ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զատենք անցողիկն ու մնայունը

Զատենք անցողիկն ու մնայունը
30.04.2013 | 11:50

Երևի թե լրջանալու ժամանակն է: Ինչպես անցյալի առաջնորդն էր անվանում, ձախության մանկական հիվանդություններն անցան: Հարկ է այլևս հարդը ցորենից զատել ու ապրել կայուն արժեքներով: Այն արժեքներով, որոնք մեզ առաջնորդում են, դուրս են բերում ճանապարհ:
Դերենիկ Դեմիրճյանն այն անհատներից է, որոնք հսկայական ազդեցություն են թողել մեր ժողովրդի վերջին սերունդների ձևավորման վրա: Չնայած ինչի մասին խոսելու ենք, չի վերաբերում միայն այս գրողին: Այն կարող ենք պրոյեկտել մեր կյանքի յուրաքանչյուր խնդրի վրա, յուրաքանչյուր քայլափոխի ենք դեմ առնում դեպքերի և իրողությունների, որոնք տեղավորվում են նույն տրամաբանության մեջ: Դա արժեքների մեր ընկալումն է, որը ձևախեղվել է այս վերջին շրջանի քաղաքական, տնտեսական, համակարգային հեղափոխություն-փոփոխությունների մեջ:
Կոնկրետացնենք ասելիքը. խոսքը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի մասին է, որը մնացել է, բառիս բուն իմաստով, անխնամ, անմխիթար, ուշադրությունից զուրկ վիճակում: Եվ այն գտնվում է Երևանի ուղիղ սրտում՝ Աբովյան փողում: Չնայած այս պարագայում էական էլ չէ նրա գտնվելու վայրը։
Մի փոքր ծանոթություն. տուն-թանգարանը հիմնվել է գրողի տան տարածքում. երեքսենյականոց բնակարան է, ուր ապրել է 1929-1956 թվականներին: Այն նախաձեռնվեց ՀԽՍՀ իշխանությունների կողմից, 1977-ին, երբ պետականորեն նշվում էր գրողի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Ասել կուզի՝ նախկին իշխանություններն իրենց տուրքը մատուցեցին մեծ գրողին:
Հիմա խոսենք մեր մասին. մե՞նք ինչ ենք անում և ինչպե՞ս ենք անում:
Երբ հիմնադրվեց, այն իր ժամանակների համար լավ էլ թանգարան էր, ստանդարտների մեջ, գործող նորմերին համապատասխանող: Պարզապես ներկայացվող նյութը պետք է կրեր ժամանակի գաղափարախոսության ազդեցությունը, և այդպես էլ էր: Հետագայում արդեն, անկախության տարիներին, փոխվեց և այլ հայեցակարգ դրվեց գործունեության հիմքում: Թանգարանի տնօրինությունը վերանայեց ցուցադրությունների տրամաբանությունը, առաջնային դարձավ այն նյութերի մասսայականացումը, որոնք բնութագրում էին բուն գրողին, ներկայացնում նրա ստեղծագործական ու անձնական կյանքի մանրամասները:
Հիմա անցել է այսքան տարի, ի՞նչ վիճակում է այն. մենք ի՞նչ ենք արել այս թանգարանի համար: Համարյա ոչինչ: Եթե չհաշվենք երկու մասնակի վերանորոգումները, որոնք պարզապես անհրաժեշտություն էին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Ավելի քան 35 տարի է անցել, և մինչ օրս այս հաստատությունը հիմնանորոգման երես չի տեսել, չեն եղել որոշակի ֆինանսական ներդրումներ, որոնք կհոգային նրա խնդիրները: Ամեն ինչ, ինչ արվել է, արվել է ընդամենն էնտուզիաստ աշխատակիցների կողմից ու նրանց նախաձեռնությամբ, որպեսզի թանգարանը, այնուամենայնիվ, մնա ու գործի որպես մշակութային օջախ:

ՖՐՈՅԴԻ ԱՉՔԻՑ
Մտնում ես դռնից ներս, և առաջինը, որ աչքիդ զարնում է, ոչ թե ցուցանմուշներն են, այլ առաստաղից կախված գաջի ծեփերն են, խունացած պատերը՝ դեղնած ու սևացած հատվածներով: Եվ աշխատակիցները, բռնելով զարմացական ու տարակուսած հայացքդ, շտապում են պատասխանը տալ՝ տարիներ առաջ, 2006-ին, թե 2007-ին, վերևում բնակվող հարևանի տնից ջուրը հոսել ու լցվել է թանգարան: ՈՒ պատկերն այսպիսին է դարձել և այսպիսին էլ մնացել է ահա այսքան տարիներ:
Իհարկե, թափվող ջուրն իր գործն արել է նաև ցուցանմուշների հետ. շատ նկարներ, նամակներ պարզապես ոչնչացվել են: Այսօր է ասում տնօրենը՝ լավ է, գոնե դրանք կրկնօրինակներն էին. պատկերացնո՞ւմ եք, եթե բնօրինակները ցուցադրած լինեինք:
ՈՒ, ինչպես ասում են, թարսի նման ջուրը հոսել էր նախասրահ, որտեղից սկսվում է մուտքը, և հյուրասրահ, որտեղ կազմակերպվում են հիմնական միջոցառումները:
Իսկ այցելուներ կա՞ն՝ տվեցի հարցս տնօրենին և նույն պահին էլ այն ավելորդ զգացի, որովհետև կողքի սենյակում էքսկուրսավարը մի խումբ ուսանողների հետ իր գործն էր անում: Եվ պատկերացնո՞ւմ եք՝ կա՛ն այցելուներ: Եվ նրանք հիմնականում առանձին մարդիկ են, ավելի ճիշտ՝ առանձին դասախոսներ և ուսուցիչներ են, ովքեր հարկ են համարում իրենց աշակերտներին և ուսանողներին բերել այստեղ ու հաղորդակից դարձնել գրողի կյանքին ու գործին:
Անհատ այցելուներ ևս լինում են: Ճիշտ է, ո՛չ շատ, բայց լինում են: Մեր օրերում, պատկերացրեք՝ մարդը տնից դուրս է գալիս և քայլերն ուղղում է ոչ թե զվարճանքի ինչ-որ վայր, այլ գալիս է Դեմիրճյանի տուն-թանգարան: Զարմանալի է, բայց այդպես է: ՈՒ նաև այս փաստն է մեզ ստիպում կրկին ասել, որ ոչինչ կորած չէ, և նորից սկսելու, լրջանալու ժամանակն է:
Լավ, իսկ ինչպե՞ս են իրենց աշխատանքը կազմակերպում թանգարանի աշխատակիցներն այս պայմաններում: Պարզապես այս մարդիկ մի միջոց են գտել. պետք է իրենց խոսքն ավելի ազդեցիկ դարձնեն, որ այցելուն հայացքը քիչ պահի սևացած ու խունացած պատերի ու առաստաղից կախված ծեփերի վրա: Ինչքան հնարավոր է` նյութը համեմում են գրողի կյանքի հետաքրքիր դրվագներով, բացառիկ պատմություններով: Իսկ ի՞նչ անեն. անգամ եթե անհատ այցելու է մտնում, ով վճարում է ընդամենը մուտքի վճարը, որը էքսկուրսավարի բացատրություն չի ենթադրում, էլի նրա հետ աշխատում են: Մի խոսքով, տերերը, վատ զգալով սեփական տան անհարմարությունների համար, սկսում են առավել ջանասիրաբար աշխատել: Հավանաբար այդպես են փորձում փոխհատուցել այցելուին: Հաստատ Ֆրոյդի աչքից այս փաստը չէր վրիպի:
-Լավ,- նեղվում է տնօրեն Կարինե Ռաֆայելյանը,- աշխարհի թանգարաններում ընդունված կարգ է, և ինչո՞ւ միայն աշխարհի, նաև մե՛զ մոտ. որպեսզի այցելու գրավես, ժամանակավոր ցուցադրություններ ես կազմակերպում: Մեր պարագայում ինչ նոր ցուցադրության մասին է խոսքը, երբ եղած նյութերը չենք կարողանում դիտողին հասցնել:
Իսկ Դեմիրճյանն ունի բավականին չցուցադրված նյութեր. նրա ֆոնդը պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Եթե հնարավորություն լինի, կարող են բերել ու ներկայացնել հանրությանը:

ՉԱՍԵԻՆ ԷԼ...
Ասենք, որ պրոբլեմին ծանոթ են բոլոր իրավասու մարմինները՝ և՛ քաղաքապետարանը, և՛ թաղապետարանը, և՛ մշակույթի նախարարությունը: Գիտեն ու համամիտ են, որ թանգարանը վերանորոգման խիստ կարիք ունի: Բայց… գումարներ չկան: Դե, չասեին էլ, գլխի կընկնեինք, թե ինչ պետք է ասեն:
Իսկ խոսքը` որքան տեղյակ ենք, կոպիտ հաշվումներով 30 միլիոն դրամի մասին է: Եվ եթե այն հատկացվի, եթե շենքը վերանորոգվի, կկարողանան իրենց աշխատանքը կարգին կազմակերպել, հետո արդեն հնարավոր կլինի դուրս գալ շենքի բակ ու նայել շուրջը: Իսկ այնտեղ որքա՜ն բան կա անելու:
Այստեղ-այնտեղ թափթփված աղբ: Քիչ այն կողմից թանգարանին իր մեջքն է արել արագ սննդի ինչ-որ կրպակ: Այն կողմում ժամանակին դրվել է թանգարանի մասին հիշեցնող հուշասյունը. հիմա եթե գիտես այդ մասին ու գլուխդ մի լավ այս ու այն կողմ տանես-բերես, կարող ես և հայտնաբերել: ՈՒ, պատկերացրեք, հակաէսթետիկական այս ճանապարհով պետք է անցնի այցելուն, որպեսզի մտնի մշակութային օջախ ու բավարարի իր էսթետիկական պահանջները:
Մինչդեռ այնքան խելամիտ բան է առաջարկում տնօրենը. թանգարանի շենքն Աբովյան փողոցից ընկած է մի փոքր ներս: Այդ ներս ընկած հատվածը հենց կարելի է բարեկարգել ու դարձնել կանաչապատ անկյուն: Չի մոռանում նաև այսօր քաղաքում դրվող նստարանների մասին: Այստեղ էլ դրանցից դրվեն. ի՜նչ հիանալի պուրակ կստեղծվի: ՈՒ այն կոչվի գրողի անունով՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան պուրակ: Հատկապես, եթե դրվի նաև գրողի արձանը:
Արձանի մասին: Երևանում Դեմիրճյանի արձանը կանգնեցնելու որոշումը կայացվել է դեռևս ԽՍՀՄ օրոք՝ 1977-ին, ծննդյան 100-ամյակի տոնակատարության շրջանակներում: Հայտարարվել է նաև մրցույթ, հաղթել է Խաչատուր Իսկանդարյանի աշխատանքը, որի մանրակերտը հենց գտնվում է թանգարանում: Մեկ ուրիշ քանդակագործի՝ Սամվել Ղազարյանի քանդակը ևս իրենց ցուցանմուշների մեջ է: Թող ընտրեն, որն ուզում են՝ ձուլեն-դնեն:
Իսկ եթե ֆրեսկա էլ անեն պուրակը եզրափակող շենքի պատն ու թանգարանի շենքի ճակատային մա՞սը: ՈՒ անեն դեմիրճյանական թեմաներով, պատկերացնո՞ւմ եք` ինչպիսի լուծում կստացվի:
Այս մասին ասում ու այս պահի դրությամբ բարձրաձայն երազում է թանգարանի տնօրենը: Բայց արդյո՞ք դա այդքան մեծ բան է, որ երազ կոչվի: Ի՞նչ է, մենք մեր քաղաքի շենքերի բակերը չե՞նք բարեկարգում: Կամ ներկա քաղաքապետարանն անցյալ տարվա ապրիլին կրկին հաստատեց Դեմիրճյանի արձանը տեղադրելու որոշումը: Նշանակում է` քաղաքապետարանն ընդամենն իր որոշումը պետք է կատարի: ՈՒ հարցը կլուծվի ամեն կողմի համար նախընտրելի տարբերակով. Երևանում ավելանում է ևս մեկ կանաչ անկյուն, թանգարանը ճանաչելի է դառնում հասարակությանն իր պուրակով, գոհ ու գոհ են նաև տվյալ շենքի բնակիչները:

ՈՐՊԵՍԶԻ...
Ըստ էության, ներկայացրինք քաղաքաշինական մի գողտրիկ լուծում, որի իրականացման համար ընդամենը ցանկություն է պետք: Նաև բեկում է պետք մեր մտածողության մեջ, որպեսզի կարևորն ու անկարևորը զատենք: Տարբերակենք անցողիկն ու մնայունը: Որպեսզի դադարենք փայլունին, սնամեջին տուրք տալուց, ու հասկանանք, թե որոնք են հիմնական արժեքները, որ պահում են մեզ որպես հանրություն, որպես ազգ ու որպես ժողովուրդ:
Հիմա թույլ տանք, որ Դեմիրճյանը մեզ մի քիչ զվարճացնի: Ի դեպ, նա եղել է չափազանց հումորով մարդ և այդ հումորի առաջին սլաքները չի զլացել ուղղել նաև իր դեմ:

Դեմիրճյանը սիրում էր նկարել: Եվ ոչ միայն կտավի առաջ նստում ու գեղանկարչական լուրջ գործեր էր անում, այլև նկարում էր գրելու ընթացքում: Ասենք՝ կարող էր նամակ գրել, պատմվածք գրել, ապա ընդհատել գիրն ու ինչ-որ բան նկարել:
Պահպանվել է Ավետիք Իսահակյանին ուղղված անթվակիր մի նամակ: Երկու-երեք էջ շարադրել է նամակը, ապա թերթը շրջել է ու նկարել ծառ: Իրականում մի քանի տերևներով չորացած բուն է՝ արտացոլված ջրի մեջ. ներքևում լճականման ինչ-որ բան կա:
Տակը գրված է՝ Եթե Այվազովսկին սաղ է, կարող է հանգիստ գերեզման մտնել, եթե գերեզմանում է, կարող է շուռ գալ մյուս կողքին:

1957 թվականի հունվարի 17-ին պետք է նշվեր Դեմիրճյանի ծննդյան 80-ամյակը: Արդեն ձևավորված էր կառավարական հանձնաժողով նրա հոբելյանը նշելու համար: Բայց նա մահացավ 1956-ի դեկտեմբերի 6-ին՝ չհասցնելով ապրել մինչ այդ օրը:
Հիվանդ գրողին այցելում են կառավարության ներկայացուցիչները, քաջալերում են, թե՝ վարպետ, առողջացի՛ր, հանձնաժողով ենք ձևավորել, 80-ամյակդ ենք նշելու:
Վարպետը շատ հանգիստ պատասխանում է՝ ես կարծում եմ` դժվար չէ այդ հանձնաժողովի անունը փոխել ու դնել թաղման հանձնաժողով: Այն կզբաղվի իմ թաղման հարցերով:

Մոտակա գյուղերից մի մարդ ավանակով գալիս է Երևան` մածուն ծախելու: Էշը թողնում է վարպետի շենքի առաջ ու մածունն առած բարձրանում Կոնդ: Թաղի երեխաները հավաքվում են էշի շուրջը և սկսում քաշքշելու, խոշտանգելու իրենց գործը:
Դեմիրճյանը տեսնում է այս ամենը, տնից վերցնում է ֆրանսիական բուլկի, մեջը դնում է կարագ, կանաչու մի թերթիկ ու դուրս է գալիս բակ: Նախ` նախատում է երեխաներին կենդանու հետ վատ վարվելու համար, ապա բուլկին տալիս է նրանց ու հանձնարարում, որ դրանով կերակրեն ավանակին:

Ասում են, որ Դեմիրճյանը զերծ է եղել շատ թուլություններից: Անգամ ալկոհոլ, սուրճ, ծխախոտ չի օգտագործել: Բայց անկարող էր դիմադրել կանանց հմայքին: Եվ ինքն էլ շատ սիրված է եղել նրանցից: Նա տանը կատուներ էր պահում. երեք կատու, որոնց կոչում էր իր «սերերի» անուններով՝ Շառլոտա, Էլեոնորա, Մարան:
Տանը նաև շուն է պահել՝ Զանգի անունով: Կատուները և շունը համերաշխ ապրել են մեկ հարկի տակ:

Դեմիրճյանի առաջին ամուսնությունը եղել է Դրաստամատ Կանայանի քրոջ հետ: Իսկ երկրորդ կնոջը, որ ազգությամբ ռուս է եղել, ասում են (բանավոր խոսակցություններ են)` ամուսնուց փախցրել ու Դեմիրճյանի համար բերել է Չարենցը: Ի դեպ, Չարենցը մեծ պատկառանքով է վերաբերվել վարպետին:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ