ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Յոգա, կինո, ֆուտբոլ

Յոգա, կինո, ֆուտբոլ
11.07.2015 | 19:36

Հուլիսի 9-ին ՈՒֆայում կայացավ BRICS-ի գագաթնաժողով, հաջորդ օրը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: ՈՒֆայում Ռուսաստանը համադրել էր առաջին հայացքից անհամադրելին, նախ՝ ֆինանսներ չկան, հետո՝ ինչո՞ւ ոչ, թող շփվեն միմյանց հետ, ովքեր ուզում են ու չեն ուզում: Առավել ևս, որ հընթացս նաև ԵԱՏՄ-ն հավաքվեց:
BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն), Շանհայի համագործակցության կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության երկրները ունեն «տնտեսական կտրուկ թռիչքի» բոլոր նախադրյալները` հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեք կազմակերպությունների ղեկավարների համատեղ նիստում: Նա ասում էր, ինչպես միշտ, այն, ինչ բոլորը գիտեն, օրինակ՝ տնտեսապես առաջ գնալը հնարավոր է ավելի ընդլայնված փոխադարձ համագործակցության շրջանակներում, և ինչպես միշտ, չէր ասում՝ ինչպես: Նաև ասում էր, որ հանդիպման գլխավոր թեման բարեկեցության բարձրացման ուղիներն են: Ինքնին հասկանալի է, որ դա համամարդկային խնդիր է, որի լուծումները շատ տարբեր են լինում: Տանտիրոջ դերում ՌԴ նախագահն առաջարկում էր քննարկել Եվրասիայի զարգացման հեռանկարները և աշխարհի այլ շրջանների հետ կապերի ամրապնդման հարցերը:
ՈՒկրաինայի ճգնաժամի թեման, որ չկար օրակարգում, բարձրացրեց Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոսեֆը: Նա նաև մանրամասն պատմեց Պուտինին՝ ինչ դժվարությունների են բախվում գյուղատնտեսական արտադրանքի բրազիլացի արտահանողները Ռուսաստանում:
Արտաքին քաղաքական բոլոր հարցերը հասցեագրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Ճեպազրույցում նա ասել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքներին արդեն բոլորն ընտելացել են, իսկ անձնական շփումներում նրանք «հիստերիկ հայտարարություններ» չեն անում: «Իսլամական պետությունը» նա անվանել է բացարձակ չարիք, որի նպատակը Սիրիան, Իրաքը կամ Լիբիան չեն, այլ Սաուդյան Արաբիայի երկու սրբավայրերը: Լավրովն ընդունել է, որ մի քանի հազար ռուսներ կռվում են «բացարձակ չարիքի» շարքերում և ասել է, որ ՌԴ-ն մտադիր չէ միանալ ԻՊ-ի դեմ ռազմական կոալիցիային: «Ինչո՞ւ BRICS-ի երկրները չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին» հարցին Լավրովը պատասխանել է կտրուկ՝ «Մեր գործընկերներից ոչ մեկը չի հայտարարել, որ չի ճանաչում հանրաքվեի արդյունքները: Ղրիմի օրակարգ չկա: Ղրիմի հարցը փակված է: Եվ փակել է Ղրիմի ժողովուրդը»: Հունաստանի հարցով ևս ՌԴ արտգործնախարարը ինքնատիպ պատասխան է տվել. «Մեզ փորձում էին մեղադրել, որ մենք նստել ու ուրախությունից ծափ ենք տալիս՝ տեսնելով, թե ինչպես է Հունաստանը վիճում Բրյուսելի, Փարիզի, Բեռլինի հետ: Բոլորովին էլ այդպես չէ: Մենք այդ խարույկին փայտ գցելու ոչ մի ցանկություն չունենք»: Լավրովը նաև հայտարարել է, որ BRICS-ի կազմը չի ընդլայնվի, թեպետ տասնյակ հայտեր կան: Նրա ճեպազրույցից մի քանի ժամ առաջ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ճիշտ հակառակն էր ասել: Հավանաբար՝ չէին հասցրել իրար հանդիպել:
BRICS-ի շրջանակներում Ռուսաստանը հնարավորինս փորձում է ամրապնդել կազմակերպության ղեկավար կառույցը, որին դեմ է Հնդկաստանը: Դելին արգելակել է BRICS-ի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ռուսական առաջարկը՝ համարելով ավելորդ ձևականություն: Փոխարենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջարկել է ստեղծել BRICS-ի ֆիլմերի փառատոն՝ համարելով, որ «Կինոն շատ կարևոր արվեստ է»: Բացի այդ, Մոդին դեմ չէ BRICS-ի ֆուտբոլի առաջնության կազմակերպմանը ու համոզված է, որ ֆիլմերի փառատոնի հաղթողը Հնդկաստանն է լինելու, իսկ ֆուտբոլի առաջնության՝ Բրազիլիան: ՈՒ ընդհանրապես նա խորհուրդ է տվել ՌԴ նախագահին յոգայով զբաղվել:
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը շատ ավելի ծանրակշիռ հարցեր է բարձրացրել՝ նա գերադասել է տնտեսական թեման ու պատմել Չինաստանի ազգային գաղափարախոսության մասին՝ կառուցել միջին բարեկեցության հասարակություն: Եվ առաջարկել է ձեռք ձեռքի տալ ու միասին առաջ գնալ դժվարին ճանապարհով:
BRICS-ի նորաստեղծ ֆինանսական ինստիտուտներն ու կազմակերպությունները մարտահրավեր կնետե՞ն ոչ ազատական աշխարհակարգին: BRICS-ի փոխադարձ օգնության հիմնադրամը ստեղծվել է իբրև «անվտանգության բարձիկ»: Չինաստանը հատկացնում է 41 միլիարդ դոլար, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը՝ 18, ՀԱՀ-ը՝ 5: Ռուսաստանը իբրև նախագահող՝ առաջարկել է մշակել ներդրումային համագործակցության ճանապարհային քարտեզ, որի առանցքը էներգետիկ միության ստեղծումն է: «Մենք խորհրդակցել ենք մեր գործարար շրջանակների հետ և արդեն ճանապարհային քարտեզի մեջ ներառել ենք 50 նախագիծ ու առաջարկություն, այդ թվում՝ էներգետիկ ասոցիացիայի, էներգետիկ հետազոտությունների միջազգային կենտրոնի ստեղծում»՝ հայտարարեց ՌԴ նախագահը BRICS-ի ղեկավարների հետ հանդիպմանը: 2016-ի ապրիլից կաշխատի BRICS-ի զարգացման բանկը, գումարները կհատկացվեն ինֆրակառույցների նախագծերին և BRICS-ի ու այլ պետությունների կայուն զարգացման ծրագրերին: Բանկի շտաբ-բնակարանը կլինի Շանհայում, նախնական կապիտալը 10 միլիարդ դոլար է, նախատեսվում է հասցնել 100 միլիարդի:
BRICS-ի ղեկավարներն ընդունեցին ՈՒֆայի հռչակագիրը և BRICS-ի երկրների տնտեսական զարգացման ռազմավարությունը մինչև 2020 թ.:
Հուլիսի 10-ին ՈՒֆայում սկսվեց Շանհայի համագործակցության կազմակերպության սամմիթը: ՈՒֆա էին ժամանել Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և այլ երկրների նախագահները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՈՒֆայում մասնակցել է BRICS, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին և հանդես է եկել ելույթով: Նա ինտեգրացիոն գործընթացների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրեր իրականացնելը՝ BRICS-ի, ԵԱՏՄ-ի և Շանհայան համագործակցության շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ: Նրա գնահատականով՝ դա էապես կօգնի զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացմանը, որն իր հերթին կհանգեցնի կայուն տնտեսական աճի: «Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»:
Սարգսյանն անդրադարձել է նաև Իրանի ատոմային ծրագրի բանակցություններին և հույս հայտնել, որ դրանք հաջողությամբ կպսակվեն. «Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը հեռանկարային է՝ հուլիսի 10-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանը կարևորում է երկաթգծի կառուցումը: Նախագահ Սարգսյանը կարևորել է դա նաև Չինաստան պաշտոնական այցի ժամանակ և նշել է, որ դա Մետաքսի ճանապարհի շարունակությունն է»,- ասել է նա: Հայաստանը, իհարկե, կարևորում է, բայց ի՞նչ է անում կարևորելուց բացի:
Եռագագաթնաժողովում Ռուսաստանը լուծեց գլխավոր հարցը՝ համաշխարհային հանրությանն ապացուցել, որ Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական մեկուսացումը մեծ միֆ է: Հռչակագրերի ու քաղաքական փաստաթղթերի մակարդակով դա հաջողվեց, ի՞նչ է տալու գործնականում: Չափազանց խառնիճաղանջ են այս ձևաչափերը, որ կարողանան քաղաքականից բացի կոնկրետ տնտեսական խնդիրներ լուծել: Համենայն դեպս՝ առանց Արևմուտքի «քայքայիչ ներգործության» էլ BRICS-ի, ՇՀԿ-ի ու ԵԱՏՄ-ի շարքերում հավաքված պետությունները միմյանց հետ ունեն և քաղաքական, և տնտեսական, և տարածքային, և ռազմական չլուծված հարցեր ու նրանց մրցակցությունը միմյանց հետ շատ ավելի հզոր է, քան միավորիչ առանցքը: Գուցե իսկապես հետևեն հնդկական իմաստնությանը ու բոլորը սկսեն յոգայով զբաղվել, իսկ դադարներին դիտեն հնդկական ֆիլմեր ու խաղան ֆուտբո՞լ:

Դիտվել է՝ 1377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ