«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Աստված պահի Ամերիկան... Ռուսաստանն էլ

Աստված պահի  Ամերիկան...  Ռուսաստանն էլ
10.06.2008 | 00:00

Հայաստանյան նախագահական ընտրություններն ամենաուղիղ կապն ունեին ղարաբաղյան խնդրի հետ: Աստծո պահած ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, գոնե մեր հարցում խիստ սինխրոն էին ու մեկ խնդիր ունեին՝ «կանգնեցնել» Հայաստանն ամեն գնով, իսկ թե որ արագության տակ, թող Հայաստանն ինքը որոշի: ՈՒ քանի որ զգացմունքային ու մի վեց հարյուր տարի պետական մշակույթից զուրկ հանրույթ ենք, որոշեցինք ամենաբարձր արագության` զոհերի գնով:

ՈՒ միֆը, թե Հայաստանը «քաղաքակրթությունների երկխոսությունում» իր ուրույն պատմա-հոգևոր-քաղաքակրթական դերն ունի, հօդս ցնդեց:

Արժանին մատուցենք մարտի 1-ին, նրան նախորդող ու հաջորդող իրադարձություններին. միֆերի պայթման ժամանակաշրջան էր... Սա առանձին ու անչափ լուրջ խոսակցություն է, բայց մեր այսօրվա «թեման» Ղարաբաղն ու Ալիև-Սարգսյան հանդիպումն է, չենք շեղվելու:

Այսպիսով, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դեբյուտը կայացավ. ղարաբաղյան բանակցությունները չեն սկսվի զրոյից, կշարունակվեն: Մեդվեդևն էլ «պիտերյան ստիլով» ասաց Սարգսյանին` կգաս մեր տուն:

Բայց եթե խորքից ու անկեղծ, ապա Հայաստանն առավել թույլ, քան երբևէ, չէր մասնակցել բանակցություններին: Մարտի 1-ից հետո այլ կերպ չէր էլ կարող լինել: Իհարկե, Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու դառնալու որոշումն ընդունելիս բոլորովին այլ Հայաստան ու այլ հարաբերություններ էր ծրագրել աշխարհի հետ և բարձրաձայնում էր, որ Ղարաբաղյան հարցում 98-ից էլ լավ լուծում ենք ունենալու, սակայն «տան բազարը շուկայում», այն էլ` գերտերությունների, երբեք չի անցնում:

ՈՒ գերտերությունների համատեղ ջանքով մարտի 1-ին «կանգնեցվեց» Հայաստանը, մի քանի, բայց նախ և առաջ այն պատճառով, որ Ամերիկային ու Ռուսաստանին այս փուլում հատկապես պետք է Ադրբեջանը, և տարածաշրջանային շահերի սեղանին հերթական անգամ զոհ մատուցելով որևէ ռեսուրս չունեցող, ու, ինչպես ցույց տվեց մարտի 1-ը, քրիստոնյա արժեքներից երես թեքած Հայաստանը, լուծվեցին մի շարք պրագմատիկ հարցեր:

Այնքան պրագմատիկ, որ մարտի 1-ին ոչ միայն ՌԴ գեներալ պարոն Երյոմինն էր Մյասնիկյանի արձանի մոտ, այլև ԳՌՈՒ-ի հայաստանյան նախկին ողջ էսկադրիլիան` անհայտ ու հայտնի դեմքերով, ի դեպ, բոլորից աչալուրջ նրանք էին հետևում շարժին: Այդ օրն ընդդիմության լիդերներն էլ իրենց հերթին բանակցում էին արևմտյան ժողովրդավարական արժեկիր դեսպանատների հետ մինչև ուշ ժամը` բախումը կանխելու, Քոչարյանին կանգնեցնելու համար, բայց… եղավ այն, ինչ եղավ:

ՈՒ մարտի 1-ից հետո արդեն եկել էր ժամը, որ արմատական ընդդիմությունը, չասենք`«ինչպես, երբ, ումով», կանչվեր Ռուսաստան, ու ասվեր` մի վախտ սսկվեք, մի քիչ սպասեք, Մեդվեդևն ուժեղանում է, աշնանը կամ գարնանը հայաստանյան ստատուս-քվոն կշարժվի, կգաք իշխանության. հիմա մեզ Հայաստանում կայունություն է պետք: Իսկ Ռուսաստանին կայունություն է պետք, որովհետև պերմանենտ «ցնցում-կայունացնում» են Վրաստանը, շուտով նույնը կանեն Ադրբեջանում, հո «հազար ճակատ» չե՞ն ստեղծելու Հարավային Կովկասում: Եվ այնուհանդերձ, հարկավորը պետք է մատուցել «ցնցակաթվածի» իր օպերացիաներում հաջողելու ռուսական հավերժ ջանքերին:

Դառնանք Մեդվեդևին, նա իսկապես ուժեղանում և ուղղակի գամբիտ է անում Պուտինի «սիլավիկներին». փոխել է «էֆ-էս-բե»-ի ղեկավարին, դրել իր մարդուն, պաշտոնավարման հենց առաջին օրն իր աշխատակազմի ղեկավար էր նշանակել ամենահավատարիմ մարդուն.:

Եվ ուրեմն Մեդվեդևը փոխեց նաև ՌԴ գենշտաբի ղեկավարին, հիմա էլ աչքը Սերդյուկովին ¥պաշտպանության նախարար¤ փոխելու վրա է: Կփոխի. պնդում են փորձագետները: Կփոխի, թե չի փոխի արտաքին գերատեսչության ղեկավար հայազգի Լավրովին, դժվար է ասել, բայց իր մարդուն կնշանակի ԱԳ նախարարի տեղակալ: Առայժմ: Մեդվեդևն օրերս նաև մաստեր-կլաս ցուցանեց: Կանգնելով Գերմանիայի ֆրաուի կողքին, Մերկելի կանացի ներկայությամբ աշխարհին ասաց` եթե ՆԱՏՕ-ն շարունակի ընդլայնվել, մենք կդադարեցնենք մեր հարաբերություններն ալյանսի հետ, իսկ դա երկար ու ծանր հետևանքներ կունենա ¥Պուտինի «հետախույզն» է, փաստորեն, երիտասարդը. իսկ Արևմուտքը մտածում էր` փափուկ-անչեկիստ տղա է եկել իշխանության¤:

ՈՒ ժպտում է Դիման ¥էդպես են մեր ընդդիմադիրները նրան անվանում¤` մի կողմից Եվրոպային ու նրա ֆրաուին, մյուս կողմից Ադրբեջանին, անցողիկ ժպիտով էլ՝ մեր Սերժին ու ընդդիմությանը. Դիման մեր ընդդիմադիրներից մեկին անձամբ ասել է. «Ս նեպոնյատնիմի լյուդմի յա նե մագու ռաբոտատ»: Հասկացնելով` իբր Սերժ Սարգսյանի մասին է խոսքը:

Բայց դե` ոնց երևաց, աշխատելու է, ու հրավիրեց Սերժ Սարգսյանին իրեն հարմար պահին այցելել Ռուսաստան` պայմանավորվելու: Ըստ ամենայնի` հուլիսին: Նույն ամսին Ս. Սարգսյանը կմեկնի նաև Ֆրանսիա` Սարկոզիի հետ հանդիպման: Ոնց երևում է` Սերժ Սարգսյանը սկսում է աշխուժանալ, ուշքի գալ:

Այսպիսով, ինչ արձանագրեց սանկտ-պետերբուրգյան հանդիպումը. Բեռնար Ֆասյեն հանդիպումից առաջ ասում էր, թե ԵԱՀԿ ՄԽ-ն «վախենում» էր, որ բանակցությունները կընդհատվեն` նկատի ունենալով Բուխարեստում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի Սարգսյան-Ալիև չկայացած հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ-ն անցնող տարիներին ստացած աշխատավարձի ու սեփական գործունեության անպտղությունն այլևս անկարող է ծածկել իմիտացիայով, բայց միևնույն է` պետք է փորձի բանակցությունները ձգել մինչև Ադրբեջանում ընտրությունների ավարտ, հետո` կերևա: Դրանում նրան օգնում է Ադրբեջանը. վերջինս ևս շատ լավ գիտի, որ համաշխարհային հանրությունը հարցը տանելու է դեպ ՄԱԿ, ու չի շտապում նեղացնել ԵԱՀԿ ՄԽ-ին։

ՈՒ բոլորին ձեռնտու էր, որ. հանդիպումը «շատ դրական, կառուցողական ու հաջողված» լիներ:

Ի դեպ, մենք էլ ուրախանալու բան ունենք. Քոչարյանը չէր մասնակցել հանդիպմանը: Ավելին` հանդիպման օրը բավականին հետաքրքիր, կարող ենք մեզ թույլ տալ ասել` ուղղակի կառուցողական մեսիջ հղվեց ՀՀԿ-ից առ հայոց բազմաչարչար հանրություն. ՀՀԿ խոսնակը ոչ ավել-ոչ պակաս, «րեչ օգլասիլ». Սերժ Սարգսյանը ոչ թե Քոչարյանի, այլ` Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն-Արամ Սարգսյանների քաղաքական կուրսի շարունակողն է: Իսկ դա հաստատապես ոչ միայն ներքին կյանքին առնչվող հղում էր և այն էլ` Ալիև-Սարգսյան հանդիպման նախօրյակին հնչած:

Հիմա ժամանակ չունենք բացատրելու, թե ինչու էր Քոչարյանն ուզում մասնակցել այդ հանդիպմանը, իսկ ահա ՀՀԿ-ից նրան ասացին` «նիխտ», հարգարժան էքս-բանակցող. «մինք էդ պարը չինք պարում, մինք քիզ հիդ ճամփա չինք գնում», զի համաձայն ենք Վազգենի հետ, որը ևս ղարաբաղյան կոնֆլիկտի արագ կարգավորման կողմնակիցն էր, և եթե չլիներ 27-ը, այն, թերևս, լուծվելու էր:

Բայցև` ոզնուն էլ է հայտնի, որ դեռ տևական ժամանակ հիմնախնդիրը չի լուծվի: Ավելին` ՄԱԿ-ի ընդունած վերջին բանաձևն ինքնին նշանակում է ֆորմատի փոփոխության ազդանշան: Ինչն ուղղակի թույլ տալ չի կարելի, որովհետև ուղիղ գծով տանում է դեպ դեյթոնյան ¥պարտադրող¤ տարբերակ, որը հեռանկարներից ամենաանընդունելին է մեզ համար: Ներքևում մենք դեռ կանդրադառնանք այս խնդրին, բայց առայժմ սանկտպետերբուրգյան հանդիպման մասին:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանին կրնկակոխ հետևում էր Մերզլյակովը: Ի դեպ, Ալիևը բանակցային սենյակ էր մտել Բրայզայի, իսկ Սարգսյանը` Մերզլյակովի ուղեկցությամբ: Սիմվոլի՞կ է: Եսի՞մ: Հիշո՞ւմ եք Ռամբուեյում պարոն Մերզլյակովը նույնիսկ «օկուպացիոն տարածք» ¥դե, որտեղ նույնիսկ թագավորներն են ոտքով գնում¤ էր մտել Քոչարյանի հետ, որից հետո Քոչարյանը վերադարձել էր բանակցային սենյակ և ասել, որ չի կարող այլևս բանակցությունները շարունակել, պետք է մեկնի Հայաստան, մոտիկ ազգականն է մահացել ¥ի դեպ, այս մասին ալամ աշխըրքին հարկ էին համարել տեղեկացնել հատկապես ռուսական թերթերը¤:

Դե, հիմա Մերզլյակովի մոտ խասյա՞թ է կրնկակոխ մեզ հետևելը, թե՞ մարդու գործն ու պարտականությունն էդ է, ոչինչ չես կարող ասել: Իսկ իրականում նա և նրա «պատրոնաժը» բոլորվին այլ բանից են վախենում, քան պարոն Ֆասյեն. Նրանք վախենում են, որ հայկական կողմը կվերցնի ու «սխալ» բան կանի:

«Սխալն» էլ միշտ «նույնին» է վերաբերում. գրավյալ տարածքներում խաղաղապահների «ով» լինելուն: Իսկ առավել ստույգ, դրանց վրա առևտրին: Ռուսաստանն անչափ բարձր գին է ուզում, որպեսզի համաձայնի ¥եթե համաձայնի¤ ոչ ՆԱՏՕ-ական, ասենք, դիցուք, սկանդինավյան երկրների զորակազմ այնտեղ տեսնելու համար. ինչպես օրերս տեղեկացրեց բրիտանական թերթերից մեկը: Ի դեպ, ասում են այդ մոդիֆիկացիային Իրանը ևս տվել է իր համաձայնությունը: Հետաքրքիր է` ո՞ր Իրանը. Ահմադինեժադի՞, թե՞ «սպասվող», համեմատաբար ազատական Իրանը. հիշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Ալի Լարիջանին պատրաստվում է դառնալ նախագահ. տեսնելով, որ Ռաֆսանջանիից բան դուրս չի գալիս, Արևմուտքը էքսցենտրիկ Ահմադինեժադին դուրս մղելու նոր մոդուլներ է կյանքի կոչում:

«Հետաքրքիրն» այստեղ սակայն այլ բան է. Հայաստանը, նույն Իրանի «գետնին» վրա, հիշում եք` ժամանակներ առաջ մեկ օրով հայտնվեց ահաբեկչական երկրների ցուցակում ու «դուրս եկավ»: Օրերս էլ ԱՄՆ-ից մեղադրվեցինք ահաբեկչական երկիր Իրանի հետ խիստ սերտ տնտեսական հարաբերություններ ունենալու մեջ: Իսկ նման բաները հենց այնպես չեն լինում:

Համընթաց հիշենք, որ ամերիկյան դոկտրինը ղարաբաղյան հարցում բացի Բաքու-Ջեյհանի ապահովությունից, «նայում» է դեպի գրավյալ տարածքներ և ցանկանում «իրեն մոտիկ» խաղաղապահների տեղակայում, որովհետև ամերիկյան ռադիոլոկացիոն կայաններից մեկը, ըստ Ադրբեջանի հետ նախնական պլանավորվածության, պետք է տեղակայվի այդ տարածքներից մեկում, հսկի Իրանն ու ողջ Մերձավոր Արևելքը: ՈՒ շտապում է ԱՄՆ-ը խաղաղապահների հաշվով, փորձում հարցի շուրջ նախնական կոմպրոմիսի հասնել:

ՈՒ ոնց երևում էր Բրայզայի հիասթափված դեմքից, նրա` հայաստանյան զորքերի այդ տարածքներից դուրս գալու երկրորդվող հայտարարություններից, ԱՄՆ-ն էլի «չէր հասել» իր նպատակին, Սերժ Սարգսյանն այդ առնչությամբ ժամ ու կես տևած բանակցություններին կամ բան չէր ասել, կամ մերժել էր:

Իսկ մերժել, մադրիդյան սկզբունքներին դեռ Քոչարյանի օրոք իր համաձայնությունը հայտնած Սերժ Սարգսյանը գոնե այս պահին կարող էր` նախ ՄԱԿ-ի վերջին բանաձևի պատճառով, երկրորդ` նախագահական ընտրություններին ամերիկյան կողմից իրեն տորպեդահարելու: Երրորդ` «նախագահ ընտրվելու» առիթով Բուշի կողմից մի փոքրիկ իսկ «ուղերձ չստանալու»:

Աստված պահի Ամերիկան: Սա էլ ոնց որ չէր զլացել, ցույց էր տվել, թե որտեղ են ձմեռում իրենց խեցգետինները. հանդիպման հաջորդ օրը հայաստանյան հանրությունը խիստ մեծ հետաքրքրությամբ հայոց մամուլում կարդում էր` ԱՄՆ արդարադատության նախարարության` Կոնգրեսին ուղղված զեկույցն առ այն, թե ԱՄՆ-ում ինչ լոբբիզմ է իրականացվել Սերժ Սարգսյանի համար, ինչքան փողերով, վասն` որու: Ինչևէ:

Վերջի համար էլ ասենք. չկա չարիք, առանց բարիքի: Հայի հետին խելքի հանգույն, Ադրբեջանի վրա սևեռված այս ժամանակը Հայաստանը կարող է և օգտագործել իր ներքին խնդիրները կարգավորելու, իրավիճակը շտկելու համար:

Կա անչափ կարևոր մի շեշտադրում, որ կատարել է Տեր-Պետրոսյանը վերջերս. «Ներկա պահին ամենալավ ելքը կարգավորման վերջին պլանի իրագործումն է, որ ներկայացրել է ԵԱՀԿ-ն»:

Մադրիդյան այդ տարբերակը Քոչարյանին փոխանցելուց հետո Սերժ Սարգսյանը, երկրորդենք, նույնպես ասել է` տեղյակ եմ նրբություններին, համաձայն եմ առաջարկվածին:

Խնդրեմ` երկխոսության թեմա, որից էլ պետք է սկսել ընկած տեղից կանգնելու հայաստանյան մեր նոր ժամանակը: ՈՒ՞մ հետ, եթե ոչ Տեր-Պետրոսյանի, հնարավոր է լուծել ղարաբաղյան այս թնջուկը, որպեսզի իսկապես այն չհասնի ՄԱԿ-ի ԱԽ` հարկավոր հետևանքներով հանդերձ /ինչպիսի` անչափ շատ ենք խոսել այդ մասին/:

Մի բան էլ. Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը պետք է որ մեկընդմիշտ հասկանան. իրենք Ղարաբաղյան շարժման-խնդրի վերջին օղակն են. կարմայորեն պոլյուսավորված, հակադիր ճամբարներում հայտնված ¥նուրբ աշխարհում մենք նույնություն ենք միմյանց հետ¤` շղթան փակելու կոչված:

Կարողացա՞ն շղթան ճշգրիտ կարգավորել-ավարտել` չնայած բազում անհամաձայնություններին, կշահի երկիրը, կշահենք բոլորս: Ո՞չ. ավերակներին թագավորելու մեր հին խասյաթն ու անեծքը կանի իր գործը... ՈՒզում-չեն ուզում` ճակատագրորեն նրանք կանգնեցին դեմ հանդիման ¥ո՛չ Վանոն, ո՛չ Վազգեն Սարգսյանը... և նույնիսկ` ո՛չ Ռոբերտ Քոչարյանը¤՝ ցանել-հնձելու վերջին «արարը» ավարտելու համար:

Կկարողանա՞ն իրենք իրենցից վեր բարձրանալ` հանուն երկրի...

Աստված պահի Հայաստանը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6740

Մեկնաբանություններ