Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ո՞ր արժեքն է մեզ համար գերակա

Ո՞ր արժեքն է մեզ համար գերակա
02.11.2012 | 12:57

Միանգամայն սպասելի ու տրամաբանական է այն իրողությունը, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող` Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրվել-չանդամագրվելու (կամ ինչ ձևաչափով դա անելու) խնդրի շուրջ տեսակետները իրարամերժ ու հակադիր են և տարանջատվում են ըստ հասարակական հատվածի, քաղաքական որոշ ուժերի ուղղորդվածության: Պատահական չէ, մասնավորապես, որ անդամակցությանը դեմ են հանդես գալիս, առաջին հերթին, արևմտամետ «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները», իսկ անդամակցելու ջատագովները սոցիալիստամետ-ռուսամետ ուժերն են, որոնց համար նման միությունը կարող է «փոխհատուցել» խորհրդային կայսրության վերացումը:
Կարծում եմ, մինչև այս հարցի շուրջ միանշանակ այո կամ ոչ ասելը, նախ և առաջ ինքներս պետք է մեզ մի կարևոր հարց տանք. ո՞րն է մեր գլխավոր քաղաքական ռազմավարությունը, ինչի՞ն ենք մենք առաջնահերթություն տալիս:
Եթե մեզանում կարևորվում են ժողովրդավարական արժեքներն ու քաղաքացիական հասարակության կայացումն ու հետագա խորացումը, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ միության առանցքը կազմող Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը, մեղմ ասած, այդ արժեքների կրողները չեն, ավելին` թե՛ Լուկաշենկոն, թե՛ Պուտինը, թե՛ Նազարբաևը ավտորիտար վարչակարգի ամենաբնութագրական ներկայացուցիչներ են: Այսպիսով, այս առանցքին միանալու դեպքում ժողովրդավարական և քաղաքացիական արժեքները մեզանում կշարունակեն կրել դեկլարատիվ, «շղարշային» բնույթ:
Իսկ եթե շարունակում ենք ապրել ու նաև մեր ապագան կառուցել դարերով մեր մեջ կարծրացած` «Մեզ համար որպես կայունության և անվտանգության երաշխիք ռուսից լավը չկա» բավական վիճահարույց, ինչո՞ւ չէ` նաև փակուղային դիրքորոշմամբ, ապա, իհարկե, Եվրասիական միությանն անդամակցելը մեզ համար լավագույն տարբերակն է:
Իհարկե, կա նաև երրորդ` «սիմբիոզային» տարբերակը, երբ կարող ենք պնդել` «իսկ ինչու չփորձել և՛ մեկը, և՛ մյուսը», ասել է թե` վերհիշել վերջերս շատ գործածվող (ու թերևս` նաև շահարկվող) կոմպլեմենտարության քաղաքականությունը: Երբ խոսում են կոմպլեմենտարության մասին (ասել է թե` և՛ նալին, և՛ մեխին հմուտ խփելու ունակության) ու նաև նշում, թե դրանում հայերս լուրջ հաջողություններ ենք գրանցել (կամ կարող ենք ակնկալել), հարցականները ծագում են ինքնաբերաբար: Այդ ինչի՞ հաշվին կարող ենք այդքան հեշտությամբ մանևրել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առանց լուրջ պատասխանատվություն կրելու և լուրջ գին տալու: Ի՞նչ է, մյուս ազգերն ու պետությունները չե՞ն «ֆահմում» հա՛մ մեկից օգտվել, հա՛մ մյուսից: Նույն Վրաստանը չէ՞ր ցանկանա Արևմուտքի հետ սերտանալ, առանց Ռուսաստանի հետ գլխացավանքներ ունենալու: Թերևս, կարճամտություն է չնկատելը, որ եթե մենք այդ կոմպլեմենտարության մեջ սուբյեկտն ենք, ապա կա նաև օբյեկտը, որը դեռ պետք է որոշի` իրեն ձեռք տալի՞ս են դիմացինի «խաղերը»:
Չմոռանանք, որ եվրասիականության խնդիրը մեզ համար մեկ այլ ասպեկտ էլ ունի: Պատահական չէ, որ մի շարք քաղաքագետներ այս ուղղությունն անվանում են նեոսովետիզմ կամ նեոբոլշևիզմ, իսկ նրանցից ոմանք էլ եվրասիականության հիմքում տեսնում են մեր պատմության էջերում ողբերգական հետք թողած քեմալա-լենինյան դաշինքը:
Այս առումով ուշագրավ է շաբաթներ առաջ տեղի ունեցած մի միջադեպ, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Սերգեյ Մարկովը թուրքական «Ջիհան» գործակալության հետ հարցազրույցում ասել է, որ «եթե Թուրքիաին չեն ընդգրկում Եվրամիություն, ապա մենք առաջարկում ենք թուրքերին մոռանալ Եվրամիության մասին ու անդամակցել մեր Եվրասիական միությանը», ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Էրդողանը ոչ միայն գործընկերներ են, այլև բարեկամներ:
Իհարկե, կարելի է շարքային պատգամավորի խոսքերին կարևորություն չտալ, սակայն, մյուս կողմից, ունե՞նք երաշխիքներ այն բանի, որ Պուտինի ու Էրդողանի այդ ջերմ բարեկամությունից մի գեղեցիկ օր «քեմալա-լենինիզմի» «հոտ» չի գա:
Ինչևէ, մինչև այս հարցի շուրջ որոշում կայացնելը, պետք է նաև հասկանանք, որ Եվրասիական միությունը ոչ թե կոնկրետ կայացած սուբյեկտ է, այլ երևույթ, քաղաքական միտում, աշխարհաքաղաքական հոսանք, քաղաքակրթական ճանապարհ: Եվ այն, որ Հայաստանը պետք է անմիջական կապ ունենա դրա հետ, անգամ անկախ իր կամքից, անվիճելի է: Ավելին, Հայաստանը պետք է ձգտի հնարավորինս սերտ երկկողմ հարաբերություններ պահպանել թե՛ հնարավոր ֆորմատի, թե՛ դրա անդամ երկրների հետ:
Դրանից բացի, Եվրասիական միությունը պետք է Հայաստանի համար դիտարկվի ոչ թե որպես ճգնաժամում գտնվող Եվրոպային այլընտրանքային ռեսուրս, այլ հակառակը` ներկայումս Եվրոպան կարող է Հայաստանի համար այլընտրանք լինել Եվրասիական միության ֆոնի վրա:


Լևոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Մեկնաբանություններ

> Այսպես է Սինգապուրը երկիր դարձել

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Մեր կյան­քի հի­մերն ան­դունդ­ներն ըն­կան
Մեր կյան­քի հի­մերն ան­դունդ­ներն ըն­կան

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը