Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները»

 Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները»
08.10.2024 | 13:13

Ինչպես հայտնի է, Արարատ Միրզոյանը, որը մասնակցում էր ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, չի միացել երկու հայտարարության։ Խոսքը վերաբերում է «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին։

Անվտանգության ապահովման սկզբունքներին չմիանալը և միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառմանը, փաստացի, կողմ արտահայտվելը խիստ դատապարտելի որոշում էր ու չէր բխում Հայաստանի շահերից։ Դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն գնում է Ռուսաստանի հետ կապերի փլուզման և Արևմուտքի ձեռքում հակառուսական գործիք դառնալու քաղաքականության ուղղությամբ՝ միևնույն ժամանակ կառչած մնալով Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների տնտեսական հսկայական օգուտներից։

Փաշինյանի դրսի տերերի ամբողջական ծրագիրն այն է, որ ՀՀ-ից դուրս բերվի ռուսական 102-րդ ռազմաբազան, Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից և մեր տարածաշրջանում ՌԴ-ն փոխարինվի Թուրքիայով, որի միջոցով գլոբալ խնդիրներ կառաջացվեն Ռուսաստանի ու Իրանի համար։ Իսկ թե այդ ամենի հետևանքով ինչ կլինի Հայաստանի հետ, Արևմուտքին չի հետաքրքրում։

Չի հետաքրքրում այնպես, ինչպես Արցախի ու արցախցիների ճակատագիրը նրանց չհետաքրքրեց 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Փաշինյանի ձեռքերով Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որպեսզի այնտեղից կարողանան հեռացնել ռուս խաղաղապահներին։

«Եթե չլինեն հայեր Արցախում, ապա ավտոմատ կերպով կհեռացվեն ռուս խաղաղապահներն Արցախից» բանաձևով առաջնորդվեցին Մակրոնն ու Միշելը՝ Վաշինգտոնի քավորությամբ։ Արդյունքները բոլորի աչքի առաջ են։

Հիմա նույն բանն անում են Հայաստանի հետ։ Կրկին Նիկոլի ձեռքերով։ Պարզապես տեղերն ու ձևերն են փոխվել։ Հիմա ուզում են սկզբում ռուսներին հեռացնել, հետո արդեն հայեր չեն լինի։ Տվյալ դեպքում Հայաստանում հայերի լինել-չլինելը Արևմուտքին այդքան էլ չի մտահոգում, ինչպես որ Արցախում հայերի հարցն էր։ Քանզի Արցախում ռուսներին հեռացնելու համար իրենք պետք է հայկական տարրն Ադրբեջանի ձեռքերով մաքրեին, որպեսզի ռուսների հեռացման հարցը լուծվեր։ Իսկ Հայաստանը կա՛մ պետք է ադրբեջանցիներով բնակեցնեն, որպեսզի ռուսների հարցը լուծեն, կա՛մ Հայաստանի իշխանության ձեռքերով պետք է Հայաստանը հակառուսական մանրադրամ սարքեն։ Վրաստանի իշխանությունը չի գնում այդ քայլին, դրա համար էլ ԱՄՆ-ը ներքին ցնցումներ է առաջացնում այդ երկրում։

Հատուկ ուզում եմ նշել, որ Արևմուտքը Հայաստանի դեմ չէ, Ռուսաստանի դեմ է։ Բայց դե, երբ ծառը հատում են, տաշեղների մասին չեն մտահոգվում։ Ասել է թե՝ Հայաստանի միջոցով Արևմուտքի հակառուսական գործողությունների թիվ մեկ տուժողը Հայաստանն է լինելու, բայց դե ԱՄՆ-ին դա հետաքրքրում է այնքան, ինչքան Ուկրաինան է հետաքրքրում․․․ որպես թնդանոթի միս։

Հայաստանը չպետք է կռիվ տա Արևմուտքի դեմ։ Ավելին, Արևմուտքի հետ մենք պետք է նորմալ գործընկերային հարաբերություններ ունենանք, բայց ո՛չ ի հաշիվ հայ-ռուսական դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների փչացման և, առավել ևս, ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի դեմ թշնամացման։

Նիկոլ Փաշինյանին այս պատմության մեջ իր անձնական անվտանգությունն ու սեփական կաշվի փրկությունն է հետաքրքում։ Ինքը գիտի, որ թուրքական ծրագիր է իրականացնում, դրա համար էլ պինդ գրկել էր Էրդողանի գիրքն ու լայն բացել բերանը։

Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյունը մեծ խաբեության է գնում՝ հայտարարելով, թե, իբր, Արցախը կորցրեցինք, կորցնում ենք Հայաստանի տարածքները և Ռուսաստանի դեմ օգտագործվում ենք որպես գործիք, բայց «զատո» գնում ենք դեպի ԵՄ։

Իրականությունն այն է, որ Նիկոլն ու իր թիմը մեր երկիրը տանում են դեպի թուրք-ադրբեջանական երախ։ Իրենք Էրդողանի գրքի «վկաներն» են։ Այլ տարբերակ չունեն։ Հայաստանի գոյությունն իրենց անձնական շահերին հակասում է։ Հայաստանին վերացնելու համար, հետևաբար, իրենք հարվածում են մեր անվտանգային համակարգին՝ թշնամացնելով հայ-ռուսական ու հայ-իրանական հարաբերությունները։

«Մայր Հայաստանը» հստակ դիրքորոշում ունի այս հարցերում։ Լղոզվածությունն անվտանգության թեմայով համարում ենք ոչ պակաս վտանգավոր, քան Նիկոլի արածներն են։ Անկախ այն բանից, թե ով ինչ դեցիբելով է պահանջում Նիկոլի հեռացումը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 253

Մեկնաբանություններ