Եկեղեցու զով կամարների տակ մոմերը, թվում էր, ջերմություն են տարածում: Եվ իհարկե` լույս, թեպետ դրսում լույս էր, ու եկեղեցու նեղլիկ լուսամուտներից լույսը խաչաձևվում էր հենց գմբեթի տակ: Շոգ էր: Օգոստոսի կեսը: Մոմերը վառվում էին ճրթճրթոցով, ու ճրթճրթոցը թվում էր մեղեդի, որի հետ ներդաշնակություն էին դառնում քո բառերը: Բառերը, որ ոչ ոք, քեզնից բացի, չէր լսում: Որովհետև դու շարժում էիր շուրթերդ, իսկ բառերը մնում էին քո ներսում: Երևի այդ բառերը քեզ համար շատ էին, ծանր էին, դու դուրս եկար եկեղեցուց ու նստեցիր բակում ցանուցիր քարերից մեկին, ու բառերդ դարձան բարձրաձայն: Պատմում էիր: Դու մեզ չէիր տեսնում, դու մեզ չէիր էլ լսում, դու պատմում էիր ինքդ քեզ համար, բայց` բարձրաձայն, երևի մենակությունդ այնքան շատ էր, որ ձայնի կարիք ունեիր: Ես անջատեցի ձայնագրիչը, որ դարձել էր ձեռքիս շարունակությունը: Օգոստոսի կեսն էր, ամառը վերջանում էր, իսկ հետո գալու էր քո վերջին աշունը, ու դու ասելու էիր «Բարի աշուն ձեզ»:
Վճռական մենակի քո կյանքում դու գիտեիր բոլոր բառերը: Եվ այն բառերը, որ չէիր ասում, գրում էիր: Դու քեզ գրող չէիր համարում, որովհետև քեզ թվում էր, որ գրողները ապրում են ուրիշ կյանքով, ուրիշ ժամանակներում, դու պարզապես գրում էիր քո ցանկացած մարդկանց մասին, քո ցանկացած բառերը, մեկ-մեկ տպագրում էիր ու չէիր հավատում, երբ ասում էին, որ հայ գրականությունը քո կարիքն ունի: Դու համարում էիր, որ քո ապրած օրերը գրականության ժամանակ չեն: Դու ճիշտ էիր, որովհետև կիսատ-պռատություն չէիր սիրում, իսկ քո բառերին անմնացորդ ու անվերադարձ տրվելու ժամանակ չունեիր: Պատերազմի ժամանակ դու զինվոր էիր, պատերազմից հետո դու մնում էիր զինվոր, ու քո ամեն երկրորդ խոսքը` «Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել»-ն էր: Որովհետև դու հաղթող զինվոր էիր: Մահապարտ, որ պաշտպանում է կյանքը, ապրելու իրավունքը: ՈՒրիշների: Բայց քո կյանքում «ուրիշ» չկար, բոլորը քեզ համար հարազատ էին ու յուրային: Նախարար, որ առաջին զինվորն էր: Նախարար, որ վերջին զինվորն էր: Որովհետև դու բանակ էիր ստեղծում:
Դու գույքագրում էիր քո երկիրը ու նոյեմբերի 1-ին խորհրդարան էիր ներկայացնելու 2000 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի ներածությունը Հայաստանի Հանրապետության 30 տարվա զարգացման ծրագրի անհրաժեշտությունն էր հիմնավորում: Առաջին անգամ: Վարչապետի քո կյանքում դու մնում էիր գրող ու մնում էիր զինվոր, դու դավաճանել չգիտեիր ոչ բառերին, ոչ մարդկանց: Դավաճանում էին քեզ, իսկ դու ներում էիր: Որովհետև կասկածի ցեցը քեզ ծանոթ չէր: Որովհետև թշնամին քեզ համար միայն արտաքին էր: Որովհետև քո երկրում դու ոչ մեկին քեզ թշնամի չէիր տեսնում: Որովհետև ուժեղը բարի է: Վարչապետի քո կյանքում դու քաղաքականություն էիր փոխում` քո երկիրը չէր կարող մանրավաճառ կամ սպասարկու լինել, քո երկիրն արժանապատվություն ուներ: Դու գիտեիր հաղթել: ՈՒ քո երկիրն էլ սովորում էր հաղթել:
Եվ բնավ 40 տարեկանում քո կյանքը չի ընդհատվել: Պատմությունը շարունակվում է նրանց ոտնահետքերով, ովքեր առաջ են գնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Մտածեք էս երկրի մասին»: