Կարճ-կոնկրետ՝ ի՞նչ ունեինք մարտի սկզբին ու ի՞նչ ունենք ավարտին:
Հավարտ եվրոպական, չինական ու ռուսական շաբաթների ունենք աննախադեպ առատություն բանավոր հայտարարությունների, խոստումների, գրավոր համաձայնագրերի ու հուշագրերի: Բեղմնավոր էր գարնան սկիզբը:
Նախ՝ ԵՄ-ն Եվրանեստի և ԵՄ-ի տեսքով ԱԺ-ում հավաստեց, որ Հայաստանի Հանրապետությունը Արևելյան հարևանության ծրագրի կարևոր գործընկեր է և համագործակցությունը չի դադարել: Ռիգայի գագաթնաժողովի համար պատրաստվում է համաձայնագիր բոլոր այն ոլորտների համար, որոնք չեն հակասի ԵԱՏՄ-ի անդամակցությանը: ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցության, առևտրատնտեսական կապերի զարգացման՝ ԵՄ-ն Հայաստանից չի հեռանում և չի հեռանալու:
ՀՀ նախագահի այցը ՉԺՀ ավարտվեց Բոաոյի տնտեսական համաժողովով, որտեղ Հայաստանը ներկայացվեց որպես ասիական ներդրումների փայլուն դաշտ, կնքվեցին համաձայնագրեր բոլոր ոլորտներում, որոնք կատարման դեպքում կարող են լուծել և մեծ աշխարհի հետ Հայաստանի հաղորդակցության ուղիների գործարկման, և տնտեսության դիվերսիֆիկացիայի, և աշխատատեղերի ստեղծման, և նոր ատոմակայանի շինարարության, և ռազմական վերազինման ու ուսուցման, և գիտակրթական ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր:
ՌԴ Պետդումայի նախագահի և այլ պաշտոնյաների այցը Հայաստան նշանավորվեց համագործակցության անհրաժեշտության և զարգացման երաշխիքների բարձրաձայնումով՝ առանց բացատրելու ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը, ԵԱՏՄ-ին անդամակցության օգուտների համար սպասելու հորդորով: Ռուսական շաբաթի նպատակը ՌԴ նախագահի այցից առաջ մթնոլորտ պարզելն էր:
Ապրիլի 24-ից առաջ հայտնի է, որ Երևան կգան Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները, ԵԱՀԿ ղեկավարությունը: Առաջին դեմքերի մակարդակով այլ դեմքեր դեռ չկան: Փոխարենը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը բազում հայտարարություններ արեց՝ ուղղված Հայաստանին ու հայերին, ամբողջ աշխարհին, որ հայերը իր պարզած ձեռքը չեն բռնում, թուրքերին չեն հասկանում ու չեն ուզում հասկանալ, ապրիլի 24-ն էլ հնարել են, որ ձախողեն Գալիպոլիի 100-ամյակը:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսվեց ՀՀ նախագահի և յոթ, գուցե տասը կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով: Ներկայացվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, չորոշակիացվեց՝ պե՞տք է Հայաստանին խորհրդարանական կառավարում, թե՞ կիսանախագահական կառավարումը կկատարելագործվի: Հանրաքվեի անցկացման գաղափարը սավառնում է օդում: Բոլոր կուսակցությունները սկսել են նախապատրաստությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին, քաղաքական դաշտի վերադասավորումը պաշտոնապես ավարտվել է, իրականում քաղաքական ուժերը դեռ որոնումների մեջ են:
Ներքաղաքական կյանքում պաշտոնապես հրաժեշտ տվեցինք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ու ստացանք նոր ԲՀԿ՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ: Նա և մի քանի կուսակիցներ արդեն ակտիվ հարցազրույցներ են տալիս հնարավոր բոլոր լրատվամիջոցներով՝ հավաստելու, որ ԲՀԿ-ն մնում է ընդդիմադիր, քննադատելու է կառավարությանն ու վարչապետին, եթե լինեն պատճառներ:
Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ հանդես եկավ ցեղասպանության թեմայով՝ հիմնական գաղափարը ընդունված Համահայկական հռչակագրի վտանգավորությունն ու անհեռանկարայնությունն է, պահանջատիրության անհամապատասխանությունը ներկա իրավիճակին: Նրա հրապարակումները քննարկվեցին, քաղաքականության մեջ փոփոխություն չկա: ՀԱԿ-ը շարունակում է դեմ լինել Սահմանադրություն փոխելուն:
«Ժառանգությունում» սկսվեց ու ավարտվեց ներկուսակցական թեթև պատերազմը՝ առանց զոհերի, բայց և առանց վերջնական համաձայնության: Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատեց, որ «Ժառանգության» ծրագրում կա խորհրդարանական կառավարման անցնելու դրույթ, բայց կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին գործող իշխանության պարագայում:
Դիվերսիաները շփման գծում շարունակվեցին, եղան նոր զոհեր ու վիրավորներ: Ադրբեջանը հրադադարի ռեժիմը սկսեց խախտել նաև զինատեսակների փոփոխությամբ՝ հաստատելով, որ զինադադարի համաձայնագիրը իր համար այլևս չի գործում: Հնչեցին նոր հայտարարություններ, իրավիճակը մնում է նույնը: Լեռնային Ղարաբաղը մայիսին պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Փորձագետների գնահատականով՝ Սամվել Բաբայանի վերադարձը քաղաքականություն ընդդիմադիր դաշտում կարող է իշխանություն-ընդդիմություն իրական պայքարին նպաստել:
Գյումրիի սպանդի գործով հետաքննությունը որևէ պարզություն չբերեց, նոր վարկածներ չեղան, կատարվեցին փորձաքննություններ, որոնք հաստատեցին, Ավետիսյաններին նույն զենքից սպանելը, Պերմյակովի հագուստների պատկանելությունը նրան: Այդպես էլ չհաստատվեց, որ նա մենակ է եղել Ավետիսյանների տանը և յոթ մարդու սպանության պատճառը ջուր խմելու ցանկությունն է եղել: ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան պաշտոնապես չպատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, տարբեր պաշտոնյաների մակարդակով ասվեց, որ իրենց մարդասպանին ռուսները չեն հանձնի, դատավարությունը կլինի Հայաստանում, գուցե փակ և միայն դատավճռի հրապարակումը՝ բաց:
Ալբանիայի հավաքականի հետ խաղում պարտությունից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարական տվեց: Նրան հրաժեշտի հետ Հայաստանի ազգային հավաքականը հրաժեշտ տվեց նաև Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն՝ չորս խաղից մեկ միավորով:
Եղան և այլ իրադարձություններ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Կյանքից հեռացավ Կարեն Ջանիբեկյանը: Սունդուկյանի թատրոնում արդեն նրա ձայնը կհնչի Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի, Մետաքսյա Սիմոնյանի հետ, երբ թատրոնում մնում են միայն թատրոնի տերերը: