Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Առկա վիճակի հնարավոր հանգուցալուծման ճանապարհ

Առկա վիճակի հնարավոր հանգուցալուծման ճանապարհ
29.11.2023 | 08:08

Մի քիչ դժվար ընդունելի, բայց պարզ բան ասեմ, որպես առկա վիճակի հնարավոր հանգուցալուծման ճանապարհ: Գուցե ինչ-որ պահի կիրառական լինի:

Եթե մենք հավատում ենք, որ իշխանության աղբյուրը մարդիկ են, հետևաբար մարդկանց որոշման մասնակից դարձնելը, նրանց համաձայնությունը կարևոր է: «Եթե» եմ գրում, որովհետև, մյուս տարբերակը հավատն է, որ իշխանության աղբյուրը Աստվածն է, իսկ երկրի ղեկավարը՝ նրա տեղապահը՝ ներկայացուցիչը, տվյալ տարածքի վրա: Գուցե որոշ նիկոլականների համար սա այսպես է, բայց նման հավատ ունեցողների թիվը չի կարող անցնել երկրի հասուն բնակչության 3%-ը, հետևաբար դրանց չենք քննարկում: Ի դեպ, մինչև ժամանակակից պետություններ, աշխարհում երկրի ղեկավարների՝ մոնարխների, թագավորների և այլնի վերաբերյալ հենց նման հավատ էր գործում: Մինչև որ պետության և իշխանության աղբյուրը սոցիալական պայմանագիր լինելու գաղափարի կրող փիլիսոփաները չհայտնվեցին, ու սկսվեց աշխարհի վերափոխումը:

Չշեղվենք:

Ուրեմն, արևմտյան աշխարհում մինչև լայն զանգվածներին որևէ խնդրի, պրոցեսի շուրջ մոբիլիզացնելը, իրականացվում է մոբիլիզացիա այդ խնդրի լուծման հնարավոր լինելու և դա լուծելի համարողների նեղ շրջանում: Ավելի պարզ ասեմ: Օրինակ (այս միտքն հենց սրանից ծագեց), ինձ պարբերաբար գալիս է ծրար ԱՄՆ-ից՝ կամ թեկնածու առաջադրելու կամ քվեարկելու վերաբերյալ: Հա, մի զարմացեք, կա նման բան, բայց սա Հարվարդի համալսարանի շրջանավարտների համայնքի կառավարման ընտրությունների մասին է: Ու չեն զլանում, բոլորին են ուղարկում այս ծրարները, նույնիսկ, եթե դու երբևէ չես մասնակցել պրոցեսին և նույնիսկ, եթե դու նստած ես օվկիանոսի հակառակ կողմում՝ սարերի մեջ, ասենք՝ Հայաստանում: Էական չէ, թե որ երկրից ես, էական է, որ այդ համայնքից ես:

Այս մոդելը, ի դեպ, շատ չի տարբերվում այդ երկրի կառավարման մոդելից, այսինքն, նախքան կուսակցությունը թեկնածու կառաջադրի հանրության դատին, կատարում է ընտրություն իր ներսում:

Ասածս ի՞նչ է. ընդդիմադիր դաշտը վաղուց արդեն ուրույն համայնք է. Վատ, թե լավ՝ սա է, օդից նոր բան չի ընկնելու, նոր մարդիկ էլ մի օրում չեն ծագելու, տասնամյակներ են պետք: Հետևաբար, ընդդիմադիր դաշտում ինչու՞ չանցկացնել ընտրությունների պես մի բան, որը կլինի բացարձակապես բաց ու թափանցիկ: Անկախ նրանից, թե ով որ կուսակցությունից է, ինչ գույնի կամ ինչ հավատքի, մասնակցում է այս ընտրություններին: Նախապես արձանագրվում են բոլոր անունները, դիցուք՝ 1000 քիչ թե շատ հանրային մարդու անուն (իրենց համաձայնությունը ստանալուց հետո), որ ընդդիմադիր է: Հետո այդ անունները տեղադրվում են հատուկ սրա համար ստեղծված կայքում, և մարդիկ քվեարկում են այս մարդկանց օգտին: Դաշտը լինում է այնպիսին, որ քվեարկողը իր անձնական տվյալները լրացնի, որպեսզի, ասենք ֆեյքերն ու այլք (ենթադրենք՝ թշնամու կիբեռ բանակ) չխեղաթյուրեն պրոցեսը:

Հատուկ հարցեր չեն լինում, ընդամենը հետևյալ պարզ մեկ հարցը. ու՞մ կուզեիք, որ ձեր ներկայացուցիչը լիներ ընդդիմադիր դաշտում: Այսքան մի բան: Հաջորդիվ, մենք ունենում ենք հիասքանչ պատկեր, առաջին հարյուրը կամ ավելի փոքր թիվ (էական չէ), ասենք, տասը հոգի, անկախ նրանից, թե որ կուսակցությունից են կամ անկուսակցական են, դառնում են ընդդիմադիր դաշտի լեգիտիմ ներկայացուցիչ և պարտավորվում են այդ որոշված թվով մարդկանցով կայացնել որոշումներ ընդդիմադիր դաշտի գործառույթների շուրջ:

Չգիտեմ ինչի, հավատում եմ, որ սա անելով սայլը տեղից կշարժվի: Այլ մտքեր չեմ գրում, որ չերկարի տեքստը: Առաջարկում եմ ընդդիմադիր դիրքավորվածներին մտածել սրա շուրջ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ