ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Վերսիա» թերթը և ուկրաինացի Վերեմեևը` Հայաստանի և Ռուսաստանի վարձու անվանարկիչներ

«Վերսիա» թերթը  և ուկրաինացի Վերեմեևը` Հայաստանի  և Ռուսաստանի  վարձու անվանարկիչներ
17.04.2015 | 00:06

Մարտին ռուսական «Վերսիա» թերթում հրապարակվեց Ռուսաստանում «բնակալած» ուկրաինացի Սերգեյ Վերեմեևի ձեռամբ հերյուրված «Սվաստիկայով կուռքերը» պատվիրված եղկելի հոդվածը։ Թե՛ սլավոնական ժողովուրդների, թե՛ ուղղափառ հավատացյալների շահերին դավաճանած անպատկառ գրչակի կողմից ինչպես իր բացահայտորեն պատվիրված խզբզանքի «դերակատարների», այնպես էլ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների հասցեին թափված ամբողջ նողկանքն ու մաղձը չենք վերաշարադրի, ցանկացողները այդ կեղտոտ անարգագիրը կարող են գտնել հետևյալ հղումով։ Թուրք-ադրբեջանական քաղաքական պատվիրակատար Վերեմեևը նոր երևույթ չէ. Հայաստանում վաղուց մի տեսակ «սովորել են», որ մեր թշնամին միշտ էլ կարողանում է Ռուսաստանում գտնել էժան գրչակներ, որոնք պատրաստ են համեստ վճարով սևացնելու, կեղծելու պատմությունը։ Առավել վրդովեցուցիչ է այն, որ ուկրաինացին, փոխանակ գրելու Դոնբասում ուղղափառների նկատմամբ գազանություններ գործադրող «Դնեպր-1» կամ «Այդար» կամ «Ազով» կոչվող «մասնավոր» գումարտակների շարքերում կռվող իրենց հայրենակիցների սաղավարտների ու թևքերի վրայի «շուռ տված» սվաստիկաների մասին, վերցնում ու հայ ժողովրդի ողբերգության հետ կապված մի հերյուրանք է հեղինակում։
Եվ այսպես, թուրք-ադրբեջանական ֆաշիզմի հավատարիմ ծառա Վերեմեևը չի գրում ՈՒկրաինայում հիտլերյան Գերմանիայի բացահայտ մանկլավիկների, անգամ հենց ուկրաինական ժողովրդի անեծքին արժանացած Բանդերայի և Շուխևիչի պաշտամունքի լեգալացման մասին։ Նա գրում է (վրդովմունքով) այն մասին, որ երկու տարի առաջ (2013 թ.) Մոսկվայում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել հայ ազգի լեգենդար հերոս Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանին (Նժդեհին) նվիրված համատեղ հայ-ռուսական ֆիլմի շնորհանդեսը։ Վերեմեևը նաև դժգոհում է, որ ռուսական «Լիտերատուրնայա գազետա» թերթը 2014 թ. հրապարակել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հարցազրույցը, որտեղ մեր դիվանագետը հիշատակել է Նժդեհին և նրա հայտնի ասույթներից մեկը։ Նախ, հարց է առաջանում, ինչո՞ւ է այդքան «խղճմիտ» Վերեմեևը այդքան երկար «սպասել» և հիմա է իր բողոքը հայտնում Նժդեհի անվան նկատմամբ Ռուսաստանի նոր վերաբերմունքի դեմ։ Թող արձագանքեր 2013-ին, դե գոնե 2014-ի դեկտեմբերին։ Չէ՜, ո՞նց կլինի։ Թուրքերն ու ադրբեջանցիներն այդ ժամանակ դեռ փողը չէին տվել։ Իսկ հիմա ուրիշ է, հիմա նաև հանրահայտ արշավ է ընթանում Հայաստանում և աշխարհի այլ երկրներում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք սգո միջոցառումները սևացնելու նպատակով։ Այնպես որ, ուկրաինացի Վերեմեևը իր կեղտոտ գրվածքով հենց Հայոց ցեղասպանության մասին բուն հիշատակման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների ագիտացիոն-հակաքարոզչական համատեղ ջանքերի մասն է։ Գիտե՞, արդյոք, «Վերսիա» թերթի ղեկավարությունը, որ իր «հովանու ներքո աշխատում է» ծախու մի գրչակ և ոչ թե ազնիվ լրագրող։
Որպեսզի ոչ ոքի մեջ կասկած չմնա, որ ասածս զուտ ճշմարտություն է, ինչպես նաև որպեսզի ոչ ոք ո՛չ բուն Ռուսաստանում, ո՛չ էլ Հայաստանում ՌԴ դեսպանությունում մտքով չանցկացնի վրդովվել և ինձ մեղադրել կանխակալության և Նժդեհին «արդարացնելու» փորձի մեջ, ասեմ, նախ, հետևյալը։ Առաջին տարին չէ, որ առիթ եմ ունենում բուռն բանավեճերի մեջ մտնելու նաև Ռուսաստանի ներկայացուցիչների, այդ թվում` ռուսական անձնագրերով հայերի հետ։ Նրանցից ոմանց հետ նույնիսկ անցել ենք չոր պաշտոնական հարաբերությունների, որովհետև մարդիկ համառորեն չեն ուզում որևէ բան իմանալ ու հասկանալ։ Այնպես որ, ամեն տեսակի «վերեմեևների» դեմն առնելը ինձ համար նորություն չէ։ Երկրորդ, ահա իմ ճշմարտացիության ապացույցների հիմքը. «Վերսիայի» Վերեմեևը Նժդեհի մասին իր պատմությունը սկսում է... «ադրբեջանցիների դեմ» նրա պատերազմից` Սպարապետին մեղադրելով «արյունալի էթնիկ զտումներ» կատարելու մեջ։ Իսկ ինչու այդքան «քննախույզ Վերեմեևը չի խորացել` իմանալու, որ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանում կային սահմանադրորեն երաշխավորված պատգամավորական տեղեր մուսուլմանների համար, չէ՞ որ այն տարիներին Անդրկովկասում պանթյուրքիզմի կրտսեր մեղսակիցներին «ադրբեջանցիներ» չէին կոչում, այլ` կա՛մ մուսուլմաններ, կա՛մ կովկասյան թաթարներ։ Թե ում դեմ էին մղվում պատերազմական գործողությունները, նույնպես հայտնի է` մուսավաթական և քրդական զինված ավազակախմբերի դեմ, որոնք տեռորի էին ենթարկում, թալանում ու սպանում էին ոչ մուսուլման բնակչությանը։ Այնուհետև պան Վերեմեևը անմիջապես «ընդհատում է» պատմական ժամանակագրությունը և, այնպես, թեթև ցատկերով թռչում է մեկ 1921 թվական, մեկ 1933, ընդ որում, Նժդեհին «հանդիմանում է» այն բանի համար, որ նա փորձել է սպանել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին։ Ապա Վերեմեևի պատմությունն արդեն, փաստորեն, ոչ թե Նժդեհի մասին է, այլ Դրաստամատ Կանայանի (Դրո) և «հայկական լեգեոնի» մասին։ Ընդ որում, պան Վերեմեևի համար «աղբյուր» է ծառայում... է՛լ ավելի հակահայ, «ներկայումս հանգուցյալ ադրբեջանցի պատմաբան Ռովշան Մուստաֆաևի» գարշահոտ շարադրանքը։
Ի՞նչ է, ուրիշ աղբյուր, ուրիշ սկզբնաղբյուր այլևս չկա՞ր, «Վերսիայի» պարոնայք, պան Վերեմեև։ Դե, ուրեմն, մենք կլրացնենք ձեր վակուումը, ստահակների նողկալի մեղսակիցներ, որ փորձում եք Թուրքիայում և Անդրկովկասում Հայոց ցեղասպանության բուն խնդրի վարկաբեկման ծրագիր իրագործել։ Բայց... սրտանց խղճում եմ գաճաճ Վերեմեևին։ Էս ոչնչությանը նայեք. հաստատ սրան ավելի քիչ են վճարել, քան, ասենք, Շվեդիայից ընտրված եվրախորհրդարանական Յորան Լինդբլադին (ԵԽԽՎ նախկին փոխնախագահ), որը 2013 թ., երևի նեղանալով «վճարումների» դադարեցման պատճառով, ինքը խոստովանեց. Բաքուն իրեն վարձել էր ԵԽԽՎ-ում և մյուս եվրոպական կառույցներում պաշտպանելու Ադրբեջանի շահերը, և ինքը լոբբիստ էր դարձել «Ադրբեջանի եվրոպական ընկերությունում» (TEAS), որը սերտ կապեր ունի Ապշերոնի վարչակազմի հետ։ Կազմակերպությունից ստացած փողերը նա ներդրել էր իր ստոմատոլոգիական աշխատանքում։ Մեզ չե՞ք հավատում։ Գտեք շվեդական ազգային «Expressen» իրիկնային թերթի 2012 թ. մայիսի համարները, համոզվեք ինքներդ։ Ընդ որում, Շվեդիայում, երբ ամեն ինչ ջրի երես ելավ, աղմուկ բարձրացավ, և «TEAS»-ի հետ Լինդբլադի կապերը կոշտ քննադատվեցին։ Այսպես, Շվեդիայի Եվրամիության գործերի նախարար Բիրգիտտա Օլսոնը հայտարարեց, որ Ադրբեջանը մի բռնապետություն է, ուր այլախոհ բլոգերները, անկախ լրագրողներն ու ԼԳԲՏ-ընկերակցության ակտիվիստները հալածվում ու ձերբակալվում են, և դատապարտեց ադրբեջանական վարչակազմի հետ Շվեդիայի խորհրդարանի նախկին անդամի ունեցած կապերի փաստը։ «Եթե Լինդբլադն աշխատում է այդ վարչակազմի օգտին, ապա դա լուրջ խնդիր է, որովհետև դա դեմ է մեր հիմնարար արժեքներին»,- հայտարարեց պահպանողականների կուսակցության առաջնորդ Աննա Քինբերգ Բատրան։ Լինդբլադին քննադատեց նաև սենատոր Վալտեր Մուտտը, ադրբեջանական վարչակազմի հետ Լինդբլադի կապի փաստը անվանելով «զզվելի և ահավոր» երևույթ։ Իսկ Շվեդիայի ձախ կուսակցության մամուլի քարտուղար Հանս Լինդեն Լինդբլադի աշխատանքի մեթոդն անվանեց բացարձակապես անընդունելի։ Եվ ուրեմն, աղմուկ կլինի՞, արդյոք, գոնե «Վերսիա» թերթի խմբագրության ներսում ուկրաինացի պան Վերեմեևի նույնպիսի ամոթալի դերի կապակցությամբ։ Տեսնենք։
Իսկ հիմա մի քիչ Նժդեհի ու Դրոյի մասին։ Անկողմնակալ։ Ո՞վ է Նժդեհը։ 1912 թ. սեպտեմբերի 23-ին, Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ, նա կամավոր մտավ բուլղարական բանակի շարքերը։ Որպես պահեստի բուլղարական սպայի, նրան հանձնարարվեց հայ կամավորական վաշտ ձևավորել։ Անդրանիկի հետ հավաքագրեց և գլխավորեց 229 (հետագայում 271/273) մարդուց բաղկացած մի վաշտ։ 1912 թ. հոկտեմբերի 20-ին Նժդեհը նշանակվում է հայկական 2-րդ վաշտի հրամանատար։ Նոյեմբերի սկզբին կռվում է ՈՒզուն-Համիդիրում։ 1912-ի նոյեմբերին Մերհամլի գյուղի մոտ, Բելոմորիեի Մարիցա գետի ափին, բուլղարական 3-րդ բրիգադի կազմում Նժդեհն իր վաշտով մասնակցեց գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը, որի համար ստացավ բուլղարական (այդ թվում` «Խիզախության համար» IV աստիճանի բուլղարական խաչ) և հունական պարգևներ և «Բալկանյան ժողովուրդների հերոսի» կոչում։ Պատերազմի ընթացքում 1913 թ. հունիսի 18-ին Նժդեհը վիրավորվեց։ ՈՒղղակի տականք պետք է լինել` չհասկանալու համար, թե ինչու էին Բալկանների ժողովուրդներն ու հայերը ատում օսմանյան Թուրքիային, ինչու էին նրանց որդիք պատրաստ զենքը ձեռքներին խփելու թշնամուն։ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդն իրենք հիանալի գիտեն, թե իրենք ինչի համար են այդքան ռուս-թուրքական պատերազմներ մղել և ում են ազատագրել։ Հասկանալի է, որ պան Վերեմեևի առջև խնդիր դրված չի եղել պատմելու ճշմարտությունն այն մասին, թե ինչու են առհասարակ հայ և ռուս կինեմատոգրաֆիստները որոշել նկարահանել Նժդեհին նվիրված ֆիլմ-պատմությունը։ Կարծում եմ, որ նրա` իբրև ուկրաինական նացիոնալիստի առջև խնդիր է դրված եղել նաև ուշադրությունը շեղել Նժդեհի վրա և այս կերպ «լղոզել» այն բացասականությունը, որին հանդիպում են Կիևի փորձերը` հետին թվով արդարացնելու և պարզերես դարձնելու բանդերաներին ու շուխևիչներին։ Դե ինչ, ուկրոնացիստներ, դուք ձեր ձեռքի տակ հլու-հնազանդ ծառայող բակապահ թազի ունեք «Վերսիայի» խմբագրությունում։ Բայց, ներեցեք, սա այն դեպքը չէ, պան Վերեմեևը «սխալ հաշիվ է արել»։
Հետո։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նախկին ուսանողը, որ 1904 թ. այնտեղից հեռանում է Թուրքիայի դեմ ուղղված ազգային ազատագրական պայքարին մասնակցելու համար, Երկրորդ հայրենական մեծ պատերազմը սկսվելուն պես Թիֆլիսում կամավոր դառնում է ռուսական բանակի զինծառայող։ Ինչու Երկրորդ հայրենական մեծ պատերա՞զմ։ Որովհետև մինչև 1917 թ. ռուսական պատմագրության մեջ 1-ին համաշխարհայինն էլ էր Մեծ հայրենական կոչվում։ Պատերազմի առաջին փուլում ռուսական բանակի կազմում գործող հայկական 2-րդ կամավորական գնդի հրամանատարի տեղակալն էր (հրամանատարը Դրոն էր), այնուհետև դարձավ հայ-եզդիական առանձին զորամասի հրամանատարը։ Բացի այդ, Նժդեհը հրամանատարի տեղակալի պաշտոնում կռվել է նաև Արարատյան դրուժինայի և հայկական 1-ին գնդի կազմում։ 1915 թ. մայիսից մինչև 1916 թ. հուլիսի 25-ը Նժդեհը մասնակցել է Արևմտյան Հայաստանի ազատագրման մարտերին, ինչի համար պարգևատրվել է Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի, Սբ. Աննայի 4-րդ աստիճանի շքանշաններով և Գեորգիևյան 3-րդ և 2-րդ աստիճանների խաչերով։ 1915 թ. հուլիսին ստացել է պորուչիկի աստիճան։ 1917 թ. մայիսից Նժդեհը Ալեքսանդրապոլի քաղաքային կոմիսարն էր։ Հայտնի՞ է, արդյոք, պան Վերեմեևին, «Վերսիայի» խմբագրությանը, թե ինչի համար էր ցարական հրամանատարությունը իր սպաներին պարգևատրում Գեորգիևյան խաչերով, Սբ. Վլադիմիրի ու Սբ. Աննայի շքանշաններով։ Հարկ կա՞, արդյոք, լրացուցիչ բացատրելու, թե ինչ պարտք էին այն պատերազմում կատարում ռուսական բանակի հայ սպաները, բացի Հավատին, Ցարին ու Հայրենիքին ծառայելուց։ Բացատրենք, սակայն. ոչնչացնելու թուրք գարշանքը, որը Հայոց ցեղասպանություն էր իրականացնում Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում...
1918 թ. մայիսին Նժդեհը մարտով աջակցում է Կարսի մարզից նահանջող հայկական զորքին, միաժամանակ նրան հաջողվում է Անիից դուրս բերել պրոֆեսոր Ն. Մառի պեղումների նյութերը։ 1918 թ. դեկտեմբերին Նժդեհը ճնշում է թուրքերի ապստամբությունը Վեդիում։ 1919 թ. նա ծառայում էր արդեն հայկական բանակում, մասնակցելով տարբեր ճակատամարտերի։ 1919-ի օգոստոսին Հայաստանի ռազմական նախարարը N3 հրամանով Նժդեհին շնորհում է կապիտանի աստիճան։ Դուք հասկացա՞ք, «Վերսիայի» պարոնայք և անձամբ պան Վերեմեև։ Թեկուզ և անգթորեն, ճնշվեցին տեղաբնակ թուրքերի զինված ելույթները, որոնք 1918-ին թիկունքից խփում էին ռուսներին և 1919-ին փորձում էին օգնել Հայաստանի վրա հարձակվող օսմանյան զորքերին։ Համոզված եմ, Նժդեհի և նրա ստորաբաժանումների գործողությունները լիովին արդարացված էին և համապատասխանում էին մեր երկրի բնակչությանը, մեր պետականությանը սպառնացող վտանգի աստիճանին։ Եվ ոչ մի ռուս կամ ուկրաինացի իրավունք չունի դրա համար որևէ դատապարտող խոսք ասելու։ Ներեցեք, գերմանա-ֆաշիստական օկուպանտների գլուխն էլ ոչ ոք չէր շոյում, ինչպես հայտնի է բոլորիս։ Հետո։ 1919 թ. սեպտեմբերի 4-ին Նժդեհին իր ջոկատով ուղարկեցին Զանգեզուր (Սյունիքի մարզ)։ Հոկտեմբերին 33-ամյա Նժդեհը նշանակվեց Զանգեզուրի հարավ-արևելյան ռազմաճակատի հրամանատար, հյուսիսային շրջանի` Սիսիանի պաշտպանությունը ղեկավարում էր Պողոս Տեր-Դավթյանը։ Նժդեհի սեփական արտահայտությամբ` «Ապա ես ինձ նվիրաբերեցի Կապանի ու Արևիկի վտանգի ենթակա հայերի ֆիզիկական պաշտպանության գործին, հետ մղելով Ադրբեջանի մուսավաթականների և թուրքական Նուրի և Խալիլ փաշաների պարբերական հարձակումները»։ 1919 թ. դեկտեմբերին Նժդեհը Գեղվաձորում ճնշում է թյուրքաբնակ 32 գյուղերի դիմադրությունը, որոնք չարիք էին դարձել Կապանի և մերձակա շրջանների գլխին։ Մուսավաթականների հարձակումը հայկական կողմը կասեցրեց նոյեմբերի սկզբին` Գորիսի մոտ։ 1920 թ. գարնանը Հայաստանի կառավարությունը Նժդեհին շնորհում է գնդապետի զինվորական աստիճան։ 1920 թ. մարտին հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվեց վիճելի (այն ժամանակ այդպես էին հորջորջվում Զանգեզուրը, Արցախը, Նախիջևանը) մարզերի ամբողջ երկայնքով։ Ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակը գրավեց Բաքուն, և այնտեղ սովետական իշխանություն հռչակվեց, հուլիսի սկզբին 11-րդ Կարմիր բանակը ներխուժեց Զանգեզուր և ամսի կեսերին նրա և հայկական ուժերի միջև մարտեր սկսվեցին։ 1920 թ. օգոստոսի 10-ին համաձայնագիր կնքվեց Սովետական Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև, համաձայն որի, վիճելի մարզերը զբաղեցվեցին Կարմիր բանակի կողմից։ Երկյուղելով, որ դրանից հետո Զանգեզուրը կարող է անցնել, այսպես կոչված, «Սովետական Ադրբեջանի» վերահսկողության տակ, Նժդեհը չճանաչեց այդ համաձայնագիրը և հրաժարվեց հեռանալ Զանգեզուրից (ի տարբերություն Դրոյի, որը հրամանատարն էր Զանգեզուրում)։
Սեպտեմբերի սկզբին կարմիրները գրավեցին Կապանը, իսկ Նժդեհն իր ջոկատով քաշվեց Խուստուփի լեռներ (Մեղրիի մոտ, հին Արևիկ), որտեղ ամրացավ, օգտվելով անմատչելի տեղանքից։ Վիճակը ծանր էր, Նժդեհը մի քանի կոչ տարածեց` կապանցիներին մեղադրելով դավաճանության մեջ։ Սակայն 1920 թ. հոկտեմբերի սկզբին Զանգեզուրում զանգվածային ապստամբություն բարձրացավ սովետական իշխանության դեմ, որը Նժդեհն անմիջապես գլխավորեց (Տեր-Դավթյանի հետ, իսկ նրա զոհվելուց հետո` միանձնյա)։ Նոյեմբերի 21-ին 11-րդ Կարմիր բանակի երկու բրիգադ և նրա հետ դաշն կնքած թուրքական մի քանի գումարտակներ (ընդամենը 1200 թուրք) ջախջախվեցին ապստամբների կողմից։ 1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում տեղի ունեցած համագումարը «Սյունիքի Ինքնավար Հանրապետություն» հռչակեց (խորհրդարանական ժողովրդավարական հանրապետություն էր), որը, փաստորեն, գլխավորեց Նժդեհը, ընդունելով Սպարապետի հին հայկական տիտղոսը։ «Սովետական Հայաստանի» ղեկավարությունը գլխագին հայտարարեց «զանգեզուրյան հակահեղափոխության ղեկավար», «ավանտյուրիստ Նժդեհի» համար։ Հայաստանում տեղի ունեցած Փետրվարյան ապստամբությունը իր վրա ձգեց կարմիրների ուժերը, որոշ ժամանակով շնչելու հնարավորություն տալով Զանգեզուրին. գարնանը` Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո, ապստամբների ուժերը նահանջեցին Զանգեզուր։ Այդ ժամանակ արդեն Նժդեհն իր իշխանությունը տարածել էր նաև Լեռնային Ղարաբաղի մի մասի վրա, միանալով այնտեղ գործող հայ ապստամբների հետ։ 1921 թ. ապրիլի 26-ին Տաթևի 2-րդ համագումարում, որի աշխատանքին մասնակցում էին գյուղերի 95 պատվիրակներ, հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետությունը, իսկ Նժդեհը գլխավորեց այն որպես վարչապետ, ռազմական նախարար և արտաքին գործոց նախարար։
1921 թ. հունիսի 1-ին «Հայրենիքի ազատագրության կոմիտեի» և Լեռնահայաստանի Հանրապետության Գորիսում կայացած համատեղ նիստում Լեռնահայաստանի Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն իբրև Առաջին Հանրապետության շարունակություն. նրա վարչապետ նշանակվեց վերջինիս վարչապետ Սիմոն Վրացյանը, իսկ Նժդեհը նշանակվեց ռազմական նախարար։ Իր իսկ Նժդեհի վկայությամբ, այն օրերի միակ սխալը Լեռնահայաստանը Հայաստան հայտարարելն էր, ինչը կատարվել է հակառակ իր կամքի։ 1921 թ. հուլիսին մամուլում Սյունիքը Հայաստանի կազմի մեջ թողնելու մասին Հայաստանի հեղափոխական կոմիտեի որոշման պաշտոնական հրապարակումից և Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու վերաբերյալ Սովետական Հայաստանի ղեկավարության երաշխիքները ստանալուց հետո, Նժդեհը իր զինակիցների հետ Արաքս գետով անցավ Իրան... Այդ հիրավի հերոսական ժամանակաշրջանը ուներ մեկ դրդապատճառ, դա հայկական հողերի ապօրինի հանձնումն էր արհեստականորեն նոր ստեղծված «Ադրբեջանին»։ Եվ այն, որ 20-րդ դարի վերջին հայ ժողովուրդը նորից ստիպված էր զենք վերցնել պաշտպանելու Արցախի հայերի կյանքն ու անվտանգությունը, որ Նախիջևանն այսօր լիովին հայաթափված է, հետևանք է այն բանի, որ 20-րդ դարի 20-ական թվականներին ինչ-որ մարդիկ քեմալականների, մուսավաթականների և այլոց դրոշների ներքո «սովետականացրին» Հայաստանը։
Ծանոթ չլինելով Նժդեհի կյանքի ու պայքարի մանրամասներին, ի՞նչ իրավունք ունեն ուկրաինացի «վերեմեևներն» ինչ-որ բան բարբաջելու։ Ի դեպ, կարող էին նաև Դրոյի մասին կարդալ, հետաքրքրական շա՜տ բան կիմանային։ Գիտե՞ն, արդյոք, ուկրաինացի ժամանակակից տխմարները, որ Դրաստամատ Կանայանը ևս ռուսական բանակի սպա է։ 1914-ի նոյեմբերին նշանակվել է ռուսական բանակի կազմում գործող Հայկական երկրորդ կամավորական ջոկատի հրամանատար։ Մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի մարտերին։ Վանի ճակատամարտի համար նշվել է բարձրագույն հրամանատարության կողմից։ 1917 թ. վերջին նշանակվել է հայկական կորպուսի կոմիսար։ Իսկ Հայաստանի «սովետականացումից» հետո նա դարձավ... մեկը նրանցից, ովքեր ընդունեցին սովետական իշխանությունը։ ՌՍՖՍՌ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագրով, որով Հայաստանը հռչակվել էր անկախ սոցիալիստական հանրապետություն, Դրոն ընդգրկվեց (ձախ դաշնակցականների խմբի կողմից) Հայաստանի ժամանակավոր Հեղկոմի կազմ։ Սակայն 1920 թ. սկզբներին Երևան եկած Հայաստանի «մոսկովյան-բաքվական» Հեղկոմը չհամաձայնեց այդ որոշմանը, և Դրոն չհաստատվեց Հեղկոմի անդամ։ Այդուամենայնիվ, մինչև 1921 թ. հունվարի սկիզբը կատարեց Սովետական Հայաստանի զորքերի հրամանատարի պարտականությունները։ 1921 թ. փետրվարին մասնակցեց սովետական իշխանության դեմ բարձրացված ապստամբությանը, որի ճնշումից հետո հեռացավ արտասահման։
Կցանկանայի՞ն, արդյոք, պան Վերեմեևը «Վերսիայից» և այլ «վերեմեևներ», որոնց վարձել են թուրքերն ու ադրբեջանցիները, իմանալ, թե ինչու է Սովետական Հայաստանի զորքերի գլխավոր հրամանատարը մասնակցել բոլշևիկների դեմ ուղղված ապստամբությանը։ Որովհետև դժվար է համաձայնել, երբ թուրքերի հետ եկած հայ բոլշևիկները բառացիորեն կացիններով կոտորում են քո մարտական ընկերներին։ Որովհետև դժվար է համաձայնել այն բանի հետ, որ որպես «ժողովրդի թշնամիների» կամ «պրոլետարիատի թշնամիների» հազարներով ձերբակալում և գնդակահարում են մարդկանց, որոնց անձնուրաց հերոսության շնորհիվ Հայաստանն առհասարակ պահպանվեց... Համենայն դեպս, ժամանակակից սերունդները չէ, որ պիտի դատեն նրանց, ովքեր Նժդեհի նման, չեն ընդունել «սովետական իշխանությունն» ու կռվել են նրա դեմ, կամ, Դրոյի նման, սկզբում ընդունել են, բայց հետո չեն ցանկացել մեղսակից լինել ժողովրդի դեմ սովետական իշխանության, գործած հանցանքներին։ Ներեցեք, թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքից լափ խփշտողներ, լինեք Մոսկվայում, թե Մոսկվայից դուրս, Նժդեհն ու Դրոն 1912-1921 թթ. կռվել ու պաշտպանել են իրենց ժողովրդին և ոչ թե օսմանցիներին կամ կովկասյան թաթարներին։ Եվ 100 տոկոսով եղել են Աստծո կամքի ուղեցույցներ, քանի որ զինվորական այրի համար չկա ավելի սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունն է, ցեղասպանությունից հայրենի ժողովրդի պաշտպանությունը։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ