ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանն ու Չինաստանը ապագան կկառուցեն համատեղ

Հայաստանն ու Չինաստանը  ապագան կկառուցեն համատեղ
31.03.2015 | 00:18

Եվ այսպես, 2013 թ. սեպտեմբերից հետո Հայաստանը ռազմավարական առումով կարևոր երկրորդ քայլը ձեռնարկեց իր արտաքին քաղաքականության, ասենք, նաև արտաքին տնտեսական քաղաքականության մեջ։ Մարտի 24-28-ին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այց կատարեց Չինական Ժողովրդական Հանրապետություն։ Իսկ շարադրանքում հասկանալի կլինի, թե ինչու մենք չենք սահմանափակվում սոսկ «Չինաստան» անվանմամբ։ Հայաստանի նախագահը անչափ կարևոր բանակցություններ վարեց, կարևորագույն փաստաթղթեր ստորագրեց հենց ՉԺՀ-ում, և ոչ թե պարզապես Չինաստանում։ Ընդգծենք, պակաս կարևոր չէ նաև այն, որ այցը իրականացվել է հենց ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հրավերով։
Հայրենական լրատվամիջոցները շատ մանրամասնորեն լուսաբանեցին այդ այցը, բանակցությունների թեմաները, նշելով, թե ինչ երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել Պեկինում։ Հիանալի կլիներ, որ հայ-չինական հարաբերությունների զարգացմամբ շահագրգիռ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի առանձնահատուկ վերաբերմունքով ծանոթանար ՉԺՀ-ում Ս. Սարգսյանի գտնվելու մասին տեղեկություններին։ Մեր նախագահի մամուլի ծառայության պաշտոնական չոր հաշվետվությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա ուշադրությամբ հետևում է ՉԺՀ-ի վերջին ռազմավարական քայլերին և նախապատրաստական ձեռնարկումներին։ Եվ դա չի կարող չուրախացնել, հետևաբար, Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, կարողանում են թե՛ ուշադրությամբ հետևել աշխարհաքաղաքական իրադարձություններին, թե՛ հետևողական լինել օրախնդիր լուծումների այն տարբերակների ընտրության հարցում, որոնցից կախված է երկրի ու ազգի ապագան։
Մեկ անգամ ևս հիշեցնենք աշխարհում տեղի ունեցող զարգացումների ընթացիկ փուլի գլխավոր կողմը. ՉԺՀ-ն այլընտրանքային աշխարհի լիդերներից մեկն է, որոնք միջազգային առևտրատնտեսական կյանքի հիմնական հատվածների դոլարազերծման կուրս են վերցրել։ Այսօր Պեկինի հետ ավելի քան սերտորեն են կապված նաև տնտեսական զարգացման տեմպերով չինացիների հարևանները` Հնդկաստանը և ածխաջրածինների պաշարով աշխարհի գլխավոր «գանձարանները»` Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև տնտեսական երկու «լոկոմոտիվներ»։ Աֆրիկայում դա Հարավաֆրիկյան Հանրապետությունն է, Լատինական Ամերիկայում` Բրազիլիան։ Ավելին, ՉԺՀ-ն մնում է կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր ինչպես Եվրամիության, այնպես էլ, ի դեպ, ԱՄՆ-ի համար։ Այլ խոսքով, այն, որ Հայաստանը մինչև հիմա կուրորեն ու համառորեն ձևացնում էր, թե հայերի համար «Չինաստան չկա» և ջանում էր մերթ ԵՄ, մերթ Ռուսաստան տանող ինչ-ինչ ուղիներ գտնել, վաղուց «բարոյապես մաշվել է»։ Դեռ երեկ պետք է եղած լիներ այն, ինչի վկան ենք այսօր մենք։ Թեև 2015 թ. մարտի վերջին Պեկինում տեղի ունեցած բարձր մակարդակի հայ-չինական բանակցությունների հեռանկարային արդյունքների պարագայում նույնիսկ մենք կարող ենք նշել, որ դա դեռ վճռական ճեղքում չէ երկկողմ հարաբերություններում, այլ երկար ու բավականին դժվար ճանապարհի սկիզբ միայն։ Ո՞վ կարող է մեզ խանգարել։ Իհարկե, ոչ ՉԺՀ-ի վերոհիշյալ հիմնական գործընկերները, այլ միայն այն երկիրը, որի Դաշնային պահուստային համակարգի գերիշխանությունից հիմա չինացիներն ու նրանց տնտեսական և ռազմավարական համախոհները ձգտում են ազատել ամբողջ աշխարհը։
Ինչո՞վ էին մինչև 2015-ի մարտի վերջերը միմյանց հետ կապված Հայաստանն ու ՉԺՀ-ն։ Որքան էլ տարօրինակ լինի, անցած դարի 90-ական թվականների առաջին կեսին տրված չինական 800 հազար դոլար վարկի շուրջ բարձրացած մեծ աղմուկով, որը «բարեհաջող հալվեց-գնաց»... ՈՒմ հետաքրքրում է, թող բացի գոնե այն ժամանակվա թերթերի տրցակները։ Հետո, 1992-95 թթ. Երևանում մի «լեգենդ էր տարածված, թե, իբր, Չինաստանի կոմկուսի կենտկոմի որոշ ներկայացուցիչներ գաղտնի շփումների ժամանակ լրջորեն ասել են, թե «մեր անունը ՉԺՀ է, ձերը` ԼՂՀ, ինչքան նման են»։ Իսկ ի՞նչ վատ կլինի, եթե ԼՂՀ-ի հայերը հռչակեն, թե կուզենային կառուցել «չինական կարգի սոցիալիզմ»։ Այդ դեպքում, իբր, Չինաստանը ԼՂՀ-ի ճանաչման հարց կդներ... Սրանք, ամենայն հավանականությամբ, խոսակցություններ էին միայն։ Բայց դե 90-ականներին կային։
Չինաստանը համարվում է հնարավոր ներդրողը Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության գործում, Զարգացման ասիական բանկը խոշորագույն դոնորն է ներկայումս կառուցվող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ¥հայ-իրանականից մինչև հայ-վրացական սահման¤ շինարարության գործում։ Չինաստանը աջակցություն է ցուցաբերում Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի զարգացմանը։ Վերջապես, հայ-չինական համագործակցությունը պաշտպանության բնագավառում։ Հայոց բանակի սպառազինության մեջ ներդրված են չինական համազարկային կրակի հրթիռային համակարգերը (ՀԿՀՀ)` WM-80 և WM-120։ 2014 թ. ոչ պաշտոնական տեղեկատվություն եղավ այն մասին, որ Հայաստանը ձեռք է բերել ավելի հեռահար AR-1A ՀԿՀՀ-ներ։ Չինաստանն ամեն տարի հայկական բանակին տրամադրում է 5 մլն յուանի ռազմական օգնություն։ Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրական շրջանառությունը 2014 թ. կազմել է 588,5 մլն դոլար, կամ Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 7,3 %-ը։ 2013 թ. համեմատ աճը կազմել է 29,4 %։ Հիշեցնենք նաև, որ երկկողմ հարաբերությունները կարգավորվել են Հայաստանի և ՉԺՀ-ի միջև բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին 1996 թ. մայիսի 5-ի համատեղ կոմյունիկեով և 2004 թ. սեպտեմբերի 27-ի համատեղ հռչակագրով։
Այս անգամ այցի արդյունքների հիման վրա ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման մասին» համատեղ հռչակագիր և մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր։ Մասնավորապես, կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ-ի առևտրի նախարարության հուշագիրը առևտրատնտեսական համագործակցության հարցերի հայ-չինական համատեղ հանձնաժողովի շրջանակներում «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ՉԺՀ-ի ժողովրդական բանկի համաձայնագիրը հայկական դրամ/չինական յուան երկկողմ SWAP կարգավորման մասին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկ կազմակերպության հուշագիրը ատոմային էներգիային վերաբերող ծրագրերում համագործակցության հարցում փոխըմբռնման մասին։ Մենք միտումնավոր ենք առանձնացրել հատկապես այս երեք համատեղ փաստաթղթերը. դրանք (բացի բուն համատեղ հռչակագրից) լավագույնս ցուցադրում են հայ-չինական հարաբերությունների նոր փուլի հենց ռազմավարական բնույթը։ Նախ, այնտեղ, որտեղ խոսվում է հաղորդուղիների և դրանց ենթակառուցվածքի մասին («Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտին, այսինքն` Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման չինական վարկածը, ԱՄՆ-ի համապատասխան ռազմավարական ծրագրերի` «Բրաունբեկի ակտի», մրցակիցն է Եվրասիայում), ինչպես նաև խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին, «սոսկ երկկողմ հարաբերությունները» արդեն տեղ չունեն։ Այնուհետև, ՉԺՀ-ի և Հայաստանի էներգետիկների միջև ընդունված հուշագիրը հիշեցնում է, որ մեր երկիրը Անգարսկի (Ռուսաստան) միջազգային միջուկային ծրագրի լիիրավ մասնակից է, և որ ՉԺՀ-ն քննարկում է այդ կենտրոնի գործունեությանը միանալու հարցը, որին 2005-2006 թթ. ուրանի հարստացման համաշխարհային խոշոր կենտրոնի դեր է վերապահվել։ Երկրորդ, դրամ/յուան երկկողմ SWAP կարգավորման թեման միջազգային առևտրատնտեսական գործունեության դոլարազերծման հարցի տրամաբանական շարունակությունն է։ Խուճապի մատնվել պետք չէ. սրանք առաջին քայլերն են միայն. այսօր Հայաստանը նույնիսկ ավելի պակաս գլոբալ հարցերի շրջանակներում ընդունակ չէ ազատվելու ավելորդ թղթադրամային դոլարի զանգվածից, բացի այդ, ՉԺՀ-ի հետ առևտրաշրջանառության ծավալներն էլ առայժմ վճռորոշ չեն Հայաստանի ՀՆԱ-ի ձևավորման գործում։
Ահա թե ինչ է ասված համատեղ հռչակագրում, օրինակ, Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման չինական վարկածում. «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությունը պատմական նոր հնարավորություն է երկու երկրների բազմակողմանի համագործակցության համար։ Կողմերը եռանդագին կաշխատեն արդեն կնքված համաձայնագրերի իրականացման վրա, ընդհանուր ջանքերով առաջ կմղեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները»։ Եվ դա հիանալի է։ Այս նախագծին համաձայն են և դրա իրագործմանը կմասնակցեն Հայաստանի երկու խոշորագույն գործընկերները` Ռուսաստանն ու Իրանը։ Այսպիսով, նշմարվում է բավական հստակ մի հեռանկար. ի տարբերություն, ասենք, նույն թեմայով ամերիկյան «Բրաունբեկի ակտի», որտեղ ի հաճույս Թուրքիայի և Ադրբեջանի Հայաստանին, ըստ էության, տեղ չտրվեց։ Անկեղծ ասած, հույսեր կան նաև, որ Պեկինում կայացած բանակցությունների ժամանակ Ս. Սարգսյանը անդրադարձած կլինի 1915-23 թթ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմային, թեև համատեղ հռչակագրի տեքստում այդ մասին ոչ մի տող, ոչ մի բառ, նույնիսկ կիսաակնարկ չկա։ Ինչո՞ւ եմ ուզում այդպես կարծել։ Պատասխանը կարող է երևալ (անուղղակիորեն) համատեղ հռչակագրի հետևյալ տողերում. «Կողմերը չեն մասնակցում որևէ դաշինքի կամ բլոկի, որոնք ուղղված կլինեն կողմերից մեկի ինքնիշխանության, անվտանգության ու տարածքային ամբողջականության դեմ, չեն ձեռնարկում որևէ նման գործողություն, ներառյալ երրորդ կողմի հետ նման պայմանագրերի կնքումը, թույլ չեն տալիս իրենց տարածքում այնպիսի կազմակերպությունների ու խմբավորումների ստեղծում, որոնք վնաս են հասցնում մյուս կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությունը, ավելին, արգելում են դրանց գործունեությունը իրենց տարածքում»։ Ինչպես նաև տեքստի այս մասում. «Կողմերը հաստատակամորեն հանդես են գալիս ահաբեկչության ամեն ձևի ու դրսևորման դեմ, պատրաստ են այսուհետ ակտիվացնելու շփումներն ու համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների, անվտանգության և պաշտպանության մարմինների միջև` ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային համապատասխան հակաահաբեկչական փաստաթղթերի շրջանակներում, համատեղ պայքարել ընդդեմ ահաբեկչության»։
Կարծում եմ` ընթերցողը հիանալի հասկանում է, թե ինչի մասին է խոսքը։ Ահաբեկչական սպառնալիքը, ինչպես նաև համապատասխանաբար թե՛ Հայաստանի, թե՛ Չինաստանի դեմ երրորդ կողմի հետ համագործակցության բացառումը անուղղակիորեն առնչվում են հենց Հայոց ցեղասպանության թեմային։ Բայց ոչ միայն. դա բացառում է նաև համագործակցությունը նույն ԱՄՆ-ի հետ, որը վերջին մեկ-մեկուկես տարում սաստկացրել է հակաչինական միջոցառումները Հարավչինական և Արևելաչինական ծովերի ջրատարածքում, ինչպես նաև թաքուն խթանում է մերթ ույղուր պանթյուրքականների ահաբեկչությունը Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջանում, մերթ անջատականությունը Տիբեթում, մերթ ամեն տեսակի «հովանոցների հեղափոխությունը» Սյանգանում ¥Հոնկոնգում¤։ Իր հերթին դա նշանակում է նաև, որ ՉԺՀ-ն պատրաստ է ¥անվտանգության մարմինների գծով¤ օգնելու Հայաստանին այն համապատասխան պլանների (կամ դրանց նման) ձախողման գործում, որ Հայաստանի դեմ կարող են նյութել այս կամ այն երրորդ պետությունները։ Հատկանշական է, որ միմյանց հանդեպ ճիշտ այդպիսի պարտավորություններ են ստանձնել նաև Ռուսաստանն ու ՉԺՀ-ն, Իրանն ու ՉԺՀ-ն և այսպես շարունակ։ Մեր կարծիքով, այդ պայմանավորվածությունները, ինչպես նաև Հայաստանին Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու մեջ ներառելու պատրաստակամությունը վկայում են այն մասին, որ Պեկինն ու Երևանը ձգտում են երկկողմ հարաբերությունները արագորեն հասցնել անգամ ռազմավարականից բարձր աստիճանի, առավել ևս, որ փաստաթղթեր են ստորագրվել հայերենի (ՉԺՀ-ում) և չինարենի (Հայաստանում) ուսուցումը զարգացնելու ուսանողների փոխանակությունն ընդլայնելու վերաբերյալ և այլն։ Եվ վերջին գործոնը. մենք մեկ անգամ ևս հավաստեցինք մեր ընտրությունը, և այդ ընտրությանը հավատարիմ է նաև Պեկինը. «Երկու կողմերը, որպես հաղթող երկրներ, վճռականորեն դատապարտում և հակազդում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության աղավաղման, նացիզմի, միլիտարիզմի և դրանց ջատագովների տարփողման ամեն կարգի փորձերին ու գործողություններին»։ Մարդիկ կարող են ասել. իսկ ի՞նչ նոր բան կա այստեղ։ Ասեմ. դա, օրինակի համար, նշանակում է, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ ՉԺՀ-ի իշխանությունները նույն «ուկրաինական հարցում» ոչ մի դեպքում իրավունք չունեն արդարացնելու պաշտոնական Կիևի կիսանացիստական հռետորաբանությունը, որը նացիստների աջակիցներին համարում է «ազգային հերոսներ»։ Կամ, դա նշանակում է, որ Հայաստանն ու ՉԺՀ-ն պարտավոր են հեռու մնալ մերձբալթյան և լեհական ճիգերից` բանը ներկայացնելու այնպես, թե 1941-45 թթ. եղել են ինչ-որ «ուկրաինական» կամ էլ «չգիտեմ ինչական» «զինված ուժեր», որոնք հետո դիմակայել են «ՈՒկրաինայի և Գերմանիայի դեմ ՍՍՀՄ-ի ագրեսիային», ինչպես համեմատաբար վերջերս գերմանական հեռուստատեսությամբ բարբաջում էր ուկրաինական վարչապետ Յացենյուկը։
Անուղղակիորեն շոշափվել են նաև Թայվանի ու Արցախի հարցերը։ Ինչպես հայտնի է, ՉԺՀ-ի համաձայնությամբ Թայվան կղզին աշխարհում պետք է ընկալվի քաղաքական լղոզված ձևակերպմամբ` «Չինական Թայբեյ», ինչը և Թայվանին թույլ է տվել մնալ միջազգային առևտրատնտեսական շրջանառության մեջ։ Թայվանի և «մեկ Չինաստանի» սկզբունքի հարցում Հայաստանի պարտավորությունները կոշտ են. «Հայկական կողմը հավաստում է նվիրվածությունը մեկ Չինաստանի քաղաքականությանը, հանդես է գալիս «Թայվանի անկախության» դեմ` ինչ ձևով էլ որ այն դրսևորված լինի, հավաստում է, որ ոչ մի պաշտոնական կապ չի հաստատի Թայվանի հետ, պաշտպանում է հարաբերությունների խաղաղ զարգացումը Թայվանի նեղուցի երկու ափերի միջև, ինչպես նաև երկրի վերամիավորման համար Չինաստանի կառավարության կողմից գործադրվող բոլոր ջանքերը, համարելով, որ Թայվանը ՉԺՀ-ի անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը` Չինաստանի ներքին գործը»։ Առանց մեկնաբանության էլ ամեն ինչ պարզ է։ Ի պատասխան Պեկինը լղոզված պարտավորություն է տվել Արցախի առնչությամբ. «Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման օգտին` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդունելի նորմերի»։ Հետաքրքիր է, ի՞նչ են ասելու «հայ ժողովրդի արևմտամետ զավակները». գնալու են պիկետելու Երևանում ՉԺՀ-ի դեսպանատո՞ւնը, թե՞ մեծահոգաբար «թույլ կտան Չինաստանին» մեզ բացահայտ չպաշտպանել արցախյան հարցում։
Ինչևէ, «Չինական Թայբեյի» և Արցախի Հանրապետության վերաբերյալ փոխադարձ պարտավորությունները հավաստված են։ Երևանն ու Պեկինը չեն անտեսել և չեն ձևացրել, թե իրենց արտքաղաքական օրակարգում նման հարցեր չկան։ ՈՒրեմն, երկու կողմերը հիանալի հասկանում են այդ հարցերում միմյանց դիրքորոշումները։ Հենց դա էլ վկայությունն է այն բանի, որ նրանց համագործակցության հեռանկարներ կան անգամ այդպիսի խճճված հարցերում։ Խոսքը Հայաստանի և ՉԺՀ-ի իշխանության և կառավարման մարմիններինն է, որոնք պետք է կենսագործեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Ÿæ–¤æ‹·/55551716" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

 Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում
Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը