ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ես երբեք չեմ կարող «միասնական» լինել անտոհմ ու անհայրենիքների հետ

Ես երբեք չեմ կարող «միասնական» լինել անտոհմ ու անհայրենիքների հետ
30.09.2023 | 22:01

Մեր պետությունը զավթած անհայրենիքների խմբակի ներկայացուցիչն է խոսում, թե Հայոց աշխարհի գլխին եկած ահասարսուռ այս աղետի «մեղավորը բոլորս ենք», «պիտի լինենք միասնական։

Երևի, հիմա էլ որոշել են այսպիսի ելույթներ ասպարեզ նետելով զբաղեցնել հայ հասարակական միտքը` կարծելով , թե շատ կարևոր մեկն են, և մենք պիտի խոսենք իրենց հակահայ տեսակի մասին։

Չեմ պատրաստվում անտեսել այս փաստը, քանի սա արվում է տիեզերամասշտաբ ազգային ողբերգության` մեր կորցրած Արցախի, սեփական հայրենի եզերքից բռնի տեղահանված արցախցիների ծանր ճակատագրի ֆոնին, որոնք, կորցնելով իրենց կյանքը, սպասում են մի փոքրիկ անկյունում տեղավորվելու հույսին։

Սա ասվում է այն սահմռկեցուցիչ տեսարանի ֆոնին, երբ ժամեր առաջ Մասիս համայնքում տեղի ունեցավ թշնամու կողմից ցեղասպանության ենթարկված արցախցի երկու հրաշք փոքրիկների հուղարկավորությունը։

Եվ դեռ իշխող ուժի ցանկացած կալիբրի պաշտոնյաների գրասենյակներում գեներացվում է ատելության խոսք, որը տարածվում է ողջ համացանցում:

Կորցրեցինք Արցախը, կազմալուծման են հասցրել նաև Հայաստանի պետականությունը, և այս ֆոնին այսօր քաղհասարակություն կոչված գործակալական ցանցը, որ տարիներ ի վեր օտարերկրյա դեսպանատների հենարանն է եղել, ֆորում էին գումարել` նվիրված անկախությանը։

Համացանցում այդ «քննարկումների» տեսանյութն արդեն կա, բոլորի դեմքերն ու անունները հիշելու ենք։

Պատմության մեջ առաջին անգամ եղավ պաշտոնյա, որի ասած ամեն խոսքին հղում էր կատարում թշնամին` իբրև «կայացած փաստ ու վկայություն»։

Հայոց նորագույն պատմության մեջ առաջին անգամ մեր քաղաքական դաշտից ու բառապաշարից դուրս մղվեց «պաշտոնական Երևան» հասկացությունը, և թշնամին երբեք որևէ հակադարձում չստացավ` հայ ազգին ուղղված հայատյացության համար, պատերազմը ու դրա պատճառով սողացող ցեղասպանությունը բերեց մեր տուն:

Եվ ինչպես միշտ եմ նախընտրում ասել, մենք այս խմբակի պատմական դատը տեսնելու ենք։

Թող չհամարձակվեն իրենց բերած աղետը մեղսագրել բոլորին։ Ես երբեք ` սկսած 2018-ից չեմ եղել մեր պետությունը զավթած այս անհայրենիք տեսակներին քվե տվող քաղաքացի, լուսաբանել եմ մեր ազգային գոյության դեմ ուղղված նրանց ամեն մի «քայլը» և աննշան թվացող ազդակը։

Ես չեմ եղել թշնամու երկրում մշակված ծրագրով հայ երեխաների համար դասագրքեր ստեղծող, այլ ողջ գիտակցական կյանքում եղել եմ ու մնալու եմ

ազգային-ընտանեկան արժեքներին ու հայագիտությանը նվիրված նոր սերնդի ներկայացուցիչ։

Ես այն անմահացած հերոսներից մեկի քույրն եմ, ով բոլորի նման մարտի դաշտից ասում էր.

-Երբ պատերազմն ավարտվի, գալու եք այստեղ, որ տեսնեք , թե ինչ Հողեր ենք պահել....

Եվ հիմա մեր եղբայրների պահած Հողերը մինչև վերջին միլիմետրը հանձնած անհայրենիքը փորձում է իրենց տեսակին հավասարեցնել բոլորին` մինչև անգամ իրենց կյանքը տված հերոսներին, որոնց պատերազմից առաջ հայտարարեցին «հանուն ոչնչի զոհվածներ», որից հետո մի ողջ ժողովրդի զրկեցին բոլոր ազգային երազանքներից։

Մենք Արցախի համար էլի ենք պայքարելու, Արցախի Հողը չի մոռանալու մեր եղբայրներին ու իր բնիկ տիրոջը։ Պայքարելու ենք Հայաստան ոտք դրած սիրելի արցախցիներիս հետ միասին, որովհետև Հայաստանը` Հայկական բարձրավանդակի այս փոքրիկ մնացած անկյունը, բոլոր հայերի հայրենիքն է` անկախ իրենց ծննդավայրից։

Հայաստա՛նն էլ է ձեր Տունը, սիրելի արցախցիներ, այդ իրե՛նք են մեր միջի օտարն ու եկվորը։

Իսկ այս աղետի հեղինակները պատասխան տալու՛ են...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ