ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քոչարյան & Տեր-Պետրոսյան

Քոչարյան & Տեր-Պետրոսյան
10.04.2015 | 01:16

Հետաքրքիր օրինաչափությամբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` ցեղասպանության հռչակագրին անդրադառնալուց, «սեփական» հռչակագրի «հռչակումից» հետո, խնդրո առնչությամբ իր ուրույն «հռչակումներով» հանդես եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Չանդրադառնանք Ռ. Քոչարյանի ամբողջական հարցազրույցին, այնտեղ «տեսարժան» ոչինչ չկար (բացի տողատակերում թաքնված իր ձեռքբերումների մասին հավերժ հիշատակումներից), փորձենք պատասխանել հարցին` ինչո՞ւ նա (իրենից առաջ էլ՝ Տեր-Պետրոսյանը) հարկ համարեց «երևալ» հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին` մտային դաշտում փորձելով անել այն, ինչ ցանկանում էր ապրիլի 24-ին անել «Հիմնադիր խորհրդարանը»` պառակտել հայոց մեջ այդ օրվա խորհրդով կայացող միասնականությունը քաղաքական դաշտում:
Շատ պարզ: Հայաստանն առաջիկայում կհայտնվի ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Ճակատագրորեն այնպես է ստացվել, որ Հայաստանի անկախության քսանամյակը, Եղեռնի 100-րդ տարելիցը նշվում են Սերժ Սարգսյանի օրոք: Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը յուրովսանն չեն ցանկանում, չեն ուզում այդպես լինի: Նրանց ենթագիտակցություններն ահավոր ընդվզում են դրա դեմ: Նաև` չեն ուզում անտեսված լինել այդ պատմական օրը:
Ինչն անչափ «հասկանալի» է: Անհասկանալին կեցվածքն է, որով նրանք փորձում են «ներխառնվել», ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանը` «սոֆիացվել-ներծծվել» ցեղասպանության խնդրի մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանն իր պես` շամանա-նեյրալինգվիստա-խառնակչությամբ` զբաղված է արդեն իսկ ընդունված Հռչակագրի սրբագրմամբ, քննություն չբռնող թեզերի արծարծմամբ։ Ասել է` իր «գործն» անում է թուղթ ու գրի տարածքում: Իսկ Քոչարյանը գործառնական նշանակետին է խփում` կրակել սիրողի իր անհողդողդությամբ «ավետելով», որ հայ-թուրքական հարաբերություները շա՜տ վատացան, երբ ինքն իշխանությունից «գնաց մեն-մենակ»:
Նախ, ամենևին այդպես չէ. կարելի է հազարավոր փաստեր բերել այդ ամենի առնչությամբ, բայց «մենք չենք հավաքվել դրա մասին խոսելու»: Այլ արձանագրելու, թե ինչու, այնուհանդերձ, երկու նախագահների խոսքում «մեծի», հայրենիքի զգացողություն ունեցողի (եթե անգամ օրվա իշխանությունը սխալ է, շա՜տ սխալ), հոր, հանց Հրանտը կասեր` «տիրոջ» զգացողության խոր դեֆիցիտ կա:
Ցավալիորեն, խոսելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, նրանք իրականում, ենթագիտակցական շերտում, տողատակում խոսում են իրենց, իրենց «օբիժնիկ» լինելու, օրվա իշխանությանն ատելու մասին… ու սա, եթե` անկեղծ, շատ ավելի վատ է, քան ցանկացած և իրական… ցեղասպանություն, որովհետև վերջիններս իրական աշխարհում առարկայանում են, երբ առկա են եղել մարդկանց մտքում` նույն այն հանգույն, որ «ի սկզբանե էր բանը, և բանը մարմին է առնում»:
Եվ եթե սա Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, որովհետև ինչպես ինքն է մի անգամ ասել Տեր-Պետրոսյանին` չգիտի «Հայր մերը» (զի «ալբանացի» է), Տեր-Պետրոսյանը, որն Աստվածաշունչ է աշխարհաբարացրել ու միստիկայից հասկանում է նույնքան, որքան շամանա-նեյրո-գործընթացներից, հաստատ, հասկանում է:
ՈՒ սա հայոց ցավ է, որ միշտ մեզ հետ է եղել բոլոր դարերում: Քանզի հայոց իշխանական հատակներում միշտ էլ «այդպես»` կենտրոնախույս է եղել ամեն բան: Ինչն էլ պետության կորստի ու ոտատակ լինելու նախահիմք է դարձել դարերի մեջ։
Մնում է երազել, հավատալ, որ գոնե օրվա իշխանությունը, որին ճակատագրորեն տրվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու պատասխանատվությունը, վեր կկանգնի ինքն իրենից, հայոց հատակում անվերջ խլրտացող «փոքրությունից» ու ցեղասպանության բոլոր կարևոր միջոցառումներին կհրավիրի երկու նախագահներին էլ` փորձելով այդ օրը կամուրջ դարձնել դարերի ընթացքում չհաղթահարված ընդերքների և վերևում եղող հիշատակների միջև:
Գոնե մեկ օրով: Գոնե այդ չափով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ