն` եկեք ՀՀԿ-ն հանձնենք Հաագայի դատարանին, զի էապես խախտվել է թիվ 13-րդ վարչապետի նախ` հայրենասիրական, ապա` քաղաքացիական իրավունքը, ՀՀԿ-ի նոր ոգի 14-րդ վարչապետն անտեսելով 13-րդ ոգեզարթոնք վարչապետի պատմա-աշխարհագրական սխրանքը, հանդգնեց խորազննել Արարատյան դաշտավայրի ջրազրկվող ընդերքը։ Այսինքն` կասկածի թակարդներ տեղակայեց խմբիշխանության նվագախմբի գլխավոր թավջութակահարներից մեկի նոտակալի ծալքերում։


Դեռ ինչե՜ր են լինելու։ Բանջարաբոստանային բդեշխը` Արարատյան անդրջրհեղեղյան դաշտավայրի գերագույն ձկնաբույծը, հսկայական նյութամտավոր և ոգեղեն-հողեղեն կենսաէներգիա է ծախսել և Մասսյաց մթնդած հայացքի ներքո խաղողի քաղցր ծորանքն ու ծիրանի կարմրադեղին հմայքը վերափոխել-դարձրել է գերշահավետ մի սակարան, մրգաստանն արդեն մեկ տասնամյակ ձկնամբար է։ Եվ ցավ չէ, որ դաշտավայրի ջրերը նվազել-հեռացել են, և, Տերը փրկի, բայց մի դժնդակ գիշերամութին ամբողջ մի գյուղ կարող է սահել գետնի տակ։ Եվ այս պահին զույգ ձեռքերով պիտի գոցեմ ամբարիշտ բերանս, զի վախենում եմ, որ զարմանքից կկորցնեմ խոսելու ունակությունս։ Դուք հարցնում եք, թե ինչ է ինձ զարմացնում, պատեպատ խփո՞ւմ։ Լսեք և զմայլվեք. տիար Հովիկը ոչ միայն գիտելիք է ներդրել, այլև ահռելի զարկ է տվել հայ գյուղի քաղաքակրթական առաջընթացին` Մրգավան գյուղը վերածելով ուլտրաազատական հանգրվանի, հենց գյուղեզրին գործարկելով գիշերային ակումբ։ Հայտնի է նաև, որ տիեզերքից դիտելիս լյառն Արարատը ծովափնյա լեռան տեսք ունի։ Նրա հյուսիսային լանջերն իջնում, փարվում են ծովին, այսինքն` ձկնաբուծարան-լճերին։ Միով բանիվ, տիար Աբրահամյանը` պատվելի Հովիկը, հեռացավ ՀՀԿ-ից, որ զբաղվի քաղաքականությամբ։ Սա հույժ կարևոր ազդանշան է երկրին, և նշանակում է, որ նա հանրապետական կուսակցությունում կամ, առհասարակ, քաղաքականությամբ չի զբաղվել կամ էլ տարվել-տրվել է քաղաքական գործընթացներին հենց այնպես, հավուր պատշաճի, և ահա քաղաքական ասպարեզում լիարժեք դրսևորվելու կիրքը նրան մղում է դեպի նոր տեսաքաղաքական հեղաշրջումներ, զորօրինակ, ՀՀ 13-րդ վարչապետը կարող է նորաթուխ մի քաղդաշինք երկնել, այն դիցուք անվանակոչել «Վասն հայրենյաց» և մի երկու շարք նստատեղ կալնել ԱԺ-ում։

Ցնցող-գրավիչ էր Սեյրան Օհանյանի ավետիսը հանրապետությանն ու հանրապետականներին։ «...Մենք գնում ենք հանուն գաղափարի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր երկրի զարգացման...»։ Հասկանալի չէ նպատակակետ-թիրախը, նախ` որոնք են «հանունն ու գաղափարը»։ Եվ ահա անհուն մի սարսուռ է պատում ինձ ոտն ի գլուխ, գեներալը հեծել է երիվարն ու արշավում է դեպի, ինչ եք կարծում, Մուշ և Արդահա՞ն, թե՞ դեպի Վան և Սասնա տուն։ Ո՛չ, ուղին նրան ուղեկցում է դեպի շենքը տաճարաշուք, դեպի դահլիճը խորհրդավոր, մի խոսքով` դեպի խորհրդարան։ Այնինչ նրա նախարարության վերջին տարում, այսինքն` 2016-ին, մարտական գործողությունների ժամանակ բանակի կորուստը 102 զինվոր և սպա էր, ոչ մարտական իրավիճակներում զոհվածները 57-ն են։ Եվ ահա ինձ (հուսամ ձեզ ևս) զարմացնում-ցնցում և զայրացնում-հոգեհան է անում օհանյանական աղանդի քարոզիչների պագշոտ երեսպաշտությունը` հայոց բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր հանրահայտ, շատ դեպքերում նաև անհայտ, ստվերային և բարոյասպան գործընթացները որևէ ձևով չեն առնչվում նախկին նախարար, այժմյան քաղառաջնորդ Սեյրան Օհանյանի պատվական անվան հետ։ Փորձենք ասվածը պատկերացնել առավել տեսանելի-հանրամատչելի եղանակով։ N զորամասում ամենաթողությունից լկտիացած ենթասպան խոշտանգում, մահվան դուռն է հասցնում նորակոչիկ զինվորին։ N+ զորամասում, որը սահմանագլխին է դիրքավորված, խմբապետական մարմաջով տարված սպան հրազենային վնասվածք է հասցնում սահմանապահ զինվորին, քանզի վերջինս զլացել և ժամանակին սպայի առաջ ոտքի չէր կանգնել։ Արևելաեվրոպական մի տոնավաճառում հանգիստ խղճով իրացնում են հատուկ հայոց բանակի համար պատրաստված պահածոները, վաճառում են տարին բոլոր։ Իսկ գեներալների ահռելի գույքը հակադարձ համեմատական է նրանց ծառայողական սխրանքներին։ Այս ամենում մեղավոր է հայ խոտորված հանրությունը, մեղքի իրենց բաժինն ունեն տավարածն ու գիտնականը, այրի կինն ու նորածինը, բայց անմեղ է ռազմական նախարարը։ Առհասարակ ժամն է լուծարքի ենթարկելու մեր օրերի թերևս գլխավոր նշանաբան-խաբկանքը, թե բանակը մեր միակ կայացած ինստիտուտն է։ Հայ զինվորի և սպայի (դեպքից դեպք էլ գեներալի) նվիրումն ու մարտունակությունը ինստիտուտի պահապան սյուներն են, այնինչ շենքի տանիքը քայքայվում է օր օրի։ Այսինքն, մեր հպարտություն բանակը հայոց մեր ցավի ու ամոթի անդրադարձն է միաժամանակ, ինչպես ողջ մեր տարաբախտ, խմբիշխանված, առայժմ դարձի չեկող հանրապետությունը։
Միով բանիվ, պետականաշինության վեհ գործում քանդարար գործերով արդեն այսօր հայոց պատմության դատաստանին հանձնված տիարք և տիկնայք առնվազն պետք է լռեն։ Միով բանիվ, խուսանավեք և թափվեք Արաքս գետը։

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒ մինչ քանդարար տիարք և տիկնայք պապանձվելու-ջրի հատակում ապաստանելու փոխարեն աղմկում, երեսպաշտության գլուխկոտրուկներ են կերտում, լսենք, թե ինչպես է այս ժամանակներին անդրադարձել երգիծող-պոետ և ինքնաբուխ իմաստուն Գրիգորը Սուրեն.
Օ՜, վաշխառուներ, վաճառականներ կույր ու ենթակա,
Պատիժ-կրքերի վայրի վառարան,
Օ՜, խոհարարներ, որ ձեր ճանկն ընկած հոգեխմորից ինչեր եք թխում դառնության բազում կաղապարներով։

Մի խոսքով և բանիվ միով, հանգրվանում ենք ցրտաշունչ, բայց և այնպես ցրտին արժանին հատուցող և երկրին իր արարումը մատուցող Բասեն համայնքում։ Այստեղ հավատում են վարչապետին և միանում նրա սխրանք-տքնանքին ահավասիկ այս առաջնադիրքում։
Բասենում իմաստուն այրեր են ապրում, նրանք համաշխարհային պատմության 70-ամյա վարագույրը հետ են քաշել և գտել են պելետ-հրաշքը։ 1947-ին 2-րդ համաշխարհային պատերազմից նոր շունչ քաշած բարեկիրթ Դանիան, բարեհամբույր Շվեդիան և բարյացակամ Ավստրիան պելետով էին տաքացնում իրենց կրթյալ գրասենյակները և կրթաբարո բնակարանները։ Պելետի 1 կգ-ն 24 և ավելի ժամ ջերմացնում է բնակարանը։
Պելետի 1 տոննան, ինչ խոսք, կջերմացնի ողջ Կումայրին։ Սա կենսավառելիք է։ Մշակվում է անտերության մատնված աշնանային տերևներից, արհամարհված գոմաղբից, անտեսված ծղոտից և այլնից։ Պելետով այսօր արդեն երեք ընտանիք է ջերմանում Բասենում։ Այս հրաշքով հետաքրքրված են ջերմոցային տնտեսությունները։ Մայրաքաղաքի աչալուրջ գործարարներն ուղևորվում են Բասեն, ծանոթանում են կենսավառելիքի բոլոր առաքինություններին և պատվիրում մեծ խմբաքանակ։ Ի դեպ, պելետի օգտագործումը բնապահպանական մեծ նշանակություն ունի, զի խնայում է անտառները զանգվածային կոտորածից։ ՈՒղևորվեք դեպի Բասեն, տիարք Հովիկ և Սեյրան, Զարուհի և Մհեր... ՈՒղևորվեք և մեղքերի թողության վսեմ ակնկալիքով նվիրաբերվեք պելետի արտադրությանը։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Նախ և առաջ, նախ և հետո և, ի վերջո, ներկա բոլոր քաղաքական դաշինքներն ու կուսակցությունները պետք է յուրյանց ծրագրում հստակ ու խիստ ամրագրեն երկրի զարգացման գերակայությունները, այո՛, անշուշտ, արևային էներգիայի գործածումն ամենուր, այո, անվերապահորեն պելետի զանգվածային արտադրությունը, ինչ խոսք նաև հայ գիտական-գյուտարարական մտքի արգասիքների կիրառումն ամենուր։
Զինչե՜ր ցուցանեցին անառակներին առակներս այս։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ