ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վրաստանն էլի մեր նախանձը շարժեց

Վրաստանն էլի մեր նախանձը շարժեց
19.04.2013 | 16:37

Լրատվամիջոցների փոխանցմամբ` գաղտնազերծվել են պետական միջոցների հաշվին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կատարած ծախսերը:
«Վրացական երազանք» դաշինքի պատգամավոր, խորհրդարանի կանոնադրական հարցերի հանձնաժողովի ղեկավար Իրինա Իմերլիշվիլին ապրիլի 17-ին հրապարակել է երկրի նախագահի ծախսերին վերաբերող փաստաթղթեր: Նա նշել է, որ բացահայտումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ իրավապահներն այդ փաստաթղթերի վրայից հանեցին գաղտնիության կնիքը, քանի որ, ըստ էության, դրանք որևէ գաղտնիք չեն պարունակում:
Պատգամավորն ասել է, որ նախկին իշխանությունները այդ փաստաթղթերը գաղտնի են համարել, որպեսզի թաքցնեն նախագահի անձնական նպատակների, նրա մտերիմների, ընկերների ու ընտանիքի անդամների համար կատարված ծախսերը:
Գաղտնազերծված տասնյակ փաստաթղթերը ներառում են պետական պահպանության հատուկ ծառայության գրառումներ, ինչպես նաև ստացականներ, հյուրանոցների ու այլ ծառայությունների հաշիվ -ֆակտուրաներ, անդորրագրեր:
Այս տեղեկությունը հայ հանրությանը կարող է հետաքրքրել այնքանով, որ Վրաստանը մեր անմիջական հարևանն է, հետխորհրդային երկիր է, ոչ թե արևմտյան զարգացած ժողովրդավարության ավանդույթներ ունեցող պետություն: Վերջին տասը տարիներին այդ երկրում իշխանությունը փոխվեց «վարդերի հեղափոխության», այնուհետև՝ ընտրությունների միջոցով, տեղի ունեցան հիմնարար փոփոխություններ, որոնք միայն այդ երկրի առաջընթացի մասին են վկայում: Պատահական չէ, որ մեր երկրի քաղաքացիների, քաղաքական-հասարակական շրջանակների խոսակցության հիմնական թեման եղել են Վրաստանն ու այնտեղ կատարված փոփոխությունները և համեմատությունները մեր երկրի հետ:
Հայաստանում դժվար է պատկերացնել, որ այդ աստիճան թափանցիկություն կլինի, և կբացահայտվեն երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ պետբյուջեի հաշվին կատարած ծախսերը: Նման բացահայտումների վերջին տարիներին մենք տեղեկանում ենք միայն ռուսական մամուլից և ռուսական հակակոռուպցիոն խորհուրդների տարածած հաղորդագրություններից, որոնք «գաղտնազերծում» են մեր կոռումպացված բարձրաստիճան չինովնիկներին:
Իհարկե, առանձին պաշտոնյաների կատարած չարաշահումներով զբաղվել է ԱԺ Վերահսկիչ պալատը: Հենց միայն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կատարած չարաշահումների մասին տեղեկատվական արտահոսքը բավարար էր, որ նրանով զբաղվեին իրավապահ մարմինները, բայց դա չխանգարեց, որ նա հաջողությամբ շարունակի պաշտոնավարել:
Իսկ չարաշահումների, պետական միջոցների յուրացման մասին մամուլի հրապարակումները, որպես կանոն, անարձագանք են մնում: Հիշենք միայն, թե մամուլը քանի անգամ անդրադարձավ պետական միջոցների հաշվին ԱԺ պատգամավորների արտերկրյա գործուղումներին, որոնք հիմնականում որևէ գործնական խնդիր չեն լուծում: Ընդ որում, պարզվել էր, որ ինչպես ԱԺ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, այնպես էլ ընդդիմադիր համարվող «Ժառանգության» պատգամավորներն են մեկնել տարբեր սեմինարների՝ չխնայելով պետական սուղ միջոցներն ու դրանք չծառայեցնելով որևէ ազգաշահ նպատակի:
Իսկ իրավապահ մարմինները նման դեպքերում արձագանքում են միայն լռությամբ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ