ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կան երեխաներ, որ, հայ լինելով, համարյա ոչինչ չգիտեն իրենց հայրենիքի, ժողովրդի, լեզվի մասին»

«Կան երեխաներ, որ, հայ լինելով, համարյա ոչինչ չգիտեն իրենց  հայրենիքի, ժողովրդի, լեզվի մասին»
19.04.2013 | 12:18

«Այսօր Աբու Դաբին շատ է փոխվել։ Երբ 70-ականներին եկանք, ամեն տեղ միայն ավազ էր, փոքրիկ տներ էին: Դժվարանում էի քայլել ավազի վրա, բայց հետո վարժվեցի դրան և շատ այլ բաների... Քաղաքը կառուցվեց մեր աչքի առաջ»,- պատմում է տիկին Արուսը` վերհիշելով իր երիտասարդ տարիները, երբ Իրաքից ամուսնու հետ տեղափոխվել է ԱՄԷ մայրաքաղաք` ընդամենը մի քանի տարի աշխատելու և վերադառնալու նպատակով: Մի քանի տարին դարձել է տասնյակ տարիներ: Չկարողանալով զսպել լրագրողական հետաքրքրասիրությունս` նրան խնդրեցի պատմել Աբու Դաբիում ապրած տարիների մասին, այդ տարիներին իրեն հանդիպած դժվարությունների, նաև ձեռքբերումների մասին:

Աբու Դաբի տեղափոխվելուց մի քանի ամիս անց, նախընտրելով, բացի տանտիկնոջ պարտականությունները կատարելուց, նաև աշխատել, նա աշխատանքի է անցել Աբու Դաբիի Ազգային նավթային ընկերությունում (ADNOC), որ աշխարհում համարվում է չորրորդ մեծ նավթային ընկերությունը: «Այն ժամանակ ընկերությունը աշխատանքային փորձով մեկին էր փնտրում, քանի որ մասնագետներ դեռ քիչ կային: Գրեթե բոլոր աշխատողները օտարազգիներ էին: Իսկ ես դեռ Իրաքում ապրած տարիներին աշխատում էի, որոշակի փորձ և գիտելիքներ ունեի: ADNOC-ում 11 տարի աշխատեցի: Աշխատանքի ընթացքում ինձ օգնեց աշխատանքային փորձս, սակայն այնտեղ նոր գիտելիքներ էլ ձեռք բերեցի»,- շարունակում է տիկին Արուսը` իր խոսքում մի քանի անգամ շեշտելով, որ մարդը չպետք է բավարարվի իմացածով և ամբողջ կյանքի ընթացքում պետք է նոր գիտելիքներ կուտակի:
ԱՐՈՒՍ ՕՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ ես տեսել էի համայնքային տարբեր միջոցառումների ժամանակ, և կենսունակ, պատրաստակամ այս կինը գրավել էր ուշադրությունս: Վերջին անգամ նրան հանդիպել էի Հայ տիկնանց հանձնախմբի կազմակերպած «Միջինքի» տոնակատարության ժամանակ, որտեղ տիկին Արուսին անակնկալ մատուցեց Հայ տիկնանց հանձնախումբը` շնորհակալություն հայտնելով հայկական միօրյա դպրոցում երկար տարիներ աշխատելու և իրենց գործունեությանն ակտիվորեն մասնակցելու համար: Անդրադառնալով այդ օրվան, նշեց, որ դա իր համար մեծ և հուզիչ անակնկալ էր, և շարունակեց. «Ես սիրում եմ թե՛ դպրոցում դասավանդել, թե՛ համայնքային գործերով զբաղվել: Հիշում եմ` Իրաքում մանկության և պատանեկության տարիներին Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ էի: Որ օղակում անհրաժեշտ էր իմ օգնությունը, վազում էի: Իսկ երբ եկա Աբու Դաբի, բնական է, սկզբում հայկական միջավայրը դեռ ինձ ծանոթ չէր: Սակայն չէի կարողանում հայկական մթնոլորտից, համայնքային կյանքից հեռու ապրել: Երբ աղջիկս սկսեց հաճախել տեղի միօրյա հայկական դպրոց, օգտվելով առիթից` ես ինչ-որ չափով փորձեցի մոտենալ հայկական համայնքային կյանքին: Իմացա, որ դպրոցում ուսուցչի թափուր տեղ կա, դիմեցի, և ինձ ընդունեցին: 1980-ն էր: Դպրոցի այդ տարիների տնօրենը Թամար Տեր-Օհաննեսյանն էր: Նրա տնօրինությամբ աշխատեցի գրեթե 25 տարի: Ես դասավանդում էի հայերենին համարյա չտիրապետող երեխաներին, որոնց թվում կային նաև խառնամուսնություններից ծնված երեխաներ: Շատ դյուրին չէր նրանց հետ, բայց սիրով էի աշխատում: Տիկին Տեր-Օհաննեսյանից հետո աշխատեցի Գյուլիզար Ջոնյանի տնօրենությամբ: Եվ այսպես գրեթե 29 տարի նվիրեցի երեխաների կրթությանը: Շատ էի սիրում դպրոցը, դասապրոցեսը, աշակերտներիս: Սիրտս նեղվում էր, երբ հեռացա նրանցից: Փորձեցի այդ բացը լրացնել այլ միջավայրում, որտեղ ակտիվ կլինի աշխատանքը, անընդհատ զբաղված կլինեմ: Այդպիսին էր Աբու Դաբիի հայ տիկնանց հանձնախումբը: Մինչ այս` տարիներ առաջ, մեկ անգամ էլ էի ընդգրկվել այս կառույցի մեջ, իսկ հետո դադարեցրել: Այս անգամ ծանոթ էի հանձնախմբի ղեկավարին դեռ դպրոցում աշխատելու տարիներից, և գիտեի, որ տիկին Գյուլիզարը այնպես կանի, որ մենք միշտ զբաղված լինենք»: Մեկ ժամից ավելի տևած մեր զրույցի ընթացքում բազմաթիվ թեմաներ շոշափեցինք, և զգացի, որ, այնուամենայնիվ, տիկին Արուսի համար ամենասրտամոտ թեման հայկական դպրոցն է, երեխաների հայկական կրթությունն ու հայեցի դաստիարակությունը: Նա աշխատանքային տարիներից տարբեր դրվագներ մեջբերելով արտահայտում էր իր մտահոգությունները, հիմնավորում իր դժգոհությունը որոշ հարցերում: «Աշակերտների հետ ստացվում էր աշխատանքը, բացի դասերից, նաև հետաքրքիր միջոցառումներ էինք կազմակերպում: Բայց լինում էին իսկապես լուրջ մտահոգության առիթներ, երբ երեխան դասարանում հազիվ էր կարդում դասը, և զգում էի, որ տանը ոչինչ չի արել: Ինձ անհանգստացնում էր որոշ ծնողների անտարբերությունը հայերենի դասի հանդեպ: Բայց չէ՞ որ իրենք պետք է քաջալերեն երեխային, որ հայերեն սովորի, նաև օգնեն, որ դասը պատրաստի: Ճիշտ է, դպրոցում մենք նրանց օգնում ենք, բայց մեզ հատկացված դասաժամը քիչ է, բացի այդ, նրանց հետ հանդիպում ենք շաբաթը մեկ անգամ: Եթե երեխան տանը չաշխատի, սովորածը կմոռանա: Եթե ծուլանում է մեկ անգամ ավելի կարդալ, ծնողը պետք է նաև ստիպի»: Նա կանգ առավ հատկապես այս կետի վրա. «Հիմա ամեն ինչ շատ հեշտությամբ է տրվում երեխային: Դրանից երեխաները մի քիչ երես են առնում: Որոշ ընտանիքներում երեխային տարօրինակ ազատություն են տալիս. երեխան անում է միայն այն, ինչ ինքն է ուզում: Իհարկե, այս դեպքում ծնողը նրան նաև չի ստիպի հայերենի դասը մեկ անգամ ավելի կարդալ, որ դասարանում ավելի սահուն ստացվի: Բայց մեր ծնողները ստիպում էին մեզ հայերեն կարդալ, հայկական երգեր լսել, հայերեն խոսել»: Նա նաև որոշ ընտանիքներում երեխաների դաստիարակության պակասից խոսեց. «Աշակերտ ունեի, որ ոտքն աթոռի վրա էր դնում: Երբ նախատում էի, ասում էր, որ ամենօրյա դպրոցում իրեն ամեն ինչ թույլ են տալիս: Զարմանալի է այսպիսի ազատությունը: Որոշ երեխաներ կարող են համարձակվել նաև պատասխանել ուսուցչին: Բայց իմ դպրոցական տարիներին մենք հարգանք ունեինք ուսուցչի հանդեպ, իրավունք չունեինք ուսուցչին պատասխանելու: Դա սովորեցնում էին մեզ ընտանիքում»: Արուս Օհաննեսյանը նաև ցավով նշեց, որ այսօր որոշ հայ ընտանիքների երեխաներ տուժում են ծնողների` ձևականություններին տուրք տալու պատճառով. «Նրանք ցանկանում են, որ երեխան միայն անգլերեն խոսի: Բայց ինչո՞ւ: Երեխան ամեն ինչ հեշտությամբ է ընկալում, քաջալերեք, թող մի քանի լեզու սովորի միանգամից` հայերեն, արաբերեն, անգլերեն: Որքան շատ լեզու իմանա, այնքան լավ: Նա դպրոցում, ընկերների միջավայրում, միևնույն է, սովորում է և վարժ խոսում թե անգլերեն, թե արաբերեն, գոնե տանը ստիպեք խոսել միայն հայերեն: Լեզուն չպետք է կորցնել: Եթե տանը երեխան չի խոսում հայերեն, այդ երեխան, բնական է, չի էլ կարդում հայերեն: Կան երեխաներ, որ, հայ լինելով, համարյա ոչինչ չգիտեն իրենց հայրենիքի, ժողովրդի, լեզվի, մշակույթի, պատմության մասին: Մենք, հասկանալով, որ դպրոցը միայն դաս սովորելու համար չէ, այլ նաև ընդհանրապես երեխային զարգացնելու համար, փորձում ենք ամեն դասաժամի քիչ-քիչ նաև այսպիսի տեղեկություններ հաղորդել: Լավ հիշում եմ` հանձնարարել էի աշակերտներիս զեկույցներ գրել խաղողի և հայկական եկեղեցիների մասին: Մինչև հիմա պահել եմ այդ զեկույցները. այնքան հետաքրքիր էին»: Հրաժեշտից առաջ նա ուրախությամբ ասաց, որ մի քանի օրից մեկնելու է Հայաստան: Մինչև հիմա չի կարողանում հավատալ: 1993-ին է եղել հայրենիքում` մասնակցելով միօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին: Եվ հաճույքով հիշեց այդ մեկ ամիսը, որն անցկացրել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ ուսուցիչների հետ. «Այդ ժամանակ դժվար տարիներ էին Հայաստանի համար, իսկ հիմա լսել եմ, որ շատ է փոխվել, գնում եմ սեփական աչքերով տեսնելու: Լավ կլիներ, որ Սփյուռքում ապրող մեր հայ ընտանիքներն իրենց երեխաներին անպայման տանեին հայրենիք, ծանոթացնեին իրենց երկրին, մշակույթին ու պատմությանը: Երեխաները կհպարտանան իրենց հայրենիքով: Սա նաև դաս է նրանց համար»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ