Միջազգային շատ լրատվամիջոցներ առանձնակի ջանադրությամբ հաղորդեցին Աշգաբադում կայացած քառակողմ հանդիպման մասին, որին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի նավթի-գազի գերատեսչությունների ղեկավարները և էներգետիկայի գծով Եվրահանձնաժողովի փոխնախագահ, եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, ինչպես նաև ապրիլի 30-ի ուշ երեկոյան Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Մ. Շեֆչովիչի բանակցությունների մասին։ Այդ բանակցային փնտրտուքի իմաստը պարզ էր դեռ 2013-14 թվականներից, երբ Եվրամիությունը նոր-նոր էր ծավալում ռուսական «Հարավային հոսք» գազային նախագծի դեմ ուղղված արշավը, և, իհարկե, առավել բացահայտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ. դեկտեմբերի 1-ին, Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Մոսկվան չի ուզում «սպասել» Եվրահանձնաժողովի պատասխաններին, որ հրաժարվում է «Հարավային հոսքից» և մտադիր է սկսել «Թուրքական հոսք» նոր նախագիծը, որը կձգվի Սև ծովով դեպի Թուրքիայի եվրոպական մաս, ընդհուպ մինչև Հունաստանի սահմանը։ Մրցակցող էներգաածխաջրածնային նախագծերի ապագա բախումների կառուցվածքը է՛լ ավելի կոշտացավ, երբ Ռուսաստանը հաստատեց, որ 2019 թ. չի երկարացնելու դեպի Եվրոպա գազի տարանցման համաձայնագիրը ՈՒկրաինայի հետ, ինչպես նաև ընդգծեց, որ 2019-20 թթ. մտադիր է սկսել գազի արտահանումը «Թուրքական հոսքով»։
Եվրահանձնաժողովն ու Բուլղարիան (ուր պետք է մտներ «Հարավային հոսքը») որոշ ժամանակ շարունակեցին ձևացնել, թե Մոսկվայի կողմից չեղարկված գազային նախագիծը դեռ ուժի մեջ է և, իբր, Ռուսաստանը «ուղղակի պետք է համաձայնի» թելադրանքին և ընդունի հետին թվով մտցված, այսպես կոչված, «ԵՄ երրորդ էներգածրարը»։ Մակերեսային հայացքի դեպքում կարող էր թվալ, թե տխրահռչակ «ռուսական գազից կախումը» նվազեցնելու եվրոպական երկրների ձգտման մեջ ոչ մի դավադիր բան չկա, բացի այն մտահոգությունից, որ Ռուսաստանը հանկարծ սկսի «գազի ասեղն» օգտագործել հակառակ ուղղությամբ և էներգակիրների շանտաժով Արևմուտքից իրեն ձեռնտու քաղաքական ու տնտեսական շահ կորզի։ Սակայն նրանց համար, ովքեր շատ թե քիչ ծանոթ են իրավիճակին, նման բացատրությունը, որը բազմիցս բարձրաձայնվել է թե՛ Եվրահանձնաժողովի նախորդ նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, թե՛ ներկա նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կողմից, խոստովանելուց խույս տալու համարյա մանկական փորձերի է նման. այդ ոլորտում ԵՄ-ի որոշումները «ղեկավարել» և «ղեկավարում է» ԱՄՆ-ը և ոչ թե եվրոպացիները։ Բավական է հիշել այն նախագծերը, որոնք հանկարծակի «հայտնվել» և պարտադրվել են Եվրոպային և գազաբեր շրջանների երկրներին, հասկանալու համար, որ այդ բոլոր խաղերը եղել են բնավ էլ ոչ ի շահ ԵՄ անդամ երկրների, առավել ևս այդ պետությունների շարքային սպառողների։
ԵՄ-ին Թուրքիայի արագ անդամակցության վերաբերյալ Միացյալ Եվրոպային պարտադրված (1998-2004 թթ.) բանավեճը հանգեցրեց Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շինարարությանը, որին հաճախ հենց ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները հրավիրում էին մասնակցելու (Կասպից ծովով) թե՛ Ղազախստանին, թե՛ Թուրքմենստանին և նույնիսկ Կասպից ծովում ափ չունեցող ՈՒզբեկստանին։ Այդ ջանքերի ձախողումից հետո սկսեցին շրջանառվել հաղթական զեկույցները իբր «եվրոպական» Nabucco գազային նախագծի մասին, բայց այդ հարցում էլ Անդրկասպյան խողովակաշարերի (պարզ է, շրջանցելով և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը) ստվերային հովանավորներն ու գաղափարական ոգեշնչողները բացահայտ ձեռնունայն մնացին։ Եվ ահա «Հարավային հոսքի» շուրջ ծավալված դրամատիկ զարգացումներից հետո 2014 թ. Արևմուտքի կողմից ստացվում են, ըստ էության, ճիշտ նույն «գաղափարները»։ Այս անգամ դա հորջորջվում էր «Հարավային էներգետիկ (այսինքն` գազի) միջանցք», որը, ըստ հղացման, ներառելու է Անդրանատոլիական «խողովակները» (TANAP նախագիծ), այնուհետև Անդրադրիատիկ «խողովակները» (TAP նախագիծ)։ Սակայն, ինչպես և 90-ականների վերջին-2000-ականների սկզբին, նման վայրիվերո փոփոխությունների նախաձեռնողներից ու նախագծողներից (որոնք իրականում սպառնում են աշխարհաքաղաքական իրողությունների արմատական վերանայմամբ) ոչ ոք լրջորեն հույսեր չի կապում չափից ավելի տարփողված (Ադրբեջանի կողմից վերահսկվող) գազի պաշարների հետ. և ահա վերակենդանացվում է Անդրկասպյան «խողովակների» գաղափարը։ Բայց ինչու Թուրքմենստանը և ոչ թե Ղազախստանը, որի պաշարներն ու տնտեսական հնարավորությունները ավելի բարձր են գնահատվում, քան Թուրքմենստանինը։ Երևի, որովհետև Ղազախստանը Ռուսաստանի հետ մեկտեղ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնադիր անդամ է, և Աստանայից Արևմուտքը (ավելի ճիշտ ԱՄՆ-ը) տնտեսության և էներգետիկ արտահանական հոսքում «անջատականություն» չի սպասում։
Վաշինգտոնը, ինչպես որ 90-ականներին-2000-ականներին, հրապարակայնորեն ոչ պակաս լայնորեն պաշտպանում էր... Բայց առայժմ միայն Անդրկասպյան խողովակաշարի շինարարությունը, ինչպես լրագրողներին հայտարարեց ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մորիցը ապրիլի 27-ին։ Մորիցի հայտարարությունը ժամանակի առումով զարմանալիորեն զուգադիպում էր ևս երկու տեղեկատվական հաղորդագրությունների։ 1. Աշգաբադը ապրիլի 20-ին հանկարծակի հայտարարել էր, թե «չի վստահում հարևան երկրներին ու երկյուղներ ունի, որ նրանք կխոչընդոտեն թուրքմենական գազի մատակարարմանը Եվրամիությանը», ուստի և Թուրքմենստանը ծրագրում է ՄԱԿ-ի երաշխիքները ստանալ անդրազգային խողովակաշարերի անվտանգության առումով և մտադիր է դրանք դարձնել միջազգային իրավական պահպանության օբյեկտներ։ Եվ դա, ի դեպ, առաջին անգամ չէ. գազամուղների անվտանգության ապահովման, դրանք միջազգային իրավական օբյեկտներ դարձնելու նախաձեռնությամբ նախագահ Ղ. Բերդիմուհամեդովն առաջին անգամ հանդես է եկել դեռ 2009 թ.` ՄԱԿ-ի 63-րդ նստաշրջանում, բայց այն ժամանակ էլ դա արագորեն մարեց, 2. առայժմ դիվանագիտական մակարդակով հնչեցված` Թուրքմենստանում ռազմական ներկայություն ունենալու ԱՄՆ-ի ձգտումը և Մերձկասպյան շրջանում ամերիկյան զորախմբի առայժմ հիպոթետիկ գոյությունը արդեն ստիպում են մտածել ևս մեկ առանցքի ստեղծման մասին, որը կկրի, անշուշտ, հակառուսական և հակաիրանական բնույթ. Քաբուլ-Աշգաբադ-Բաքու-Թբիլիսի-Անկարա։ Բայց ԱՄՆ-ի ծրագրերի մասին դեռ առիթ կլինի խոսելու։
Շեֆչովիչը այնքան էլ մեծ հաջողություններ չունի. Աշգաբադի բանակցությունների ընթացքում կողմերը սոսկ նախաստորագրել են հռչակագիրը, որով հավաստվում է իրենց ձգտումը` շարունակելու ակտիվ գործակցությունը էներգետիկ անվտանգության ապահովման գործուն մեխանիզմների ստեղծման հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Ստորագրված փաստաթուղթը նախատեսում է... Թուրքմենստանի բնական գազի գնահատում։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել Թուրքմենստանից Եվրոպա բնական գազի մատակարարման կորպորացիայի կազմավորման աշխատանքային խումբ։ Բայց Շեֆչովիչը, այդուամենայնիվ, հայտարարել է, թե ԵՄ-ն ծրագրում է արդեն 2019-20 թթ. սկսել բնական գազի մատակարարումները Պակիստանից։ Նրա ասելով, Թուրքմենստանը պահպանում է իր մտադրությունը` միանալու «Հարավային գազի միջանցք» նախագծին։
Արևմուտքը շատ լավ գիտե, որ Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խողովակաշարային կապ (լինի ստորջրյա, թե վերջրյա) մոտ կլինի ծովի հարավային մասին, այսինքն` Իրանին։ Նկատելի էր, որ Բուլղարիայի և Թուրքիայի միջոցով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն սկսել էին հող շոշափել Իրանի համաձայնությունը կորզելու համար։ Այսպես, ապրիլի 9-ին Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Թուրքիայի նախագահ Էրդողանի Իրան կատարած շտապ այցի «հետքով», փաստորեն, Իրանին հրավիրեց մասնակցելու TANAP նախագծին, և, իհարկե, սա առաջին փորձը չէ Թեհրանին ներքաշելու հակառուսական ուժերի ճամբար։ Վերջերս ադրբեջանական Haqqin.az կայքը հաղորդել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դեռ 2014 թ. նոյեմբերին Բաքու կատարած այցի մի «ոչ այնքան հայտնի կողմի» մասին. «Օմանում կայացած երկկողմ կոնսուլտացիաների ընթացքում ամերիկյան կողմը Թեհրանին առաջարկել է պատժամիջոցների մի մասը հանելու դիմաց մասնակցել դեպի Եվրոպա Ադրբեջանի հետ ընդհանուր «էներգետիկ միջանցքի» ստեղծմանը` միանալով TANAP նախագծին, և ընդլայնել գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը»։ Առաջարկությունը Իրանի համար այնքան ձեռնտու էր, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ստամբուլում կայացած անվտանգության գագաթնաժողովում քննարկելով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցերը, այդ մասին խոսում էր իբրև կատարված իրադարձություն։ Բայց Թեհրանը հրաժարվեց հակառուսական կոմբինացիաներին մասնակցելուց` հիստերիայի մեջ գցելով ամերիկյան քաղաքական շրջանակներին, որոնք Իրանին պատժելու նկատառումով խստացրին իրենց դիրքորոշումը անցած տարեվերջին Վիեննայում կայացած բանակցություններում։ Պետք է հիշել նաև, որ TANAP նախագծի դրոշակակիր է շարունակում մնալ անգլիական ԲՊ ֆիրման, որը հանդես է գալիս որպես «Շահ-Դենիզ» հանքավայրի օպերատոր (28,8 %-ը)։
Եվ, դատելով ըստ ամենայնի, Իրանը վերստին սառն է վերաբերվել թուրքերի առաջարկությանը. Էրդողանը համաձայնել է ազգային արժույթներով փոխադարձ առևտրի մասին Ռոհանիի առաջարկությանը, առանց որպես միջնորդի դոլարի օգտագործման, իսկ Բաքվում ապրիլի 11-ից բացահայտորեն սկսեցին խոսել «TANAP-ում առկա լուրջ խնդիրների» մասին։ Ադրբեջանում չարիքի արմատը տեսնում էին Աթենքում և Հռոմում տեղի ունեցող գործընթացների մեջ, որոնք պահանջում էին վերանայել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) վերաբերյալ առկա համաձայնագիրը (այդ գազամուղը նախատեսվում էր մերձկասպյան ու մերձավորարևելյան գազը Արևմտյան Եվրոպա հասցնելու համար) և ադրբեջանական գազի տարանցման դիմաց իրենց շահաբաժինը մեծացնել։ Իրոք, Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ֆեդերիկա Գուիդին Բաքվում կայացած ադրբեջանա-իտալական աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հռոմը կախակայել է վերջնական որոշումը մինչև մայիսի վերջը։ Դե, իսկ Բուլղարիան ապրիլի 26-ին, Սոֆիայում Իրանի դեսպան Աբդուլլո Նաուրոզիի միջոցով փորձել է Թեհրանը հեռու պահել Nabucco նախագծի վերածնման գաղափարից։ Հանդիպումը եղել է դռնփակ, իրանցի դիվանագետին «կրակի տակ են առել» չորս բարձրաստիճան բուլղարացիներ` վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ, և բուլղարական լրատվամիջոցները հաղորդել են, թե, իբր, հանդիպման ընթացքում ԻԻՀ-ի դեսպանը ներկայացրել է իրանական կողմի հատուկ առաջարկությունը Թեհրանի և Սոֆիայի համագործակցության նոր սխեմայի մասին, որը նախատեսում է Բուլղարիայի տարածքում ստեղծել գազի հանգույց, որից Իրանը կարող է իր գազը այնուհետև առաքել եվրոպական երկրների սպառողներին։
Օբյեկտիվ նախադրյալները վկայում են, որ Իրանը չէր կարող այդ բանն անել, քանի որ թե՛ Իրանի նախագահ Ռոհանիի անցյալ տարվա նոյեմբերի հայտարարություններից հետո այնքան էլ շատ ժամանակ չի անցել, թե՛ Արևմուտքի հետ «ատոմային բանակցությունների» Լոզանի ռաունդն է, փաստորեն, ապարդյուն եղել, և միայն հանգեցրել է պայմանավորվածության, որ վերջնական փաստաթուղթը կարող է ստորագրվել հունիսի 30-ի կողմերը, և բացի այդ էլ իրանա-ռուսական մերձեցման տեմպերն են պարզապես աննախադեպ (և դեռ Կասպից ծովի վերաբերյալ աշնանային որոշումներից ի վեր, որոնց Բաքուն չհամարձակվեց առարկել)։ Որքան էլ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավաստիացնի, թե «մենք երբեք մեր նախագիծը չենք համարել Եվրոպայում Ռուսաստանի գազի նախագծերի ինչ-որ այլընտրանք», անզեն աչքով երևում է, որ Անդրկասպյան «խողովակը» TANAP-ի և TAP-ի հետ մեկտեղ ակնհայտ այլընտրանք է ոչ միայն Ռուսաստանի, այլև... Իրանի։ Եվ, ի դեպ, Թուրքիայի ներկայացուցիչները ևս մեղանչում են Ադրբեջանի նախագահի «միամտության» հարցում, երբ հայտարարում են, թե, իբր, Անդրանատոլիական գազատարը չի մրցակցում «Թուրքական հոսքի» հետ, ինչը ևս տեսնում են Մոսկվայում։ ՌԴ-ի դիրքորոշումը հստակ է. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով ՌԴ Պետդումայում, ասել է, թե «TANAP-ը այն նախագծերից է, որոնք շոշափում են բանակցություններին չմասնակցող երկրների, տվյալ դեպքում Ռուսաստանի շահերը»։ Ընդ որում, Մոսկվայում տեսել են և տեսնում են, որ «TANAP նախագիծը օգտագործվում է եվրոպացի պաշտոնյաների քաղաքական շահարկումների համար», հայտարարել է ռուս քաղաքական վերլուծաբան Պավել Կլաչկովը։ Իսկ Թեհրանը 90-ական թվականներից ի վեր բազմիցս հայտարարել է, որ Անդրկասպյան գազամուղի շինարարությունը տնտեսապես անշահութաբեր է և էկոլոգիապես վտանգավոր. ավելի լավ է ցամաքային խողովակաշար կառուցել իր տարածքով։ Եվրոպացիները այն ժամանակ էլ էին դրան համաձայն, բայց ԱՄՆ-ը, ինչպես հայտնի է, հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությամբ խաչ քաշեց այդ ծրագրերի վրա։ Եվ հիմա նույն Շեֆչովիչը Աշգաբադում հայտարարել է, թե ԵՄ-ն կարող էր թուրքմենական գազը ստանալ Իրանի տարածքով։ Ճիշտ է, Իրանով գազատարի անցկացման կոնկրետ ծրագրեր հիմա չկան, սակայն կլիմայի պաշտպանության հարցերի ԵՄ հանձնակատար Միգել Արիաս Կանիետեն վերջերս հաղորդել է, որ Իրանը հնարավոր տարանցման երկիր է համարվում։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ