ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կարսի, Նախիջևանի, Սուրմալուի և Ղազախի բռնազավթումը ևս հետևանք է Հայոց ցեղասպանության

Կարսի, Նախիջևանի, Սուրմալուի և Ղազախի  բռնազավթումը ևս հետևանք է Հայոց ցեղասպանության
05.05.2015 | 00:18

Եվ այսպես, 2015 թ. արդեն հնչել է ՈՒրուգվայի առաջարկությունը` Կարսի ու Նախիջևանի մարզերի, Ղազախի գավառի ճակատագրին նայելու հենց օսմանյան Թուրքիայում և Անդրկովկասում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տեսանկյունից։ Եվ դա ճիշտ մոտեցում կլինի. չէ՞ որ, եթե քննության առնելու լինենք, օրինակ, Կարսի մարզի ճակատագրի հարցը, ապա հետազոտողները հարկադրված կլինեն դիմելու ոչ թե 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, այլ 1920 թ. Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրին։ Իսկ դրանից առաջ հաշվի առնելու 1920 թ. հայ-թուրքական պատերազմի փաստը։ Բայց ի՞նչ նրբություններ կան այստեղ։ Նախ, այն թուղթը ստորագրվել էր Թուրքիայի այդ պահին դեռևս չճանաչված քեմալական կառավարության և փաստորեն իշխանությունը կորցրած Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության կողմից և, ի դեպ, Խորհրդային Հայաստանի ղեկավարության կողմից Ալեքսանդրապոլի պայմանագիրը չէր ճանաչվել։ Թուղթը ստորագրվել էր այն բանից մի քանի ժամ հետո, երբ դաշնակցական կառավարության ներկայացուցիչները ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանի հետ համաձայնագիր էին կնքել Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման մասին։ Իսկ հետագայում ամեն ինչ զարգացավ այնպես, ինչպես զարգացավ. թե՛ Մոսկվայի, թե՛ Հայաստանի բոլշևիկները դավաճանեցին հայ ժողովրդին, մի խոսքով` հետևանքները բոլորին հայտնի են, բավական է հիշել ազգային ազատագրական պատերազմն Արցախում և լիովին ցեղասպանված Նախիջևանը։
Փաստորեն, հայ-թուրքական սահմանագծի հարցերը լուծվել էին 1921 թ. փետրվար-մարտին` Թուրքիայի և ՌԽՖՍՀ-ի միջև կայացած մոսկովյան կոնֆերանսում (հայկական պատվիրակությանը, Թուրքիայի պահանջով, թույլ չտրվեց մասնակցել կոնֆերանսին. այստեղ ևս երևում է բոլշևիկյան կուսակցության հրեա ղեկավարների թուրքամետությունը)։ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թ. մարտի 16-ին կնքված մոսկովյան պայմանագրի պայմանները հետագայում տեղ գտան անդրկովկասյան երեք հանրապետությունների և Թուրքիայի միջև 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրում։ Մոսկովյան պայմանագրի համաձայն, Նախիջևանն անցավ արհեստականորեն ստեղծված Խորհրդային Ադրբեջանի «խնամակալության տակ»։ Ալեքսանդրապոլի շրջանից թուրքերն իրենց զորքերը հանեցին 1921 թ. մայիսի կեսերին միայն։ Բայց, պարզվում է, այդ պայմանագրերի առնչությամբ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Իհարկե, 2015 թ. ապրիլի 24-ից հետո էլ ասել, թե ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ՈՒրուգվայի արտգործնախարարության կողմից «1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբեր ընկած ժամանակամիջոցի անկախ պետության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքի» ձևակերպման հարցերը կենտրոնականը կդառնան միջազգային քաղաքականության օրակարգում, կնշանակի առաջ անցնել իրադարձությունների ընթացքից։ Միաժամանակ չի կարելի ասել նաև, որ նման բան սկզբունքորեն անհնար է։ Ելնելով այսօրվա իրողություններից և ՈՒկրաինայի ու Սև ծովի (նաև Միջերկրականի) ավազանի շուրջ ռուս-ամերիկյան հարաբերությունների խիստ սրվածությունից, Մոսկվան և Վաշինգտոնը կարող են իրենց դրսևորել ելնելով այն բանից, թե ինչ կանի Թուրքիան, բացահայտորեն կամ ոչ բացահայտ ո՞ւմ թիկունք կկանգնի։ Եվ հասկանալի է, որ «նեղացած» տերությունը լիովին ընդունակ կլինի տարածաշրջանում վառ արտահայտված հակաթուրքական քայլ անելու։ Հատկապես ի՞նչ քայլ... Կապրենք, կտեսնենք։
Գլխավորը՝ «բռնելու» տեղ կա, բայց դա Սևրի պայմանագիրը չէ, ինչպես համառորեն շարունակում են Հայաստանին խաբել արևմտամետ փորձագետները։ 90-ականներին խորհրդային հայտնի միջազգայնագետ իրավաբան, դիվանագետ Յուրի Բարսեղովը քանիցս գրել է այդ մասին։ Հարցի էությունն այն է, որ Կարսի պայմանագրի (հենց այդ պայմանագրով է սահմանված, օրինակ, Նախիջևանի մարզի` իբրև Ադրբեջանի իշխանության ներքո գտնվող պրոտեկտորատի, կարգավիճակը) գործողության ժամկետը, որի, ինչպես նաև Նախիջևանը երրորդ կողմի չհանձնելու երաշխավորներ պարտավորվել էին հանդես գալ բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան (բայց խոսքը ԱդրՍՍՀ-ի մասին էր և ոչ թե անկախ Ադրբեջանական Հանրապետության, այնպես որ Կարսի պայմանագրի պայմանները, ըստ էության, արդեն խախտված են), պետք է լրանար 1946 թ.` այստեղից բխող բոլոր պետաիրավական հետևանքներով։ Ինչպես 2001 թ. գրել է հայ կադրային դիվանագետ Լևոն Էյրամջյանցը, «Մոսկովյան պայմանագրի տեքստում Նախիջևանի պատկանելության մասին երրորդ հոդվածը ավարտվում է հետևյալ բառերով` «առանց երրորդ կողմի հանձնելու իրավունքի», որի ներքո նկատի է առնվում Իրանը։ Սակայն արդեն Կարսի պայմանագրի տեքստում այդ տողը բացակայում է։ 1921 թ. աշնանը Իրանն արդեն չէր թաքցնում իր նյարդայնությունը Անդրկովկասում «Ադրբեջան» անունով պետության ստեղծման առնչությամբ, որը հավակնում էր միավորվելու իրանական համանուն թրքախոս նահանգի հետ և պոկելու այն` հօգուտ խորհրդային պետության»։
Տեղին եմ համարում շարունակել մեջբերումը այդ հեղինակից. «Պատահական չէ, որ 1989 թ. նոյեմբերի 30-ին, երբ նույնիսկ Մերձբալթիկայում էին պետական ինքնիշխանության մասին գրեթե «շշուկով» խոսում, Նախիջևանի ԻԽՍՀ-ի մեջլիսը «հանկարծ» հայտարարեց ԽՍՀՄ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու մասին։ Հենց նույն գիշերը Իրանի հետ ԽՍՀՄ-ի պետական սահմանը «ջնջվեց» նախիջևանյան աշխարհազորի զինված ջոկատների կողմից։ Այդ «անհասկանալի» դրվագի վերաբերյալ տեղեկությունը խորհրդային մամուլի կողմից սովորականի պես լռության մատնվեց, թեև իրավիճակը միանգամայն պարզ էր։ Այդ տարիներին Մոսկվայում Իրանի վերաբերյալ փորձագիտական գնահատականների հիմնական աղբյուրը ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժինն էր, որը լիովին գտնվում էր ադրբեջանական գիտնականների ձեռքին, բացի հիմնարար պայմանագրից, ստորագրվել էին ինչ-որ «գաղտնի արձանագրություններ», որոնք սահմանում էին գլխավորը` պայմանագրի գործողության ժամանակային բնութագրերի գոյությունը։ Այդ փաստաթղթերը, որոնց որոնման հրատապությունն ակնհայտ է ոչ միայն պատմական արդարության տեսակետից, այլև բխում է Հայաստանի ազգային և Մոսկվայի ռազմավարական շահերից, կարող են և պետք է պահպանված լինեն պայմանագիրն ստորագրած կողմերի արխիվներում, մասնավորապես Ռուսաստանի արխիվում։
70-ականների վերջին տողերիս հեղինակը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի այն ժամանակվա նախարար Ջ. Կիրակոսյանի ղեկավարությամբ, որը դարասկզբի հայոց պատմության խոշորագույն մասնագետներից մեկն էր, պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում էր այդ խնդրով...» (Լ. Էյրամջյանց, «25 տարի էր անցել 1946 թվականին», 4 ապրիլի 2001 թ., «Գոլոս Արմենիի»)։
Լ. Էյրամջյանցը պնդում էր, որ հայտնաբերվել են մի ամբողջ շարք լրացուցիչ և անուղղակի հավաստիքներ, որ պայմանագիրը կնքված է եղել հենց 25 տարով։ Այս տեղեկության առանձնահատուկ արժեքավորությունն այն է (թեև նյութերն ինքնըստինքյան կրել են ավելի շատ քարոզչական բնույթ), որ պատրաստված է եղել այդ հարցում Հայաստանի ամենագլխավոր ընդդիմախոսի` Թուրքիայի կողմից։ Եվ որ դեռևս 1925 թ. Թուրքիայում ՌԽՖՍՀ-ի դեսպան Վինոգրադովը պաշտոնական նոտայով պահանջել էր չեղարկել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը` «միջազգային պրակտիկայում այնքան էլ չընդունված վարքագիծն» ուղեկցելով այն միակողմանի կարգով իրականացնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին հայտարարություններով։ Միաժամանակ, դարձյալ թուրքական աղբյուրի համաձայն, դեսպան Վինոգրադովը արտգործնախարարությունում տեղի ունեցած բանավոր զրույցի ժամանակ բացատրում է. «Մենք չենք կարող 25 տարի սպասել և ՌԹՊ-ն (ռուս-թուրքական պայմանագիրը) ստորագրել ենք, որովհետև այն ժամանակ թույլ ենք եղել»։ Իսկ հիմա «մենք ուժեղ ենք և պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»։ Ինչին անհապաղ արձագանքում է Թուրքիայի այն ժամանակվա շատ հայտնի պետական գործիչներից մեկը` Իսմեթ Ինյոնյուն. «Նոր երկիրը» պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները»։ Նման մասնավոր դրվագների թիվը, որոնք ուղղակիորեն մատնանշում են հարցի բուն էությունը և շատ հավաստի բնույթ են կրում, այն ժամանակ մի երկու տասնյակի էր հասնում։ Մեր թեզի անուղղակի, հենց թուրքական հավաստիքների թիվն էլ ավելի մեծ էր։ Պաշտոնական պատմագրության մեջ էլ կարելի է գտնել այդ թեզի լուրջ հավաստիքներ։ Ակադեմիկոս Խվոստովի խմբագրությամբ լույս տեսած «Միջազգային հարաբերությունների պատմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» եռահատորը պարզ ու հստակ, թեև հիմնական հոդվածի տողատակի ծանոթագրության մեջ, ասում է. «Խորհրդային արտաքին քաղաքականության սխալների հետևանքով Թուրքիան ԽՍՀՄ-ին «զգալի տարածքներ» չվերադարձրեց»։ Լրացուցիչ հայտնի է նաև, որ 1945 թ. գարնանը Հայկական ԽՍՀ-ի և Վրացական ԽՍՀ-ի կողմից Թուրքիային ներկայացվել են տարածքային պահանջներ և վերջնագիր «զորքերն ու բնակչությունը» իրեն հայտնի սահմանները հետ քաշելու անհրաժեշտության մասին, այնպես, որ 1946 թ. մարտին խորհրդային զորքերը մտնեն այդ տարածք։
Մեկ անգամ ևս մեջբերեմ Լ. Էյրամջյանցին, որին ճանաչում էի անձամբ. ոչ մի հիմք չկա չվստահելու այդ մաքուր և ազնվագույն հայրենասերին. «Այդ փաստի պատմական հավաստիությանը կասկածել պետք չէ, քանի որ դա զուգադիպում էր Թուրքիային պատերազմ հայտարարելու Խորհրդային Միության մտադրությանը, և, անկախ Անկարայի դիվանագիտական պարզունակ խաղից ու «վերջին պահին» Գերմանիային պատերազմ հայտարարելուց, խորհրդային զորքերի համար ապահովվում էր գործողության իրավական կողմը, որից հետո նրանք իրոք պատրաստ էին մտնելու Թուրքիայի տարածք...»։ Բերվում է նաև մի այսպիսի հետաքրքիր փաստ. Թուրքիայի արտաքին գործերի նախարար, ավելի ուշ կառավարության ղեկավար Սարաջիօղլուն բառացիորեն պատասխանել էր հետևյալը. «Մենք գիտենք, որ դա Հայաստանի տարածքն է, և պատրաստ ենք սկսելու սահմանագծումը...», «...սակայն մեզ անհասկանալի են Վրաստանի հավակնությունները», «Լավ կլիներ, որ դուք Խորհրդային Միությունում իրար մեջ պարզեիք և հետո կբաժանեիք դեռ չսպանված արջի կաշին»։ Մեջբերված պատմական փաստը նկարագրված է թե՛ խորհրդային, թե՛ թուրքական պատմական գրականության մեջ։
Հատկանշական է, որ 1921 թվականից հետո Ռուսաստանի (ԽՍՀՄ-ի) և Թուրքիայի երկկողմ համաձայնագրի մակարդակով առաջին պաշտոնական փաստաթուղթը Թուրքիայի վարչապետ Բ. Էջևիթի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ 1978 թ. օգոստոսին ստորագրված փոխադարձ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ միջպետական պայմանագիրն է միայն։ Պայմանագիրը ստորագրել է Ա. Կոսիգինը 1978 թ. օգոստոսի 22-ին, այն հրապարակվել է «Իզվեստիայում»։ Փոխադարձ տարածքային պահանջներ չունենալու պարբերությունը երկրորդն է. «Այն ժամանակվա թուրքական մամուլի արձագանքները բացահայտ ուրախությամբ մատնանշում են ՌԹՊ-ն,- գրում է Լ. Էյրամջյանցը։- Տարածաշրջանի նորագույն պատմության մյուս փաստը, որը հաստատում է, որ ՌԹՊ-ն կարգավորում է Անդրկովկասում տեղի ունեցող ամենալուրջ գործընթացները, 1992 թ. ուշ գարնան իրադարձություններն են, երբ հայկական զինված ուժերը պատերազմում փաստորեն միակ անգամ նահանջեցին Ղարաբաղի ռազմաճակատի հյուսիսարևելյան ուղղությունում։ Այն ժամանակ Արևմուտքի հետ Հայաստանի ղեկավարության քաղաքական շփումների սկսվող ակտիվացման հետևանքով կորսվեցին Գետաշենի ենթաշրջանը, Շահումյանի շրջանը և Ղարաբաղի Մարտակերտի շրջանի մի մասը, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանի հսկողության ներքո։ Մինչև հիմա, սակայն, անհայտ և սակավ անհայտ փաստ է այն, որ այն ժամանակ ադրբեջանցիների հարձակումը կասեցվեց Իրանի վճռական գործողություններով։ Թեհրանը վերջնագրային նոտա հղեց Բաքվին (և պաշտոնական ծանուցում այդ մասին Երևանին), պահանջելով անմիջապես դադարեցնել ադրբեջանական բանակի հարձակումը։ Հակառակ դեպքում 7-րդ զրահատանկային դիվիզիան, որը համալրված էր բացառապես ֆանատիկ «փասդարներով» («հեղափոխության պահապաններով») և արդեն մոտեցվել էր իրանա-նախիջևանյան սահմանին, համաձայն իրանական կողմի հայտարարության, պատրաստ էր անցնելու սահմանը և գրավելու Նախիջևանը, այսպիսով խաթարելով ՌԹՊ-ի ամբողջ ներքին տրամաբանությունը։ Մի քանի տարի անց Երևանում Իրանի դեսպանի հետ Լ. Էյրամջյանցի ոչ պաշտոնական զրույցի ժամանակ պարզ դարձավ ոչ միայն իրանական կողմի մտադրությունների լրջությունը, այլև խիստ զարմանք հայտնվեց, որ Երևանում, ի տարբերություն Բաքվի, քչերին են հետաքրքրում Իրանի միջազգային իրավունքները Նախիջևանի առնչությամբ, որոնք վերապահված են 1921 թ. պայմանագրում»։
Իհարկե, կարելի է հարց տալ, թե որքան են վստահելի այդ հեղինակի տեղեկությունները։ Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հակիրճ տվյալներ ներկայացնել նրա վերաբերմամբ, որպեսզի կասկածներ չառաջանան նրա պրոֆեսիոնալիզմի ու իրազեկության առնչությամբ։ Լևոն Գրիգորի Լ. Էյրամջյանցը (1954-2001) պրոֆեսիոնալ դիվանագետ էր։ Աշխատել էր արաբական երկրներում, Եվրոպայում, միջազգային կազմակերպություններում։ Գլխավորել էր Հայաստանի պատվիրակությունները ԱՊՀ երկրների հավաքական անվտանգության ապահովման բանակցություններում, մասնակցել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հաստատման գործին։ Նշանակալի հետք է թողել հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժման մեջ։ 1993 թ. հրաժարական տալով ՀՀ ԱԳՆ ռազմավարական բաժնի պետի պաշտոնից, 1998-ից աշխատանքի էր անցել ՀՀ նախագահի աշխատակազմում։ Հաճախակի և սերտ շփումներ էր ունենում վերը հիշատակված Յու. Բարսեղովի և այլ հեղինակավոր անձանց հետ։
Այս տեղեկության մեջ ամենակարևորը, իմ կարծիքով, այն է, որ ո՛չ ժամանակակից Ռուսաստանը, ո՛չ էլ Թուրքիան շահագրգռված չեն 1921 թ. Կարսի պայմանագրի գաղտնի մասի գաղտնազերծմամբ, որտեղ, բացի այդ փաստաթղթի գործողության ժամկետից, վերապահություններ են արված Նախիջևանում Իրանի միջազգային իրավունքների առնչությամբ։ Բայց, միևնույն ժամանակ, ո՛չ Մոսկվան և ո՛չ էլ Անկարան ոչինչ չեն կարող ձեռնարկել, եթե Կարսի պայմանագրով Անդրկովկասում նախատեսված համակարգի կոտրմանը դիմի ինքը Թեհրանը։ Հասկանալի է, որ դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե ժամանակակից Նախիջևանում Իրանի միջազգային իրավունքները որևէ մեկի կողմից խստորեն և արմատապես խախտվեն։ Ահա թե ինչու, երբ 2008 թ. Թուրքիայի կողմից տխրահռչակ «Կովկասյան պլատֆորմի» առաջադրումից հետո թուրքերը սկզբում կտրականապես հրաժարվեցին հաշվի առնելուց Իրանի գործոնը Կովկասում անվտանգության և կայունության կազմակերպման հարցում, Մոսկվան միջնորդավորված ձևով (2008 թ. նոյեմբերին Թուրքիայում կայացած միջազգային խորհրդաժողովի ժամանակ) Անկարային հասկանալ տվեց, որ եթե թուրքական իշխանությունները հրաժարվեն հաշվի առնելուց տարածաշրջանում Թեհրանի օրինական շահերը, ապա հենց ինքը Ռուսաստանը կպահանջի վերանայել թուրքական առաջարկությունների ձևաչափը։ Դա Մոսկվայի ակնարկն էր թուրքերին, որ «անհրաժեշտության դեպքում» Ռուսաստանը, ըստ էության, դեմ չի լինի 1921 թ. Կարսի պայմանագրի վերանայմանը, եթե թուրքերը շարունակեն համառել «Կովկասյան պլատֆորմին» Իրանի ներգրավման հարցում։
Բայց Թուրքիայի ներկա նախագահ Էրդողանի «Կովկասյան պլատֆորմը» ոչ այն է՝ արխիվ են հանձնել իրենք թուրքերը (այն բանից հետո, երբ 2009-ի ամռանը Անկարան մեկ համաձայնեց, մեկ հրաժարվեց Անդրկովկասի գործերին Իրանի մասնակցության սկզբունքից), ոչ այն է՝ «հանձնվել է վաշինգտոնյան կենտկոմ»։ Այդ ամենը փոխարինվեց «հայ-թուրքական արձանագրություններով», որոնք նույնպես հաջողությամբ «հոգին տվեցին»։ Մնացածը, որ Կովկասում ու Մերձավոր Արևելքում սկսեց ծավալել ԱՄՆ-Թուրքիա զույգը, Մոսկվայի և Կարսի պայմանագրերին ուղղակի առնչություն չունեն, սակայն կապված են 2008-2009 թթ. Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ջանքերին Անկարայի հակազդեցության հետ։ Իսկ մենք պետք է հստակորեն տեսնենք ու հասկանանք` Կարսի պայմանագրի մեխանիզմները կոտրելը կշոշափեր ոչ միայն Նախիջևանի հարցը, այլև բուն Կարսի մարզի, նախկին Սուրմալուի գավառի և այլ հարցեր։ Իսկ դա կտրուկ փոխում է Հայաստանի (հաշվի առնելով ԼՂՀ-Արցախի գործոնը), Իրանի և հենց Թուրքիայի տարածքային ռազմավարական նշանակությունը։ Եվ մենք պետք է նաև հասկանանք ու ապացուցենք ուրիշներին. Հայաստանից Կարսի և Նախիջևանի մարզերի, Սուրմալուի և Ղազախի գավառների զավթումը Թուրքիայում և Անդրկովկասում 1915-1929 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքներից է, որը պետք է հաղթահարել առաջին հերթին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ