«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մեկ ազգը, այն էլ մեր պես մշակութային ազգը, մեկ պետություն պետք է ունենա

Մեկ ազգը, այն էլ մեր պես մշակութային ազգը, մեկ պետություն պետք է ունենա
30.12.2022 | 11:14

Եթե ուզում ենք խայտառակ պարտությունից հետո ոտքի կանգնել, պետք է նախևառաջ կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը: Նախ, պետք է մի կողմ դնենք արհեստական բոլոր խնդիրները, որոնք մեզ հրամցնում են դրսից մեր թշնամիները և խլում են մեր ժամանակը, որպեսզի չունենանք հնարավորություն իրական խնդիրները տեսնելու և լուծելու:

Եթե ճիշտ նկարագրենք իրավիճակը, ապա կհասկանանք, որ երեսուն տարի առաջ մենք ոչ թե անկախություն ենք ձեռք բերել, այլ ռուսական կախվածությանը գումարել ենք Արևմուտքի ստորացուցիչ հպատակությունը: Որովհետև ոչինչ ավելի ստորացուցիչ, քան մուրացկան պետություն լինելը` չկա: Իսկ Արևմուտքը, ուղղակիորեն, նախ մեզ դարձրեց չքավոր, այնուհետև փողով գնեց մեր ինքնիշխանությունը: Դրա դիմաց մեզ տվեցին այդ քաղցր բառը` «ազատություն»: Եվ մենք չհասկացանք, որ դա թակարդ է: Երեսուն տարի առաջ այդ թակարդի դռները մեր առջև լայն բացեցին, և մենք, ազատության միամիտ տենչանքով, դեռ չէինք հասցրել մուտք գործել, երբ անձայն և աննկատ այդ դռները փակվեցին: Այս ծանր, ահավոր ծանր կորուստներով պատերազմը մեզ պետք է սթափեցնի:

Այն, փաստորեն, ջնջեց, հողին հավասարեցրեց մեր երեսուն տարվա կեղծ անկախության պատմությունը: Եվ մենք այլևս չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, որով զբաղվել ենք երեսուն տարի և չպետք է նաև խաբեությամբ զբաղվենք, որը, ինչպես տեսանք, միջազգային հարաբերություններում մեզ չի հաջողվում և չի հաջողվի երբեք, որովհետև խաբելը մեր ինքնությունը չէ:


Երեսուն տարի փորձում էինք աշխարհին խաբել, թե կա Արցախի ժողովուրդ, որը, չգիտես ինչու, չի ուզում միանալ մայր հայրենիքին, այլ ուզում է անկախ պետություն լինել: Ստացանք դաժան պատասխանը: Որովհետև մեկ ազգը, այն էլ մեր պես մշակութային ազգը, մեկ պետություն պետք է ունենա: Հակառակը նշանակում է գնալ Աստծո դեմ: Այս կեղծիքի և անինքնասիրության երեսնամյա էջը պետք է փակենք և սկսենք ՆՈՐԻՑ: Ունենալով ազգային նպատակ, որը ազգային գաղափարն է, և դա, այո, հզոր և ամբողջական Հայաստանն է և ոչ թե ընդմիշտ վատ ապրող «Սերգոյի Հայաստանը»: Հենց այդ գաղափարի հիման վրա ձևավորված ազգային-պետական գաղափարախոսությամբ և ծրագրով մենք կարող ենք ոտքի կանգնել և զարգանալ: Բայց մինչ այդ, զուգահեռաբար, քանի որ ժամանակը շատ սուղ է, պետք է անհապաղ օրենսդրական փոփոխություններ կատարել, բնպահպանական օրենքները համապատասխանեցնել մեր Սահմանադրությանը և բոլոր մետաղային հանքերը ազգայնացնել, միլիարդավոր դոլարների շահույթը ուղղել պետական բյուջե:

Իսկ Սոթքի հանքի շահագործումը պետք է դադարեցնել և օրենքով արգելել և՛ ՀՀ տարածքում, և՛ դրա սահմանին, քանի որ այն վտանգում է Սևանա լիճը, իսկ դա արդեն մեծ և կենսական սպառնալիք է, որն անտեսել պարզապես չենք կարող: Բնականաբար, օֆշորային «Լիդիանը» նույնպես այլևս անելիք չունի Հայաստանում: Մեզ արդեն ցնցել են, ինչպես հարկն է, մնում է այդ ցնցումից հետո մենք ՈՒՇՔԻ ԳԱՆՔ:


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 18576

Մեկնաբանություններ