«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Պատերազմը չի ավարտվել

Պատերազմը չի ավարտվել
11.11.2020 | 12:43

Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով կայացավ Հայաստանի ռուս-թուրքական հերթական վերաբաժանումը, ու դա այլևս փաստ է: Փաստ է, որ այս ընթացքով մենք կորցնում ենք ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը: Թե պատերազմի 44 օրերին ինչ սխալներ արվեցին, շատ ավելի լավ գիտեն Արցախի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Ինչու՞ արեցին՝ դեռ պիտի պատճառները բացատրեն: Նոյեմբերի 10-ին մենք արթնացանք, եթե, իհարկե, գիշերը քնել էինք, մի երկրում, որն այլևս օկուպացված է: Եվ օկուպացվում է ժամ առ ժամ: Միանշանակ՝ պարտված իշխանությունը պետք է հեռանա, սա քննարկելու թեմա չէ: Բայց միայն այն ժամանակ ու այն պայմաններում, երբ վերականգնի սեպտեմբերի 26-ի իրավիճակը Հայաստանում: Իմա՝ Հայաստանի տարածքից պետք է հեռանան ռուս խաղաղապահները: Մենք պարտվել ենք պատերազմում ու ստորագրվածը կապիտուլյացիայի ակտ էր, բայց կապիտուլյացիան Հայաստանի անվտանգությանը չպետք է վերաբերվի: Մեզ 44 օր, փաստացի, խաբել են ու հակառակ օպերատիվ շտաբ ստեղծելու անհրաժեշտությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց բոլոր հարցերը միայնակ տնօրինել, իսկ հիմա մեղադրում է բոլորին, բայց մեղավորին չի տեսնում իր մեջ: Այո, մենք մեղավոր ենք, մեղավոր ենք, որ հավատացել ենք իշխանությանը և իշխանության քարոզչամիջոցներին: Մեղավոր ենք եղել ու մեղավոր ենք հիմա, որ շոկի մեջ չենք կարողանում ադեկվատ ու անհրաժեշտ քայլեր պարտադրել այլևս կառավարելու բարոյական իրավունք չունեցող գերլեգիտիմ իշխանությանը: Իսկ այդ քայլերը կան: Երեկ Ֆրանսիան նախագահի մակարդակով հայտարարեց իր պատրաստակամությունը մնալ ու լինել Հայաստանի կողքին: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ եռակողմ համաձայնագրին չեն մասնակցել Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Ինչու՞ չեն մասնակցել: Ինչու՞ Ռուսաստանը գնաց Թուրքիայի հետ սեպարատ պայմանավորվածության՝ բացարձակապես արհամարհելով հայկական շահերը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարում է, որ թուրք խաղաղապահներ չեն լինելու ու Թուրքիան ներգրավված չէ գործընթացում, բայց դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա՝ այսօր Մոսկվան լիովին ներկայացնում ու պաշտպանում է Անկարայի շահը, բնավ պարտադիր չէ, որ Էրդողանը իր բեղերով զարդարի պատկերը: Մենք ունենք ընդամենը հրադադար, եռակողմ համաձայնագրով չի որոշվում Արցախի, կամ այն՝ ինչ մնացել է Արցախից, սահմանների հարցը և չի որոշվում կարգավիճակը: Հենց հիմա պետք է հայտարարել, որ Արցախի հարցի լուծման ՄԻԱԿ ձևաչափը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարցի լուծման մեջ պետք է ներգրավված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սա ընդամենը հրադադար է, պատերազմը ավարտված չէ, բայց այս համաձայնագիրը լավագույն ապացույցն է, որ նոր պատերազմներն անխուսափելի են:
Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ պատերազմի առաջին օրից Հայաստանի ու Արցախի կողքին է եղել, հայտարարեց, որ Թուրքիան պետք է խուսափի սադրանքներից և չխանգարի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։
«Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Նա պետք է զսպվածություն դրսևորի և չձեռնարկի գործողություններ, որոնք կխոչընդոտեն հակամարտության կողմերի միջև երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցություններին»,- նշված է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ բանակցությունները պետք է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մակրոնը շեշտել է, որ հանդես է գալիս հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման օգտին, որը հաշվի կառներ Հայաստանի շահերը։ Հարկ է «առանց հապաղելու» ջանքեր գործադրել գտնելու համար «հակամարտության հաստատուն քաղաքական լուծում, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը թույլ կտա ապրել լավ պայմաններում եւ կնպաստի իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին»։ Մակրոնն իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մտադիր է մոտ ապագայում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, փոխանցում է EFE-ն։


Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել՝ հավելելով, որ Փարիզն «աջակցում է Հայաստանին դժվարին պահին»։ «Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը և շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների եւ ծրագրերի մասին, երբ կայանա»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։ «Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության վերջը, բայց առայժմ չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Այն, թե ինչպես են հակամարտության կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է հարցնել նրանց»,- հավելել է նա: Փաստացի՝ թե Ֆրանսիան, թե ԱՄՆ-ը ակնկալում են մեր արձագանքը, որ հիմք ունենան գործելու, իսկ մենք դեռ շոկի մեջ ենք ու երևի թե չենք էլ գիտակցել, որ անցած տասնամյակներում Ֆրանսիան ու ԱՄՆ են մեզ համար պահպանել ստատուս քվոն: Հավելեմ, որ ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը, պատասխանելով լրագրողների հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության աշխատանքային խումբը գործելու է ԵԱՀԿ ՄԽ-ի հետ զուգահեռ, ասել է, որ ՌԴ-ի ԱԳՆ-ին հայտնի չէ ԵԱՀԿ ՄԽ-ին փոխարինող այլ երկկողմ աշխատանքային ձևաչափերի մասին: «Նախագահների զրույցի բովանդակության մասին ավելի լավ է հարցնեք անմիջական մասնակիցներին: Շարունակում ենք հանդես գալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների չեզոք դերից, որը մեծ դեր է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարություններում: Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված համաձայնությունը անհրաժեշտ պայմաններ կստեղծեն ԼՂ ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար՝ արդար հիմքի վրա և հայ ու ադրբեջանի ժողովուրդների շահերի շրջանակում»,-ասել է Պոպովը:


Ու հիմա մեր խնդիրը պետք է լինի Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի աջակցությամբ վերականգնել Արցախի Հանրապետության սահմանները՝ իբրև էթնիկ զտումներից խուսափելու միակ տարբերակ, համենայն դեպս՝ 100000 մարդ այսօր ապրելու տեղ չունի ու պիտի վերադառնա Արցախ, և՝ հասնել Արցախի ճանաչմանը: Բայց դրա համար մեզ պետք է բոլորովին այլ մակարդակի ու որակի դիվանագիտություն ու ինքնիշխանություն: Ոչ մի իշխանություն Հայաստանում չի կարող կրակել խաղաղապահների վրա՝ սա պետք է հաշվի առնել ցանկացած որոշումից առաջ, մեզ մնում է միայն դիվանագիտական ճանապարհը, բայց՝ նախարարի փոփոխությունից հետո:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Մենք այս խայտառակ պատերազմը տանուլ տվեցինք այն օրը, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ գրեց Վլադիմիր Պուտինին: Եթե քաղաքական խելահասությունը բավարարեր, նամակներ պետք է գրվեին և Ֆրանսիայի, և ԱՄՆ-ի նախագահներին՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: 20-րդ դարի դաժանագույն փորձը ունենալով՝ որևէ հարցի լուծում ռուս-թուրքական սեպարատ բանակցություններին թողնելով մենք կորցրինք Վանը, Կարսը, Արևմտյան Հայաստանը, պարտադի՞ր էր 21-րդ դարում էլ նույն պայծառ տհասությամբ կորցնել Արցախն ու վտանգել Հայաստանը: Ես չգիտեմ՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս հայերը հասկանան՝ ռազմավարական դաշնակից մենք չունենք, մենք ունենք երկու կայսրություններ, որ իրենց բոլոր խնդիրները մշտապես լուծել ու լուծում են մեր տարածքների ու ինքնիշխանության հաշվին:

Դիտվել է՝ 8193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ