Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդիրը իր նավթ արտահանող երկիրը տնտեսական ճգնաժամի ճիրաններից դուրս բերելն է, ստիպված է այնքան վճռական լինել, որքան արտոնյալ ընտանիքի ժառանգը չի եղել հորից ժառանգած իշխանության13 տարիներին: 54-ամյա Իլհամ Ալիևը բախվել է հզոր ճգնաժամի նավթի համաշխարհային գների անկումից հետո, որը մեկ երրորդով արժեզրկեց մանաթը, հանգեցրեց տնտեսության կտրուկ արգելակման ու փողոց հանեց հազարավոր դժգոհողների: Ալիև կրտսերին ծանոթ մարդիկ նրան համարում են գործունակ կազմակերպիչ, որ ձեռնարկում է ճգնաժամը սանձող կարևոր քայլեր: Բայց որոշ փորձագետներ կարծում են, որ դա անցքերը կարկատել է նշանակում և առավել երկարաժամկետ որոշումների՝ տնտեսության իրական բարեփոխումների կոչը, խլացնում է բարձրաստիճան պաշտոնյաների ու նախարարների երգչախումբը, որ նա ժառանգել է հորից նախագահի պաշտոնի հետ և որից չի ուզում բաժանվել: Վարչապետ Արթուր Ռասիզադեն պաշտոնավարում է 1998-ից, երբ նախագահը Հեյդար Ալիևն էր: Նախագահի աշխատակազմի ղեկավար 77-ամյա Ռամիզ Մեհտիևը այդ պաշտոնում է 1995-ից: Ադրբեջանում Նորվեգիայի նախկին դեսպան Ստեյնար Գիլը՝ ի վիճակի՞ է Իլհամ Ալիևը իրական փոփոխություններ անել հարցին պատասխանեց. «Կասկածում եմ: Եթե նա իրականում ցանկանար, ինչո՞ւ էր պահում հին գվարդիան»: «Այդ վարչակարգը սառեցված վիճակում է»՝ կարծում է Գիլը, ում երկիրը ի դեմս Statoil էներգետիկ ընկերության Ադրբեջանում խոշորագույն ներդրողներից մեկն է: Մերձկասպյան, հետխորհրդային հանրապետության նավթի ցածր գների հարուցած փոթորիկը զսպելու ունակությունը ավելի շատ մտածելու նյութ է տալիս, թե կկարողանա՞ն այլ նավթարտադրողներ՝ Ռուսաստանից Ալժիր ու Նիգերիա, վերապրել ճգնաժամը՝ քաոսից խուսափելով:
Դինաստիան
Իլհամ Ալիևը կյանքի մեծ մասն ապրել է հոր ստվերում, որ աղքատ ընտանիքից լինելով՝ սովետական տարիներին կարիերան կառուցեց իբրև կոմունիստական կուսակցության պաշտոնյա՝ ղեկավարելով Ադրբեջանի ՊԱԿ-ը, ապա և՝ Ադրբեջանը, դառնալով ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հեյդար Ալիևը երկամյա ընդմիջումից հետո վերադարձավ իշխանության՝ շնորհիվ ընտրություններում աներկբա հաղթանակի՝ հայրենակիցները նրա մեջ տեսան քաոս, բռնություններ ու կենսամակադակի անկում տեսած երկրի փրկչի: 1990-ականների կեսերից Ադրբեջանն աստիճանաբար սկսեց վերածվել բարգավաճող պետրոկրատիայի: Կրտսեր Ալիևը, ինչպես ԽՍՀՄ-ում կուսակցական ղեկավարների շատ երեխաներ, ուսանել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հետո էլ՝ դասավանդում էր: 1993-ին հոր իշխանության վերադառնալուց հետո նա նշանակվեց պետական նավթային ընկերության տնօրեն և գլխավորեց Ազգային օլիմպիական կոմիտեն՝ փորձ հավաքելով՝ նախքան երկրի գլխավոր աթոռին նստելը: Կառավարամերձ շրջանակներում ասում են, որ Ալիևը երկակի զգացումներ ուներ իր ապագա դերի նկատմամբ: Ոմանք ասում են, որ նա չունի հոր խարիզման՝ Իլհամը հրաշալի մարդ է, բայց ոչ ամենամեծ քաղաքական գործիչը:
Կա՞ փոփոխությունների շանս
Իշխանության վերջին տարիներին Հեյդար Ալիևը իր ստորագրությունը դրեց BP-ի և Statoil-ի պես ընկերությունների հետ պայմանագրերի տակ՝ թույլ տալով նրանց նավթ արդյունահանել Կասպյան ավազանից: Հիմնականում այդ նավթային գործարքների ու նավթի արդյունահանումից ստացած եկամուտների շնորհիվ Ադրբեջանի տնտեսությունը պահպանում էր կայունությունը 2003-ից, երբ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվեց հոր մահից երկու ամիս առաջ: Առաջին տարիներին նավթի արդյունահանումը ապահովում էր Ադրբեջանին աշխարհում ՀՆԱ-ի ամենաարագ աճը, ուստի աճի դանդաղումը շոկային դարձավ: Նավթային բումի տարիներին Բաքուն պատվեց երկնաքերներով, էլիտար շենքերով ու թանկ հյուրանոցներով: Բայց 9,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում շատերն են ապրում աղքատության մեջ: Ոստիկանությունն արցունքաբեր գազով, ջրանետներով ու դագանակներով ցրեց իրենց կյանքից դժգոհ ցուցարարներին:
Մեթյու Բրայզան՝ ԱՄՆ-ի դեսպանն Ադրբեջանում մինչև 2012-ը, կարծում է, որ Իլհամ Ալիևը և նրա ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը կարևոր որոշումներ են ընդունել: Պետական նավթային հիմնադրամում կուտակվել են 34 միլիարդ նավթային դոլարներ, որոնք անվտանգության բարձիկ են տնտեսության համար, Կենտրոնական բանկը դադարեցրեց ալիքի վրա պահել մանաթը, բյուջեում փոփոխություններ կատարվեցին՝ ելնելով նավթի առավել իրատեսական գնից: «Ի՞նչն է խանգարում սահուն անցումին: Մակրոտնտեսական անհրաժեշտ բարեփոխումների բացակայությունը: Որոշ փոփոխություններ արվում են, բայց կա տնտեսական աճի և հարկային կարգապահության դիվերսիֆիկացիայի կարիք: Դա վատ նորություն է»՝ համոզված է Բրայզան: «Լավ նորությունը՝ նրանք, ովքեր կողմ են փոփոխությունների, այսօր շանս են ստանում: Որոշակի տարածք է բացվում ֆինանսական ու տնտեսական նախարարությունների մանևրի համար՝ բարեփոխումներն առաջ տանելու նպատակով»: Իսկ Նորվեգիայի նախկին դեսպան Գիլը հաստատում է, որ իրական տնտեսական փոփոխությունների խոստումները լսել է դեռ Հեյդար Ալիևից՝ «Եղել են և մնում են միայն խոսակցություններ»:
«Վստահ եմ, որ Իլհամ Ալիևը հասկանում է՝ փոփոխություններ պետք են, բայց չեմ կարծում, որ նա ի վիճակի է որևէ փոփոխության»:
Քրիստիան ԼՈՈՒ, Reuters
Հ.Գ. Ձեզ չի՞ թվում, որ այս ամենը մի քանի անգամ կարդացել եք: Եվ ինչո՞ւ եվրոպացիները չեն կարողանում մտածողության ու գնահատականների կարծրատիպերից ազատվել: Իսկ գուցե պատճառը ոչ թե եվրոպացիներն են, այլ հետխորհրդային տարածքում գործող իներցիան՝ քաղաքական իշխանությունը փոխվել է, մնացած ամեն ինչ շարունակվում է՝ ոնց կար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ