ՈՒրեմն Լատինական Ամերիկայում ժամանակին կար մի արյունարբու բռնապետ Տրուխիլիո անունով, որը տարատեսակ բռնություններին, մարդկանց առևանգելու, բիզնեսներ խլելու գործին զուգահեռ որոշել էր զբաղվել գործարարությամբ։
Դիկտատոր այդ զիբիլը գնեց երկրում գործող, հազիվ գոյությունը քարշ տվող, սնանկացած մի արտադրամաս, որը մետաղական ցանցեր էր արտադրում:
Մետաղական այդ ցանցերը պահանջարկ չէին վայելում, որովհետև գերխոնավ արևադարձային կլիմայի պայմաններում դրանք շատ արագ ժանգոտում և փչանում էին։ Մարդիկ էլ արագ փչացող ցանցեր չէին գնում և արտադրամասը սնանկացել էր անխուսափելիորեն։
Իրավիճակը փոխվեց, երբ դիկտատորը գնեց արտադրամասը և հրապարակեց մի որոշում, որով բոլոր տնտեսվարողներից պահանջեց ցանկապատել սեփական հողակտորները։
Հազարավոր գյուղացիներ ընդվզեցին, բայց դիկտատորի բանդաները սկսեցին պարզապես սպանել դժգոհներին։
Մոտ մեկ տարի անց դիկտատորը մեյդան բերեց նոր որոշում, որով պարտադրվում էր սպիտակ յուղաներկով ներկել արդեն տեղադրված ցանկապատերը։
Ինչու՞:
Որովհետև այդ ընթացքում դիկտատորը խլել էր լաքերի ու ներկերի գործարանը և նոր պարտադիր որոշումով գործարանը սկսեց միլիոնավոր դոլարներ վաստակել։
Մեկ տարի անց դիկտատորը հրամայեց, որպեսզի արդեն ներկված սպիտակ ցանցերը ներկվեն կանաչ գույնով։
Ի միջի այլոց, պատմածս հեքիաթ չէ, իրականում տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետություն կոչված երկրում։
Որոշ թերահավատներ կարող են հակադարձել, որ դե դա լատինական Ամերիկան է, դա վաղուց է եղել։
Ես էլ կարող էի նման կերպ մտածել, եթե օրեր առաջ դժբախտաբար չծանոթանայի Երևանի քաղաքապետի հրամանով քաղաքային արտաքին գովազդի բնագավառում կատարվելիք ռեֆորմի հետ, որը բացառիկ նմանությամբ հիշեցնում է լատինական տրադիցիան։
Ի՞նչ է նախատեսվում այդ փոփոխություններով։
Շատ կետեր, դրույթներ կան, որոնք վիճելի չեն, բայց դրանց հետ միասին կան իրական հիմարություններ, չհասկացված ձևակերպումներ, անսքող վնասարարություններ, որոնց բովանդակության մասին մի քանի դրույթներ կմեջբերեմ։ Մասնավորապես նախատեսվում է.
1. արգելել վազող տողով էլեկտրոնային վահանակները:
2. Արգելել ուղղահայաց դասավորությամբ գովազդները:
3. Արգելել ինքնակպչուն նյութերից գովազդը:
4. Արգելել լուսավորված վահանակները:
5. Արգելել նեոնային լույսերը:
6. Գովազդի տեքստը պարտադիր պետք է լինի ծավալային տառերով։
7. Գովազդը կարող է արտոնվել, եթե այն տեղակայվելու է տարածքի ապակուց 60 սմ խորության վրա։
Տխմարության հետ սահմանակից պարտադիր պահանջների շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց մեր կողմից հիշատակված մի քանի արգելքների բովանդակությունն արդեն իսկ թույլ է տալիս կատարելու մի շարք պնդումներ և հարցադրումներ ուղղել Վարդան Ղուկասյանի օգնությամբ քաղաքապետարանը զբաղեցրած պաշտոնատար անձանց։
ա) Եթե առաջարկվող փոփոխությունները վատթարացնելու են տնտեսվարողների վիճակը և փաստացի ստիպելու են նրանց ջուրը նետել ժամանակին կատարված ծախսերը, մանավանդ, որ դրանք կատարվել են քաղաքապետարանի արտոնությամբ, համաձայնեցված դիզայնով և լուծումներով, ապա ո՞վ պետք է փոխհատուցի տնտեսվարողների կորուստները:
բ) Նեոնային լույսերի, վազող տողերով վահանակների, ուղղաձիգ դասավորությամբ գովազդները արգելող անձիք տեղյա՞կ են, որ նյու Յորքում կա «Time square» հրապարակ, որտեղ գովազդը բացառապես Երևանում արգելվող տեսակներով է կահավորված:
գ) Հանրային քննարկման որևէ դեպք եղե՞լ է առաջարկվող փոփոխությունների մասով, թե՞ էլի անհայտ շահագրգիռ քաղաքացիներ են դրան մասնակցել:
դ) Միայն ծավալային տառերով գովազդ ստեղծելու բացառիկ միտքը ո՞ր օլիգարխիան կամ օլիգարխն է հղացել:
ե) Սեփական տարածքում 60 սմ խորության վրա տեղակայված գովազդն ինչու՞ է համարվել արտաքին գովազդ:
Ո՞վ է այդ խելացին, որ դեռ չի հասկանում արտաքին և ներքին տեղակայման տարբերությունը:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Բոլոր տնտեսվարողներին խորհուրդ եմ տալիս չշտապել և ներկայացված հարցով չգնալ ինքնավնասման ճանապարհով։
Բոլորին առաջարկում եմ ինքնակազմակերպվել և ստիպել քաղաքապետարանի համապատասխան կառույցներին, քննարկելու վիճահարույց այս որոշումը, այն խելամիտ կարգավիճակի բերելու համար։
Բոլորին հիշեցնում եմ, որ ընդամենը օրեր առաջ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատերը դեղին յուղաներկով ծածկելու փաստով, մեր բողոքի արդյունքում գրանցված անճաշակ ներկապատումը վերացվեց ի շահ քաղաքի և քաղաքացու։
Բոլոր ընթերցողներին առաջարկում եմ տարածել այս գրառումը։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ