ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դիվերսիա Արցախում և քարոզչական դիվերսիա Երևանում

Դիվերսիա Արցախում և քարոզչական դիվերսիա Երևանում
24.03.2015 | 00:24

Չի կարելի անպատասխան թողնել ո՛չ ուկրաինացիների հայատյաց հայտարարությունները, ո՛չ ռազմաճակատներում Ադրբեջանի լկտի սադրանքները

Արցախում մեր հակառակորդը, չնայած մինչ այդ ստացած կոշտ հակահարվածներին, մարտի 19-ի առավոտյան հերթական սադրիչ դիվերսիոն գործողություններն է ձեռնարկել։ Ինչպես հաղորդել է ԼՂՀ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը ժամը 08.30-ի սահմաններում հյուսիսային ուղղությունում հարձակվել է Գյուլիստանի մերձակա հայկական դիրքերի վրա։ Մարտական գործողությունները շարունակվել են մոտ երկու ժամ, և դիրքապահ անձնակազմը օգնության հասած ուժերի աջակցությամբ հետ է շպրտել հակառակորդին, այնուհետև հետապնդելով` լիովին ոչնչացրել խումբը։
Ազգովին մեր ցավակցությունն ենք հայտնում մարտի ընթացքում զոհված մեր արծիվների` Հակոբ Խաչատրյանի, Էդուարդ Հայրապետյանի և Արշակ Հարությունյանի ծնողներին ու մերձավորներին, ինչպես նաև ապաքինում` բոլոր վիրավոր զինվորներին։ Կորստյան ցավի զգացումը միախառնվում է հպարտության հետ թե՛ նրանց, թե՛ այն մարդկանց համար, ում շնորհիվ Հայաստանն ու Արցախը ունեն այնպիսի զինված ուժեր, որոնք ի վիճակի են պատշաճ հակահարված տալու և ոչնչացնելու արյունռուշտ ասկյարներին։ Իրոք որ, թուրքը մնում է թուրք, նույնիսկ եթե նա գրպանում ունի МГИМО-ի շրջանավարտի դիպլոմ կամ էլ ռուսական կամ արևմտյան որևէ այլ բուհի։ Որքան էլ ջանա Ադրբեջանի պաշտպանության նախարարության քարոզչության վարչությունը վերջին միջադեպը ներկայացնել իբրև «Հայաստանի անհաջող ռազմական գործողություն», Բաքուն հերթական անգամ տանուլ է տվել, և բանը միայն ադրբեջանական կողմի ահավոր կորուստները չեն։ Լավ կլիներ, որ Իլհամ Ալիևը գութ ունենար իր երկրի մայրերի ու իր մշտական քարոզիչների հանդեպ, որոնք էլի ստիպված են իրենց զինվորների դիակները «ցրել» տարբեր զորամասերի և ուղեկալների վրա` քողարկելով իրենց կորուստները կամ դրանք ներկայացնելով իբրև «դժբախտ դեպքեր» կամ «թութքից հանկարծամահություն»։ Մենք հիմքեր չունենք չհավատալու ԼՂՀ պաշտպանության նախարարությանը, որը հաղորդել է, որ ոչնչացվել է մինչև 14 ադրբեջանական դիվերսանտ։
Դե, պնդաճակատներ նման դեպքերում միշտ եղել են նաև Երևանում։ Կարելի է չկասկածել. հիմա էլ կլինեն, լավ է, որ, վերջապես, մեր նախագահ Սերժ Սարգսյանն ինքը մի երկու դժգոհություն հայտնեց Ռուսաստանից Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման կապակցությամբ։ Բայց ինձ թույլ եմ տալիս որոշ հարցերում չհայմաձայնել պետության ղեկավարի հետ. մարտական դիրքերում կանգնած կամ մարտերին մասնակցող մեր սպաներն ու զինվորները այդ լարված պահերին ամենից քիչ են մտածում այն մասին, որ «իրենց վրա կրակում են ռուսական զենքով»։ Ո՛չ, նման պահերին մարդ առաջին հերթին մտածում է, թե ինչ անի, որ հանկարծ թիրախ չդառնա և կասեցնի թշնամուն, որը կարևոր չէ, թե ում զենքով է զինված։ Ես չեմ կարծում, թե մեր սպաներն ու զինվորները իրենց ավելի լավ են զգում, երբ իմանում են, որ իրենց գլխավերևում սլանում են իսրայելական կամ ամերիկյան անօդաչու սարքերը, կամ իրենց գլխին պայթում են թուրքական կամ իսրայելական հրթիռներ։ Ադրբեջանին ռուսական զինամատակարարումների հետ կապված հարցերը պարտավոր է պարզել Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն` Հայաստանի նախագահը։ Եվ կարիք չկա, որ որոշ լրատվամիջոցներ ուրախության ճիչեր արձակեն և Ս. Սարգսյանի հայտարարությունները որակեն որպես «սենսացիոն», քանի որ դրանք «աննախադեպ» են։ Ի վերջո, առաջինը նա չի Հայաստանի անունից հնչեցնում մեր ընդհանուր անհանգստությունը ՌԴ-ից կատարվող զինամատակարարումների հաշվին Ադրբեջանի զինանոցի ուժեղացման առթիվ։ Առաջինը, և դեռ անցած տարի, Ռուսաստանի ներկայացուցիչներին (ինչպես նաև ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներին) այդ մասին ասել է մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ճիշտ է, ներկա լարված իրավիճակում ինքը` մեր պետության ղեկավարն է առաջինը բարձրաձայնում այդ խնդրի մասին։ Եվ հուսանք, որ դա չի լինի ապարդյուն, որ հետագայում էլ Ս. Սարգսյանը կաշխատի Բաքվին զենք-զինամթերք մատակարարող բոլոր երկրների (երևի բացի Թուրքիայից, քանի որ Անկարային անօգուտ է որևէ բան ասել «կրտսեր թուրքերի» մասին) նկատմամբ լինել նույնքան վճռական ու հետևողական։ Օրինակ, ՈՒկրաինայի նկատմամբ։ Լինելով հրավիրյալի ու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի մասնակցի կարգավիճակում, ՈՒկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը աչքի ընկավ ծայրաստիճան լկտի, զավթողական վարքագծով։ Մեր արևմտամետ պատգամավորներին չեն թողնում բերաններն անգամ բացել, երբ նրանք «հանդուրժողաբար» մեկնում են Բաքու։ Եվ նրանք, վերադառնալով Երևան, հերոս կտրած, հեքիաթներ են պատմում իրենց «քաջագործությունների» մասին։ Իսկ այստեղ մենք Ադրբեջանի անսքող փաստաբանին հնարավորություն ենք տալիս և՛ վիրավորելու մեր ամբողջ ազգին` Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը համեմատելով մտացածին «1932 թ. ուկրաինական գոլոդոմորի» հետ, և՛ նույնիսկ Հայաստանով մեկ հայտարարելու. «Մենք հստակ դիրքորոշում ունենք ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը ճիշտ չէ այս հարցում»։ Միաժամանակ Տարասյուկը նաև բարձրագոչ ընդգծում է, որ ինքն արտահայտում է ՈՒկրաինայի պաշտոնական դիրքորոշումը թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Արցախյան խնդրի առնչությամբ։ Իսկ ո՞ւր է արձագանքը. ասենք Հայաստանի նախագահը չէ, թող գոնե որևէ մեկը նրա աշխատակազմից, արտգործնախարարությունից, Ազգային ժողովից, որտեղ և տեղի էր ունենում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը։ Ոչ մի ծպտուն։ Եվ ստացվում է. կամ մենք ուզում էինք «հաճոյանալ» Արևմուտքին` Երևանում Եվրանեսթի օրերին զենքի առթիվ դժգոհություն արտահայտելով ՌԴ-ի հասցեին, կամ էլ համարում ենք, թե «ՈՒկրաինային ամեն ինչ կարելի է»։ Իսկ ո՞ւր են մեր հետևողականությունն ու հաստատակամությունը։ Մարտի 18-ին, այսինքն` Արցախում ադրբեջանցիների հարձակումից մեկ օր առաջ, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը Երևանում ընթացող «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովում հավաստեց, որ, օրինակ, Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը մնում է գերակա հարց երկրի արտաքին քաղաքականության օրակարգում, և ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության վերջին փուլն է, ինչպես նաև հստակորեն տրամաբանական շղթա անցկացրեց ցեղասպանությունից մինչև Արցախ, նշելով սահմանը փակ պահելու թուրքերի քաղաքականության նպատակը. «տնտեսական դժվարություններ ստեղծել Հայաստանի համար, որպեսզի նա ավելի զիջող լինի Լեռնային Ղարաբաղի հարցում»։
Այդ դեպքում ինչո՞ւ հապա ոչ ոք չընդհատեց Տարասյուկի թրքամետ ու ադրբեջանամետ «զառանցանքը» Երևանում։ Եթե այդ ուկրաինացի նացիոնալիստն այդպես արտահայտվեր Բաքվում, կասեինք` լավ, հերն էլ անիծած, թող դուր գալու համար ձևեր թափի ՈՒկրաինայի վերջին 24 տարվա դաշնակիցների առջև։ Եվ եթե Հյուսիսային Արցախում տեղի ունեցած ողբերգական միջադեպը դիտարկելու լինենք Երևանում Տարասյուկի հայատյաց դեմարշի տեսանկյունից, ապա, չի կարելի բացառել, կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ նախապես է ծրագրված եղել։ Ե՛վ Եվրանեսթին մասնակցելու համար ադրբեջանական պատվիրակության Երևան չգալը, և՛ հերթական հանդուգն դիվերսիան, և՛ ուկրաինացի նացիոնալիստի հակահայ հայտարարությունները։ Ես հեռու եմ այն մտայնությունից, թե մենք գործ ունենք բացառապես «ուկրաինա-թուրքա-ադրբեջանական դավի» հետ. ի՞նչ դավի մասին կարող է խոսք լինել, եթե այդ պետությունների դիրքորոշումները մեզ հայտնի են առնվազն 1992-ից և երբեք կասկած չեն առաջացրել։ Ոչ։ Բայց չի կարելի չնկատել, որ հենց Հյուսիսային Արցախում կատարված դիվերսիայից հետո և մարտի 20-ին Երևանում ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում Տարասյուկի հայատյաց հայտարարություններից հետո բնորոշ անուն-ազգանունով բրիտանացի պատգամավոր Սայյադ Քերիմը կիսաակնարկի ձևով առաջարկում է «հանձնել տարածքները»։ Իբր, հանուն «հայ-թուրքական հարաբերությունների բարելավման»։
Եկեք հիշենք, թե անցած տարվանից ի վեր ո՞վ է այդպես տապակվում հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների վերակենդանացմամբ, որն այս տարեսկզբին խորհրդարանից հետ կանչեց նախագահ Սերժ Սարգսյանը։ ԱՄՆ-ը և «հայ-թուրքական երկխոսության կազմակերպիչ» երկիր Շվեյցարիան չե՞ն դրանք։ Իմ ճշմարտացիությանը համոզվելու համար բավական է ժամանակագրական կարգով հետևել առնվազն սկսած 2014 թ. գարնանից հայ-թուրքական «գործընթացի» հետ կապված բոլոր հայտարարություններին։ Արևմտյան հիմնադրամների ու դեսպանությունների ձեռքից սնվող մի քանի լրատվամիջոցներ փետրվարին ջանում էին մեզ համոզել, թե, իբր, Ստեփանակերտի դատարանի կողմից դատապարտված դիվերսանտներին հանձնելու «պահանջներ» ամերիկացիներից առաջ առաջադրում էին Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները, սկսած նախարար Սերգեյ Լավրովից։ Ինչպես հայտնի է, մենք մերժել ենք բոլոր «խնդրողներին», իսկ հետո հավաստել, որ Արցախի և նրա ազատության ու անկախության հարցը երբեք ոչ ոքի համար սակարկության ու քաղաքական շահարկության առարկա լինել չի կարող։ Հայտնի է նաև, որ մարտի 10-ին Ստեփանակերտի վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց ադրբեջանցի դիվերսանտների դատավճիռը, ինչին Բաքուն պատասխանեց դեռ 2014-ի դեկտեմբերի 26-ին գերված ոմն Արսեն Բաղդասարյանի դիվերսիայի և սպանության մեջ մեղադրելու մասին հայտարարությամբ, փորձելով նրան ներկայացնել որպես «դիվերսիոն խմբի անդամ»։ Բայց այդուամենայնիվ, ով էր ընդհուպ մինչև մարտի 10-ը համառորեն «կոչ անում» (չգիտես ինչու` Հայաստանին) բաց թողնել ադրբեջանական երկու «հրեշներին» որպես «գթասրտության ակտ», «մարդասիրական քայլ»։ ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս երկրները։ Եվ սրանում դժվար չէ համոզվել. այս տականքներին Երևանում «հիշեց» անգամ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Ես ինչ-որ չեմ հիշում, որ Արևմուտքը որևէ «մարդասիրական քայլի» մասին նմանատիպ կոչեր հասցեագրած լինի Ադրբեջանին այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այդ ստորները ներխուժել են ուրիշի տարածք, առևանգել, սպանել, թալանել են հայերին։ Եվ մոտավորապես փետրվարի երկրորդ կեսից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մոնիթորինգները Արցախում հակամարտ բանակների շփման գծում անլիարժեք են ընթացել. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չի տվել դիտարկել իր առաջավոր գծերը, ինչի մասին դիտորդները տեղեկացրել են թե՛ ԵԱՀԿ գործող նախագահին, թե՛ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Դեռ մարտի 5-ին Ռուսաստանը (ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի) և ԱՄՆ-ը (ի դեմս Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտայի) զուգահեռաբար կոչ արեցին «հակամարտության կողմերին` զսպվածություն հանդես բերել» և «խուսափել իրադրության բարդացման քայլերից», ընդ որում` ամերիկացիները դիմում էին միայն Հայաստանին և Ադրբեջանին և ոչ թե հակամարտության բոլոր կողմերին։ Մարտի 16-ին Երևանում Եվրանեսթի նիստում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ արձանագրեց. «Բաքվի հասցեին ուղղված քննադատությունը ամենևին չի ազդում այդ երկրի իշխանությունների վրա, նրանք շարունակում են ընթանալ իրենց ոչ կառուցողական ուղիով, հնարավոր բոլոր եղանակներով ջանալով ձախողել բանակցային գործընթացը»։ Բայց, ինչպես տեսնում ենք, ո՛չ հայկական իշխանությունների ահազանգը, ո՛չ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հորդորները ոչ մի կերպ չեն զսպում տարածաշրջանային ծայրաստիճան գրգռված աղեղում լարվածությունը սաստկացնելու Ադրբեջանի գայթակղությունը։
Եվ մի բան էլ չի վրիպում ուշադրությունից. ինչպես մարտի սկզբին, երբ Մարտակերտի ուղղությունում հաջողվեց խափանել (կանխարգելիչ կարգով) ադրբեջանական հատուկջոկատայինների դիրքերի ուժեղացումը, այնպես էլ մարտի 19-ին, երբ ադրբեջանական դիվերսիան այնուամենայնիվ զարգացում ունեցավ, Հայաստանում տեղի էին ունենում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ռիթմիկ զորավարժություններ։ Եթե որևէ մեկը լրջորեն հետաքրքրվում է, թե հատկապես ինչ զորավարժություններ են կազմակերպվել և անցկացվում ռուսական բազայի կողմից, ապա ուղղակի խորհուրդ կտայի ուշադրությամբ ուսումնասիրել ինչպես հենց 102-րդ ռազմաբազայի մամուլի ամփոփագիրը, այնպես էլ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններն այն մասին, որ այս ու այս օրերից սկսվել են Ռուսաստանի զինված ուժերի, փաստորեն, բոլոր զորատեսակների մարտունակության և մարտական պատրաստության հանկարծական ստուգումներ` սկսած ՌԴ Կալինինգրադի մարզից, Արկտիկայից և վերջացրած Հարավային զինվորական օկրուգով։ ՈՒզում եմ հիշեցնել, որ ներքին զինվորական «հիերարխիայում» 102-րդ ռազմաբազան ենթակա է հենց ՌԴ հարավային զինվորական օկրուգին։ Իսկ ինչո՞ւ է Արևմուտքը, և մասնավորապես ԱՄՆ-ը (դե, բա հո Ադրբեջանը չի «անհանգստանալու»...) այսպես լարվել ու վախեցել Ռուսաստանի զինված ուժերի լայնածավալ ցամաքային ու ծովային զորավարժություններից, կարծում եմ, վաղուց արդեն գաղտնիք չէ, և այստեղ չարժե անգամ որևէ բան ասել ՈՒկրաինայի, Նովոռոսիայի, Ղրիմի մասին։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է և, անգամ եթե հավատդ չի գալիս, կապված է դարձյալ Մերձավոր Արևելքի իրավիճակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամերիկյան խամաճիկների` ծայր առած պարտությունների հետ։ Եթե մի րոպե պատկերացնենք, որ Իրանին և նրա դաշնակիցներին հաջողվում է ամերիկամետ «արմատականներին» դուրս մղել Իրաքից Սիրիա, այնտեղից էլ Թուրքիա, ապա թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացումը թուրքական ուղղությամբ կդառնա մեր տարածաշրջանի գերակա գործոն, որովհետև «Իսլամական պետությունը» վերջերս մեկ անգամ ևս հայտարարեց, թե մտադիր է ներխուժել Կովկաս։
Այդուամենայնիվ, չի կարելի անպատասխան թողնել ո՛չ ուկրաինացիների հայատյաց հայտարարությունները, ո՛չ ռազմաճակատներում Ադրբեջանի լկտի սադրանքները։ Թշնամիները պետք է իմանան, որ իրենց ամեն մտադրություն անպայման հակահարված կստանա, և վրեժխնդրության աստվածուհի Նեմեսիսը ամենուր կհասնի ու կպատժի իրենց...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ