Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սա է դաժան իրականությունը. պետականության կոլապսի ուրվականը

Սա է դաժան իրականությունը. պետականության կոլապսի ուրվականը
03.03.2024 | 09:47

«Ցավում ենք, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ՌԴ-ի հետ վարել հարաբերությունների վատթարացման քաղաքականություն», «Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելու հարցում Հայաստանի վերջնական որոշմանը. նրանք պետք է կողմնորոշվեն»:

Այս երկու հայտարարությունների հեղինակը Լավրովն է ու դրանք խիստ վտանգավոր ենթատեքստ են պարունակում Հայաստանի համար:

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, որի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, հատկապես իր վերջին հայտարարություններով, որոնցով նա ազդարարեց, թե «Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին»:

Հատուկ մանիպուլյացիայի սիրահարների համար արձանագրեմ, որ ես սկզբունքորեն մերժում եմ «մետությունը» և բալանսավորված քաղաքականության հետևողական կողմնակից եմ ու պնդում եմ, որ, այո՜, Փաշինյանը գիտակցված որոշման արդյունքում է գնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման (ինձ համար բացարձակ միևնույն է, որ այս պնդումն անում է նաև Լավրովը, ով ընդամենը փաստն է արձանագրել)՝ դիվերսիֆիկացիայի փոխարեն նախընտրելով ստրատեգիական կողմնորոշման փոփոխության արկածախնդիր քաղաքականությունը:

Մյուս հատուկ արձանագրումս վերաբերում է միջազգային հարաբերություններից չհասկացող մարդկանց, ովքեր մի քանի օր շարունակ պնդում են «արտաբլոկային» Հայաստանի առավելությունները:

Այս մարդիկ չեն հասկանում, որ ներկայիս Հայաստանը զրոյական դերակատարություն ունի գլոբալ, անգամ տարածաշրջանային գործընթացների վրա ու, ցավոք, «արտաբլոկային» հեռանկարը դուրս է մեր ինքնուրույն որոշման տիրույթից:

Եվ ուրեմն, Փաշինյանի շրջադարձը Հայաստանի համար ոչ թե կոմֆորտ չեզոքություն է ապահովելու, այլ նրան դարձնելու է աշխարհաքաղաքական սուր մրցակցության կռվախնձոր:

Փաշինյանի գիտակցված հակառուսականությունն ընդամենը մեկ նպատակ ունի. նրա պրովինցիալ մտածողությունը միայն այս ճանապարհն է հնարավոր համարում Արևմուտքի «սիրելին» դառնալու համար:

Արևմուտքի համար կարևոր է ոչ թե արդյունքը, այլ բուն գործընթացը, որի նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի և նաև Իրանի ազդեցության թուլացումն է: Ինչպիսին կլինի «արդյունքը», մանավանդ, Հայաստանի ճակատագրի մասով, արևմտյան շահախմբերին բացարձակապես չի հետաքրքրում:

Կրկնվում է 1918- 20 թթ.-ի սցենարը, վերցրեք հայոց պատմության որևէ ձեռնարկ ու թերթեք 100 տարվա վաղեմության իրադարձությունները նկարագրող էջերը:

Լավրովի ամենավտանգավոր արտահայտությունը «ՀՀ ղեկավարության գիտակցված որոշում» ձևսկերպումն է:

Սա նշանակում է՝ Մոսկվան այլևս մանևրելու հնարավորություն չի տալիս Հայաստանին՝ արագացնելով Փաշինյանի կողմից «պատմական» որոշման կայացումը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մտածված կերպով իրեն ազատում է պատասխանատվությունից՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:

Երեկ էլ ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բաց տեքստով Հայաստանին հուշել է՝ ում դուռը ծեծել անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Հենց սա էր թաքնված Կլաարի հայտնի ձևակերպման տակ, որով Թուրքիան հռչակվում էր «ռեգիոնալ լիդեր», որը տրամաբանորեն պետք է ապահովի Հայաստանի «ազատագրումը ռուսական լծից»:

Էրդողանի երաշխիքների հետևանքը լինելու է հայկական պետականության շնձահեղձումը թուրք- ադրբեջանական աքցանի մեջ, լավագույն դեպքում՝ տարածքային կորուստներով ռուսական գուբերնիայի տխուր հեռանկարը, եթե Մոսկվան և Անկարան վերանայեն իրենց 1921-ի պայմանավորվածությունները՝ ռեգիոնալ նոր բալանսի համատեքստում:

Սա է դաժան իրականությունը:

Փաշինյանը բալանսավորված քաղաքականության, հայ- ռուսական և հայ-թուրքական նոր որակի հարաբերությունների հաստատմամբ Հայաստանի պետականության լինելությունը երաշխավորելու փոխարեն՝ ընտրել է մեր պետականության կոլապսի ճանապարհը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ