Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու ՄԱԿ-ի հոբելյանական գագաթնաժողովում Օբամա-Պուտին հարաբերություններն այդքան սառն էին: Ակնհայտ էր` մի բան այն չէ, ոչ ՈՒկրաինայի պատճառով: Ամերիկյան կողմը, ըստ ամենայնի, տեղեկացված էր Սիրիա «մտնելու» ռուսական աներեր նպատակադրման մասին, և այդ առնչությամբ որևէ համաձայնության չէին եկել: ՈՒստի ԱՄՆ-ին առաջին հայացքից այլ ելք չէր մնում, եթե ոչ հայտարարել, որ ժամանակավորապես հետաձգում է ալավի Ասադի ռեժիմի հեռացման «հրամայականը» (այստեղ, իհարկե, ասելիք կա ամերիկյան «դեմոկրատիայի» և նրա «պարտադիր» բնույթի մասին, սակայն դրա ժամանակը չունենք): Հաշվենք` այս պահին ինչ է կատարվում Սիրիայում ռուսական ավիահարվածներից հետո մեկընդմիշտ փոփոխված աշխարհում:
Այո, Մերձավոր Արևելքում մեկընդմիշտ ստատուս քվո փոխվեց, ինչն էլ դոմինոյի էֆեկտ է ունենալու ղարաբաղյան ստատուս քվոյի վրա:
ա) Ռուսաստանը դիմեց ռիսկի ու մտավ Սիրիա (հիշենք, որ Պուտինն ասել է` ցամաքային մարտեր չեն լինելու), բայց արդյո՞ք Պուտինը կկարողանա նաև «խմել շամպայն»:
Մեզ թույլ տանք առաջ ընկնել իրադարձություններից և ասել` ո՛չ: Չնայած, Ռուսաստանն այլ ելք ևս չուներ և չէր կարող կորցնել իր վերջին պլացդարմը Մերձավոր Արևելքում. նա պետք է «վիշապին» խեղդեր իր սահմաններից դուրս, փորձեր Արևմուտքին, ԱՄՆ-ին ապացուցել, որ ինքը խաղացող է և լուրջ խաղացող, մի ձեռքով ամեն ինչ աներ` պահելու Ասադի ռեժիմը, մյուս ձեռքով թույլ չտար իր սահմաններին մոտենա «Իսլամական պետություն» նորօրյա չարիքը:
բ) Սակայն հենց առաջին օրվա իրադարձություններին ամերիկյան արձագանքը ապացուցեց` Սիրիան, ըստ ամենայնի, այո, կդառնա երկրորդ Աֆղանստան Ռուսաստանի համար, որովհետև մի «անտես ձեռք» հոգում է, որ շիա-մուսուլմանների ատելության առարկան այսուհետ դառնա հատկապես Ռուսաստանը:
գ) Նույն օրը, երբ Ռուսաստանն ավիահարվածներ հասցրեց Սիրիայում գտնվող «Իսլամական պետության» ուժերին (ԱՄՆ-ը կարծում է` ոչ թե ԻՊ-ին, այլ Ասադին ընդդիմադիր ուժերին է հարվածել Ռուսաստանը), Աֆղանստանում ահաբեկիչները, իբր, նույնպես պարտություն կրեցին ու նահանջեցին Տաջիկստանի սահման: Սա այն Տաջիկստանն է, որը ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ է, ուր հեղաշրջման սցենարներ էին խաղարկվում վերջերս: Ասել է` աքցան է կազմվում Ռուսաստանի շուրջ: Սա` մեկ:
դ) ԱՄՆ-ը, որը տնտեսական պատժամիջոցներով գրեթե խեղդում է Ռուսաստանին, ՆԱՏՕ-ն մերձբալթյան երկրներով-ՈՒկրաինայով-Վրաստանով մոտեցնում ռուսական սահմաններին, թույլ է տալիս, որ Ռուսաստանը «մաշվի» նաև Սիրիայի վրա, իսկ ինքը կողքից հանդարտ խաղը վերահսկելով նայի` այլոց ձեռքերով Ռուսաստանի հախից գալով: ՈՒ երբ Ռուսաստանը լրիվ քամված կլինի նաև այս «ֆրոնտում», ինքը «սպիտակ ձեռնոցներով», բացահայտ խաղի մեջ կմտնի:
Մի խոսքով, փաստենք մեկընդմիշտ. ՄԱԿ-ի 70-րդ հոբելյանական գագաթնաժողովից հետո աշխարհը «մրից» դուրս եկավ, մրջուրն ընկավ:
Ինչպե՞ս կանդրադառնա այս վիճակը Հարավային Կովկասի վրա, այս պահին անչափ դժվար է ասել: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը, որի ղեկավարին Արևմուտքը «կարմիր քարտ» է ցույց տվել, ինքնամոռաց կրակում է Տավուշի ուղղությամբ, իսկ Տավուշը Հայաստան է, Հայաստանն էլ` ՀԱՊԿ-ի անդամ:
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին ասել է` Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, և արժանի հակահարված է տալիս ու շարունակելու է տալ աշխարհից մեկուսացած, ՄԱԿ-ից քշված ադրբեջանցի հարբեցողին:
Այո, բոլոր կողմերն էլ դիրքավորվում են:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ