Հերթական խաղաղ լուսաբացը Բաղրամյան պողոտայում: Նկատելիորեն՝ սակավամարդ: Երեկվա իրադարձությունների համապատկերում ամառային ևս մեկ գիշեր Բաղրամյանում անցկացնելը, կարծես, դառնում է ինքնանպատակ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ, Հայաստանի ներքին հարցն է: Կարծես՝ Պեսկովը «չգիտի», որ վաղուց Հայաստանի ներքին հարցերը լուծվում են Մոսկվայում: Եթե այդպես չէ, ինչո՞ւ է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ մեկ, երկու՝ ինչո՞ւ է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել. «Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի բարդ իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, որը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այլ ոչ թե քաղաքական: Այստեղ որևէ քաղաքականություն չկա: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այս պահին գտնվում է ֆինանսական կայունության սահմանագծին և հնարավորություն չունի ժամանակին վճարել էներգետիկ ձեռնարկություններին նրանցից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց: ՀԷՑ-ի կրած վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է»:
Բորիս Կովալչուկի հայտարարությունները բառացիորեն սադրիչ են՝ զարմանալի է, որ նա առանց հարցի մեջ խորանալու, ուղղակի կրկնում է Եվգենի Բիբինի ասածները ու միանգամից հարցը փոխադրում Հայաստան՝ մեղադրելով «Հայաստանում գործող կարգավորման համակարգը»: Փաստացի՝ Կովալչուկը փորձում է ՀԷՑ-երից հանել և անարդյունավետ կառավարման, և կոռումպացվածության, և չպատճառաբանվող շռայլությունների մեղադրանքները: Համարե՞լ սա «աուդիտի» պատասխան:
Մյուս կողմից էլ՝ Մոսկվան մեծացնում է ճնշումը՝ իր վերլուծաբանների միջոցով «լիովին հավանական տարբերակ» անվանելով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելը:
Իսկ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ավելացել են երկու հացադուլավոր՝ Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը երեկվանից հացադուլ են հայտարարել մինչև իրենց պահանջի կատարումը՝ «հոսանքի օրենքի չեղարկումը»:
Երիտասարդները ինքնակազմակերպման նոր փորձեր են անում՝ հունիսի 30-ին ուշ երեկոյան նրանք ձևավորեցին քաղաքացիների համակարգող խումբ: Ցուցարարները նախ կազմավորեցին 10 -հոգանոց խմբեր, որոնք համակարգելու են արագ արձագանքման, ֆինանսատնտեսական, հասարակայնության հետ կապերի, տեխնիկական, իրավաբանական ոլորտները: Խմբերից ներկայացուցիչներ ընտրվեցին ու կազմեցին նոր նախաձեռնող խումբ: Ցերեկային խեղդող շոգից հետո երեկոները Բաղրամյան պողոտան կհավաքվի ու կպատասխանի նոր ռազմավարությանը վերաբերող հարցերին: Ոստիկանությունը, կարծես, նույնպես համակերպվել է իր վիճակին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բաղրամյան պողոտա պաշտոնական այցով, ձեռք ձեռքի տված ժամանեցին, հիմնը երգեցին, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին «ահաբեկեցին» ու երգելով հեռացան մի քսան երեխա՝ մինչև հինգ տարեկան: Ցուցարարները նրանց դիմավորեցին ծափահարություններով, Վալերի Օսիպյանը ուղեկցող կանանց զգուշացրեց, որ այդ քայլով սրում են իրավիճակը: Թե ի՞նչ էին սրում հիմնը երգող ու պոչ պոչի տված պստլոները, փոխոստիկանապետը միայն կարող է ասել: Գործնականում նրա նյարդերն էլ ռետինից չեն՝ շատ է երիտասարդանում շարժումը, էսպես որ գնա նորածիններն էլ են բողոքելու: