ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ադրբեջան. ԱՄՆ-ի «կոլեկտիվ լրտե՞ս», թե՞ պլանավորված զոհ

Ադրբեջան. ԱՄՆ-ի «կոլեկտիվ լրտե՞ս», թե՞ պլանավորված զոհ
10.04.2015 | 00:40

Հարավային Կովկասի ընթացիկ ռազմավարական պահը տարօրինակ է, ավելին` հակասական է։ Շատերը գիտեն, բայց լռում են և չեն մեկնաբանում այն փաստը, որ ԱՄՆ-ը Վրաստանին, օրինակ, պարտադրել է ինչ-որ «սիրիական ընդդիմության» և այլոց անունից հանդես եկող, «մեղմ» ասած, «ամերիկյան իսլամական արմատականների» անդրկովկասյան «պատժավայրի» և ուսումնավարժական կենտրոնի դեր։ Իսկ նորերս էլ հաստատ շատերը լսած կամ կարդացած կլինեն մարտի վերջին, ամերիկա-ադրբեջանական առևտրական պալատում ընդունելության ժամանակ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռոբերտ Սեկուտայի հայտարարությունների մասին, բայց վերստին քար լռություն, ոչ մի մեկնաբանություն։

Հակիրճ ասեմ. ԱՄՆ-ի` ծագումով լեհ դեսպանը հայտարարել է «բաց երկնքի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի» («Open Skies Agreement») պատրաստման շուրջ ամերիկա-ադրբեջանական բանակցություններ սկսելու մասին։ Այնուհետև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը «զորեղ գործընկերներ են Եվրոպայի էներգամատակարարման բազմազանեցման ջանքերում»։ «Հարավկովկասյան խողովակաշարի ընդլայնումը և Անդրադրիատիկ գծի կառուցումը կեզրափակի գազի հարավային միջանցքի նախագիծը, ինչպես նաև կապահովի կասպյան գազի մատակարարումը Արևմտյան Եվրոպային, դրանով ապահովելով Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանի հետ համագործակցության մի ուղղությունն էլ այն է, որ Ադրբեջանին օգնություն ցուցաբերվի բազմաճյուղ դարձնելու իր տնտեսությունը, վերածվելու տարածաշրջանային փոխադրական և տեղեկատվական կենտրոնի»,- հայտարարել է դիվանագիտական աստիճան ունեցող ամերիկացի լեհը։ Հասկանալու համար, թե ամերիկացիներն ինչու են ուզում Ադրբեջանի տարածքը դարձնել մի ինչ-որ «տարածաշրջանային փոխադրական և տեղեկատվական կենտրոն», ուղղակի բավական է ժամանակագրական հետևողականությամբ հիշել այն տարածաշրջանները, ուր ԱՄՆ-ը, սկսած 2001 թվականից, տեղային կամ տարածաշրջանային պատերազմներ և այլ արյունահեղ զինված հակամարտություններ է բորբոքել։ Նաև անպայման հիշել, թե, օրինակ, անցյալ տարի ինչ է ասել ամերիկացի վերլուծաբան և վիճակագիր դոկտոր Ջիմ ՈՒիլլին, մեկնաբանելով ամերիկա-ռուսական հարաբերությունների կտրուկ վատացումը. «Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները։ Դրա համար «բանկային վերին շրջանակներն» ուզում են մեջտեղից հանել Պուտինին և Ռուսաստանին պատին սեղմել»։
Անհուսալի և անշնորհակալ գործ է փորձել պարզել, թե Ռուսաստանի այսօրվա նախագահը ինչ հարաբերություններով է կապված եղել, կամ չի եղել, Ռոտշիլդների ճյուղավորված բանկիրական ընտանիքի հետ։ Իսկ ահա պարզել, թե այդ ի՞նչ «աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիներ» են, թերևս, անհրաժեշտ է։ Չէ՞ որ մի հինգ տարի առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երդում ուտելով խոստանում էր մինչև 2014 թ. վերջը լիովին դուրս բերել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զորքերը։ Հիմա, իհարկե, Սպիտակ տունն այնքան էլ լավատես չէ այդ հարցում, ավելացրած նաև ընդհանուր առմամբ, ամերիկյան մի խամաճիկից (Համիդ Կարզայ) ամերիկյան մեկ այլ խամաճիկի (Աշրաֆ ղանի Ահմաձայ) Քաբուլում իշխանությունը «հանգիստ փոխանցելու» գործի ձախողումը։ Եթե չլինեին Իրանը և նախկին «Հյուսիսային ալյանսից» նախագահի թեկնածու, հանգուցյալ Ահմադ Շահ Մասուդի աջ ձեռք, նախկին արտգործնախարար Աբդուլլո Աբդուլլոն, հիմա Աֆղանստանը լիովին կարող էր հերթական քաղաքացիական հակամարտության հրո ճարակ դարձած լինել` նույն «Թալիբանի» ու Պակիստանի միջամտությամբ (ի դեպ, կարող ենք չկասկածել, որ դա Եվրասիայում իբր «կառավարվող քաոսի» շղթայի շարունակման ամերիկյան հերթական սցենարներից մեկն է)։ Բայց Իրանի կուլիսային ակտիվ միջնորդությամբ Ա. Աբդուլլոն գնաց ԱՄՆ-ի հետ համագործակցության և բանակցությունների մեջ մտավ Ա. Ղ. Ահմաձայի հետ, արդյունքը մի ինչ-որ «միջանկյալ համաձայնություն» է, որի պատճառով նախորդ տարվա նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դրանց ավարտից անգամ երկու ամիս հետո էլ չէին հայտարարվել։ Իսկ ԱՄՆ-ը կարծես փորձում էր ինքն էլ անջատ բանակցություններ վարել «Թալիբանի» հետ, և դրան էր հակում Աֆղանստանի ու Իրանի բոլոր քաղաքական շրջանակներին... Բայց միևնույն ժամանակ այդ բոլոր վերջին հինգ տարիներին Իրանի նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին բազմիցս մեղադրել է հենց այն բանում, որ Աֆղանստանի օկուպացման տարիներին այդ երկրում ավելացել են ափիոնի խաշխաշի ցանքատարածությունները և է՛լ ավելի է մեծացել հերոինի հոսքը (այդ թվում` դեպի Իրան)։
Իսկ ինչո՞ւ, հաշվի առնելով ԱՄՆ-ի հասցեին Մ. Ահմադինեժադի մեղադրանքները, չենթադրել, որ բոլոր գաղտնի բանակցությունները, որ ամերիկացիները մինչև հիմա վարում են Աֆղանստանում և նրա շուրջ, վերջին հաշվով վերաբերում են ոչ այնքան ՆԱՏՕ-ի զորքերի ուշացող տարհանմանը, որքան Աֆղանստանից թմրահոսքի այլընտրանքային ուղիների որոնմանը, որոնք վերահսկվում են հենց ԱՄՆ-ի կողմից (ի դեպ, եղել են նաև առայժմ դեռևս չհաստատված տեղեկություններ այն մասին, թե 20-րդ դարի 80-ական թվականների վերջին ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեն մերկացրեց միջազգային կազմակերպված հանցավորության հետ կապված մի շարք խոշոր տնտեսավարողների մի խումբ և պարզեց, որ Աֆղանստանից ԽՍՀՄ տարածքով թմրանյութերի հոսքը կառավարող սինդիկատներից թմրադոլարները անցնում են Շվեյցարիա, իսկ այդ միջոցների մի նշանակալի մասը նստում էր Ռոտշիլդների բանկերում)։ Իրավիճակի հետաքրքրականությունը, այդ թվում` Ռ. Սեկուտայի հայտարարությունների կապակցությամբ, այն է, որ, բացի Ադրբեջանից ու Վրաստանից, Աֆղանստանում «ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին» մասնակից է նաև Հայաստանը, ընդ որում` հայ զինծառայողները գերմանական զորամիավորման կազմում ներգրավված են հենց Մազարի-Շարիֆի և Կոնդուզի օդանավակայանների պահպանության գործում, և հենց սրանք էլ հիմնական փոխաբեռնման կետերն են ինչպես արևմտյան զորքերը Աֆղանստանից Եվրոպա նետելու, այնպես էլ ՆԱՏՕ-ի ռազմական բեռնատար ինքնաթիռներով թմրափոխադրումներ իրականացնելու համար։
Այստեղ, իրոք, ամերիկացիներին «Open Skies» է պետք թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։ Չենք փորձի բացահայտել նման համաձայնագրերի էությունը, սակայն նշենք, որ, օրինակ, այլ գործընկերների հետ (ասենք, ԵՄ-ի) ԱՄՆ-ի կնքած համաձայնագրերը, որպես կանոն, ունեն և՛ առանց վայրէջքի (համապատասխանաբար նաև առանց լրացուցիչ զննման) ամերիկյան ավիամիջոցների կողմից տարածքներն անցնելու վերաբերյալ կետեր, և՛ ԱՄՆ-ի ավիաընկերությունների համար սահմանափակումները նվազագույնի հասցնելու կետեր (այն դեպքում, երբ, օրինակ, ոչ ոքի դա թույլ չի տրվում ԱՄՆ-ի ներքին ավիագծերում), և՛ տարածքների վրայով «Boeing OC-135B Open Skies» հետախուզական ինքնաթիռների թռիչքների վերաբերյալ կետեր։ Ինքնաթիռը ոչ մի զենք չի կրում և դիտարկումներ է կատարում «բաց երկնքի» մասին պայմանագրի մասնակից պետությունների տարածքների վրա։ Բայց եկեք չմոռանանք. Ադրբեջանի պարագայում ամերիկացիներն առանց դժվարության հնարավորություն կստանան այդպիսի «Բոինգներով» հստակորեն արձանագրելու Կասպյան ավազանում, օրինակ, Իրանի և Ռուսաստանի ոչ միայն այս կամ այն գործունեությունը, այլև այդ երկու երկրների` Ադրբեջանի հետ սահմանի մերձակայքում տեղակայված գաղտնի օբյեկտները։ Եվ այն ժամանակ «տարածաշրջանային փոխադրական ու տեղեկատվական կենտրոն» ձևակերպումը լեհ Ռ. Սեկուտայի շուրթերից չարագույժ է սկսում հնչել, գոնե Ադրբեջանի աշխարհագրական այն հարևանների համար, որոնց տարածքում ԱՄՆ-ի հետախուզական հնարավորությունների մեծացումը երբեք բարեբեր հեռանկար չի թվացել։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար էլ պիտի շատ անհարմար լինի դա. ո՞վ գիտե, թե ում սեղանին կհայտնվեն այդ հետախուզական թռիչքների տվյալները, չէ՞ որ ամերիկա-ադրբեջանական «Open Skies Agreement»-ը բացահայտորեն կներառի նաև ամերիկյան թռիչքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլև հակամարտության ամբողջ գոտու երկնքում։ Այլ կերպ ասած, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի ազդարարած առաջիկա ներտարածաշրջանային ռազմավարական փոփոխությունները նպատակ են հետապնդում Բաքուն վերածելու.
1) Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման խոշորագույն փոխաբեռնման կետի,
2) աշխարհին աֆղանական հերոինի մատակարարումների խոշորագույն փոխաբեռնման կետի,
3) Անդրկովկասում ԱՄՆ-ի խոշորագույն լրտեսական կենտրոնի։
Մնացածն արդեն կլինի միայն այնպես, ինչպես կկամենան և կհասկանան ամերիկացիները։ Ադրբեջանն առանձնապես կապ էլ չի ունենա, այդ ե՞րբ է տերը ստրուկի կարծիքը հարցնում։
Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի ջանքերը կարծես միտված են ներտարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ Ադրբեջանի դերի կարևորմանը։ Բայց ամեն ինչ այսպես միարժեք չէ։ Անդրկովկասում ԱՄՆ-ի հետամտած քաղաքականության մեջ Բաքվի դերի ուժեղացումը (Վրաստանի ու Հայաստանի համեմատ) միևնույն ժամանակ այդ երկիրը թիրախի է վերածում։ Այդ հարցը դեռ շատ սուր կծառանա և՛ Իրանի հետ Արևմուտքի միջուկային բանակցությունների ֆոնին, և՛ Եմենում պատերազմի ընդլայնման ֆոնին։ Ինչ վերաբերում է Լոզանում միջուկային խնդրի շուրջ Թեհրանի հետ «վեցյակի» բանակցությունների վերջին ռաունդի արդյունքներին, ապա դա առանձնահատուկ և առանձին խոսակցության թեմա է։ Լոզանի գլխավոր արդյունքը համաձայնություն չլինելն է, բանակցությունները դարձյալ հետաձգվել են, համաձայնության հասնելու ծայրահեղ ժամկետը 2015-ի հունիսի 30-ն է։ Վիճակն ավելի բարդ է Եմենում. մի շարք փորձագետներ երկյուղում են Արաբական թերակղզում, իսկ գուցե և ամբողջ Մերձավոր Արևելքում շիա-սուննիական լայնածավալ պատերազմի բորբոքումից։
Իհարկե, Իրանը նման պայմաններում, և այն էլ Թեհրանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների առնչությամբ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի կողմից վերջերս հրապարակայնորեն ազդարարված «չորս սկզբունքների» առկայության պարագայում, նման շռայլության չի դիմի, այսինքն, աչքի չի փակի «Open Skies» համաձայնագրի առթիվ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի բանակցությունների վրա։ Անգամ եթե Թեհրանը, ի վերջո, օրինակ, իրոք մեծացնի իր գաղտնի օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մուտքի հնարավորությունն ու շրջանակները, միևնույն է, իրանական կողմը դեռ շատ բաներ ունի, որոնց մասին հազիվ թե հարկ լինի իրազեկել Պենտագոնին ու ԿՀՎ-ին։ Համոզված ենք, որ Ռուսաստանն էլ Ադրբեջանի հետ սահմանային ամբողջ գոտում թաքցնելու շատ բան ունի ամերիկյան հետախույզներից։ Այսպիսով, եթե ԱՄՆ-ը «ոլորի» Իլհամ Ալիևի կլանի ձեռքերը և Ադրբեջանին պարտավորեցնի ստորագրել «Open Skies Agreement»-ը, ինչպես նաև սկսի այդ հանրապետությունը վերածել «տարածաշրջանային փոխադրական և տեղեկատվական կենտրոնի», ապա ինքնաբերաբար Իրանն ու Ռուսաստանը հակամիջոցներ կձեռնարկեն, որպեսզի չեզոքացնեն հետախուզական վտանգներն ու սպառնալիքները, որոնք Ապշերոնում կբխեն ամերիկացիներից։ Ի դեպ, Հայաստանի ու Արցախի համար ևս Ադրբեջանում ԱՄՆ-ի հետախուզական ներկայության և գործունեության ընդլայնումը միայն պոտենցիալ վտանգի սպառնալիքի մեծացումով է հղի։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ