«Հիշում եմ և պահանջում եմ»՝ սա է մեր կարգախոսը: Պաշտոնական: Այսօր, երբ ապրիլի 24-ից՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գագաթնակետից անցել է 4 օր, հասկանանք՝ ի՞նչ հիշեցինք և ի՞նչ պահանջեցինք: ՈՒ՝ ի՞նչ պատասխանեց մեզ աշխարհը:
1. Մենք ստացանք մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքումը: Առաջինը՝ Վատիկանից: Երբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց եկեղեցու ուսուցիչ, հայկական քաղաքակրթության գնահատականն էր: Երբ Հռոմի պապը 1915-ը անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ու ալիքը տարածվեց քրիստոնեական ու մուսուլմանական աշխարհում, քրիստոնյաները պատասխանեցին ցեղասպանության ճանաչումով, մուսուլմանները, բացառյալ Թուրքիան, չհերքեցին ցեղասպանության փաստը: Անակնկալ դարձավ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջների բարձրաձայնումը, որին նորից տրվեց «Ընթացքում է» պատասխանը: Նախագահի մակարդակով:
2. Ցեղասպանության 100-րդ տարելիցը խթան դարձավ, որ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակից պետությունները ճանաչեն կամ քննարկեն ցեղասպանության ճանաչումը: Վատիկանից հետո՝ երկրորդ հարվածը Թուրքիային: Ավստրիայի խորհրդարանից հետո Գերմանիայի Բունդեսթագում կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ՝ «Գերմանիան մեղքի իր բաժինն ունի այդ տարիներին կատարվածում», ասաց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը: Նախորդ օրը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Բեռլինի մայր տաճարում ասաց. «Մեր նորօրյա գիտակցությամբ և անցած տասնամյակների քաղաքական ու հումանիտար սարսափների հեռապատկերին այսօր ակնհայտ է՝ հայերի ճակատագիրը 20-րդ դարն այնքան սարսափելի բնորոշող զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների, և անգամ ցեղասպանությունների պատմության օրինակ է»: Նա Գերմանիայի մեղքն էլ ընդունեց. «Մենք՝ գերմանացիներս, դեռ պետք է վերաիմաստավորենք, հատկապես՝ երբ խոսքը ցեղասպանության մեջ ունեցած մեր բաժին պատասխանատվությանը, որոշ հանգամանքներում անգամ մեղսակցությանն է վերաբերում: Գերմանացի զինվորականներն էին մասնակցում տեղահանությունների կազմակերպմանն ու որոշ դեպքերում՝ իրագործմանը։ Հայերի բնաջնջումը հստակորեն կանխազգացած գերմանացի դիտորդների և դիվանագետների զգուշացումները շրջանցվում ու անտեսվում էին: Գերմանական կայսրությունը չէր ցանկանում վտանգել հարաբերություններն օսմանյան դաշնակցի հետ: Ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգը, ում հատուկ հանձնակատարը մանրամասն տեղեկացրել էր հայերի հետապնդումների մասին, 1915-ի դեկտեմբերին կարճ ու հատու նշում է. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողքին պահելն է, կարևոր չէ, թե այդ ընթացքում հայերը կկործանվեն, թե ոչ»: Սա հայտարարություն էր, որ Անկարային զրկում է շանտաժի զենքից:
3. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նորից չասաց «գենոցիդ»՝ դառնալով համայն հայության նախատինքի առարկան: Արդա՞ր ենք մենք: Երբ հարցը դիտարկում ենք հուզական-քաղաքական տեսակետից՝ այո: Խոստացել է՝ պիտի ասի: Պիտի ասի, որ Թուրքիան էլ տեղից շարժվի: Երբ հարցը դիտարկում ենք անկողմնակալ-քաղաքական տեսակետից՝ ոչ: Երբ ԱՄՆ-ն ընդունում է, Թուրքիան՝ ոչ, ինչ-որ գործողություններ ԱՄՆ-ը պետք է անի: Ի՞նչ: Պատժամիջոցնե՞ր: Դիվանագիտական հարաբերությունների խզո՞ւմ: ՆԱՏՕ-ում անդամակցության կասեցո՞ւմ: Բայց՝ Երևան եկավ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը, Ստամբուլ ոչ ոք չգնաց: Կա նաև քաղաքականության կարևոր՝ ոչ հրապարակային կողմը, որը չի բարձրաձայնվում՝ մեկ, որտեղ կոնկրետ քայլեր են արվում՝ երկու: Եվ երեք՝ ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային ճնշում գործադրելու դերը ստանձնել է Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, մինչդեռ Հայաստանի ավանդական դաշնակից Ռուսաստանը նաև Թուրքիայի դաշնակիցն է ու հանդես է գալիս հաշտեցման քաղաքականությամբ՝ առանց փակագծերը բացելու, իսկ փակագծերում հայ-թուրքական արձանագրություններն են, որոնց վավերացումը կարող է վերադառնալ օրակարգ, բայց բոլորովին այլ ընթերցումով, քան Եվրախորհրդարանի բանաձևում է:
4. Ռուսաստանը սեփական շահերի պաշտպանության դասական պարտիա խաղաց: ՌԴ նախագահը, ի վերջո, եկավ Երևան: Ապրիլի 22-ին նա ուղերձ հղեց, որտեղ կար ցեղասպանություն բառը, 24-ին՝ Ծիծեռնակաբերդում սահմանափակվեց «մարդկության պատմության մեջ ամենածանր ողբերգություններից մեկով»: Ելույթի մնացած հատվածը Պուտինը նվիրեց իր երկրի փառաբանմանը՝ «Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ բռնության միջազգային դատապարտմանը», ճիշտ է, հիշեց Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային: Չմոռացավ հիշեցնել Մեծ հայրենականն ու Սպիտակի երկրաշարժը: Պուտինն ընդգծեց՝ ռուսական հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն երկու հազարից ավելի հիշատակի միջոցառումներ: Հետո նորից հիշեց՝ ինչու է եկել ու հավելեց՝ «Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական՝ մենք այն կարծիքին ենք, որ մարդկանց զանգվածային սպանություններին չկա և չի կարող որևէ արդարացում լինել»: Նորից չասաց ցեղասպանություն: Նույն օրը Պետդուման հայտարարություն ընդունեց և ցավակցություն հայտնեց «եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»։ Հետո իրեն ապահովագրեց՝ Եվրասիա մայր ցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության, խաղաղության և արարման օրինակ, նրանք «աջակցում են բոլոր ազգերի՝ պատմական հիշողության պահպանման ձգտումներին», միջազգային հարցերում կողմ են «փոխադարձ հարգանքին և երկխոսությանը, որոնք անհրաժեշտ պայմաններ են նախկին և ներկայիս հակամարտությունները լուծելու, կողմերին հաշտեցնելու համար»։ Կողմերին «հաշտեցնելու» համար Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և ապրիլի 22-ին Անկարայից կոչ արեց ստեղծել Առաջին աշխարհամարտի դեպքերն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով, երևի իրեն Էրդողանի տեղն էր դրել:
5. Այսքանից հետո Անկարան ընդվզեց ՌԴ նախագահի դեմ: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց. «Ռուսաստանի կողմից Կովկասում, Միջին Ասիայում և Արևելյան Եվրոպայում 100 տարում իրականացրած զանգվածային ջարդերը, աքսորները և գոլոդոմորի նման պատժիչ գործողություններով հատկապես սեփական պատմության ընթացքում թուրք և մուսուլման ժողովուրդների դեմ անմարդկային վերաբերմունքը աչքի տակ անցկացնելու ժամանակ Ռուսաստանը պետք է ամենալավը հասկանա՝ ինչ է ցեղասպանությունը»։ Անկարան կոշտ հակադարձեց և՛ Օբամային, և՛ Օլանդին, և՛ Գաուկին: Նրանք անգամ չպատասխանեցին: Իսկ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը շտապեց արդարանալ, որ պետք է կարդալ իր նախագահի ելույթի տեքստը: ՈՒ՝ ընդհանրապես՝ Պուտինի մասնակցությունն ապրիլի 24-ի միջոցառումներին չի կարող բացասական ընկալվել ու դժգոհության պատճառ դառնալ Անկարայում։ Պեսկովը բառացի չասաց, բայց պարզ էր, որ Պուտինը Երևան չգար, «հանձնում էր» Հայաստանը Արևմուտքին, որը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կոչ է անում ու դեռ հայտնի չէ, թե Հայաստանն այդ ճանապարհով ուր կհասնի, եթե մնա առանց «վերահսկողության»: Հարկավ՝ ռուսական: Ինքնիշխան Հայաստանը հակացուցված է ոչ միայն Մոսկվային, այլև Անկարային: ՈՒ դա շատ լավ գիտի Անկարան: Դիվանագիտական ցուցադրական ելույթներն ընդամենը սքողում են Ռուսաստան-Թուրքիա փոխըմբռնումը:
6. Մի քանի օրում մեր հարաբերությունները աշխարհի հետ ավելի ճիշտ կառուցելու բավարար հիմքեր ստացանք՝ հասկանալու՝ ովքեր են մեր բարեկամները, ովքեր են մեր հակառակորդների բարեկամները ռեալ քաղաքականության մեջ: Փաստը, որ ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը իրենց ներկայությունը Երևանում չզգացրին, վկայություն է, որ նրանք ԵԱՏՄ-ում սպասում են Ադրբեջանին, հետո նաև Թուրքիային: Նախագահական ընտրությունները Ղազախստանում պատճառ չէին պատվիրակություն չուղարկելու, ոչ էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար էր անհնար Թբիլիսիից Երևան գալ, բայց նա ապրիլյան այս օրերը ընտրել էր հակառուսական դեմարշի համար:
7. Փաստացի՝ մենք ստացանք ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ: Իսկ պահա՞նջը: Չասենք, թե դեռ չենք բացել համահայկական Հռչակագրի «թղթածրարը»: Մենք չենք սահմանել մեր պահանջատիրությունը նաև այն պատճառով, որ դեռ չենք պարզել՝ ինչի կարող ենք հավակնել: «Հայկական ցունամին» առայժմ միայն խտղտեց Թուրքիայի նուրբ լարերը, բայց վճռական ոչինչ չասաց հատուցման մասին: Անկարան պիտի հրճվանքով արձանագրի, որ միջազգային մակարդակով քննարկվում է իր անցյալը, բայց ոչ ներկան: Դա հավասար է հաղթանակի, գործնականում Թուրքիայի Հանրապետությունը չի կորցնում ոչինչ, ու մենք չենք ստանում ոչինչ, եթե, իհարկե, չենք շարունակելու Ավարայրից եկող ավանդույթը՝ գերակայությունը տալ բարոյական հաղթանակներին: Ժամանակն է մտածել հետագա քայլերի մասին, որոնք պետք չէ ի լուր աշխարհի բարձրաձայնել, բայց պարտադիր է անել: Անհրաժեշտ է վերագնահատում՝ սեփական արժեքների ու սեփական շահերի: Վերաիմաստավորում, որի հիմքում ոչ թե բառերն ու բանաձևերն են, այլ գործերը: Մենք շնորհակալ ու երախտագետ ենք, բայց պետք չէ խեղդվել շնորհակալ երախտագիտության մեջ, ի վերջո՝ ինչի՞ համար ենք այսքան հուզվել, որ ցեղասպանությունն անվանում են ¥կամ չանվանեցին¤ ցեղասպանությո՞ւն: Եթե գենոցիդը ոճիր է քաղաքակրթության ու մարդկության դեմ, քաղաքակրթությունն ու մարդկությունը պետք չէ միայնակ մարմնավորել՝ աշխարհն էլ պիտի հասկանա իր պատասխանատվությունը:
8. Հարևանների նկատմամբ քաղաքականության վերագնահատում է պետք: Իբրև դատապարտումների ռեալ արդյունք մենք պիտի ստանանք թուրք-ադրբեջանական տանդեմի փոխկապվածության թուլացում, Անկարան պիտի հասկանա, որ Բաքվի շահերը պաշտպանելով ոչ թե պահպանում է Բաքվի վրա ներգործությունը, այլ Բաքուն վաղուց սեփական խաղն է վարում՝ Անկարայի հովանու տակ, նաև Անկարային հակառակ: Համաեվրոպական քաղաքական ճնշումը պետք է կոնկրետ նպատակաուղղել այդ խնդրին, ածանցյալ արդյունքներով:
9. Բացահայտ է թուրք-ադրբեջանական քաղաքական ու տնտեսական ներխուժումը Վրաստան, որ մեզ համար միայն հարևան չէ: Եվրաինտեգրման գործընթացները Վրաստանում պետք է հանգեցնեն եվրաինտեգրման, ոչ թե թուրքաինտեգրման՝ կախյալության սկզբունքով: Սա ոչ միայն մեր, սա Արևմուտքի խնդիրն է:
10. Անկարան իր հակադարձումներում ի հայտ բերեց ժանգոտ զինանոց՝ ոչ մի նորություն ցեղասպանության ժխտողականության փաստարկներում: Հավելվեց շանտաժը՝ որ մեզ մեղադրում եք, ձեզ նայեք: Փաստացի՝ Անկարան ինքն է նախաձեռնում աշխարհի հետ հարաբերությունները փչացնելու գործընթացը, որից չօգտվելը մեղք է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Թուրքական «Հուրիեթին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան «Հայաստանը հողային պահանջ ունի՞ Թուրքիայից» հարցի՝ ասաց. «Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: …Եթե նկատել եք, Հայաստանի՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու կամ նման մտադրություններ ունենալու մասին հիմնականում խոսում են Թուրքիայում, ոչ թե Հայաստանում: Իսկ թե ինչու է այդպես, թողնենք յուրաքանչյուրիս հետևությանը»: Ընդունենք ի գիտություն: Բայց՝ միայն այսօրվա համար, կա կարգախոս՝ Remember and demand. Համահայկական կարգախոս, որ կարող է վերածվել համաշխարհայինի: