Մարդը և ժամանակը՝ թեմա է, որ սկիզբ ունի, բայց երբեք չես հասնի վերջին, կարող ես սահմանել կոնկրետ հատված ու փորձել հատվածը բնորոշել: Ոչինչ ավելին: Կոնկրետության համար կարող ես թեման բաժանել ոլորտների՝ տնտեսություն, քաղաքականություն, գիտություն, մշակույթ, սպորտ: Եթե փորձես մակերեսից մի քիչ խորանալ, ավելի շատ բաժանումների մեջ ես մտնելու: Գուցե հետո այդ հատվածականությունից ընդհանուր պատկեր չհավաքվի: Այդպիսին է ժամանակը ու այդպիսին է մարդը այդ ժամանակի մեջ:
Չմտնելով բոլոր ժամանակներին ու ժողովուրդներին վերաբերող ամենահայտնի եռանկյան մեջ՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում, մտածենք՝ ինչպիսի՞ն է մեր ժամանակը ու ինչպիսի՞ն ենք մենք: Զիգմունդ Բաումանը համարում է, որ այսօրվա անհատը չունի կայուն կողմնորոշիչներ: Կայուն կողմնորոշիչներ չունեցող անհատների համախումբ հասարակությունը՝ ևս: Գլոբալ մասշտաբով: Այսինքն՝ միայն մենք չենք տարտղնված ու հատվածական, միայն մենք չենք անղեկ, անթի նավում: Արևմուտք-Ռուսաստան քաղաքական առճակատման համապատկերում իրեն երրորդ Հռոմ համարող Ռուսաստանը բուռն քննադատում է, իր կարծիքով՝ արժեքային համակարգը կորցրած Արևմուտքին և կամավոր ստանձնել է համաքրիստոնեական ավանդույթը վերականգնողի առաքելություն: Բայց սա քաղաքականություն է, իսկ քաղաքականության մեջ ճշմարտությունը մեկ գալիս է, մեկ գնում: Գաղափարների ու արժեքների ճգնաժամը ընդհանրական է, տարբեր են դրսևորումները: Բոլոր հակասությունների ու անորոշությունների հանրագումարում ստանում ենք կողմնորոշումները կորցրած, լավի ու վատի, կարելիի ու չի կարելիի, հնարավորի ու անհնարինի պատկերացումները խարխլած ընթացիկ հասարակություն: ՈՒմբերտո Էկոն գրում է պոստմոդեռնիզմի մասին, որ գալիս էր աշխարհին նոր կողմնորոշիչ առաջարկելու՝ զբաղվելով անցյալի վերագնահատմամբ՝ խաղացկուն, հեգնական տոնով, որ շատ մոտ էր նիհիլիզմին: Սակայն պոստմոդեռնիզմն էլ սկսել է հեռանալ իբրև անցումային փուլ՝ լաստ դառնալով մոդեռնի ու դեռ անանուն ներկայի ափերին:
Մեր ժամանակի բնութագրերից մեկը պետականության ճգնաժամն է՝ ի՞նչ ազատություն ունեն ազգային պետությունները որոշումներ ընդունելիս միջազգային մոնոպոլիաների գերիշխանության դեմ հանդիման: Սա մեզ համար ամենացավոտ խնդիրն է, բացի ազգային պետություն-միջազգային մոնոպոլիա բախումից մենք ունենք ազգային պետության անկախության խնդիր, որ քառորդ դարում չենք լուծել: ՈՒ քանի դեռ մենք այդ խնդիրն էլ չենք լուծել՝ անհետանում են ինստիտուտները, որ անհատներին երաշխավորում էին պրոբլեմները հայտնի միջոցներով լուծելու հնարավորությունը: Պետականության ճգնաժամին զուգահեռվում է գաղափարական ճգնաժամը, նաև՝ կուսակցական: ՈՒմբերտո Էկոն հաստատում է, որ արդեն իմաստազրկվել են հասարակական արժեքներին հղումները, որ անհատին թույլ էին տալիս իրեն ընդհանրության մաս զգալ ու ձևակերպել իր պահանջները: Իսկ դա արդեն ճգնաժամ է: Հասարակական ամեն ինչի ճգնաժամի ժամանակ ծաղկում է անսանձ անհատապաշտությունը, որ մերձավորին ուղեկցից դարձնում է հակառակորդ, ումից պետք է զգուշանալ: Կողմնորոշումների լիակատար բացակայությամբ՝ ամեն ինչ տարրալուծվում է ընթացիկության մեջ: Կորչում է իրավական վստահությունը՝ դատական համակարգը ընկալվում է իբրև թշնամի, կարծեցյալը վերածվում է ինքնուրույն արժեքի, գերակայում է սպառումը, որի նպատակը բավականություն պատճառող ցանկալի առարկան ունենալը չէ, պարզապես ցանկությունների խրախճանքից դուրս չմնալն է:
Գաղափարախոսությունների ու կուսակցությունների ճգնաժամ՝ այդ հասկացությունները նմանվել են տաքսիների, ուր նստում են առաջնորդները ձայների հետևից մրցավազքում, անկաշկանդ ընտրելով պահին հարիր գաղափարներն ու կուսակցությունները, իսկ մենք առանց զայրույթի, անգամ ընկալումով ենք վերաբերվում քաղաքական քամելեոններին:
Ոչ միայն անհատները, ամբողջ հասարակությունն է ապրում ժամանակավոր կացության կայուն վիճակում: Ո՞րն է այլընտրանքը: Միջանկյալությունը կարող է շատ երկար տևել: Հենց միջանկյալության մեջ են ծագում ընդվզումները: Միավորվում են մարդիկ, որ գիտեն՝ ինչ չեն ուզում, բայց չգիտեն՝ ինչ են ուզում: Նրանք ակտիվ են, բայց ոչ ոք, նույնիսկ իրենք, չգիտեն՝ երբ և որ ուղղությամբ են գործելու: Ընթացիկության ժամանակներում վերապրելու միջոց կա՞: Այո, կա: Պետք է գիտակցես, որ ապրում ես ընթացիկ հասարակության մեջ: Այդպիսի հասարակությունը՝ հասկացվելու և, գուցե, հետագայում վերափոխվելու համար նոր վերաբերմունք է պահանջում: Քաղաքական գործիչները, մտավորականները դեռ չեն գիտակցել այդ ֆենոմենի նշանակությունը: Ինչքան ծանոթ վիճակ է, չէ՞, պետության, կուսակցության, գաղափարների ճգնաժամ, կողմնորոշիչներն ու չափանիշները կորցրած անհատ, անհատների համախումբ՝ հասարակություն: Մենք այնքան սովորել ենք Հայաստանում տեսնել միայն վատը, պարզվում է՝ աշխարհն է մեզ նման դեգերում ինքն իր որոնումներում: Մենք էլ գիտենք՝ ինչ չենք ուզում, բայց չգիտենք՝ ինչ ենք ուզում: Մեզ մոտ էլ պարբերաբար ճգնաժամային զանգվածներ են ձևավորվում ու չգիտես՝ երբ ու ինչ կլինի: Փաստորեն՝ մենք մենակ չենք, ու դա արդեն մխիթարություն է: Մխիթարություն, որ ընթացիկ ու արժեքները կորցրած հասարակությունը սկսել է գիտակցել ընթացիկ պահը, իսկ գիտակցելուն, հակառակ նույնիսկ ցանկության, հաջորդում է ելքը: ՈՒրեմն՝ այս ընթացիկությունն ունի այլընտրանք, և դա այն սքանչելին է, որ կարող է պատահել նույնիսկ մեր կյանքում, թեպետ ՈՒմբերտո Էկոն համարում է ձայն բարբառո հանապատի:
Առայժմ մեր կյանքում պատահում են լոկալ պայթյուններ, որ չեն հասցնում նպատակին ծառայել, հասարակական կենսական էներգիան չի գտնում դրսևորման այն տարբերակը, որը լուծում է բերում: Ընթացիկ հասարակության ընթացիկ վիճակ: Որպես կանոն՝ օրվա մեջ տասնյակ լուրեր են շրջանառվում մեր շուրջբոլորը, կարևոր ու անկարևոր, ու մենք սահում ենք այդ լուրերի, իրադարձությունների, անցուդարձի մակերեսին՝ գերազանցապես օրավարտին ամեն ինչ մոռանալով, եթե կոնկրետ մեզ չեն վերաբերում: Շատ հաճախ չենք էլ խորանում, որ մեր անձին չվերաբերող իրադարձությունը որոշում է մեր կեցության խորքային հարցերը և եթե ոչ այսօր, վաղը դառնալու է մեր կյանքի փաստ, որից կախված է մեր կյանքի որակը, իսկ կյանքի որակից՝ նաև տևողությունը: Տևողությունից՝ այն գործերի հաշվեկշիռը, որոնք անում ենք ու չենք հասցնում անել, կարողանում ենք ու չենք կարողանում՝ մեզնից բացարձակապես անկախ պատճառներով ու հենց մեր մեղքով: Վերացարկումի կարողությունը նման է թռչնի թռիչքի բարձրությունից իրավիճակին նետված հայացքի՝ վերևից ամեն ինչ ավելի պարզ է երևում, նաև՝ ավելի անկողմնակալ ես դատում, երբ տեսնում ես բոլոր կողմերը: Բայց այդ հայացքն էլ ելք չի ուրվագծում: Ճիշտ ելքի հասնելու համար հաճախ անհրաժեշտ է զրո կետից սկսել, իրավիճակի զրո կետից, փոխհարաբերությունների, անգամ՝ գնահատականների: Դա ավելի բարդ է, քան մագմայի միջով սառույց անցկացնելը: ՈՒ միշտ դառնում է ինչ-որ մեկի ողբերգությունը, եթե զրո կետից պոկվելու ուժ չի գտնում:
2015-ի ապրիլի 24-ին Դարդանելի ափերին Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակը տոնող Ռեջեփ Թայիբ Էրդողանին ով էլ ասեր, որ հունիսի 7-ին մի քանի ժամում հրաժեշտ է տալու կայսերական անուրջներին, ոչ ոք չէր հավատալու, ուր մնաց ինքը: Բայց 1999-ից իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Թուրքիայի Հանրապետության կյանքում միմյանցից անկախ կատարվում էին հատվածական, խառնիխուռն, բնազդային, պատմական, գիտակցված ու անսպասելի, անկանխատեսելի փոփոխություններ, որոնց պատճառը ազգային ինքնագիտակցության արթնացումն էր: Մենք սպասում էինք, որ նրանք կառերեսվեն իրենց պատմության հետ ու կճանաչեն ցեղասպանությունը, նրանք առերեսվեցին իրենց ներկայի հետ ու հրաժարվեցին դեպի սուլթանություն ճանապարհից: Գալիպոլին խաղաց իր դերը՝ անսպասելի դերը: Էրդողանի վերջին տոնի: Նախագահական նոր պալատը՝ ևս: Դու ունես ամեն ինչ, բայց դու ոչինչ չունես՝ սա էր ժամանակի ու անհատի բախման ռեալ պատկերը: Չէ, իհարկե, «Արդարություն և զարգացումը» հավաքել է մեծամասնությունը Ազգային մեծ ժողովի ընտրություններում ու պաշտոնապես հաղթել է ընտրություններում, 40 % ձայները ուժ են, որ թիկունքում միլիոններ ունեն: Բայց նույն այդ միլիոններն արդեն իրենց դիմաց ունեն 3 մասի բաժանված 60 % ձայների հետևում գտնվող միլիոններ, որոնք գիտեն՝ ինչ չեն ուզում, բայց դեռ չգիտեն՝ ինչ են ուզում: Եթե նույնիսկ նախագահական երրորդ, ավելի շքեղ նստավայր կառուցի, Թուրքիայի նախագահն այլևս չի ունենալու նախագահի ապրիլին ունեցած կարգավիճակը: Չկա այլևս այն երկիրը, չկա այն խորհրդարանը: Կա ուրիշ Թուրքիա, որտեղ, ինչպես 100 տարի առաջ, սպանում են ու հրկիզում նրանց, ովքեր խանգարում են, բայց նաև հասարակական գիտակցության մակարդակով կարողանում են կայացնել որոշումներ, որոնք հակառակ են իշխանության ծրագրերին և, ուրեմն, բնորոշում են գիտակցության ու կեցության նոր, դեռ կիսաձևավորված, կիսակայացած, բայց կայունացող որակ: Առայժմ ոչ 40 %, ոչ 60 % ձայներ հավաքած կողմերը չեն գտնում միմյանց հետ քաղաքական շահեկան հարաբերություններ կառուցելու ձևը, որը չհակասի իրենց գաղափարներին ու ծրագրերին: Փոխվարչապետի մակարդակով չեն բացառում նոր ընտրությունները, բայց նոր ընտրությունների դեպքում կողմերից ոչ մեկը չի կարող երաշխավորել ցանկալի արդյունք ստանալը՝ «Արդարություն և զարգացումը» և կարող է միայնակ կառավարություն կազմելու համար անհրաժեշտ ձայները հավաքել, և կարող է 40 տոկոսն էլ կորցնել, երկրորդ, երրորդ ու չորրորդ տեղում հայտնված կուսակցությունները՝ նույնը: Նոր ընտրությունը կարող է իսկապես քաղաքական քաոսի դուռ բացել, ստեղծված իրավիճակն արդեն ազդում է ֆինանսական շուկայի ու բանկային համակարգի վրա: Իսկ կոալիցիան կազմելու քաղաքական առևտուրը չի ստացվում: Ռեջեփ Թայիբ Էրդողանը շարունակում է նույն ոգով հայտարարություններ անել Թուրքիայի ապագայի և «Արդարություն ու զարգացում» կուսակցության դերի ու նշանակության մասին, Աբդուլլահ Գյուլը հայտարարում է, որ պատրաստ է կառավարությունը ղեկավարել, եթե Էրդողանը չխառնվի կառավարության գործերին՝ փաստորեն կարող է փշրվել ոչ միայն Էրդողանի՝ նախագահական կառավարման անցնելու բյուրեղյա երազանքը, այլև Ահմեդ Դավութօղլուի՝ իբրև վարչապետ առանց Էրդողանի գերիշխանության աշխատելու: Ընթացիկ քաղաքական հարցերում ու ընթացիկ քաղաքական իրավիճակում հազիվ թե նրանցից որևէ մեկը՝ գտնվելով իրադարձությունների էպիկենտրոնում, հասցրել է արժևորել ընտրությունների նշանակությունն ու Թուրքիայի Հանրապետության կյանքում տեղի ունեցած փոփոխության բուն իմաստը: Այդպես է՝ ժամանակն ու մարդը հազվադեպ են միմյանց հասկանում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Մարդը սովորաբար սիրում է որոշակիություն ու կոնկրետություն՝ ինչ է անելու, ուր է գնալու, երբ է գալու, ինչ է տալու ու ինչ է ստանալու, նույնիսկ համատիեզերական հարցեր լուծելիս՝ նա սովածանում է, ուզում է քնել, ուրախանալ, լաց լինել՝ ընթացիկ հասարակության ընթացիկ անհատի կյանքում էլ կան հավերժական երևույթներ: Իսկ պետությանը պետք են կայունություն և այն ոսկելարը, որն ապահովում է շարունակականություն: Չխառնեք իշխանության հետ, պետականության շարունակականություն՝ ընթացիկ իշխանության և հավերժական հայրենիքի հետ:
Իսկ մարդիկ ծնվում են ու մեռնում ու նրանց կյանքի ժամանակը մասն է մարդը ու ժամանակը թեմայի, որ ունի միայն սկիզբ: Մեղավո՞ր ենք մենք, որ մեր կյանքի ժամանակը այսպիսին է: Այո, որովհետև երբ պետք է ասել «ոչ», հարմարվում ենք պահանջարկին ու չունենք առաջարկ: Եվ մեր ձայնը դառնում է ձայն բարբառո հանապատի, բայց հնչում է տիեզերքում: ՈՒ հետո վերադառնում է, բայց արդեն նրանց, որ ժառանգել են տարածքը, որ ինչ-որ ժամանակ մերն էր ու որտեղ մենք արդեն չկանք: