ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

2.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին

2.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին
05.02.2016 | 11:21

Մի տասնամյակ առաջ

Աշխարհը սկսել է փոխվել դեռ 2008-ից, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և պայթեց ֆինանսական ճգնաժամը: Այդ ժամանակից ակնհայտ դարձան երեք օրինաչափություններ: Առաջին՝ Եվրամիությունը մտավ ճգնաժամի մեջ, որը չի կարող հաղթահարել, որը շարունակում է ուժեղանալ: Եվրամիությունը երբեք այլևս չի վերադառնա նախկին միասնականությանը, և եթե պահպանվի, հաջորդ տասնամյակում գոյություն կունենա ավելի սահմանափակ և տրոհված ձևաչափով: Մենք չենք կարծում, որ ազատ առևտրի գոտին նախկին տեսքով կպահպանվի, առանց պրոտեկցիոնիզմի աճի: Մենք ծանր տնտեսական պրոբլեմներ ենք կանխատեսում Գերմանիայում և իբրև հետևանք՝ տարածաշրջանում Լեհաստանի դերի մեծացում:
ՈՒկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ ներկա կոնֆլիկտը կմնա միջազգային համակարգի կենտրոնում առաջիկա մի քանի տարիներին, բայց մենք չենք կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը ի վիճակի է ներկա տեսքով գոյատևել ևս տասը տարի: Ածխաջրածինների արտահանումից գերակա կախվածությունը և նավթի գների անկանխատեսելիությունը Մոսկվային թույլ չեն տա աջակցել պետական ինստիտուտներին ՌԴ ամբողջ ընդարձակ տարածքում: Մենք սպասում ենք Մոսկվայի իշխանության նկատելի թուլացման, որը կհանգեցնի Ռուսաստանի ձևական և ոչ ձևական տրոհման: Ռուսական միջուկային զինանոցի անվտանգությունը այնքան առավել կարևոր պրոբլեմ կդառնա, որքան այդ գործընթացը տասնամյակի վերջում արագանա:
Մենք ոտք ենք դրել Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում Եվրոպայի ստեղծած ազգային պետությունների անկման դարաշրջան: Այդ երկրների մեծ մասում իշխանությունն այլևս պետությանը չի պատկանում և անցել է զինված կուսակցություններին, որ ի վիճակի չեն միմյանց հաղթել: Դա հանգեցրել է ներքին լարված պայքարի: ԱՄՆ-ը պատրաստ է մասնակցել այդ կոնֆլիկտներին ավիացիաի և ցամաքային սահմանափակ միջամտության տեսքով, բայց չի կարող և չի ցանկանում ապահովել նրանց հաստատուն լուծումները: Թուրքիան, որի հարավային սահմանները այդ պատերազմները խոցելի են դարձնում, դանդաղ կներքաշվի կոնֆլիկտի մեջ: Տասնամյակի վերջում Թուրքիան կդառնա խոշոր տարածաշրջանային պետություն և արդյունքում կուժեղանա մրցակցությունը Թուրքիայի ու Իրանի միջև:
Երկրորդ՝ Չինաստանը դադարել է լինել արագ աճի և ցածր աշխատավարձի երկիր և նոր փուլ է մտել, որը նոր նորմաներ է բերում: Այդ փուլը ենթադրում է ավելի դանդաղ աճ և ավելի կոշտ դիկտատուրա, որ զսպում է տարամետ ուժերը, որոնց ծնում է աճի դանդաղումը: Չինաստանը կշարունակի լինել խոշոր տնտեսական ուժ, բայց կդադարի գլոբալ աճի շարժիչ լինել: Այդ դերը կստանձնեն տարբեր երկրների խմբեր, որ մենք միավորում ենք «16 հետչինական երկրներ» խմբում՝ Հարավ-արևելյան Ասիայի մեծ մասը, Արևելյան Աֆրիկան և Լատինական Ամերիկայի մասերը: Չինաստանը չի լինի ռազմական ագրեսիայի աղբյուր: Արևելյան Ասիայում իշխող դիրքերի գլխավոր թեկնածու մնում է Ճապոնիան:
Երրորդ՝ ԱՄՆ-ը կշարունակի մնալ մեծ տնտեսական, քաղաքական ու ռազմական երկիր, բայց առաջվանից նվազ ակտիվ կմիջամտի: Արտահանման ցածր մակարդակը, աճող էներգետիկ անկախությունը և անցյալ տասնամյակի փորձը կհանգեցնեն առավել զգուշավոր տնտեսական ու ռազմական միջամտության մոլորակի գործերին: Ամերիկացիները ակնհայտորեն տեսան, թե ինչ է կատարվում ակտիվ արտահանողների հետ, երբ գնորդները չեն կարողանում կամ չեն ցանկանում գնել նրանց ապրանքները: ԱՄՆ-ը գիտակցում է, որ Հյուսիսային Ամերիկան հերիք է բարգավաճման համար, աշխարհի այլ մասերում ընտրովի միջամտության պայմաններում: ԱՄՆ-ը ռազմավարական մեծ սպառնալիքները համարժեք ուժով կընդունի, բայց կհրաժարվի համաշխարհային հրշեջի դերից:
Կլինի քաոտիկ աշխարհ, որի շատ տարածաշրջաններում կփոխվեն պարեկները: Անփոփոխ կմնա ԱՄՆ-ի իշխանությունը, առավել հասուն ձևով՝ իշխանություն, որ այդքան էլ աչքի չի ընկնի, որովհետև առաջիկա տասնամյակում ավելի քիչ կօգտագործվի, քան առաջ:


Հ.Գ. Ընդունեք, որ կան ճիշտ կանխատեսումներ և ԱՄՆ-ի համաշխարհային հրշեջի (Ռուսաստանը գերադասում է «համաշխարհային ոստիկան» բնորոշումը) դերի գիտակցական նվազման, և Չինաստանի տնտեսական աճի դանդաղումի, և Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում Եվրոպայի ստեղծած պետությունների մասով, որքանո՞վ իրատեսական է Ռուսաստանի տրոհման կանխատեսումը, ժամանակը ցույց կտա: Գուցե աշխարհն իսկապես էլ քաոտիկ է, երբ փոխվում են պարեկները, բայց ցանկացած քաոս վերջանում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ