38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեր ժողովրդի երաժշտական դաստիարակությամբ զբաղվում են երթուղային տաքսիների վարորդները

Մեր ժողովրդի երաժշտական դաստիարակությամբ զբաղվում են երթուղային տաքսիների վարորդները
17.01.2017 | 12:06

Մի առիթով հարգարժան երաժիշտներից մեկը հայտարարեց, թե մեր ժողովրդի երաժշտական դաստիարակությամբ զբաղվում են երթուղային տաքսիների վարորդները։ Ցավոք, իրողություն է, և անհնար է չհամաձայնել։ Երթուղայիններով երթևեկելու բազմաթիվ անհարմարություններից թերևս ամենաանտանելին այն է, որ պարտադրված ես լսելու վարորդի ճաշակով ընտրված երաժշտություն։ Երբ փորձում ես նրանից պահանջել, որ նա իր երաժշտական ճաշակը չպարտադրի ուղևորներին, նեղանում է՝ ասելով, որ դա ռադիո է, ինքը մեղավոր չէ։ Եթե բախտդ բերում է, և այլ ուղևորներ ևս միանում են քո պահանջին, նա տեղի է տալիս, իսկ եթե ոչ, ապա դու ստիպված ես լինում համբերել կամ իջնել մեքենայից։ Կարելի է ասել, որ դա դարձել է հասարակական չարիքներից մեկը։ ՈՒղևորները սովորաբար լռում են վախից, որ կոնֆլիկտ չստացվի (քանի որ վարորդները, մեղմ ասած, չեն փայլում բարեկրթությամբ) կամ էլ համարում են, որ դա բնական է, և իրադրության տերը վարորդն է՝ կուզի կծխի, կուզի իր նախընտրած երաժշտությունը կլսի։ Դրա արդյունքում տեղի է ունենում հասարակության գեղագիտական պարտադրված այլասերում։


Մի անգամ նստեցի վարորդի կողքի նստարանին, որն իրենից գոհ բարձր միացրել էր հայկական շոու բիզնեսի «կարկառուն» ներկայացուցիչներից մեկի ձայնագրությունը, հարցրի. «Տեսնես թուրքը հայկական երաժշտություն լսո՞ւմ է»։ Նա հստակ պատասխանեց՝ ո՛չ։ Ճշտեցի. «Բա մենք ինչո՞ւ ենք թուրքինը լսում»։ Նա զարմացավ. «Բա սա թուրքական է՞, հայերեն է երգում»։ Պատասխանեցի, որ ճիշտ է, հայերեն է երգում, բայց թուրքերեն է կլկլացնում։ Նա երևի համոզվեց ու իմ «խաթեր համար» միացրեց դասական երաժշտություն, որն էր՝ ռուսական էստրադային երգը։ Չիմացա խնդա՞մ, թե՞ լամ։ Կարծում եմ՝ պետք է ողբալ։
Ես պատահաբար չօգտագործեցի «այլասերում» բառը։ Իրականում տեղի է ունենում մարդկանց ոչ միայն հոգեբանական, գեղագիտական, այլև ֆիզիոլոգիական այլասերում։ Հայտնի է, որ յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային երաժշտությունը, որի ելևէջները, ինչպես նշում է Կոմիտասը, կամ ժամանակակից գիտական լեզվով ասած՝ վիբրացիաները, համահունչ են իրենց մարմնի ելևէջներին, կամ վիբրացիաներին։ Հնարավոր չէ շփոթել շոտլանդական, չինական, հնդկական, վրացական ազգային երաժշտությունը։ Իրենց հարգող ազգերը և նրանց իշխանությունները իրենց երկրի մշակույթը ներկայացնելու, տարածելու խնդրում մեծ կարևորություն են տալիս ազգային երաժշտությանը։ Օրինակ, ավստրիական ավիաուղիների ինքնաթիռներում, Վիեննայի օդանավակայանի սպասասրահներում, այդ քաղաքի տուրիստական ավտոբուսներում անընդհատ հնչում է Մոցարտի ու Շտրաուսի երաժշտությունը։ Հավելեմ նաև, որ Վիեննայի կենտրոնում «Մոցարտները» համերգների տոմսեր են վաճառում։ Այսինքն՝ երկիր այցելողներն ակամայից հայտնվում են մոցարտյան ժամանակներում և եթե նույնիսկ չեն իմացել, ապա դրանից հետո միշտ կհիշեն, որ Մոցարտը ավստրիացի է։ Քեզ համակում է այդ ազգի նկատմամբ խոր հարգանքը, քանի որ նախ և առաջ այդ երկրի ժողովուրդն է ինքն իրեն հարգում։ Իսկ ի՞նչ է համակում մեր երկիր ժամանած օտարերկրացուն, որը ոչ մի տեղ չի լսում հայ ազգային երաժշտություն։ Ամենուր ազգային նկարագրի մասին ոչինչ չասող երգեր են՝ արևելյան օտարահունչ կլկլոցներով։


Տարեց և միջին սերնդի մարդիկ շատ թե քիչ ծանոթ են հայ ազգայինին, իսկ ի՞նչ անեն երիտասարդները, որոնք աչքները բացել են ու լսում են միայն այն, ինչ հրամցնում են. հեռուստացույցով՝ ռաբիս, հեղինակավոր համերգասրահներում՝ ռաբիս, հարսանիքներում՝ ռաբիս։ Պատասխանատուները հայտարարում են. «Ժողովուրդը դա է պահանջում»։ Հասկանալի է, եթե մարդու քիմքը սովոր է միայն անորակ սննդի, նա չի էլ կարող պատկերացնել, առավել ևս պահանջել այլ բան՝ որակով, համով սնունդ։ Նույնը կարելի է ասել հոգևոր սննդի մասին։ Որոշ ժամանակ առաջ երթուղայինների վարորդներին նվիրեցին կոմիտասյան երաժշտության ձայնագրություններ, որ նրանք ուղևորների ճաշակը զարգացնեն, բայց քանի որ դա նրանց քիմքին ու ճաշակին հարմար չէր, այդպես էլ մոռացվեց։ Ամենևին նպատակ չունեմ այպանելու ամբողջ օրը ծանր պայմաններում աշխատող վարորդներին։ Նրանք համապատասխան պատրաստություն չեն անցնում։ Սակայն, հուրախություն շատերի, երթուղիներից մեկում վարորդը լսում է «Լուսնի սոնատը»։ Հուսով եմ, որ վերադասը նրան աշխատանքից չի ազատի։


Վերջերս մի երթուղայինում հերթական ճակատամարտում վարորդը հայտարարեց. «Էս երկրում սաղ էլ թուրք են»։ Մեկնաբանություն չունեմ։ Սակայն որպես կենսաբան-ֆիզիոլոգ կարող եմ բացատրություն տալ. քանի որ ազգային երաժշտության ինքնատիպությունը պայմանավորված է օրգանիզմի ազգային ֆիզիոլոգիական յուրահատկությամբ, ապա բացառված չէ, որ հակադարձ կապի սկզբունքով՝ օտարահունչ ելևէջներով կարելի է փոխել օրգանիզմի բնականոն ելևէջները՝ վիբրացիաները, որից էլ տվյալ օրգանիզմին, արդյունքում նաև ազգին, հաճելի են դառնում օտար ելևէջները։ Այսինքն՝ ժամանակի ընթացքում փոխվում է ազգի նկարագիրը։ Խորհրդային տարիներին ռադիոյով պրոպագանդվում էին մեր հարևան ժողովրդի մուղամները, բայաթիներն ու ...
Ամենևին մտադրություն չունեմ թերագնահատելու այլոց ազգային մշակույթը։ Քա՛վ լիցի։ Բայց ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ։ Իհարկե, մարդն ազատ է իր ընտրության մեջ, բայց երբ ամեն օր, ամենուր պարտադրում են լսելու ուրիշի երգերը՝ թեկուզ հայերեն, տեսնելու ուրիշի պարերը և, նույնիսկ, մրցույթներ են կազմակերպվում, անճարությունից խելագարվում ես։ Խորհրդային ժամանակ ուրիշ էր. մեծ, բազմազգ երկիր էր, պետական գաղափարախոսության հիմքում ինտերնացիոնալիզմն էր։ Այդ երկիրն է՛լ չկա, նրա գաղափարախոսությունն էլ այլևս արդիական չէ։ ՈՒզում ես հասկանալ՝ բա ո՞րն է մեր ազատ ու անկախ երկրի ազգային գաղափարախոսությունը, որից էլ պետք է բխեն մեր հասարակական-քաղաքական, մշակութային, կենցաղային և այլ քաղաքականությունները։


Այս հարցի վերաբերյալ կա ևս մեկ անհանգստացնող հանգամանք։ Մեր հանրության երաժշտական ճաշակի ձևավորման խնդրում ոչ պակաս կարևոր մասնակցություն ունեն նաև խանութների և սուպերմարկետների աշխատողները։
Ի տարբերություն երթուղային տաքսիների, այդ խանութներում բարձր հնչում է օտարալեզու, անճաշակ, ցը՛քցը՛քով ուղեկցվող երաժշտություն։ Վաճառողներին հարցնում եմ. «Սա ձեզ չի՞ խանգարում»։ Պատասխանում են. «Էն էլ ո՛նց է խանգարում։ Տուն ենք գնում արդեն «մեռած», էլ ոչինչ անել չենք կարողանում։ Բայց ի՞նչ անենք, ղեկավարության պահանջն է»։ Հարցնում եմ. «Իսկ ինչո՞ւ չեք բողոքում»։ Պատասխանում են, որ սա մասնավոր խանութ է, ղեկավարն այդպես է կամենում։


Հիմա ես ուզում եմ հարցս ուղղել սպառողների իրավունքների պաշտպաններին. ճիշտ է, մասնավոր խանութ է, բայց սպասարկում է հանրությանը, պարտավոր չէ՞ հաշվի առնելու նրա պահանջը՝ օտար երաժշտության փոխարեն մատուցել մեղմ, հանգստացնող, դեպի իրեն տրամադրող երաժշտություն։ Հաճախորդները ցանկացած պահի կարող են դուրս գալ խանութից, բայց ի՞նչ անեն աշխատողները, որոնք ամբողջ օրը բռնության են ենթարկվում՝ լսելով չգիտես թե ինչ։


ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնում կատարված հետազոտությունները փաստում են, որ մեղմ, հատկապես դասական երաժշտությունը հանում է սթրեսը, կարգի է բերում նյարդային համակարգի գործունեությունը, շնչառությունը, սրտի աշխատանքը, արյան ճնշումը։ Իսկ աղմկոտ երաժշտությունը օրգանիզմը գցում է սթրեսային վիճակի մեջ, որից էլ լուռ դժգոհում են խանութների աշխատողները։ Այս խնդրի վրա ուզում եմ հրավիրել քաղաքային իշխանությունների և այս հարցերով ի պաշտոնե զբաղվելու կոչված վերադաս օղակների ուշադրությունը։ Կարծում եմ, մեր ժողովրդի առօրյա սոցիալական սթրեսներին նորերը, ի դեմս անճաշակ երաժշտության, ավելացնելը հավասար է ազգադավության։

Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ