Ապրիլի 16-ին իր քառաժամ ուղիղ գծից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Նրան հարցրին Մերձավոր Արևելքի մասին, մասնավորապես՝ քրիստոնյաների վիճակի ու բանավեճի մասին, որ ծագել է Հռոմի պապի ու Թուրքիայի միջև:
-Ես չեմ ուզում խառնվել պապի ու Թուրքիայի բանավեճին: Ես կարծում եմ, որ պապն աշխարհում այնքան մեծ հեղինակություն ունի, որ միջոց կգտնի բացատրվելու մեր մոլորակի բոլոր մարդկանց հետ՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Նա անկեղծ մարդ է և լավ գիտի նյութը, ինչի մասին խոսում է: Ես չեմ հասկանում՝ ինչի մասին է հիմա խոսքը, պարզապես չեմ տեսել վերջին հայտարարությունները: Բայց վստահ եմ, որ Թուրքիայում էլ կան խելացի և բավականաչափ ճկուն մարդիկ, որպեսզի հարցը լուծեն և, եթե պրոբլեմներ են ծագում, վերացնեն: Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին և քրիստոնյաներին, վիճակն ահավոր է: Մենք բազմիցս նշել ենք և կարծում ենք, որ միջազգային հանրությունը բավարար չի պաշտպանում Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությանը: ՈՒշադրություն դարձրեք, որ Մերձավոր Արևելքը քրիստոնեության հայրենիքն է ու քրիստոնյաներն այնտեղ ապրել են հազարավոր տարիներ: Ցավալի է, որ հիմա միջազգային հանրությունը չի կարողանում պաշտպանել մարդկանց, ովքեր իրենց պաշտպանության կարիքն ունեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՌԴ նախագահը, թերևս, այնքան էլ անկեղծ չէ, նա, ամենայն հավանականությամբ, կարդացել է պապի քարոզը, այլապես մեկ այլ հարցի պատասխանելիս չէր շեշտի, որ չի կարելի նույն հարթության մեջ դնել նացիզմն ու ստալինիզմը: