ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թերագնահատում եք նրա ապրած կյանքը, որը դաս կարող է լինել յուրաքանչյուր հասարակության համար և յուրաքանչյուր ժամանակի մեջ

Թերագնահատում եք նրա ապրած  կյանքը, որը դաս կարող է լինել  յուրաքանչյուր հասարակության  համար և յուրաքանչյուր ժամանակի մեջ
16.04.2013 | 13:36

ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻՑ Է

Այսպես էլ է լինում. մարդն իր կամքով մտնում է թշնամու որջը և միայնակ անում է այն, ինչը հանրության խնդիրն է, կամ այսպես ասենք՝ պետության ու նրա կառույցների: Բայց քանի որ այդ կառույցները չէին փորձում անել կամ չէին կարող անել, նա ինքն է ստանձնում այդ գործն ու անում, երբ նայում ես հեռվից, թվում է՝ անհնարինը: Խոսքը խորհրդային շրջանում Նախիջևանի նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության մասին է, որը կատարեց մեն մի մարդ՝ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ: ՈՒ այսօր, շնորհիվ հենց այս մարդու, Նախիջևանը, ըստ էության, մեր երկրի ամենաուսումնասիրված տարածաշրջաններից է: Նա հետազոտեց պատմական Գողթն և հարակից գավառների նյութական մշակութային արժեքները՝ ճարտարապետությունը, քանդակագործությունը, որմնանկարչությունն ու վիմագրությունը, նաև ուսումնասիրեց ազգագրությունը, պատմությունն ու պատմագրությունը: Այդ ամենը հետագայում ուսումնասիրողի բեղմնավոր գրչի տակից դուրս եկավ առանձին գրքերի տեսքով և իրար հետևից առաջարկվեց գիտական հանրությանը:
Հասկանալի է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որ օտար ոտք չընկնի Նախիջևան, ու մոռացվի՜, մոռացվի՜ նրա ազգային-պատմական պատկանելությունը: Իսկ այդ պատկանելության մասին խոսում էին այնտեղ ցրված հուշարձանները, հոգևոր և աշխարհիկ կառույցները: Նորություն չեմ ասում, բայց, այնուամենայնիվ, նոր սերնդի մարդկանց հիշեցնեմ, որ խորհրդային տարիներին, այդ իսկ նկատառումներից ելնելով, Ադրբեջանը հասավ այն բանին, որ Նախիջևանը հայտարարվեց սահմանային գոտի, և այնտեղ ելքն ու մուտքն արվեցին թույլտվությամբ:
Նախիջևանցի Արգամ Այվազյանը երիտասարդ տղա էր, երբ, գուցե ինքն էլ չգիտակցելով, թե ինչու, լծվեց այնտեղի նյութական մշակութային հուշարձանների ուսումնասիրությանը: Մեկ առ մեկ չափագրեց, լուսանկարեց ու գրչանկարեց երկու տասնյակ հազարից ավելի վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, հոգևոր և աշխարհիկ տարատեսակ շինություններ, խաչքարեր ու տապանաքարեր, վերծանեց հարյուրավոր արձանագրություններ:
Եվ ինչպե՞ս դա արեց. ինքն է հիմա բնութագրում՝ իսկական հետախույզի աշխատանք էր. հուշարձանին պետք է մոտենայիր գաղտագողի, եթե տասը րոպեից ավելի կանգնեիր մեկի մոտ, անմիջապես կմոտենար աչալուրջ միլիցիոները և բռնի ուժով կհեռացներ: Քանի-քանի անգամ է տարվել ադրբեջանական միլիցիայի բաժանմունք, որքան սպառնալիքներ է ստացել, արգելել են ամենակոպիտ միջոցներով, ձերբակալել են, ձեռքից վերցրել են ուսումնասիրությունների արդյունքները և այլն, և այլն:
Եվ նա այս ամենին գնացել է սեփական կամքով, օգտագործել է անձնական միջոցները, արել է հանգստի հաշվին, ընտանիքի հաշվին: Նրա համար չեն եղել շաբաթ և կիրակի, չի եղել արձակուրդ: Մտավորականի իր աշխատավարձով Երևանից հասել է Նախիջևան ու իր գործն արել: Այդպես՝ տասնամյակներ շարունակ, ողջ կյանքի ընթացքում, քանի դեռ հայի ոտքը կարող էր ընկնել ադրբեջանական սահմանից այն կողմ, այսինքն՝ մինչև 1987-88 թվերը:
Այսօր Արգամ Այվազյանն այդ նյութերով հրատարակել է 30 գիրք: Դրանք ոչ միայն հայերենով, հաճախ նաև ռուսերենով ու անգլերենով ներկայացնում են նախիջևանյան մեր գիտական ժառանգությունը:

ԵՂԱՎ ԱՅՆՊԵՍ...
Հետո եղավ այն, ինչն ամենքս գիտենք. Ադրբեջանը 1998-ից մինչև 2006 թվականները համակարգված ձևով ոչնչացրեց Նախիջևանի հայկական մշակութային նյութական արժեքները. խոնարհվեցին մեր վանքերն ու եկեղեցիները, գետնին հավասարվեցին աշխարհիկ կառույցները, բուլդոզերի բերան տրվեց ու ոչնչացվեց Հին Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի անտառը: Ոչինչ, ոչինչ չմնաց այդ հողի վրա, որը վկայեր երբեմնի հայկական մշակութային ծաղկուն կենտրոնների մասին:
Դուրս եկավ, որ այսօր Նախիջևանի մասին մեր ունեցածը Արգամ Այվազյանի հետազոտություններն են, նրա գրքերի մեջ ամփոփված-սփռված վավերագիր-տեղեկություններն են: Այսինքն՝ ձեռքներիս մնաց մեր հին հայրենիքի այդ տարածաշրջանի ընդամենը գիտական ժառանգությունը: Այսքա՛նը: Վե՛րջ:
Նաև քաղաքական առումով մեր միակ կռվանը այս գրքերն ու Արգամ Այվազյանի ուսումնասիրություններն են: Այսինքն՝ դրանք, ըստ անհրաժեշտի, մեզ համար կարող են նաև զենքի արժեք ունենալ: Մանավանդ տեղեկատվական քարոզչության ներկա ժամանակներում, մանավանդ դիվանագիտական հարթակներում:

ՀԻՄԱ
Արգամ Այվազյանի մոտ կուտակված է, բնականաբար, հսկայական նյութ՝ իր տասնամյակների ուսումնասիրությունների հավաքածուն. լուսանկարների նեգատիվներ, սլայդներ, լուսանկարներ, չափագրումներ, գծապատկերներ և այլն, և այլն: Ի՞նչ է լինելու այս նյութի հետ: Առողջ բանականությունն ասում է, որ այն պետք է պատկանի պետությանը, եթե, իհարկե, այդպիսին է հավաքածուի հեղինակի կամքը:
Կամքն այդպիսի՛ն է. դեռևս 2008 թվականին գիտնականն իր արխիվն առաջարկեց ՀՀ կառավարությանը: ՀՀ վարչապետի հանձնարարականով մշակույթի նախարարությունը ձևավորեց միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովն ուսումնասիրեց առաջարկվող նյութը, կազմեց նախահաշիվ ու այն գնահատեց 23,5 մլն դրամ: Ապա նախարարը կազմեց որոշման նախագիծը: Դրանից հետո յուրաքանչյուր տարի նախարարը կառավարություն էր դիմում ֆինանսավորման հարցով, որպեսզի պետականացվեր արխիվը: Սակայն միջոցներ չկային ու չէին տրամադրվում:
Եվ որոշվեց հարցը լուծել հետևյալ կերպ. հանձնարարվեց նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, որ այն իր արտաբյուջետային միջոցների հաշվին մաս-մաս գնի-ձեռք բերի արխիվային նյութերը:
Առաջին տարում՝ 2011-ին, ամեն ինչ անցավ ըստ հանձնարարականի. ՊՈԱԿ-ը գնեց 2 մլն դրամի նյութ: Բայց հետագայում, հաջորդ տարի, ամեն ինչ գնաց այլ հունով: Հավանաբար մտածեց՝ եթե կարող է չգնել, այսինքն՝ փող չծախսել, ինչո՞ւ ծախսի: ՈՒ, անտեսելով վարչապետի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովի որոշումը, փորձեց փոխել գործի ընթացքը: Դրա համար արխիվի նյութերը հանձնեց փորձագիտական ուսումնասիրության ու պետական արխիվի մասնագետից բերեց նոր եզրակացություն: Այն է՝ նյութերի մի մասը, հատկապես խոսքը նեգատիվների մասին է, չունի համապատասխան որակ, որպեսզի պիտանի լինի հետագա օգտագործման:
Որքան էլ գիտնականը՝ Արգամ Այվազյանը, գոչում է՝ լա՛վ, եթե օգտագործման ենթակա չեն, ապա ինչպե՞ս են դրանցից լուսանկարներ ստացվել, որոնք տեղադրվել-հրապարակվել են իր գրքերում, լսող չկա:
Ապա գիտնականը բացատրում է՝ ախր ինքը հո գեղարվեստակա՞ն լուսանկարներ չի արել, որ դուք ուզում եք ընտրովի վերցնել. արվածը փաստավավերագրական լուսանկարչություն է և արված է հատուկ նպատակի համար հատուկ տրամաբանությամբ: Մի հուշարձանի համար երբեմն ստիպված է եղել կատարել տասնյակ լուսանկարներ, լուսանկարել է դետալ առ դետալ, որպեսզի դրանք դնեն իրար կողքի ու կարողանան վերականգնել հուշարձանն ու ուսումնասիրել այն: Ավելին, հնարավոր է` մի արձանագրության մեկ տառը մի քանի անգամ նկարած լինի՝ տարբեր դիրքերից, եթե մի հատվածը ջնջված է: Կամ՝ և՛ ընդհանուր զարդաքանդակն է նկարում, և նրա ներսի առանձին զարդն է նկարում: Եվ ամեն ինչը՝ այսպե՛ս, ա՛յս տրամաբանությամբ: Հիմա, եթե ձեր մոտեցումը, իրոք, գիտական է, և նպատակն է գիտությանը ծառայելը, ապա ո՞նց եք նման բան առաջարկում. մի մասը գնել-վերցնել, մի մասը՝ ոչ: Անգամ եթե տվյալ հուշարձանի մի որևէ դետալի նեգատիվներից մի քանիսն էլ անորակ եղած լինեն, ոչի՛նչ, քանզի այդ անորակների օգտագործմամբ նաև միայն հնարավոր կլինի ամբողջացնել կառույցը:
Կամ՝ լա՛վ, պետական արխիվի հարգարժան մասնագետ, ասում է Արգամ Այվազյանը, եթե Ձեր ասածով որոշ նեգատիվներ անորակ են, ցույց տվեք՝ որո՞նք են դրանք: Նշեք՝ համար էսինչը, համար էնինչը: Թե չէ, ապրիորի խոսակցություն եք վարում:

ԵԶՐԱԿԱՑՆԵՆՔ
Եվ հարցը ո՛չ առաջ է գնում, ո՛չ հետ է գնում: ՊՈԱԿ-ը, բնականաբար, չի կարող «չորով» մերժել, որովհետև վարչապետի հանձնարարականն ու նախարարի որոշումն առկա են: Բայց, հավանաբար, չի էլ ուզում սեփական փողը ծախսել: ՈՒ այսպես՝ երկու քարի արանքում:
Բայց մի բան էլ է անհասկանալի. եթե, իրոք, նախարարը կամ կառավարությունը համամիտ են ՊՈԱԿ-ի նոր եզրակացություն-բացահատմանը, թե առաջարկվող նյութերն անորակ են, ապա ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, ովքեր նպատակահարմար համարեցին գնել ու պետականացնել արխիվը: Ի վերջո, այս մարդիկ մոլորեցրել են, չէ՞, կառավարությանը:
Մնում է մի բան եզրակացնել այս թնջուկից. կառավարությունն ինքն էլ է փոշմանել, որ որոշում է կայացրել այդքան գումար ծախսել ու այդ արխիվը ձեռք բերել: Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ 23,5 մլն դրամ հատկացնել: Հո զուգարան չէ, թեկուզ՝ բիո, որ 65 մլն տան ու չափսոսեն: Կամ, ասենք, թափառող շների ոչնչացման հանար 220 մլն դրամ են հատկացնում. հալա՛լ է շներին: Թե չէ՝ Նախիջևանի մշակութային գիտական վավերագրե՜ր. թեկուզ և լինեն միակ վկայությունները: Թեկուզ, դրանցից բացի, հետայսու չունենանք ուրիշ որևէ նյութական ապացույց նախիջևանյան հողի հայկականության վերաբերյալ:

ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՔ

-Եթե հարցը չկարգավորվի, և արխիվը չդառնա պետական սեփականություն, ի՞նչ եք մտադիր անել,- անդուր հարց եմ ուղղում Արգամ Այվազյանին:
-Ի՞նչ պետք է անեմ: Երևի հովանավորների փնտրեմ, թե այստեղ՝ ներսից, թե սփյուռքից, հանգանակություն կազմակերպենք, վճարենք արխիվի համար, ու այն հանձնեմ պետությանը: Հո չե՞մ հանելու միջազգային աճուրդի: Պատկերացնում եք, չէ՞, թե ով է լինելու առաջին գնորդը:
-Պարզ է, Ադրբեջանը,- «գլխի եմ ընկնում» ես:
-Կամ էլ, որ այդպես չլինի, կառաջարկեմ այլ երկրների կառավարություններին, ասենք՝ Մոզամբիկի, Հոլանդիայի,- տխուր կատակում է նա:
Եվ այդ կատակի մեջ որքա՜ն ցավ եմ տեսնում:
Լա՛վ, հայրենի իշխանություն, դուք ինձնից լավ գիտեք, թե այս վավերագրերի ձեռքբերումը ինչ է արժեցել այս մարդու համար: Ինչ զրկանքներ է կրել: Իր արածի համար նա կարող էր կյանքո՛վ հատուցել: ՈՒ դուք հիմա այսպես եք վարվում, հետը սուտ ու խաբող առևտուր եք անում: Երբ մի բան էլ հաստատ գիտեք՝ այն գումարը, որը նա վերցնելու է ձեզնից, կրկին օգտագործելու է նախիջևանյան իր մյուս աշխատությունների հրատարակման համար: Արդեն 5-6 գիրք պատրաստ է տպագրության, նաև մտադիր է հրատարակելու «Նախիջևանի հայկական նյութական ժառանգությունը» եռահատոր ուսումնասիրությունը, որի միայն մեկ հատորի տպագրական ծախսը, 500 օրինակի դեպքում, կազմում է 8 մլն դրամ: Ախր նա շատ լավ գիտի, որ իրենից հետո ոչ ոք այլևս այս գործով չի զբաղվի: Առավել ևս, եթե այդ արխիվը՝ Նախիջևանի նյութական ժառանգության փաստավավերագրերը, չլինի պետական սեփականություն:
Փոշմա՞նել եք, չե՞ք ուզում այլևս փող ծախսել ու գնել արխիվը, տղամարդավարի ասեք նրան: Թե չէ խուսանավում եք, թաքնվում եք որոշումների հետևում, նամակներից սաղավարտներ եք ձեզ համար սարքում. է՛ս, է՛ն. որ՝ ի՞նչ:
Վիրավորում եք, չէ՞, նման մարդուն, ինչպիսին Արգամ Այվազյանն է: Արժեզրկում եք, չէ՞, նրա արածը: Թերագնահատում եք նրա ապրած կյանքը, որը դաս կարող է լինել յուրաքանչյուր հասարակության համար և յուրաքանչյուր ժամանակի մեջ: Նայենք մեջներս. քանի՞ նման մարդ կգտնենք:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ