ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Որևէ նախախնամություն մեզ չորրորդ անգամ պետություն չի տա

Որևէ նախախնամություն մեզ չորրորդ անգամ պետություն չի տա
09.04.2024 | 17:01

Մենք երբեք ինքներս անկախություն չենք նվաճել, պետություն չենք ստեղծել: Հայաստանի վերջին երեք հանրապետություններն էլ ստեղծվել են դիպվածով, հանգամանքների բերումով: Ինչ-որ մեծ միավոր փլուզվել է, տրոհվել, ու դրանից մի չնչին բան էլ նետել են մեզ: Մեր ստեղծածը միայն Ազատ Արցախն էր, որը իսկապես արյուն-պայքարով ծնունդ առավ, բայց մեր միտքն ու կամքը չհերիքեց այն աշխարհին ճանաչել տալու համար: Եվ Արցախն առանց արյուն-պայքարի մեզնից առնելով՝ աշխարհն ուզեց մեզ ցույց տալ, թե դուք անգամ ձեր ստեղծածը ի վիճակի չեք պահել, էլ ուր մնաց՝ ձեզ «նվիրածը»:

Շատ ենք խոսում Առաջին Հանրապետության ծնունդից, մայիսի 28-ից, նույնիսկ պետություն ստեղծող ու հիմնադիր ենք հնարել: Բայց երբեք չի ասվել, որ դրանից երկու օր առաջ՝ մայիսի 26-ին, երբ վրացին անկախություն էր հայտարարում, որևէ հայ, վերջին ռամիկից մինչև Անդրկովկասյան սեյմի հայ նախարարները, չէին էլ կարող երևակայել, որ երկու օր անց իրենց քարշ են տալու սեղանի շուրջ և ստիպելու են տակը մնացած մեկ-երկու գավառի վրա անկախություն հռչակել, այլապես դրանք էլ կբաշխվեն վրացուն ու թաթարին: Սա է մերկ ճշմարտությունը: Եվ այս թեմայով մեր քաղաքագետների վերլուծությունները մերկապարանոց են ստացվում, որովհետև նրանք տեղյակ չեն բուն իրականությունից, հիմնվում են պատմաբանների ներկայացրած «իրականության» վրա: Մոտավորապես նույնը տեղի ունեցավ 2-րդ և 3-րդ հանրապետությունների պարագայում:

Վերջին տարիներին երկար ու փաստերով խոսվեց, թե իշխանությունը զավթած առանցքային պաշտոնյաներից ովքեր են ամիսներ շարունակ վերապատրաստվել Թուրքիայում: Մենք նրանց անուններն իմացանք, բայց փորձ չարեցինք վերլուծել, թե նրանց ինչպե՞ս ու ինչո՞վ են պատրաստել ու վերապատրաստել, շինել ու վերաշինել: Չէ՞ որ կռահելը դժվար չէր: Նրանց ցույց են տվել բուն իրականությունը, ցույց են տվել Բաթումի ու Ալեքպոլի դաշնագրերը, էլի շատ փաստաթղթեր, հանգամանորեն ներկայացրել են դրանց ստեղծման ու հաստատման նախադրյալները: Իհարկե, թուրքավարի են ներկայացրել ու երբ համարել են, որ դրանք արդեն տեղը տեղին վերապատրաստված ու վերաշինված են՝ բարձր պատասխանատվությամբ ուղարկել են Հայաստան՝ ժամանակին հայությանը «նվիրված» փշրանքները դրանց ձեռքով ետ վերցնելու: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում՝ Թուրքիայում վերաշինվածին կարգել արտաքին գործոց նախարար կամ դրա մյուս թային վստահել հայ-թուրքական բանակցությունների պատասխանատվություն: Վախենամ՝ չեք հասկանում:

Կարճ կկապեմ: Նիկոլիզմը մեզանից խլեց ամեն ինչ, նույնիսկ մեր ստեղծած հարյուրամյա միֆերը խլեց: Ահա թե ինչու չենք կարողանում հասկանալ՝ էդ ո՞նց երեք անգամ պետություն ստեղծեցինք, ու հիմա ալիև-նիկոլ դաշինքը տանում է մեր ձեռքից, մի՞թե այդքան փոխվել ենք: Ո՛չ, չենք փոխվել, նույնն ենք մնացել, մենք ոչինչ էլ չենք ստեղծել, Տերը մեզ ստեղծելու փորձությունից ազատել էր, թողել էր միայն տրվածը պահելու փորձությունը, որն էլ չարաչար տապալում ենք: Բայց նիկոլիզմը, այնուամենայնիվ, մի կարևոր բան տվեց մեզ, եթե, իհարկե, կարողանանք ըմբռնել ու ճանաչել այդ բանը: Դա այն անողորմ իրողությունն է, որ եթե այս մազից կախված իրավիճակը չվերցնենք մեր ձեռքը, Ստամբուլ-բաքուներում վերապատրաստված-վերաշինվածներին չքշենք այստեղից, էլ երբեք հայրենիք ու պետություն չենք ունենալու: Ո՛չ Տերը, ո՛չ էլ որևէ նախախնամություն մեզ չորրորդ անգամ պետություն չի տա: Իսկ ինքներս անկախություն ու պետություն ստեղծող չենք:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ