Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայրենակիցս, մի թող հիասթափվեմ

Հայրենակիցս, մի թող հիասթափվեմ
08.03.2024 | 06:55

Երևանը ինձ համար միշտ էլ եղել է մայրաքաղաքների մայրաքաղաք։ Երևանը Փարիզ էր, Երևանը Հռոմ էր, Երևանը Բեռլին էր ... ՈՒ միշտ էլ ակնածանքով եմ լցված եղել Երևանում ապրողների նկատմամբ։ Որովհետև ամեն օր Խորեն Աբրահամյան են տեսնում, Սոս Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Մինաս, Համո Սահյան, Վահագն Դավթյան ու Սևակ, Հրանտ Մաթևոսյան, Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան ... Ո՞ր մեկի անունը տամ։ Ու ինձ թվում էր, որ նույնիսկ Երևանում փողոց ավլողը մի այլ կարգի մարդ է՝ բարձրաճաշակ, կիրթ... Միամի՞տ էի, գուցե։ Բայց այդպես էի մտածում, քանի որ Երևանում լինում էի առիթից-առիթ՝ մի երկու օրով։ ՈՒ հիմա, երբ արդեն տևական ժամանակ է, ինչ բնակվում եմ Երևանում (չեմ ասում ՝ ապրում եմ Երևանում, քանի որ ապրելն ու բնակվելը տարբեր բաներ են), որպես Արցախից բռնի տեղահանվածներից մեկը, հասկանալի է, որ գրեթե ամեն օր ամենատարբեր խնդիրների առաջ եմ հայտնվում ու, բնականաբար, հաճախ եմ առնչվում ամենատարբեր օղակների հետ։ Եվ նկատել եմ, որ ամենուր գործում է միանման հայեցակարգ. քեզ ընդունում են ժպտադեմ, սիրալիր, լսում են քեզ մտահոգող հարցը, առաջարկում են թողնել քո տվյալները (առանձին դեպքերում նույնիսկ կենսագրությունդ ես գրավոր ներկայացնում ՝ ըստ պահանջի) և խոստանում են առաջիկայում քեզ հետ կապվել, իրազեկել հարցիդ պատասխանը։ Համբերությամբ սպասում ես մեկ շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ։ Հետո ստիպված ինքդ ես զանգում։ Զանգում ես, բայց քեզ չեն պատասխանում, հեռախոսը չեն վերցնում: Զանգում ես օրվա տարբեր ժամերի՝ մտածելով, որ նախորդ զանգդ գուցե ոչ հարմար պահի էր։ Ապարդյուն զանգում ես մի երկու օր և համոզվում, որ քեզ այս կերպ պարզապես ասում են. «Ապե, գնա բանիդ…»։ Եվ վիրավորանքից մեծ ցավ ես զգում, որ քո հանդեպ այդպես վարվողը քո ազգակիցն է, քո հայրենակիցը։ Բայց կարելի էր, չէ՞, մարդու երեսին նայելով էն գլխից ուղղակի ասել «հա» կամ «չէ», բայց՝ ասել։ Եվ ասել ժամանակին, որպեսզի մարդ իմանա իր հետագա անելիքը, այլ ոչ թե մի ամիս սպասի ու հետո էլ՝ այսպես...

Մայրաքաղաք ջան, մարդկանց հետ պարզ, անկեղծ ու ազնիվ հարաբերվել սովորիր պրովինցիայից։ Ամոթ չէ։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2989

Մեկնաբանություններ