ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ոչ բոլոր հարուստ ընտանիքների զավակներն են, որ կարող են սովորել «ԱՅԲ»-ում»

«Ոչ բոլոր հարուստ ընտանիքների զավակներն են, որ կարող են սովորել «ԱՅԲ»-ում»
19.04.2013 | 12:39

Ընդհանրապես, գիտելիքները սերտելն ու դրանք վերարտադրելը, մեծ հաշվով, ոչինչ չեն տա այն մարդուն, ով չունի ստեղծագործական միտք, բնական տրամաբանություն, և ձեռք բերած գիտելիքներն էլ չեն դիտարկվում որպես միջոց մտքի թռիչքն ապահովելու համար: Մի խոսքով, ինչպես ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Մոնտենն էր ասում, բանականության ամենամեծ ձեռքբերումը ապրել գիտենալն է և բնավ ո՛չ այն ամենը, ինչ սովորել ես այստեղ-այնտեղ, տարբեր ժամանակների մեջ ու սիրով պահ ես տվել հիշողությանդ: Հավանաբար սա այն է, ինչ մենք անվանում ենք բնական խելք, իմաստնություն, որը ձեռքբերովի է այնքանով, որքանով գիտելիքները ծառայեցվում են նրա՝ նորանոր շերտերը բացահայտելուն:
Ավստրալիայում հիմնադրված և արդեն աշխարհով մեկ տարածված «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը հենց այս նպատակին է ծառայում, ավելի որոշակի՝ անցկացվում է հենց այս տրամաբանական ենթատեքստի մեջ: Այսինքն, սա այն մրցույթը չէ, որ սովորաբար կազմակերպում ենք մեր դպրոցներում, երբ պարտադիր հաղթում է նա, ով լավագույն սովորող աշակերտն է կամ, որ նույնն է, դպրոցական ծրագրերի շրջանակներում ամենամեծ հաջողություններ արձանագրածը:
«Կենգուրուի» մոտեցումներն այլ են, առավել ստեղծագործական, այլընտրանքային, ոչ ստանդարտ: Եվ պատահական չէ, որ հաճախ հաղթող են դառնում այն երեխաները, ովքեր դպրոցում բնավ էլ աչքի չեն ընկել առաջադիմությամբ: Եվ հակառակը, շատ լավ սովորողները զբաղեցնում են համեստ հորիզոնականներ: Այս մոտեցումը, որն ինքնին նորություն է կրթական մեր համակարգում, իրենց հետ բերել են «ԱՅԲ» կրթական համալիրի ¥դեռևս՝ ավագ դպրոց¤ նախաձեռնողներն ու հիմնադիրները:
Իսկ ովքե՞ր են նրանք. մարդիկ, ովքեր կրթություն են ստացել աշխարհի առաջնակարգ համալսարաններում և կրթօջախներում: Լինելով տարբեր զբաղմունքի ու մասնագիտությունների տեր, համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ աշխարհում եղած նոր գաղափարները ներմուծել Հայաստան, զարգացման արդյունավետ միտումներն արմատավորել նաև մեզանում:
Բնականաբար, ամեն ինչ պետք էր սկսել կրթական համակարգից, ուստի իրենց գործունեության հիմքում դրեցին հենց հանրակրթական ծրագրերը: Եվ ուսումնասիրեցին-ընտրեցին աշխարհի կրթական փորձը, արդյունավետ մեթոդաբանությունը:
Կարելի է նաև ասել, որ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը կազմակերպելով Հայաստանում, նաև փորձարկում էին այն մեթոդները, որոնցով պետք է ընտրեին իրենց աշակերտներին: Վերջիններս պետք է ունենային ազատ մտածողություն, զերծ լինեին կաշկանդումներից ու քարացած մոտեցումներից: Եվ ամենակարևորը` ունենային մտքի թռիչք: Մտքի ստեղծագործական թռիչք:
Իսկ նման աշակերտներին կրթելու համար էլ այլ ուսուցանող է անհրաժեշտ, այլ որակի ուսուցիչ, նա էլ պետք է ունենա համանման որակներ: Այսինքն, աշակերտն ու ուսուցիչը միասին են գործում, միասին հայտնաբերում են ու միասին սովորում: Ասենք, եթե աշակերտն ուզում է հավերժական շարժիչ ստեղծել, թող փորձի, թող պրպտի, թող սխալվի, ինքն իրեն հերքի, մինչև անձամբ կհամոզվի, որ այն չի ստեղծվում:
Հիմա՝ որքա՞ն կարևոր է այս մրցույթը՝ «Կենգուրուն», որն անցկացվում է նաև Հայաստանում, այս տարի արդեն` 5-րդ անգամ: Մասնակցում էր 39500 աշակերտ Հայաստանից, 960-ն էլ՝ Արցախից: Ի դեպ, հետաքրքիր բացահայտում է անում մրցույթը. պարզվում է, համարյա ամեն տարի լավագույն արդյունքները գրանցում են Գեղարքունիքի մարզի երեխաները, հաջորդը Լոռին է, ապա Տավուշը: Զարմանալի է, գուցե և զարմանալի չէ, որ առաջատարները երևանցիները չեն:
Մրցույթը կազմակերպվում է մասնակիցների ներդրումով` յուրաքանչյուր երեխա «ԱՅԲ» կրթական հիմնադրամին է վճարում 970 դրամ: Գումարները մեկտեղվելով, դառնում են մրցանակային ֆոնդ, որը բաշխվում է տարբեր ուղղություններով: Իսկ մրցանակները բավականին պատկառելի են: Օրինակ, առաջին տեղը զբաղեցնողները, ովքեր 12 տարեկանից բարձր են և տիրապետում են անգլերենին, ստանում են եվրոպական ճամբարի ուղեգրեր և հանգստանում են տարբեր երկրներում` «Կենգուրու» մրցույթում հաղթած այլազգի երեխաների հետ: Ի դեպ, մերոնք արդեն եղել են Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում: Մյուս հաղթողներին էլ տրվում են համակարգիչներ և թանկարժեք այլ պարգևներ: Մի հետաքրքիր մոտեցում ևս. ցանկացած դպրոց ունենում է «Կենգուրու» մրցույթում իր հաղթողը: Ոչ մի դպրոց առանց պարգևի չի մնում:
Ի դեպ, «ԱՅԲ» կրթական հիմնադրամը, ըստ անհրաժեշտության, վճարում է այն աշակերտների ուսման վարձը, ովքեր ի վիճակի չեն դա անելու, բայց արժանի են սովորելու «ԱՅԲ» ավագ դպրոցում: Իսկ դպրոցը խստապահանջ է աշակերտների ընտրության հարցում, և ոչ բոլոր հարուստ ընտանիքների զավակներն են, որ կարող են սովորել այստեղ:


Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ