Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի երեսպաշտությունը մեկ անգամ ևս հաստատվեց մարտի 11-ին, երբ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգեց Թեհրանի դեմ սահմանված անօրինական պատժամիջոցները։ Ստացվում է, որ, մի կողմից, Վաշինգտոնը միջազգային միջնորդների «վեցյակի» մնացած անդամների մասնակցությամբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ է վարում Իրանի ներկայացուցիչների հետ, որոնց վերջնական արդյունքը պետք է դառնա այն բոլոր պատժամիջոցների վերացումը, որոնք Իրանի նկատմամբ սահմանվել են ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով, այնպես էլ ազգային մակարդակով, մյուս կողմից, երկարաձգում է դրանք, թեև մարտի 15-ին Մոնտրյոյում Իրանի միջուկային ծրագրի թեմայով բանակցությունների ևս մեկ ռաունդ պետք է տեղի ունենար` մասնակցությամբ պետքարտուղար Ջոն Քերիի, իսկ մինչև հունիսի վերջը պետք է ստորագրվի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի վերջնական լուծման համաձայնագիր` պատժամիջոցային ռեժիմի դադարեցման դիմաց։ Թվում է, թե Սպիտակ տան գործողություններում ոչ մի տրամաբանություն չկա։ Բայց դա այդպես չէ։
Հաստատվեցին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի խոսքերը, այն է` Վաշինգտոնի ռազմավարական նպատակն է բանակցությունների միջոցով Իրանում հասնել վարչակարգի փոխման և ոչ թե վեճի կարգավորման ու հարաբերությունների վերականգնման։ Շատերը, չգիտես ինչու, մոռացել են, որ Վաշինգտոնը, բանակցություններ սկսելով Իրանի միջուկային գործի շուրջ, բնավ էլ չէր ձգտում այն բանին, որ Իրանի ժողովրդի ուսերից թոթափի ֆինանսատնտեսական պատժամիջոցների բեռը։ Այսպես կարող էին մտածել միայն շատ միամիտ փորձագետները, որոնք կուրորեն հավատում են, թե Ամերիկան ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպան է և ոչ թե համաշխարհային ժանդարմ, որը ռազմական ուժով, տնտեսական շրջափակմամբ և տեղեկատվական ագրեսիայով միջազգային ասպարեզում առաջ է մղում իր ազդեցության ոլորտները։ Կամ էլ Վաշինգտոնի կամակատարները, որ երկրում էլ նստած և ԱՄՆ-ի գործողությունները մեկնաբանելիս լինեն։ Արաբական աշխարհում «գունավոր» հեղափոխությունների նախագծի ձախողումից հետո ԱՄՆ-ը հարկադրված էր փոխել իր հարվածների ուղղությունը, նպատակ ունենալով իր օգտին վերաձևել համաշխարհային էներգետիկ շուկան։ Հենց դրա համար էլ սանձազերծվեց ՈՒկրաինայի պատերազմը, որը դեպի Եվրոպա ռուսական գազի հիմնական տարանցողն է, և հենց դրա համար էլ փորձեր են արվում ճզմելու Իրանին, որը նավթի ու գազի անչափ հարուստ պաշարներ ունի։ Առանց Ռուսաստանի և Իրանի Վաշինգտոնը չի կարողանա իրեն ենթարկել աշխարհի տնտեսական շուկան։
Այնպես որ, պետք չէ պատրանքներ փայփայել. Սպիտակ տունը հաստատաքայլ և հետևողականորեն իրացնում է Իրանի ներկա վարչակարգը տապալելու և այն արևմտամետ խամաճիկներով փոխարինելու գիծը, ինչը կապահովեր նավթի-գազի ամերիկյան կորպորացիաների գերիշխանությունը Իրանի էներգապաշարների նկատմամբ։ Եվ Թեհրանի հանդեպ ամերիկյան ռազմավարության ևս մեկ բաղադրիչ. քանի որ Իրանի բանակի սպառազինությունը համարվում է հնացած, այն հարկավոր է շտապ փոխել նորով։ Իսկ Իրանն այսօր հիմնական զինամատակարարների համար ՌԱՀ-ի արտադրանքի իրացման միակ խոշոր ազատ շուկան է, որի հնարավորությունները գնահատվում են 40-50 մլրդ դոլար։ Եվ մի տեսակ հավատդ չի գալիս, թե Վաշինգտոնը պատրաստ է այդ «յուղոտ պատառը» զիջելու Մոսկվային։ ՈՒստի այն փաստը, որ Իրանն այսօրվա դրությամբ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ՀՕՊ-ի համակարգերի շուրջ միայն, խիստ զարմանալի է. ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ագրեսիան հետ մղելու համար անհրաժեշտ են նաև ամենաարդիական մարտական ինքնաթիռներ, զրահատեխնիկա, ռազմածովային ուժեր։ Թեհրանը մտադիր չէ Վաշինգտոնի պահանջներին տեղի տալու, ուստի շտապ ձգտում է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել սպառազինությունների ժամանակակից բոլոր համակարգերի գծով։ Այլապես հավանականը կարող է դառնալ անհավանական, կարող են ճիշտ գտնվել արևմտյան այն փորձագետները, որոնք պնդում են, թե Իրանի զինվորական վերնախավի մի մասը այդ չափանիշը հատուկ պահպանում է վարչակարգի անկման դեպքում ԱՄՆ-ից կատարվելիք ապագա մատակարարումների համար։
ԱՄՆ-ում կա Իրանի ներկա իշխանություններից ազատվելու մի քանի սցենար։ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունները դրանցից մեկն են, որոնք, ամերիկացիների հղացմամբ, պետք է հանգեցնեն Թեհրանի լիակատար կապիտուլացմանը իր միջուկային ծրագրի առանցքային տարրերի հարցում, ընդհուպ մինչև իրանցիների համաձայնությունը երկրում ծավալելու միջազգային մոնիթորինգի և տեսչական հսկողության համակարգ։ Նման բան արդեն եղել է Իրաքում, և աշխարհը տեսել է, թե ինչպես են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այդ բոլոր տվյալները հետագայում անցկացվել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրթիռների նշանառության համակարգի մեջ` գերճշգրիտ խոցման համար։ Եվ, վերջին հաշվով, այդ ամենն ավարտվեց Իրաքի օկուպացմամբ և նախորդ վարչակարգի լիակատար ոչնչացմամբ։ Դրա համար էլ հիմա Վաշինգտոնը դիտավորյալ իրանցիներից չափազանց շատ է պահանջում, դրանով իսկ ստուգելով Թեհրանի հաստատակամությունը։
Միաժամանակ, բանակցությունների միջոցով ԱՄՆ-ը փորձում է իրանական հանրությունը պառակտել երկու հակադիր ճամբարի։ Չէ՞ որ շատ իրանցիներ, հոգնած լինելով պատժամիջոցների պատճառած զրկանքներից և մոլորեցված` ազատական արժեքների արևմտյան քարոզչությամբ, հույսեր են փայփայում, թե պատժամիջոցները ուր որ է կվերացվեն։ Դա վերաբերում է հատկապես մանր և միջին բիզնեսին, մտավորականությանն ու երիտասարդությանը։ Եվ պետք է խոստովանել, որ Արևմուտքի քարոզչական մեքենան հաջողություններ է արձանագրում։ Նա ակտիվորեն օգտագործում է մամուլի բոլոր տեխնոլոգիաները, համացանցն ու սոցիալական ցանցերը` հասնելու այն բանին, որ իրանցիները հավատան, որ միայն արևմտյան տեխնոլոգիաներն ու ներդրումները կարող են ապահովել երկրի տնտեսական բարգավաճումն ու առաջընթացը զարգացման «միակ արդյունավետ» արևմտյան մոդելով։ ԱՄՆ-ն ու Արևմուտքը Իրանի բնակչության հետ աշխատում են համակարգված և մշտական հիմունքներով։ Ապշեցուցիչ է, որ ԱՄՆ-ը, ոչ մի հարաբերություն չունենալով Իրանի հետ, այդուամենայնիվ պետբյուջեից ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացնում հինգ ալիքներով պարսկերեն շուրջօրյա հաղորդումների հեռարձակման, ԱՄՆ-ի իրանական սփյուռքին և անգամ Իրանի սահմաններից դուրս այլ երկրներում ապրող իրանցիներին աջակցություն ցուցաբերելու համար։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և նույնիսկ փոքր եվրոպական երկրները պարսկերեն շուրջօրյա հաղորդումներով հեռուստաալիքներ ունեն։ Այդ երկրները դրանով պաշտպանում են իրենց քաղաքական և տնտեսական շահերը, չեն ուզում հեռանալ Իրանից, չեն ուզում, որ իրենց մոռանան, կապեր են պահպանում և հող ապահովում վերադառնալու համար։
Արդյունքում, այդ ամբողջ մարդկային զանգվածն արդեն փաստորեն դարձել է «հինգերորդ շարասյուն», որը պատրաստ է աշխատելու Արևմուտքի օգտին, երբ անհրաժեշտ լինի դուրս թափվել Թեհրանի և մյուս խոշոր քաղաքների փողոցները։ Ցավոք, այդ բոլոր իրանցիները քիչ են ծանոթ այն մանրամասներին, թե ինչ է տեղի ունենում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում։ Իսկ այնտեղ ամեն ինչ չէ, որ պարզ է։ Չէ՞ որ առայժմ ԱՄՆ-ը հանդես է գալիս ոչ թե համաձայնագրի դիմաց պատժամիջոցների լիակատար և վերջնական վերացման, այլ յուրօրինակ «թեստային ռեժիմի» համար միայն մեկ տարով կախակայելու օգտին։ Իսկ դա նշանակում է, որ եթե Իրանը միջուկային ծրագրի հետ կապված բոլոր դիրքերը հանձնի, ապա Արևմուտքը կկարողանա ցանկացած պահի վերադարձնել պատժամիջոցների ռեժիմը։ Մյուս կողմից` իրանական բնակչության այդ մասին դիմակայում են պահպանողական և ազգայնական ուժերի մի ազդեցիկ խմբավորում ¥աջակցում է այաթոլլահ Խամենեիին¤, Իրանական հեղափոխության պահապանների կորպուսը ¥ԻՀՊԿ¤` որպես Իրանի հիմնական ուժային կառույց, և գործարար շրջանների բավական ստվարաթիվ ներկայացուցիչներ` հայրենասեր մարդիկ, ովքեր չեն ուզում երկրի ազգային հարստությունները ամերիկացիների ձեռքը գցել։ Այդ ուժերը հասկանում են, որ Իրանի միջուկային ծրագրի խափանումը Իրանին կզրկի երկրի ներքին գործերին բացահայտ արտաքին միջամտությունից Արևմուտքին զսպելու գործիքից։ Նրանց համար միջուկային գործի գծով բանակցությունների ելքը գոյատևման, իշխանության, անկախության և ինքնիշխանության պահպանման հարց է։ Բայց առայժմ հենց նրանք և աշխարհազորի լավ ճյուղավորված «Բասիջ» կազմակերպությունն են հմտորեն վերահսկում ողջ հասարակությանը, գործնականորեն չեզոքացնելով փաստացի գոյություն ունեցող «հինգերորդ շարասյան» առկայությունը և թույլ չտալով կապիտուլյացիայի պատրաստ մարդկանց` տոն տալու և հասարակական կարծիք ձևավորելու։ Իսկ արտաքուստ դա նման է մի կողմից` նախագահ Հասան Ռոհանիի ու նրա արևմտամետ ազատական թիմի կողմնակիցների, մյուս կողմից` միջուկային գործի բանակցություններում պահպանողական ուժերի կոշտ գծի կողմնակիցների միջև ծավալված մի ինչ-որ պայքարի։
Մյուս տարբերակը «գունավոր» հեղափոխության արհեստական բորբոքումն է Իրանում։ Դրա նախապատրաստությունը վաղուց է ընթանում, փորձեր եղան թե՛ 2006-ին, թե՛ 2009-ին, և ԱՄՆ-ը, ԵՄ-ի, փաստորեն, բոլոր երկրները, Իսրայելը և Պարսից ծոցի միապետները այդ ուղղությամբ աշխատանքը ոչ մի օր չեն դադարեցրել, ընդհակառակը, օրեցօր սաստկացնում են։ Նրանք հիմա, ինչպես երբեք, ակտիվորեն աշխատում են ոչ միայն ընդդիմադիր արևմտամետ գործիչների, այլև ազգային-կրոնական հայտանիշներով ստեղծված ծայրահեղական անջատական խմբավորումների հետ ¥այնպիսի փոքրամասնությունների շրջանում, ինչպիսիք են թյուրքախոս ցեղերը, քրդերը, բելուջները և այլք¤։ Այսինքն, միաժամանակյա հարված է պատրաստվում կենտրոնից և ազգային ծայրամասերից։ Առայժմ ամերիկացիները այդ սցենարը պահում են «հետագայի համար»` երկյուղելով, թե Իրանում ժողովրդավարական իշխանափոխության փոխարեն քաղաքացիական պատերազմ կսկսվի, որը կավարտվի, ամենայն հավանականությամբ, «սոմալիացմամբ» կամ «լիբիացմամբ»։ Կամ էլ` հաղթանակ կտանեն Արևմուտքին և Իսրայելին հակազդող պահպանողական կոշտ գծի կողմնակիցները։ Եվ այդ դեպքում ամերիկացիները Իրանի նավթի ու գազի ոչ մի հարստություն չեն տեսնի։
Ամեն դեպքում, իրանական «հինգերորդ շարասյունում» արևմտամետ ազատականներն ու տեխնոկրատները չպետք է սպասեն, որ Խամենեիի վարչակարգի փոխվելուց հետո ամերիկացիները իշխանությունն իրենց կփոխանցեն։ Դա չի լինի երբեք։ Ինչպես ժամանակին ԱՄՆ-ն արեց Իրաքում, «արևմտամետների» հաղթանակի դեպքում Թեհրանում առանցքային դիրքերը կհանձնվեն այն ընդդիմադիրներին, ովքեր հիմա տարագրության մեջ են ԱՄՆ-ում և ամերիկյան անձնագիր ունեն։ Իսկ իշխանությունից դժգոհողներին, որոնք միաժամանակ շարունակում են աշխատել ներկա կառավարության օրոք, կա՛մ կզրկեն ամեն ինչից, կա՛մ կտան երկրորդական կարգի պաշտոններ կամ հաճկատարի դեր։ Ամերիկացիները չեն վստահում նրանց, ովքեր ԱՄՆ-ի ներսում «ժողովրդավարության դպրոց» չեն անցել։ Պատահական չէ Ամերիկայում իրանական համայնքը հիմա պատրաստվում է ամերիկյան կառավարության փողերով ճոխ նշելու Նոր տարին` Նովրուզը, և հարուստ երեկույթներում թանկ կոստյումներով ծախու իրանցիներն ու անգլխաշոր, բաց շրջազգեստներով թեթևամիտ իրանուհիները ազատորեն շամպայն կխմեն ամերիկյան ջազ երաժշտության ծղրտոցի ներքո։ Նրանք ամերիկացիների համար արդեն յուրային են դարձել։ Այդուամենայնիվ, դավաճաններին Իրանում չեն սիրել և չեն սիրում. ամերիկյան խամաճիկներին շատ ողբալի վախճան է սպասում։
Թեհրանը մի այլ բանից էլ պիտի զգուշանա. երբ Օբաման, Քերին և Սպիտակ տան այլ գործիչներ դեռ վերջերս լավատեսորեն հայտարարում էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արագ ավարտի մասին, Իսրայելը ձեռքերը ծալած նստած չէր։ Ի դեպ, ինչպես և հանրապետականները ամերիկյան Կոնգրեսում։ Վերջիններս հրավեր ուղարկեցին վարչապետ Բենյամին Նեթանյահուին, առաջարկելով Վաշինգտոնում հանդես գալ Իրանին նվիրված ճառով։ Չնայած ԱՄՆ-ի նախագահը բացահայտորեն դժգոհ էր այն բանից, որ Կոնգրեսի մեծամասնությունը Իսրայելի վարչապետին հրավիրել էր շրջանցելով իրեն որպես պետության ղեկավարի, նա կուլ տվեց այդ դառը հաբը։ Իսկ Նեթանյահուն եկավ Ամերիկա և մի հիստերիկ-ռազմաշունչ ճառ արտասանեց` Իրանին ուղղված բացահայտ սպառնալիքներով։ Եվ անմիջապես խոսակցություններ սկսվեցին այն մասին, թե Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնելու Թեհրանի միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին, ներառյալ Բուշերի ատոմակայանը, որտեղ աշխատում են հարյուրավոր ռուս մասնագետներ։ ՈՒրեմն նորի՞ց ռազմական սցենար։
Եվ Վաշինգտոնը պաշտպանեց Իսրայելի շատախոսությունը։ Պատահական չէ, որ Օբաման, չնայած նրան հրապարակայնորեն նվաստացրել էին, Իսրայելի վարչապետի մեկնելուց հետո կտրուկ փոխեց իր դիրքորոշումը։ Նա անմիջապես հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս կգա Իրանի հետ բանակցությունների «վեցյակի» ձևաչափից, եթե լիովին համոզված չլինի, որ Թեհրանը ատոմային զենքի ստեղծման հնարավորություն չի ունենա։ Իսկ երկու օր հետո նաև պատժամիջոցները երկարաձգեցին։ Բացի այդ, հանրապետական 47 սենատորներ սպառնալից բաց նամակ հղեցին Իրանի ղեկավարությանը։ Սա աննախադեպ քայլ էր ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ օրենսդիրները պաշտոնապես դիմում են օտար պետության ղեկավարին և ոչ թե իրենց «գործընկերներին»։ Այ այսպիսի ազդեցություն ունի Իսրայելը Վաշինգտոնում. հանգիստ ստիպում է ԱՄՆ-ի նախագահին պարել իր դուդուկի տակ և կտրուկ փոխել արտաքին քաղաքականությունը։ Այ հենց այստեղ էլ թաքնված է պատասխանը բոլոր այն հարցերի, թե ինչ նպատակ է հետապնդում Վաշինգտոնը Թեհրանի առնչությամբ։ Անկասկած նույն, ինչ Իսրայելը։
Իրանը, սակայն, պատրանքներ չի ունեցել և չունի։ Թեհրանը շտապ պատրաստվում է հետ մղելու իր միջուկային օբյեկտների դեմ հնարավոր օդային ագրեսիան, որին, ամենայն հավանականությամբ, կհետևեն «գունավոր» հեղափոխություն սանձազերծելու փորձերը։ Թեհրանը պատրաստվում է հետ մղելու նաև երկրի քաղաքների ու կենսապահովման կենտրոնների վրա հնարավոր գրոհները։ Միաժամանակ ամերիկա-իսրայելական դաշնազույգին հարվածներ է հասցնում Սիրիայում, Լիբանանում, Իրաքում ու Եմենում։ Այս բոլոր փաստերը պարտավոր են նկատի ունենալ նաև Հայաստանի իշխանությունները, երբ իրենց փոխհարաբերություններն են պլանավորում Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ