Այսօր Ստրասբուրգում աշխատանքներն է ավարտում սեպտեմբերի 28-ին սկսված ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Ամբողջ շաբաթ Ստրասբուրգում քննարկվում էին ԵԽԽՎ անդամ երկրներին ու ամբողջ աշխարհին առնչվող հարցեր: Նստաշրջանի օրակարգի մեջ չխորանալով՝ առանձնացրել եմ առաջին երեք օրերի մի քանի հարցեր ու ելույթներ, որոնք վերաբերում են Հայաստանին:
Սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հայտարարություն ընդունեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ: ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ հայտարարությունը կարևորում է սահմանադրական բարեփոխումները Հայաստանում իբրև ժողովրդավարության զարգացմանն ուղղված լուրջ բարեփոխումներ և նշում է, որ քաղաքական ուժերի ու հասարակության միասնականությանն ու կոնսոլիդացիային ուղղված քայլերը պիտի շարունակվեն: Ժողովուրդն է Սահմանադրության տերը, և պիտի ապահովվի քննարկման համաժողովրդականությունը, որ ժողովուրդը Սահմանադրության վերաբերյալ իր որոշումը կայացնի: Մինչ այդ Մոնիտորինգի հանձնաժողովը քննարկել էր Ստեփան Շեննախի զեկույցը, որ վերաբերում էր վերջին մեկ տարում մոնիտորինգի ենթակա երկրներում հանձնառությունների և մոնիտորինգային պարտավորությունների կատարման ընթացքին, սեպտեմբերի 1-ի նիստում համազեկուցողները ներկայացրել էին Հայաստանի մասին տեղեկատվություն, որտեղ խոր վերլուծության էին ենթարկել ու դրական գնահատական էին տվել սահմանադրական բարեփոխումների գործընթացին ու հանձնաժողովի կատարած աշխատանքին, քննարկումներին կոնսոլիդացված և ակտիվ մասնակցությանը: Մոնիտորինգի հանձնաժողովը իր հայտարարությամբ ողջունեց և աջակցություն հայտնեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին՝ շեշտելով, որ մեծ աշխատանք է կատարվել Վենետիկի հանձնաժողովի հետ, կարևորվեց քաղաքական կոնսոլիդացիան՝ ընդգծվեց, որ սահմանադրական բարեփոխումների շահառուն բոլոր քաղաքական ուժերն են, ու ամեն ինչ պետք է արվի, որ հանրաքվեն անցնի միջազգային չափանիշներին համապատասխան:
ԵԽԽՎ նստաշրջանի առաջին աշխատանքային օրը ՀՀ պատվիրակությունը 25 ստորագրությամբ (պահանջվում է նվազագույնը 20) նախաձեռնեց զեկույց, որի նպատակն է ուսումնասիրել և զեկույց պատրաստել ԵԽԽՎ-ում կրկնակի ստանդարտների կիրառման, կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ, որոնց մասին հրապարակումները չեն իջնում եվրոպական մամուլի էջերից: Կատարվում են հետաքննություններ, որտեղ նշվում են կոնկրետ դեպքեր ու անուններ՝ կապված խավիարանավթադոլարային սկանդալների հետ: Եթե տարիներ առաջ կոռուպցիան կառույցում զարմանք էր հարուցում, և այդ մասին խոսում էին շշուկով, այսօր արդեն բարձրաձայնում են, որովհետև որոշ պատվիրակների ձեռնարկած քայլերից ու գործունեությունից երևում է, որ կոռուպցիան դարձել է իրականության մաս: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հույս ունի, որ շրջանառության մեջ դրված նախաձեռնությունն աջակցություն կգտնի՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների: ԵԽԽՎ բյուրոյի արձագանքը պիտի այսօր լինի:
Ի թիվս այլ հարցերի, սեպտեմբերի 30-ին լիագումար նիստում քննարկվեցին ՄԻԵԴ-ի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր: ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է 2015-ի հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկու որոշումներին` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»: Նա ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ «երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքորոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել հնարավորը՝ իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար: Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում Եվրադատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը և դատարանի, և նրա վճիռների, և սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ: Սա Բաքվի` շահարկումների քաղաքականության վառ դրսևորում է: Չկա այլ բացատրություն ադրբեջանական հայտարարություններին, թե իբր ԵԴ-ն իր որոշման մեջ «հանձնարարել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները», անդրադարձել է «Հայաստանի կողմից տարածքային պահանջներին» և «հայկական զորքերի դուրսբերմանը՝ որպես հակամարտության կարգավորման պայման»: Անշուշտ, այսպիսի հղումներ, և անգամ նմանատիպ որևէ ձևակերպում, ԵԴ վճռի մեջ չկան:
Անհավանական է, թե ինչպես մի երկիր, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, ոտնահարում Եվրադատարանի բազմաթիվ որոշումներ, չի կատարում վճիռները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ և պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, կարող է խոսել ՄԻԵԴ-ի որոշումների արժեքի մասին: Չիրագովին առնչվող որոշմանը զուգահեռ` ՄԻԵԴ-ը ընդունել է մեկ ուրիշ վճիռ՝ պաշտպանող Ադրբեջանի կողմից Գյուլիստան գյուղի իր տնից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Երկու գործում էլ դատարանի վճիռները գրեթե կրկնում են միմյանց՝ արձանագրելով Կոնվենցիայով նախատեսված միևնույն իրավունքների խախտումը, ինչով, ըստ իս, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանված անձանց առնչվող խնդիրները պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա: Իրականում փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքներից մեկն է: Դատարկ շահարկումների փոխարեն Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններ»:
Պատվիրակության անդամ Վահան Բաբայանը ևս անդրադարձել է այդ թեմային ու արձանագրել, որ Չիրագովի գործով ընդունված որոշման օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել ՝ պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները, բայց Բաքուն փորձում է խուսափել Սարգսյանի գործով դատարանի վճռի որևէ հիշատակումից:
Սարգսյանի գործի 216-րդ հոդվածում դատարանը կրկին ընդգծում է, որ դիմումատուն այն հարյուրհազարավոր հայերից մեկն է, որոնք հակամարտության ժամանակ փախել են՝ լքելով իրենց տունն ու ունեցվածքը: Կարդալով դատավճռի նյութերը` պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը լռում ՄԻԵԴ-ի այս որոշման մասին: Չունենալով որևէ պատմական, քաղաքական կամ իրավական հիմք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր տարածքային նկրտումներն արդարացնելու համար՝ Ադրբեջանը գործի է դնում միակ հնարավորությունը՝ կեղծարարությունը: Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման շահարկումը դրա վերջին դրսևորումներից է:
Հայ-ադրբեջանական թեման լավագույնս փակել է շվեյցարացի պատգամավոր, սոցիալիստների խմբի ղեկավար Անդրեաս Գրոսը, որն ավարտում է պատգամավորական գործունեությունը Շվեյցարիայում ու ԵԽԽՎ-ում: Անդրեաս Գրոսը ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովին ասաց. «ԵԽԽՎ-ն այսօր Հայաստանը չի տեսնում պրոբլեմատիկ երկիր, պրոբլեմատիկ երկիրը ԵԽԽՎ-ի համար այսօր Ադրբեջանն է»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Երեկ օրակարգային ազատ դեբատներն էին, որոնց մասնակցում էին ԱԺ պատգամավորները, սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Սարսանգի ջրամբարի ջրերի օգտագործման հարցը: Այդ և այլ քննարկումների մասին մանրամասները կարդացեք irates. am կայքում: