ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՈՒր փախան թուրք դատախազները և ինչու

ՈՒր փախան թուրք դատախազները և ինչու
08.09.2015 | 00:47

Թուրքիան իր պատմության մեջ ամենասաստիկ ճգնաժամն է ապրում, որի համեմատ խամրում են զինվորական կամ պետական հեղաշրջմամբ ավարտված բոլոր նախորդները։ Խորհրդարանական վերջին ընտրություններում հարաբերական հաջողության հասած ընդդիմադիր կուսակցությունների հետ ընդհանուր լեզու գտնել չցանկանալն ու կառավարության միայնակ ձևավորման իրավունքը կորցնելը հարցականի տակ են դրել նաև պատրաստվող սահմանադրական ռեֆորմը։ ՈՒստի առավել քան անհասկանալի են նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վարչախմբի հետագա քայլերը. պատերազմի հայտարարումը ոչ միայն Թուրքիայի, այլև, ըստ էության, ամբողջ Մերձավոր Արևելքի քրդերին, դիմումը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, ազնվորեն ասած` անհասկանալի է, թե ինչու... Եվ որպես հետևանք, խոսքով պաշտպանելով «Թուրքիան պայքարում է ջիհադականների դեմ» ցուցանակով քրդերի դեմ ուղղված պատժիչ գործողությունները, իրականում արևմտյան երկրները (ԱՄՆ, Գերմանիա, Նիդերլանդներ) Սիրիայից բխող սպառնալիքների վերագնահատումից հետո տարբեր պատրվակներով սկսել են Թուրքիայի հարավից հանել իրենց «Patriot» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը։ Ամերիկա-գերմանական համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հնարավոր է արդեն այս տարվա աշնանը այդ պաշտպանական համալիրները վերադարձվեն իրենց մշտական տեղակայման վայրերը, հաղորդել է «Reuters» գործակալությունը։ Ընդ որում, Արևմուտքը ցանկություն չի դրսևորում երկարացնելու Թուրքիայի տարածքում «Patriot» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) տեղակայման ժամկետը։

Ի դեպ, այս պարագայում այն հաղորդագրությունները, թե Ռուսաստանը Սիրիային մատակարարել է «МиГ-31» տիպի ութ հեռահար գերձայնային տարեղանակային կործանիչ-կալանիչ ինքնաթիռներից վեցը, մասամբ կատարելով 2007 թ. պայմանագիրը, կարող են այնքան էլ միարժեք գնահատական չստանալ. թուրքերը ռմբակոծում են Սիրիայում և Իրաքում եղած քրդական դիրքերը, ամերիկացիները, օդ բարձրանալով թուրքական «Ինջիռլիկ» ռազմաօդային բազայից, իբր հարվածում են Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներին։ Սիրիայի վրա կատարվող հարձակումներով ԻՊ ահաբեկիչներին երբեմն օգնում են նաև Իսրայելի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ)։ Սիրիացիներին ռուսական «МиГ»-երը, բնականաբար, պետք են հակառակորդի ռազմաօդային ուժերին դիմակայելու համար, իհարկե, բայց չէ՞ որ դրանք ԻՊ-ի կազմավորումները չեն. ջիհադականներն ունեն Իրաքի և Սիրիայի զինանոցներում եղած ավիացիայի մի քանի հնացած միավոր, բայց մինչև օրս մարտական օդաչուներ չկան։ ՈՒրեմն, Սիրիան պատրաստվում է օդում դիմակայելու թուրքական և... ամերիկյան ավիացիային։ Կամ էլ` իսրայելական։ Մի խոսքով, այստեղ դեռ պետք է գլուխ հանել, թե ինչն ինչոց է։ Բայց փաստերը համառ բան են. Արևմուտքը «Patriot» ԶՀՀ-ները հանում է հարավարևելյան Թուրքիայից, Սիրիան ձեռք է բերում ըստ էության երկու «МиГ-31» ավիաջոկատ։ Ընդ որում, օրերս հենց հարավարևելյան Թուրքիայում` Սիրիայի և Իրաքի սահմանի կցատեղում, քրդերը հայտարարեցին իրենց «Շիրնակի հանրապետությունը». դա, ճիշտ է, արագորեն ճզմվեց թուրքական իշխանությունների կողմից։ Ի միջի այլոց, Շիրնակի նահանգը օրհնված, առանձնահատուկ վայր է։ Գրեթե աստվածային. լեգենդն ասում է, որ հենց այդ տեղերում է եղել Նոյան տապանը ջրհեղեղից հետո։ Միգուցե հենց դրա համար էլ քրդերը որոշել են, ասենք, հենց Շիրնակից սկսել Թուրքիայի մասնատման գործը։ Այսպես, թե այնպես, կարծես պատահականություն չէ նշված երեք փաստերի ժամանակային զուգադիպությունը և, հնարավոր է, դրանք ներքին իմաստային կապ ունեն։

ՈՒստի և տարօրինակ էր, որ ներքաղաքական ճգնաժամի թեժ շրջանում ու նաև տարածաշրջանում տեղի ունեցող ոչ միարժեք գործընթացների պայմաններում, Էրդողանը հանկարծ կազմակերպում է... Անդրկովկասում Թուրքիայի ունեցած խնդիրներին առնչվող տեղեկատվական արտահոսք։ Խոսքը, իհարկե, թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունների մասին է, թե պաշտոնանկված երկու դատախազներ` Զեքերիա Օզը և Ջելալ Քարան, Վրաստանով փախել են Հայաստան։ Զարմանալի է, որ Հայաստանի մի շարք իշխանական լրատվամիջոցներ, ըստ էության, պինդ բռնեցին այդ անհեթեթ տեղեկության պոչից, թեև Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը «տաք հետքերով» հերքեց այդ լուրերը, հայտարարելով, որ այդ անուն-ազգանունով մարդիկ երկրի տարածք մուտք չեն գործել։ Օզը և Քարան Անկարայի կողմից մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի (թուրքական «չափավոր իսլամիզմի» գաղափարախոս) շարժմանն աջակցելու և Թուրքիայի կառավարության տապալման ապօրինի ավազակային կազմավորումներ ստեղծելու մեջ։ «Հայաստան փախած դատախազների» քարտը խաղարկած հիմնական աղբյուրը Անկարայի կիսապաշտպանական «Anadolu» գործակալությունն է, TRT «Haber» հեռուստաալիքը և «Hurriyet Daily News» թերթը, նրանց «օգնել է» Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը։ Իմանալով, թե ում կողմից են ուղղորդվում «Anadolu»-ն, TRT «Haber»-ը և «Hurriyet»-ը, կարելի է չկասկածել, որ տեղեկության արտահոսքը ձեռնտու էր Անկարային, և այն ծրագրում էին օգտագործել իբրև տեղեկատվական սադրանք։ Իսկ հաշվի առնելով այն, որ քննարկվող ժամանակահատվածում Թուրքիայում ու Հայաստանում «ոմանք» որոշեցին վերակենդանացնել, այսպես կոչված, «ծածուկ հայերի» թեման, հասկանալի է դառնում նաև, թե ինչու է Էրդողանի կողմնակիցների ստեղծած ծաղրանկարներից մեկում պատկերված Զեքերիա Օզը, ով ասում է. «Ես չեմ փախել, այլ ավարտել եմ իմ պարտականությունների կատարումը և իմ երկիրն եմ մեկնում»։ Ակնարկն ավելի քան թափանցիկ է, թեև հայտնի է, որ փախած Օզը Բուլղարիայից հայրենադարձած թուրքի որդի է և ծնվել է Բուրսայում (Թուրքիա)։ Բացի այդ, կրակին յուղ լցրեց նաև ինքը` Էրդողանը, նյարդայնացած հայտարարելով, թե դատախազները, իբր, «փախել են մի երկիր, որի հետ Անկարան խնդիրներ ունի»։

Անկարայի ճիգերը` գոնե ինչ-որ բան «շեղելու» իրենից, հասկանալի են. դա կապված է Մերձավոր Արևելքում քրդական խնդրի շրջանակներում առկա բարդացումների հետ։ Անհասկանալի է, թե Երևանում այդ ինչ շրջանակներ հանկարծ ի հայտ եկան, որոնք հաճույքով սկսեցին տեղեկություններ հրապարակել այն մասին, թե ովքեր են դատախազներ Օզը և Քարան, և այլն, և այլն։ Ամենատրամաբանական բացատրությունը. թե՛ թուրքական ղեկավարությունը, թե՛ Երևանի հիշյալ շրջանակները միևնույն արտաքին «հովանավորն» ունեն, որն էլ հենց հրամայել է սենսացիա բորբոքել մինչ այս անհայտ (Թուրքիայի սահմաններից դուրս) պաշտոնյաների փախուստի մասին, հասցնելով տարածաշրջանային կիսասկանդալի մակարդակի։ Թեև հենց սկզբից էլ պարզ էր, որ եթե որևէ մեկն ստիպված է փախչել Թուրքիայից, ապա ոչ Հայաստան, Հայաստանն արդեն ունի թուրքական կողմին փախստականներ հանձնելու փորձ, այդ թվում նրանց, ովքեր ներկայացել էին իբրև Թուրքիայում արգելված քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներ։ Օզի և Քարայի համար շատ ավելի հեշտ էր փախչել Հունաստան, Բուլղարիա կամ էլ հունական Կիպրոս. արձագանքը շատ ավելի մեծ կլիներ։ Բայց դրանք իդեալական տարբերակներ կլինեին, եթե հենց Օզի և Քարայի առաջ խնդիր է դրված խույս տալ Թուրքիայի դատական մարմիններից։ Իսկ եթե լուրերի կազմակերպիչների նպատակը եղել է Հայաստանը, իսկ Հայաստանի միջոցով նաև Ռուսաստանը ներքաշել «քրդական ուղղությամբ» խորացող ճգնաժամի մեջ, ապա այդ դեպքում թուրք ղեկավարության քայլը իմաստալից է դառնում։ Իհարկե, Անկարան Մոսկվային ուղղակիորեն էլ է «հրավիրում» միջամտելու իրավիճակին (մեր կարծիքով, այլ կերպ դժվար է մեկնաբանել Թուրքիայի կողմից Ռուսաստանի երեք թաթար քաղաքացիների ձերբակալումը, որոնք մեղադրվում են ահաբեկչական ԻՊ խմբավորմանն աջակցելու մեջ։ Սակայն Ռուսաստանը չի շտապում «քրդական ուղղությունում», նույնիսկ վաղեմի մի պայմանագրով Սիրիային «ԾՌթ»-եր է մատակարարում։ Եվ մեկ ճղճղոց է բարձրանում «Հայաստան փախած» (բայց առհասարակ փախե՞լ են որ) դատախազների շուրջ, մեկ ինչ-որ «վեճեր» են սկսվում Թուրքիայի ծպտյալ հայերի շուրջ և այլն։ Այնպես որ, չի կարելի բացառել, եթե հանկարծ պարզվի, որ այս փախածներն էլ քրդեր են և նույնիսկ «ՔԱԿ-ի անդամներ»։ Իսկ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ սպառնալիքների դեպքում Ռուսաստանը ինքնաբերաբար մի կողմ կանգնած չի մնա. այստեղ կգործեն թե՛ երկկողմ պարտավորությունները, թե ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող փոխգործակցությունը և այլն։

Թե ինչի հետ գործ ուներ աշխարհը թուրք դատախազների Հայաստան կատարած փախուստի վերաբերյալ տեղեկատվական սադրանքի տարածման պարագայում, մենք, երևի, մոտ ժամանակներս կիմանանք։ Իրավիճակը բացահայտորեն պետք է համադրել Քրդական հարցի առնչությամբ ճգնաժամի խորացման հետ։ Առավել ևս, որ օգոստոսի 17-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները ներկայումս մտադիր չեն ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում գործող ԻՊ խմբավորման զինյալների դեմ։ ՈՒրեմն, առաջ էլ ներխուժման և «սիրիական ընդդիմության» համար սիրիական հողում մինչև 50 կմ խորությամբ «բուֆերային գոտու» ստեղծման մասին ԱՄՆ-ի հետ համաձայնեցված որոշումը նույնպես օդում կախված է մնում. չէ՞ որ Վաշինգտոնը նախազգուշացրել է այդպիսի «բուֆերային գոտում» քրդերի դեմ ուժային գործողությունների անթույլատրելիության մասին։ Իսկ նման դեպքում պետք էլ չէ, որ թուրքերը որևէ տեղ ներխուժեն։ Չէ՞ որ ԻՊ-ի դեմ պայքարի «խաթեր» կամ հանուն «սիրիական ընդդիմության» չէ այս ամբողջ շիլաշփոթը սարքվել։ Առայժմ ՔԱԿ-ը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ քրդերի դեմ պատերազմում թուրքերին օժանդակելով` Վաշինգտոնը «կորցնելու է քրդերին», իսկ ԻՊ պարագլուխները թուրքերին կոչ են արել ապստամբել ընդդեմ Էրդողանի և միանալ ջիհադականներին։ Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանին ու փախած դատախազներին, բացառված չէ, եղել են ոմանց մտադրությունը կամ նպատակ են ունեցել աշխարհի ուշադրությունը քրդական գործոնից փոխադրելու հայկական գործոնի վրա, կամ նույնիսկ միավորելու երկու գործոնները, ասենք, «Թուրքիայի թշնամիներ» ընդհանուր խրտվիլակի ներքո։

Թուրք ղեկավարությունն էլ այնքան ժամանակ չունի, ինչպես թվում է Անկարային։ Ահաբեկչական ակտերը, այսինքն` պատերազմը, արդեն հասել են նաև Ստամբուլ, ովքեր էլ լինեն դրա հեղինակները` ՔԱԿ-ի քրդերը, թե ԻՊ-ի վահաբականները։ ԱՄՆ-ն ու Իսրայելը թուրքերին չեն ների տարածաշրջանում կրած անհաջողությունների համար, որոնք Վաշինգտոնի ու Թել Ավիվի համար դժվարացրին Մերձավոր Արևելքը «Գլոբալ Մերձավոր Արևելքի» վերափոխելու ծրագրի իրագործումը, ինչը պետք է նոր սահմաններ ու նոր հնարավորություններ բացի տարածաշրջանի երկրներին ու ժողովուրդներին անարգել կողոպտելու հարցում։ Ժամանակ քիչ ունեն նաև քրդերը, իսկ ահա նրանց ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն ների այն բանի համար, որ վերջին 5-10 տարում քրդերն այդպես էլ չցանկացան Իրանի դեմ ճնշման գործիք դառնալ Վաշինգտոնի և Թել-Ավիվի ձեռքին։

Իհարկե, մենք` հայերս էլ քիչ ժամանակ ունենք։ Իսկ կառավարող հանրապետական կուսակցության և իշխանությունների նախաձեռնած, այսպես կոչված, «Սահմանադրական փոփոխությունների» պայմաններում անհրաժեշտ է նախազգուշացնել թե՛ նրանց, թե՛ ընդդիմադիր կուսակցություններին, որ երբ տարածաշրջանը գտնվում է ամենաիսկական աղետի եզրին, ոչ ոք իրավունք չունի «հընթացս» փոխելու Հայաստանի անվտանգության համակարգը։ Իսկ, օրինակ, չգիտես ում գրադարակից հանված սահմանադրական փոփոխությունների նախագծում չափազանց շատ են երկրի անվտանգության համակարգին վնաս պատճառող կետերը` թող որ ոչ այսօր, այլ վաղը-մյուս օրը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ