+Սահմանադրական փոփոխությունների «ալֆան» հանրությանն է ներկայացված: «Օմեգան» կեզրափակի շախմատային պարտիան, ուր ակներև և տևական ժամանակ հայտնի չի լինի` ո՞վ է սպիտակներով խաղում, «սևերով» խաղն ո՞ւմ համար է նախատեսված, ի՞նչ «տառեր» ու քայլեր են ընկած «ալֆայից» «օմեգա» միջակայքում:
ՈՒ խաղի ողջ հմայքը հենց դա է:
Առաջին հայացքից կարելի է կարծել, որ հրապարակված «ալֆային» դեմ են ոչ միայն «կոնկուրենտ ֆիրմաները», այլև հանրության լայն շերտերը: Խաղն էլ կառուցված է այնպես, որ ցանկացած պահի հնարավոր լինի շրջել դեպ զրոյական-սկզբնական «վիճակ», ուր հաղթողը դարձյալ կլինի պարտիան սկսողը: Ի դեպ, անհայտ է նաև, թե որ դեպքում սկսողն ավելի շատ կշահի` նո՞ր պարտիայի, թե՞ հնի:
Ասել է` այս պահին հատվածականորեն հրապարակված սահմանադրական բարեփոխումները ոչ միայն չեն պատասխանում օդում առկա քաղաքական «հավերժական» հարցերին, ինչի հույսը «կոնկուրենտները» և այլք ունեին, այլ ավելի են «խառնշտորում» էլէներգիայի սակագնով առանց այն էլ լա՜վ խառնշտորված հայաստանյան ներքաղաքական կյանքի «փորոտիքը»` ժամանակ ու տեղ չթողնելով «կոնկուրենտներին» հասկանալու իրենց անելիքը, ասելիքը, որպեսզի վերադասավորվեն խաղասեղանի շուրջ` այնտեղ զետեղելու իրենց մոմերը` հանուն հաղթանակի:
Միակ բանը, որ նրանք փորձում են անել, մթնոլորտը լարված պահելն է: Ինչը ևս ակնհայտորեն չի ստացվում: Հետաքրքիր է՝ «Ոտքի, Հայաստանը» ցույց է անում երեքուկես հոգով, «Ո՛չ թալանին» երբեմնի հզոր շարժման տղերքը կառչելով պատերից` ոստիկանների նկարներն են այնտեղ «սոսնձում»` փորձելով իրենց ևս «սոսնձել»-անմահացնել պատերին, որպես անանց հուշ… Ի դեպ, փորձենք պաուզան փոքր-ինչ ձգել այս առիթով «կոնկուրենտներին» ասելու. ոչ միայն ակնհայտորեն չի հաջողվում ամառվա այս տապին լարված պահել հայաստանյան մթնոլորտը, այլև հերթական անգամ չի ստացվում հաշվել մինչև մեկը:
Հասկանալի է, չէ՞, «Ո՛չ թալանին» շարժման հետևում կանգնած այսօրվա քաղաքականացված մոդերատորները փորձում են իրենց համար կենսական ամենակարևոր հարցին լուծում տալ: Այն է` խաղից հանել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ինչը ոչ միայն նրանց իդեա-ֆիքսն է, այլև խաղը շահելու նախապայմանը:
Բանն այն է, որ նրանք կարծում են` «անկյուն են քշել» Սեյրան Օհանյանին (վերջինիս «սպիտակեղենի» քրքրման «գլադիատորությունը» նկատի ունենք), և ժամանակն է վերջապես փոքր-ինչ «շարժելու» նաև Վլադիմիր Գասպարյանին, որի կառույցը (հունիսի 23-ը հանած) մնացած տասն օրերին ուղղակի «մաստեր-կլաս» տվեց` բոլոր առումներով` թե իրավական, թե քաղաքական, թե քաղաքագիտական, իսկ որ ամենակարևորն է` բարոյական և… այո, քրիստոնեական:
Ինչը որքան էլ պարադոքսալ է, «ալֆա»-«թիմի» հաջորդ հմայքն է:
Որովհետև 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող էթնոսի քաղաքական առօրյայում փորձ արվեց համակցելու ոգեղենության և ուժայնության բաղկացուցիչները, առավելությունը տալով առաջինին:
Ընդ որում, եթե պետք լինի, նայած` քաղաքական կոնֆիգուրացիաների ու դասավորությունների, հնարավոր է և առաջնության տեղերը փոխվեն:
Ինչը, եթե անկեղծ` բարձրագույն «անտառային մաթեմատիկա» է, ինչին «կոնկուրենտներն» ընդհանրապես չեն տիրապետում, որովհետև այն, ինչպես սահմանադրականի խաղի «ալֆան», էլ ավելի «անտեսանելի» է, և բացվում-փակվում է հատուկ` նույնքան անտեսանելի «բանալիներով»:
Ինչի գոյության մասին «կոնկուրենտներն» ընդհանրապես պատկերացում չունեն:
Իսկ եթե (մեկ էլ` ու) իմաստնություն ունեցան և կարողացան հասնել «դրանց», որքան էլ պարադոքսալ է, իրենք ևս կընդհանրանան «բանալիավորների» հետ:
Այ, սրա համար էլ, նրանք որքան հաշվում, որքան ուժեր են կենտրոնացնում, որքան էլ փողեր են ծախսում, հարբած «փղեր և եղջերուներ» են ներմուծում խաղի մեջ, ահավոր շատ ուզում են լավ, ստացվում է… ինչպես` միշտ:
Չեն հաջողում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ