Այս օրերին բոլորը հասցրեցին շնորհավորել բոլորին, բայց Վաղոն այդպես էլ չերևաց: Արդեն քիչ էր մնում նեղանայի, մեկ էլ հանկարծ եկավ՝ ձեռքին տոնական տոպրակ.
- Հարևան, միանգամից ասեմ, որ էս արաղն ու բանբաներկան հենց նոր եմ առել, էլ անուն չդնես:
- Ի՞նչ անուն պիտի դնեմ:
- Դե, միշտ ասում ես, որ չգիտեմ ում բերածն եմ բերում:
- Լավ, էդ կարևոր չի, հլը ասա՝ ինչի՞ ես մտահոգ:
- Ճիշտն ասած, մի շատ կարևոր բան եմ արել, ուզում եմ հետդ խորհրդակցեմ:
- Ի՞նչ ա պատահել:
- Դե, քեզնից ինչ թաքցնեմ, որոշեցի էս տարի վերջապես պսակվեմ: Մի լավ կնիկ կա, միշտ կանգառում տեսնում եմ, էրեկ մոտեցա ու առաջարկություն արեցի:
- Շատ էլ լավ ես արել, Վաղո, իմացի, որ քավորը ես եմ: Բայց հլը ասա՝ ի՞նչ ասեց, ասեց՝ հա՞:
- Չէ:
- Այ քեզ բան, քո նման տղուն ասեց՝ չէ՞:
- Չէ՜:
- Բա ի՞նչ ասեց:
- Էնպիսի բան ասեց, որ էրեկվանից գլուխ եմ ջարդում ու չեմ հասկանում: Մտածեցի՝ կարդացած մարդ ես, կարող ա դու հասկանաս:
- Վերջը ասելու ե՞ս՝ ինչ ասեց:
- Ասեց՝ «Չեմ ասի այո, բայց չեմ էլ ասի ոչ, բայց իմ ոչ չասելը հստակ չի նշանակելու այո,»:
- Ա՜յ քեզ բան, բա գլխի չընկա՞ր՝ ինչ կար մտքին:
- Դե մտածեցի, որ ոչ մի նամուսով կնիկ միանգամից «այո» չի ասում, ու սկզբից պիտի էդպես անորոշ բաներ ասի, բայց հիմա կասկած ա ընկել սիրտս:
- Վաղո, դու իմ ընկերն ես, ու քեզ հետ անկեղծ պիտի լինեմ:
- Բա դրա համար եմ եկել մոտդ:
- Ճիշտն ասած շատ տարիներ առաջ մի կնիկ էլ ինձ էդպիսի անորոշ պատասխան տվեց:
- Էս ի՞նչ լավ բան ասիր, հարևան, բա ի՞նչ արիր:
- Ոչ մի բան էլ չարի:
- Խի՞ չարիր:
- Դե, վերջում պարզվեց՝ էդ կնիկը բոզ էր…
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ