ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր հոդված է հրապարակել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Նրա նախորդ անդրադարձերը քննարկվեցին քաղաքական հարթության մեջ՝ համընկնելով ԲՀԿ-ի տրանսֆորմացիաների գործընթացին և ավելի շատ տրվեցին քաղաքական գնահատականներ՝ հեղինակի թեմային անդրադառնալու դրդապատճառների վերաբերյալ, քան բուն թեմայի նրա մեկնաբանությունն արժևորվեց: Թվում էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտնել է իր մտահոգությունները և ստացել պատասխան՝ Հռչակագիրն անձեռնմխելի է, մնացած հարցերի վերաբերյալ քննարկում հնարավոր է, բայց նա շարունակում է «ահազանգել» Հռչակագրի վտանգների մասին: Նա կարծում է, որ հռչակագիրը «պետք է դիտարկել ոչ թե որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ արված հավուր պատշաճի մի հայտարարություն, այլ մեր երկրի արտաքին քաղաքականության կենսական նշանակություն ունեցող կարևորագույն հիմնախնդիրների լուծման, այլ կերպ ասած, Հայաստանի պետական շահերի տեսակետից»: Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակենսական ու կարևորագույն խնդիրներ սահմանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, պատճառաբանելով, որ հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունն ու դրա հետևանքը հանդիսացող շրջափակումը
խոչընդոտում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, խափանում են Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, Հայաստանին զրկում են արտասահմանյան ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու գրավչությունից, պետական առանց այդ էլ ողորմելի բյուջեից զգալի գումարներ են պահանջում ռազմական ծախսերի համար, խթանում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության արտագաղթը, ինչն արդեն իսկ վերածվել է ժողովրդագրական աղետի, բարդացնում են Հայաստանի հարաբերությունները աշխարհի համարյա բոլոր, անգամ բարեկամ պետությունների հետ:
Առաջին հայացքից այդպես է ու մենք անկախության հաստատումից ի վեր ընտելացել ենք այդպես կարծել՝ մեր բոլոր դժվարությունների ու ձախողումների պատճառը Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունն է: Լևոն Տեր-Պետրոսյանը թվարկում է հետևանքները, բայց նա շրջանցում է պատճառները, իսկ բուն պատճառներին անդրադառնալ նրան թույլ չի տալիս իր քաղաքական կողմնորոշումը: Եվ ստացվում է անձի երկվության դասական օրինակ՝ մի կողմից գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է բարձրացնել կենսական հարց, մյուս կողմից՝ քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան արգելում է խնդիրը համակողմանի տեսնել: Հետևանքը իրավիճակի միակողմանի ներկայացումն ու գնահատականն է: Նրա բոլոր թվարկումները ճիշտ են, բայց այդ վիճակի պատճառը միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէ՝ սա է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հիշում անգամ ու չի հիշատակում: Հայաստանի ներգրավվածությանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում խանգարում են ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Հայաստանի վարած կախյալ քաղաքականությունը, որ ինքնուրույն չի որոշում՝ որ հարևանի հետ քաղաքական ու տնտեսական ինչ մակարդակի հարաբերություններ ունենալ: Հայաստանին զրկում են արտասահմանյան ընկերությունների ներդրումներ կատարելու գրավչությունից ոչ միայն չավարտված պատերազմը, այլև Հայաստանի տնտեսական դաշտում անհրաժեշտ օրենքների առկայությունը զրոյացնող մենաշնորհները, կոռուպցիան, հարկային քաղաքականությունը և ներդրումների մեծ ռիսկայնությունը, որը պատերազմի հետ չէ կապված, այլ տնտեսական միջավայրի: Պետական առանց այդ էլ ողորմելի բյուջեից զգալի գումարները ռազմական ծախսերին հատկացվում են, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովում է Հայաստանի ազգային բանակը, ոչ ՀԱՊԿ-ը, որ հակառակ հայտարարությունների, թե պատերազմը կանխարգելող գործոն է, իրականում ծառայում է միայն ռուսական շահին: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության արտագաղթը խթանում են Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները, որովհետև Հայաստանի չդիվերսիֆիկացվող տնտեսությունը ի վիճակի չէ նոր աշխատատեղեր ստեղծել, իսկ Ռուսաստանը, որ Հայաստանի տնտեսության համակարգաստեղծ և ռազմավարական նշանակության ճյուղերում սեփականատեր է, Հայաստանը դիտարկում է որպես էժան աշխատուժ արտահանող երկիր և բոլորովին նպատակ չունի Հայաստանի համար ստեղծել արտահանումների այլ՝ ապրանքային, հնարավորություններ: Ժողովրդագրական աղետի պատճառները պետք չէ բարդել ոչ Ղարաբաղի, ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի վրա: Հայաստանի հարաբերությունները աշխարհի համարյա բոլոր, անգամ բարեկամ պետությունների հետ բարդացնում են ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիները, այլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որ սերտ շաղկապված է ներքին քաղաքականությանը: Մենք փորձում ենք խաչմերուկ խաղալ, բայց չենք մտածում, որ միակողմանի երթևեկության պատճառով նախ կորչում է խաչմերուկի իմաստը, հետո էլ առաջանում է խաչմերուկը տեղափոխելու վտանգ: Ինչո՞ւ իշխանափոխության կարծր պայքար մղող Լևոն Տեր-Պետրոսյանը այս ամենը չի տեսնում և չի շաղափում «ավազակապետությանը», ինչո՞ւ չի ասում ստեղծված իրավիճակի բուն պատճառները: Չգիտի՞: Փայլուն գիտի: Բայց ավելի փայլուն գիտի, որ իշխանությանը դատափետելը արգելված չէ, բայց ավելին չի տա, քան ունի, իսկ այս խնդիրների վերհանումը անմիջականորեն առնչվելու է Ռուսաստանին ու խիստ վտանգավոր է Կրեմլին բարկացնել: Ահա և Հայաստանում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կարելի է բարդել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վրա, որը «ոչ միայն ամենևին ուղղված չէ թվարկված գերկենսական խնդիրների լուծմանը, այլև անխուսափելիորեն նորանոր խոչընդոտներ է հարուցելու դրանց հաղթահարման ճանապարհին»: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանից բացի ո՞ւմ մտքով կանցներ, որ Հռչակագիրը պիտի այդ խնդիրները լուծեր: Ինչո՞ւ է Հռչակագրին քաղաքական Աստվածաշնչի նշանակություն տրվում: Որովհետև մտածողության կարծրատիպերը շատ հարմար են, որ թվա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասում և նրա ճշմարտությունը չի ընկալվում: Մինչդեռ իրականում առճակատման ոգով գրված փաստաթուղթը չի ստիպելու Թուրքիային ավելի կոշտ դիրք գրավել Հայաստանի նկատմամբ հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ դա նույնիսկ անլուրջ է լուրջ քննարկելու համար՝ Հռչակագիրը նոր է հրապարակվել, մինչև հիմա ի՞նչն էր Թուրքիային խանգարում, գիտեի՞ն, որ Հռչակագիր է ի հայտ գալու: Թուրքիան ոչ ավելի փափուկ, ոչ ավելի կոշտ դիրք չի գրավելու, Թուրքիան մնալու է իր նույն դիրքում և հայկական հարցի նույն ընկալման մակարդակում, պարզապես խորհրդարանական ընտրություններից առաջ ու Ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ օրը մի քանի անկապ հայտարարություններ է անելու՝ ելնելով սեփական տեսակետների պաշտպանության անհրաժեշտությունից: Հռետորաբանության և իրական քաղաքականության տարբերությունը կարող են չզգալ Հայաստանի և Թուրքիայի շարքային քաղաքացիները, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր է հասկանալ:
Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը սկսել ու ավարտել մեկ՝ իրավական նշանակություն չունեցող փաստաթղթով, բացարձակապես անհասկանալի ու անհիմն է նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, որ անցած տասնամյակներում հակասական ու քաղաքականապես սնանկ վերլուծությունների օրինակներ է տվել ու բարեհաջող շարունակել է պնդել իր բացարձակ անքննադատելիության թեզը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի վերջո, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է ստատուս-քվոյի պահպանմանը՝ Հայաստանի և Ղարաբաղի համար իր շարադրած բացասական հետևանքներով, պետք է ասի ոչ թե ինչ չանել, այլ՝ ինչ անել, մինչդեռ նա ընդամենը կեղծ վտանգներ է ստեղծում, որ «Հռչակագրի» բնագրում տարածքային պահանջների ընդգրկումը Թուրքիային և Ադրբեջանին լրացուցիչ հիմք է տալու ղարաբաղյան խնդրի էությունը վերջնականապես խեղաթյուրելու և ինքնորոշման իրավունքի իրացման փոխարեն, որպես Հայաստանի ծավալապաշտական նկրտումների արտահայտություն ներկայացնելու համար, և՝ վերջ: Ո՞Ւմ համար է գաղտնիք, թե ղարաբաղյան խնդրի էությունը Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ինչպես են տեսնում, ով՝ ինչ է ուզում, ով՝ ում է կանխում Մինսկի խումբը ցրել, խաղաղապահներ տեղակայել, ինչո՞ւ հակառակ հրադադարի շարունակվում է գիշերային, սողացող, անվերջ պատերազմը: Այնքան պատճառներ ու հիմքեր ունեն կողմերը, որ մի Հռչակագրի պատրվակը չի կարող իրավիճակ փոխել ու հավասարակշռություն խախտել: Այս դաշտում հարաբերությունների ու շահերի հանգուցումը շատ ավելի բարդ է, քան փորձում է ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանը՝ զգուշացնելով, որ Հռչակագրով թուլացնում ենք մեր դիրքերը կամ լրացուցիչ կռվաններ ենք տալիս հակառակորդին: Չկա նման սպառնալիք, կան գերտերությունների շահեր ու շատ ավելի պրագմատիկ, ցինիկ ու անթաքույց իրականություն՝ կոնֆլիկտը պետք է բոլորին ներքին ու արտաքին օգտագործման համար: Բոլորին՝ բացի Հայաստանից ու Ղարաբաղից: Հռչակագրի ինչպես հողմաղացների դեմ իր դոնկիխոտյան մենամարտերի փոխարեն Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր այս վիճակից ելքեր գտնել՝ դա ավելի կենսական է ու արդյունավետ՝ հեռանկարի իմաստով: Այլապես ստեղծվում է տպավորություն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ ընդհանրական «ՈՉ» ասելու կարիք է զգում, բայց հայտնի չէ, թե ինչ առաջարկի: