ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մենք ապրում ենք պատերազմի մեջ, իսկ խաղում ենք խաղաղություն

Մենք ապրում ենք պատերազմի մեջ, իսկ խաղում ենք խաղաղություն
29.09.2015 | 01:31

2015-ի արդեն 40-րդ շաբաթն ենք ապրում, մնաց 13 շաբաթ, ու՝ տարին փոխվում է: Սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում: Սեպտեմբերի 27-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում սրբալույս մեռոնն օրհնվեց ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ու կոչվեց Հաղթության: Սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում: Քաղաքական դաշտում կրկեսը փակեցին, հայտարարեցին նոր կյանք ու սկսեցին գլխավորից՝ Սահմանադրությունից: Սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում: Տնտեսական աճը ով ինչքան ցանկանում, այնքան է սահմանում: Սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում: Խայտառակ առատ բերք է հասունացել, կեսը չեն կարողանում հավաքել, կեսը հավաքել են՝ սպառում չկա: Սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում՝ միտքս պտտվում է աջ ու ահյակ՝ համադրել-հակադրել, վերլուծելու ճանապարհն է պարզում, իսկ սիրտս համառորեն կրկնում է՝ սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում: Նո՞ր ես իմացել, թե՞ առաջին անգամ է՝ ինքս ինձ փորձում եմ լռեցնել ու առաջ գնալ՝ գրելու Երևանի, Մոսկվայի, Նյու Յորքի իրադարձությունների մասին: Համառ, անտանելի համառ ու անհասկացող մեկը իմ ներսից կրկնում է՝ «Սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում»: Սաստել չեմ կարողանում անսակարկ տրամաբանությամբ, որ հողն արյունով են պահում: Աշխարհում 5000 ազգ կա, 250՝ պետություն, մեկը քոնն է: Սա էլ չի լռեցնում: Չհայտարարված, սողացող, անհայտ, թաքնված, գիշերային՝ ինչ անուն էլ հնարեն, պատերազմը պատերազմ է: Մենք ապրում ենք պատերազմի մեջ, իսկ խաղում ենք խաղաղություն: Մենք ունե՞նք այդ իրավունքը:
ՀԱՊԿ ենք խաղում: Չկա ՀԱՊԿ, կա Ռուսաստան, ու մենք դա վաղուց գիտենք, ու Ադրբեջանը վաղուց գիտի: ՀԱՊԿ-ը մեզ համար վահան չէ՝ ինչ պայմանագիր ու համաձայնագիր էլ լինի, կա քաղաքականություն ու կա շահ՝ երևացող ու հեռագնա: Բոլոր նրանք, ովքեր դեռ համոզված հայտարարում են՝ ՀԱՊԿ-ը չլիներ, Հայաստանը զենք չէր ունենա ու թիրախ կլիներ տարածաշրջանում, առաջնորդվում են իներցիայով: Եթե այսօր Մոսկվան հայտարարում է, որ Բաքվին զենք է վաճառում, որ պահի իր ազդեցության դաշտում, տրամաբանական սխրա՞նք է պետք՝ հասկանալու, որ նույնը Հայաստանին է վերաբերում: Տրամաբանական թռի՞չք է պետք՝ պարզելու, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանի համար ՀԱՊԿ-ի երբեմնի անդամ Ադրբեջանը ավելի հարազատ ու կարևոր գործընկեր է, քան գործող անդամ Հայաստանը: Պետք չէ ամեն առիթով ու չառիթով սպասել ՀԱՊԿ-ի քաղաքական հայտարարությանը կամ ռազմական աջակցությանը: ՀԱՊԿ-ի քաղաքական հայտարարությունը ոչինչ չի փոխելու, դա փորձով է ապացուցված, ռազմական աջակցությունը հնարավոր է Ադրբեջան-Հայաստան պատերազմի դեպքում՝ ըստ պայմանագրի: Վերջ: Թեման պետք է փակել: Նույնիսկ երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, իսկ նա հենց այնպես ոչինչ չի ասում. «Մենք ավելին կարող ենք անել՝ ի լրումն արդեն ընդունված քայլերի, առաջ շարժվելու համար ղարաբաղյան կարգավորման գործընթացում»: Հայաստանն ունի ազգային բանակ, Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, ոչ մի հայտարարություն, ոչ մի խաղաղարար սահմաններն ավելի անվտանգ չեն դարձնելու: Սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում: Երկու կողմերում:
Ղարաբաղի հարցին վերաբերող բանակցային որևէ հանդիպումից առաջ կամ հետո Ադրբեջանը բազմապատկում է հրադադարի խախտումները: Այս անգամ կրակի շրջագծում հայտնվեց Հայաստանի հետ սահմանը, և հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ծանր զինատեսակներ օգտագործվեցին:

Խաղաղ բնակչության շրջանում զոհերը չեն տեղավորվում անգամ հրադադարի ռեժիմի խախտումների տրամաբանության մեջ: Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան, ինչը հիմք է պատժամիջոցների սահմանման: Այս օրերին Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները համարյա ամեն օր հայտարարություններ էին տարածում: Նույնը՝ Ադրբեջանը: Համարյա նույն բառապաշարով կողմերը միմյանց կոչ էին անում չլարել իրավիճակը: «Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- Տավուշի գնդակոծումից հետո հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը: ՊՆ հայտարարությանը հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի գրառումը Ֆեյսբուքի իր էջում: Նույն օրը համանախագահները հանդիպեցին Նյու Յորք հասած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ու նրա հետ «լուրջ զրույց» ունեցան՝ «թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել բռնության վերջին դեպքերի, մասնավորապես քաղաքացիական անձանց մահվան դեպքերի առնչությամբ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը լուրջ մտահոգություն հայտնեցին քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ականանետների և ծանր զրահատեխնիկայի օգտագործման առնչությամբ: «Նման զենքերի կիրառումը հակամարտությունում անընդունելի լարվածություն է առաջացնում: Մենք մեր խորագին վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին` միջազգային սահմանի և շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ: Մենք կողմերին հնարավոր ամենաազդեցիկ խոսքերով դիմում ենք` խուսափելու քաղաքացիական անձանց հետ տեղի ունեցող դժբախտ դեպքերից: Կողմերը Ժնևյան կոնվենցիայով պարտավորված են պաշտպանել ոչ զինծառայողների անվտանգությունը»,- հայտարարեցին համանախագահները: Հետո նրանք իրենց «անօգնականությունը» խոստովանեցին՝ «Մենք անկարող ենք հստակ հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ»: Նախօրեին ԱՄՆ կոնգրեսմենները նամակով դիմել էին Ջեյմս ՈՒոռլիքին՝ վերջապես կոնկրետություն մտցնելու իր գնահատականների մեջ և վերջ դնելու պարիտետային հայտարարություններին: Ի՞նչ անեն համանախագահները, երբ արտաքին գործերի նախարարները միմյանց են մեղադրում առաջինը կրակ բացելու մեջ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, օրինակ, համանախագահների ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարարին, ըստ Day.Az-ի, ասել է. «Հայաստանը տարատեսակ սադրիչ քայլերով, մասնավորապես զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարման մեծացումով նպատակ ունի վնասել բանակցային գործընթացին»: Նաև՝ «Հայաստանի իրական նպատակը ագրեսիայի և օկուպացիայի շարունակումն է»: Մամեդյարովը պնդել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը քննարկման ենթակա չէ՝ «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայով՝ ստատուս քվոն անընդունելի է» և չի կարող երկար շարունակվել: «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ»՝ ընդգծել է Էլմար Մամեդյարովը: Նա կարծում է, որ կոնֆլիկտի կարգավորման համար Հայաստանը պետք է վերջ տա ագրեսիային և իր զինված ուժերը դուրս բերի օկուպացված տարածքներից: «Ադրբեջանը բանակցային գործընթացին մասնակցում է կոնֆլիկտի լուծման համար: Եթե Հայաստանը չազատի օկուպացված տարածքները, Ադրբեջանը բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը վերականգնելու համար: Որևէ քայլի ամբողջ պատասխանատվությունը, որը կձեռնարկի օկուպանտ և ագրեսոր պետությունը, ամբողջությամբ ընկնում է Հայաստանի վրա»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը: Չքննարկենք նրա հայտարարությունների ու իրականության կապը, դա մի երգ է, որ Ադրբեջանը երգում է անընդհատ ու ամեն տեղ, տարբեր մակարդակներով: Ի՞նչ է ասել Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետևաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության ուղերձը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձևացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում հակառակն են անում»։ Նա կարևորել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որ թույլ կտա առավել հստակ մատնանշել հրադադարի խախտման և միջադեպերի պատասխանատու կողմին։ Ի պատասխան կիրակի օրը Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Բաքուն կարող է դիտարկել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման խնդիրը, եթե այն չի արդարացնելու ադրբեջանական տարածքների օկուպացումը»: «Այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե չի ծառայելու այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, որը չեն ընդունում համանախագահները, և չի արդարացնելու օկուպացումը»: Ի՞նչ է դա նշանակում՝ այո՞, թե՞ ոչ: Թերևս ոչ, ի վերջո դա չէ ամենաբարդ հարցը: Աշխարհի ցանկացած կետում կատարված ցանկացած իրադարձության պատկերը մի քանի ժամում հնարավոր է ստանալ՝ տիեզերքից կատարված լուսանկարներով, ու դա պետական գաղտնիք չէ վաղուց: Առավել ևս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների համար: Բայց սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում, իսկ կողմերը դեռ միմյանց մեղադրելուց հետո իրական մեղավորին գտնելու համար համաձայնում են կամ չեն համաձայնում շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծմա՞ն: Թեպետ բոլորն էլ ամեն ինչ գիտեն՝ ո՞վ է կրակում, ո՞ւմ է կրակում, ե՞րբ է կրակում, ինչո՞ւ է կրակում: Ո՞Ւմ է դա պետք: Ինչո՞ւ Բաքուն դիվանագիտությանը գերադասում է հաուբիցները, իմանալով հանդերձ, որ լինելու է պատասխան կրակ:
Իլհամ Ալիևը խորհրդարանական ընտրությունների է գնում ու նրան պետք է «ագրեսոր ու օկուպանտ» հարևան՝ հաղթանակի համար: Սահմաններին կրակում են, այո, ու դա փոխադարձ կրակ է, Իլհամ Ալիևին պետք են իր զոհված զինվորները՝ ամրապնդելու համար իր իշխանությունը: Ադրբեջանն իր համար նոր իրավիճակ է փորձում ստեղծել, որից դուրս գալու ելքերը հանգում են ազգայնական տրամադրությունների լարումին ու իրեն հակաժողովրդավարության մեջ մեղադրող Արևմուտքին միայնակ հաղթելու մտայնությանը: Սա վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի համար: Սա է իրականությունը: Սա մասն է մեծ խաղի, որում Իլհամ Ալիևը մենակ չէ, գործընկերներ ունի տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս: Եթե Ալիևը փորձելու է խորհրդարանական ընտրություններն ու Ղարաբաղի հարցը «համատեղ» հաղթանակով լուծել, ովքե՞ր են նրա աջակիցները Անկարայից բացի, կգործե՞ն արգելակները, որ պահպանում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն ու ստատուս քվոն: Սա է հարցը: Իսկ մինչ այդ սահմանին կրակում են, ու մարդիկ են սպանվում: Երկու կողմերում էլ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ. «Մենք հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից մինչև նման հրաման արձակող հրամանատարություն։ Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել»։ Իսկ Նյու Յորքում երեկ հանդիպեցին Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը: Ի՞նչ խոսեցին ու ի՞նչ որոշեցին: Նրանց հինգերորդ ու գուցե վերջին հանդիպման բուն բովանդակության մասին տեղեկատվության մի սպասեք, արդյունքներն ու հետևանքները ի հայտ կգան իբրև իրադարձություններ, որ տեղի են ունենում, և իրադարձություններ, որ տեղի չեն ունենա: Այդ թվում՝ ղարաբաղյան հարցի կարգավորման շրջանակներում:

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ