ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թուրքիա և Սաուդյան Արաբիա. «քանիանգամյա՞» օգտագործման են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության այդ գործիքները

Թուրքիա և Սաուդյան Արաբիա. «քանիանգամյա՞» օգտագործման են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության այդ գործիքները
19.01.2016 | 01:31

Շիաների և, ուրեմն, Իրանի առճակատումը Սաուդյան Արաբիայի հետ պարզապես ինչ-որ «փոխատեղում» կամ «երկքայլ» կոմբինացիա չէ, որ Մերձավոր Արևելքի և հարակից տարածքների վրա տարածում են ինչ-ինչ ուժեր, որոնց մարմնավորում են Էր Ռիադը և նրա «մանր-մունր դաշնակիցները» Թուրքիայի «չափավոր իսլամականների» վարչակազմի հետ մեկտեղ։ Թեև, անշուշտ, դա փորձ է վատթարացնելու իրադրությունը, որն առանց այն էլ լարված է «Իսլամական պետության» ու Եմենում, Իրաքում և Սիրիայում գործող ահաբեկչական այլ խմբերի վայրագությունների պատճառով։ Եվ սաուդյան շիա աստվածաբան շեյխ Նիմր Բաքր ան-Նիմրի մահապատժի թելերը, ինչն արդեն չեն թաքցնում Իրանի իշխանության և հոգևորականության բարձրագույն ոլորտները, տանում են դեպի Թուրքիայի նախագահ Էրդողանի 2015 թ. դեկտեմբերի 29-30-ին Սաուդյան Արաբիա կատարած այցը և Էրդողանի ու սաուդյան միապետ Սալման աս-Սաուդի համատեղ հայտարարությունը «Գործակցության բարձրագույն ռազմավարական խորհուրդ» ստեղծելու և «ահաբեկչական սպառնալիքների դեմ մղվող պայքարում համագործակցությունն ընդլայնելու» մասին։ Ինչպես անցած տարվա վերջին հաղորդեց թուրքական կիսապաշտոնական «Anadolu» գործակալությունը, Թուրքիայի նախագահը Էր Ռիադում հայտարարել է նաև, որ Անկարան պաշտպանում է սաուդյան միապետի մտահղացումը «Իսլամական միություն» ստեղծելու մասին, այսինքն, որպես հակաահաբեկչական «Մուսուլմանական լիգա», ուր սաուդցիները չեն հրավիրել ո՛չ Իրանին, ո՛չ Իրաքին, ո՛չ Սիրիային, ո՛չ Լիբանանին, թեև մերձավորարևելյան հենց այդ պետություններն են ամենից հաճախ տուժում ահաբեկիչների և սուննի ծայրահեղականների վայրագություններից։
Այժմ բոլորն են հասկանում, որ բանն արդեն միայն Սիրիան, Իրաքը, Եմենը կամ Լիբանանը չէ, հատկապես այն հանգամանքի պարագայում, երբ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ Սիրիայի բոլոր հակաահաբեկչական ուժերը (ինչպես նաև Իրաքի, թեև ռուսներն առայժմ այնտեղ «չեն աշխատում»), սկսած Սիրիայի կանոնավոր բանակից, վերջին ամիսներին միանգամայն հաջողությամբ գրոհում և դուրս են մղում ահաբեկիչներին, հատկապես ԻՊ խմբավորման և «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալներին։ Կարելի է, իհարկե, փորձել շեյխ ան-Նիմրի մահապատժի հարցը կապել Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշնազույգի ստեղծման վարկածի (ի հակակշիռ Ռուսաստան-Իրան դաշնազույգի) կամ «Գլոբալ Մերձավոր Արևելքի» ստեղծման ամերիկյան աշխարհաքաղաքական պլանի «վերջին փուլի» հետ։ Այդ ուղիները ամենապարզն են, ու հեշտ է նկատել դրանք։ Սակայն մենք առաջարկում ենք բծախնդրության հասնող մանրամասնությամբ հետևել մինչև շեյխ ան-Նիմրի մահապատիժը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությանն ու տրամաբանությանը` հասկանալու համար, թե ինչու Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև անմիջական ռազմական ընդհարում, գոնե 2016-17 թթ., հենց սկզբից էլ չէր կարող լինել (վերապահությամբ, եթե Սիրիայում կամ Եմենում որևէ արտակարգ իրավիճակ չծագեր)։ Թեև, երբ թուրքական իշխանությունները հունվարի 8-ին հանկարծակի դիմեցին մի շարք հակաիրանական քայլերի և սկսեցին ժխտել իրանական լրատվամիջոցների այն հրապարակումները, որոնցում ասվում էր, թե «Թուրքիայի ղեկավար Էրդողանի Սաուդյան Արաբիա կատարած այցը կապված է վերջերս սաուդյան իշխանությունների կողմից շիական հոգևոր առաջնորդ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ», Անկարան, ըստ էության, գլխովին մատնեց ու դավաճանեց իր համախոհներին։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ հրապարակումներում արված հայտարարությունները, որոնք ձգտում են հասարակական կարծիք ստեղծել ընդդեմ հանրապետության նախագահի, և մենք ուզում ենք անմիջապես վերջ դնել դրան»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, ընդ որում, թուրքերը նույնիսկ «բացատրություններ տալու» էին կանչել Անկարայում Իրանի դեսպանին։ Եթե խորամուխ լինենք, շատ հեշտ կնկատենք` մեղավորը Էրդողանը չէ, շիաները չպետք է իրենց ցասումը թափեն թուրքերի և Թուրքիայի գլխին։
Եվ այսպես, ո՞վ է Էրդողանի ձեռքերով, նախ, նախաձեռնում հերթական «հինգերորդ անիվի» ստեղծումը Մերձավոր Արևելքում` «Գործակցության բարձրագույն ռազմավարական խորհրդի» տեսքով, և երկրորդ, ո՞վ է սաուդցիներին հրաման տվել շիական շեյխի մահապատժի վերաբերյալ։ Պարզվում է, դեկտեմբերի 29-ին, դեռ մինչև Էր Ռիադում Էրդողանի վայրէջք կատարելը, Իրանի իսլամական հեղափոխության Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Սեյեդ Խոսեյնին իսլամական միասնության 29-րդ միջազգային խորհրդաժողովի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իսլամի հանդեպ ամերիկյան պաշտոնատար անձանց խոր թշնամությունը նրանց դրդում է պառակտում մտցնել իսլամի տարբեր հոսանքների, այդ թվում` շիաների և սուննիների միջև... ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից բխող մարտահրավերին դիմակայելու համար մուսուլմանական պետությունները պետք է միավորվեն և ստեղծեն միասնական իսլամական քաղաքակրթություն»։ Եվ, իհարկե, այս առումով հիշատակել է Լիբիան, Սիրիան, Իրաքը և Եմենը։ Եվ հետաքրքիր է, որ նույն օրը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը բանակցել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի հետ` վերջինիս խնդրանքով։ Քննարկվել են սիրիական կարգավորման խնդիրները` հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը` շեշտադրելով սիրիական կարգավորման խնդիրները Սիրիային աջակցող միջազգային խմբի ընդունած որոշումների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համատեքստում»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Իրադարձություններն էլ ավելի «բուռն» են զարգացել դեկտեմբերի 30-ին. ԱՄՆ-ը, իբր ԻՊ-ի դեմ «ամերիկյան կոալիցիայի» պայքարի համար, Պարսից ծոց ուղարկեց մի նավախումբ` «Հարրի Տրումեն» ավիակրի գլխավորությամբ, իսկ իրանական հեղափոխական գվարդիան նույն ժամանակահատվածում իր զորավարժություններն էր անցկացնում և վարժական հրաձգություն էր իրականացնում Հորմուզի նեղուցում։ ՈՒ հանկարծ ԱՄՆ-ում որոշեցին իրանական հրաձգությունն անվանել «չափից ավելի սադրիչ և վտանգավոր միջոցառում», թեև, ինչպես ընդգծում է NBC հեռուստաալիքը, «կրակոցներն ընդհարման տեղիք չէին տվել, քանի որ իրանցիները կանխավ նախազգուշացրել էին իրենց ծրագրերի մասին», սակայն, իբր, ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք անհանգստացած էին, որ գվարդիան կրակոցներ էր արձակում ամերիկյան ավիակրից ընդամենը 1,4 կմ հեռավորության վրա, որը «ոչ մի սահման չէր խախտել և ընթանում էր ծովային նավարկության միջազգայնորեն ճանաչված գոտիով»։ Նույն օրը ամերիկյան «The Wall Street Journal» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ ԱՄՆ-ը որոշել է բանեցնել հակաիրանական պատժամիջոցների նոր շարք` այս անգամ, իբր, կապված բալիստիկ հրթիռների կառուցման իրանական ազգային ծրագրի հետ։
Սակայն նույն օրն իսկ աշխարհն իմացավ, որ Ղազախստանը Իրանին մատակարարել է 60 տոննա բնական ուրան։ Այստեղ` հակիրճ նախապատմություն. բանն այն է, որ Թեհրանը Ռուսաստան է ուղարկել ինչ-որ քանակի հարստացված ուրան։ «2015 թ. դեկտեմբերի 27-ին, «վեցյակի», Իրանի, ՄԱԳԱՏԷ-ի, ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան կառույցների հետ համակարգված ձևով, «Կազատոմպրոմ» ԲԸ-ն առևտրային պայմաններով Իրանին մատակարարել է 60 տոննա բնական ուրան` որպես գործողությունների համատեղ համալիր պլանով (ԳՀՀՊ) վերապահված հատուցում այդ երկրից չհարստացված ուրանի դուրսբերման դիմաց»,- նշել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Պահանջվում է շաղկապել Ղազախստանից Իրան ուրանի առաքումը և Պարսից ծոցում ամերիկացիների գործողությունները, ինչպես նաև նոր հակաիրանական պատժամիջոցներ մտցնելու սպառնալիքը։ Եվ եթե վերհիշենք, որ ավելի վաղ, դարձյալ դեկտեմբերին, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հաղորդել էր, թե «ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Իրանի, եթե միջուկային ոլորտում Իսլամական Հանրապետության գործողությունները սպառնալիք համարի անվտանգության համար», ապա ակնհայտ կդառնա, որ թե՛ ԱՄՆ-ի քայլերն ընդդեմ Իրանի, թե՛ Էրդողանի «գործուղումը» Սաուդյան Արաբիա ոչ թե սոսկ վաղուց և նախապես ծրագրված գործողություն է, այլև յուրօրինակ պատասխան Իրանի դեռ ամառվա սպառնալիքին` սաուդցիների «ձեռքից առնելու» «ջիհադի անցկացման», այսինքն` դեպի Մեքքա և Մեդինա աշխարհի մուսուլմանների ուխտագնացության իրավունքը։ Հիշեցնենք` այն ժամանակ (Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ-խմբ.) իսլամական աշխարհին առաջարկելով ջիհադի, ըստ էության, «հավաքական անցկացում», Իրանը ոտնձգություն կատարեց մոլորակի մուսուլմանների շրջանում Սաուդյան Արաբիայի, իբր, ապրիորի ընկալվող առաջատար դիրքերի նկատմամբ։ Եվ Թեհրանի ամառային հայտարարություններից բացահայտորեն յուրօրինակ «ումմայի (համայնքի-խմբ.) հեղաշրջում» նախապատրաստելու հոտ էր փչում, ինչը հարցականի տակ էր դնում Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի, որպես Էր Ռիադի դաշնակցի, դիրքերը։
Անգամ եթե համարենք, որ Էրդողանի Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ այդ երկու երկրներն ընդամենը լուծում էին այն հարցը, թե ինչպես դիմակայեն մուսուլմանական աշխարհում թուրքերի ու սաուդցիների դիրքերի վիճարկման ուղղությամբ Իրանի գործողություններին, որի շրջանակներում էլ պայմանավորվածության են եկել շեյխ ան-Նիմրի մահապատժի հարցում, միևնույն է, մենք պետք է հասկանանք, որ շիա աստվածաբանի մահապատժի «բարձրագույն հավանությունը» Էր Ռիադը բացահայտորեն այլ կենտրոններից է ստացել։ Նույն Սիրիայի նկատմամբ սաուդցիների ու թուրքերի մոտեցումները էական տարբերություն ունեն. չէ՞ որ նույն ԻՊ խմբավորմանը Սաուդյան Արաբիան չէ, որ աջակցում է, թեև մասնակցում է խմբավորումը նոր վարձկաններով համալրելու գործին։ «Դերերը» հստակ բաժանված են. ԻՊ-ին ամուր կառչած են Թուրքիան և Կատարը, իսկ Սաուդյան Արաբիան աջակցում է «Ջեբհաթ ան-Նուսրային», «Ջեիշ ալ-Իսլամին» և «Ալ-Քաիդայի» հետ կապված մի շարք այլ ավելի մանր ավազակախմբերի։ Եվ ահա հունվարի 1-ին Իրանի Իսլամական Հանրապետության պետական շահերի վեհաժողովի քարտուղար, նախագահի նախկին թեկնածու և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Մոհսեն Ռեզային, նախագահ Հասան Ռոհանիին հասցեագրված նամակում, Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ու նոր սադրանքների առնչությամբ նշում է. «Ամերիկյան իշխանությունները չեն ուզում պաշտոնապես ընդունել Իրանի անկախությունն ու հզորությունը և իրենց իմպերիալիստական սովորության համաձայն միջամտում են Իրանի ներքին գործերին։ Ինչպես 20 հազար ցենտրիֆուգները ամերիկացիներին ստիպեցին նստել բանակցությունների սեղանի շուրջը և ապացուցել Իրանի միջուկային իրավունքը, այնպես էլ այս դեպքում մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Իրանի հրթիռների գործողության շառավիղը կհասնի 5000 կիլոմետրի»։ Նա պարզաբանեց. «Ամերիկացիները կարծում էին, թե համատեղ գործողությունների համալիր պլանի խեղաթյուրման միջոցով կկարողանան չարաշահել տնտեսական դարպասի բացումը և թափանցել Իրան։ ԱՄՆ-ը Իրանին ապտակով պատասխանեց` մտցնելով իր նոր պատժամիջոցները։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության մեծ առաջնորդի և երկրի կառավարության ու խորհրդարանի հեռատեսության շնորհիվ այդ դավադրությունը խեղդամահ արվեց խանձարուրում»։
Հունվարի 2-ին տեղեկատվական ֆոնը շարունակեց զարգանալ հարաճուն ընդգրկմամբ։ Այսպես, Իրանի նավթաքիմիական առևտրական ընկերությունը վերջին հինգ տարում առաջին անգամ Եվրոպայից փող ստացավ նավթի դիմաց, իսկ Չինաստանը հայտարարեց, որ պատրաստ է Իրանի տնտեսության մեջ ներդնելու 16 միլիարդ եվրո գումար, այդ թվում` նավթաքիմիական նախագծերում։ Եվ ահա այստեղ էլ հետևեցին շիաների մահապատիժները Սաուդյան Արաբիայում։

Մեր կարծիքով, ամբողջ վերոշարադրյալի փոխադարձ կապը ակնհայտ է, և հասկանալի է, որ Թուրքիան հերթական անգամ սոսկ ծխածածկույթ է ԱՄՆ-ի համար։ Թուրքերն ու սաուդցիները ընդամենը կամազուրկ ստրուկներ են և Վաշինգտոնի պատվերները կատարողներ։ Շեյխ ան-Նիմրը և սաուդյան մյուս շիականները, ավաղ, հենց այն նույն «տաշեղներն» են, որ «թռչում են», երբ աշխարհի գերտերություններից մեկը փորձում է «կտրել մերձավորարևելյան անտառը»։ Ափսոս այդ մարդիկ, իհարկե, ափսոս բոլոր նրանք, ում մահապատժի են ենթարկել սոսկ այն բանի համար, որ ձգտել են ազատության ու ժողովրդավարության, պայքարել են իրենց ազգային ու կրոնական համայնքի իրավունքների հարգման օգտին։ Հետազոտված փաստերն ու իրադարձությունները սոսկ հաստատում են այն, ինչ մենք գրել ենք 2015 թվականին ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ այլ տարածաշրջաններում Իրանի և ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության և երկարաժամկետ ռազմավարության մասին։
Եթե միաժամանակ իրանա-ամերիկյան հարաբերությունների հերթական սրումը համադրելու լինենք Հեռավոր Արևելքում Չինաստանի ու ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների նույնպիսի հերթական սրման հետ, պետք է հստակորեն հասկանանք, որ այդ ամենի համար վաղուց արդեն չեն հերիքում ամերիկացիների ո՛չ ֆիզիկատեխնիկական ուժերը, ո՛չ դոլարները։ Եվ ոչ միայն հասկանանք, այլև լուրջ հետևություններ անենք, ընդ որում, ոչ թե հայավարի` դանդաղ, այլ հնարավորինս արագ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ