ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իվանիշվիլին խոստանում է. «Ես ձեզ ցույց կտամ, որ կվերադարձնենք»

Իվանիշվիլին խոստանում է. «Ես ձեզ ցույց կտամ, որ կվերադարձնենք»
31.05.2013 | 17:37

«Ի՞նչ ենք մենք զիջել Ռուսաստանին: Մենք ոչինչ չունենք զիջելու և չենք պատրաստվում զիջել: Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, մենք տեսել ենք, թե ինչ ստացանք նախկին իշխանությունների հռետորաբանությունից: Հիմա ամեն ինչ շրջում են այնպես, կարծես թե մենք տարածքներ ենք կորցրել», -ըստ Грузия online-ի` վրացական «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ի պատասխան մի հեռուստադիտողի քննադատության, թե նոր իշխանությունները փափուկ քաղաքականություն են վարում Ռուսաստանի հետ` զիջումների գնալու առումով:
Հայտնի է, որ Վրաստանի վարչապետի և նախագահի հարաբերություններն այնքան էլ բարվոք չեն, երկուսն էլ չեն զլանում երկրի քաղաքական հարթությունում առկա խնդիրների առնչությամբ միմյանց քննադատելուց: Առանձնապես ակտիվ է վարչապետ Իվանիշվիլին, ով ամեն կերպ փորձում է ապացուցել, որ ինքը եկել է սրբագրելու Սաակաշվիլիի սխալները: Իվանաշվիլին փորձում է հարթել Սաակաշվիլիի քաղաքականության հետևանքով լարված ռուս-վրացական հարաբերությունները, չնայած դրանք դեռևս նշանակալից պտուղներ չեն տվել:
«Քանի որ մենք դիվանագիտական զրույց ենք սկսել Ռուսաստանի հետ, «Ազգային շարժումը» ահազանգում է, թե իբր մենք ինչ-որ բան կնվիրենք: Տարածքները նրանք արդեն տվել են, մենք աշխատում ենք դրանք վերադարձնել: Ես ձեզ ցույց կտամ, որ մենք կվերադարձնենք: Մի քիչ սպասեք, և մի քանի տարուց մենք ամեն ինչ կվերականգնենք»,-ասել է վարչապետը հեռուստաեթերում: Ի դեպ, վերջերս, խոսելով ռուս-վրացական հարաբերությունների մասին, նա կրկին ասել էր, որ անպայման ամեն ինչ կկարգավորվի` ի հեճուկս Սաակաշվիլիի դիմադրության. «Ես խոստանում եմ, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն: Վրաստանն ինքը կորոշի իր ճակատագիրը»:
Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ժամանակին լարվեցին ոչ միայն նախագահ Սաակաշվիլիի` Ռուսաստանի հետ վարած քաղաքականության հետևանքով` միջպետական հարաբերությունների հարթությունում, այլև հետագայում այդ հակասությունները խորացան ռուս-վրացական պատերազմի պատճառով: Սաակաշվիլին Շևարդնաձեի պրոռուսական քաղաքականությունից հետո կարողացավ երկիրը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, որի համար վրացիների մի մասը թանկ վճարեց: Այսօր նախագահ-վարչապետ հակամարտության վրա «յուղ է լցնում» նաև Էդուարդ Շևարդնաձեն` քննադատելով Սաակաշվիլիի վարած արտաքին քաղաքականությունը: Նախկին նախագահը և´ նալին է խփում, և´ մեխին` միաժամանակ խոսելով և´ Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանին վերադարձնելու անհրաժեշտության, և´ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման մասին: Դժվար թե արտաքին քաղաքական ասպարեզում մեծ փորձ ունեցող ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Շևարդնաձեն չի պատկերացնում հարցի նրբությունը և հակասությունը երկու խնդիրների միջև: Շևարդնաձեն, նախկինի ու ավագի դիրքերից հաշտեցնելու և ընդհանուր հայտարարներ գտնելու փոխարեն, «չոր ցախ» է ավելացնում Սաակաշվիլի-Իվանիշվիլի անընդհատ մխացող կրակին: Տպավորությունն այն է, թե Շևարդնաձեն պարզապես վրեժ է լուծում գործող նախագահից, և մինչ ժամանակին քաղաքականության մեջ հայտնի «Անդրկովկասի սպիտակ աղվեսը» փորձում է խառնել խաղաքարտերը, Վրաստանի համար ոչ միայն աղոտանում է նշված տարածքները վերադարձնելու հույսը, այլև ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը առայժմ նշմարվում է միայն «Բորժոմի» հանքային ջրի` Ռուսաստանի խանութներում վաճառքի տեսքով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ