Քաղաքական դաշտը փորձում է ուշքի գալ ԲՀԿ-ի անսպասելի կապիտուլյացիայից հետո: Ինչպես ասում են` յուրաքանչյուրը այնտեղ խելագարվում է յուրովի:
Իշխանությունը, որ է` Սերժ Սարգսյանը, կրկին հետաքրքիր քաղտեխնոլոգիա է իրականացնում: Մի կողմից` պտույտի մեջ է դնում սահմանադրական բարեփոխումների երկու տարբերակ, ընդ որում` ոչ այն պատճառով, որ դուրսը, մասնավորապես Ռուսաստանը, համաձայն չէ խորհրդարանական կառավարման հեռանկարի հետ, քանզի ԵԱՏՄ-ն «նախագահների ակումբ» է, այլ Սերժ Սարգսյանն իսկապես ցանկանում է, որ լայն քննարկում ընթանա այդ գործընթացի շուրջ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի նուրբ ու փափուկ անցկացնելու այն, ինչ ի սկզբանե կա իր մտքում:
Քանզի, եթե միանգամից և հենց հիմա հրովարտակվի, թե Հայաստանը խորհրդարանական կառավարման է անցնում, և երկրի անվտանգության տեսանկյունից ճշգրիտն այն է, որ ԱԺ ղեկավարը դառնա գերագույն գլխավոր հրամանատար, ուժայիններն էլ ենթարկվեն նրան, ասել է` ԱԺ-ին, և այդպես շարունակ, արձագանքը բոլորովին այլ կլինի, քան եթե հանդարտ, մի քանի ամիս տևող քննարկումներից հետո, հետ-առաջ սկզբունքով, բոլորի հետ նստել-վեր կենալով, ֆոտոսեսիաներ անցկացնելով` «բանը» դրան «հասցվի»:
Մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանը փորձում է լցնել ԲՀԿ-ի` իրականում ընդդիմության դատարկ մնացած սուրբ «տեղը»: Իսկ սա ընդհանրապես առանձին քննարկման առարկա է: Կարելի է խնդրին մոտենալ ստանդարտ տեսանկյունից, մեխանիկորեն միացնել, գումարել-հանել դաշտում եղած ուժերին, համաձայնության գալ նրանց հետ ինչ-ինչ հարցերի շուրջ, ու հարցը փակված համարել, ինչն էլ իր հերթին կհանգեցնի «զրո» արդյունքի:
Խնդիրն առավել համապարփակ է այն առումով, թե ինչ նպատակ է իր առջև դրել իշխանությունը, որ է` Սերժ Սարգսյանը, որը ոչ միայն կարել-կարկատելու մագիստրոս է, այլև վա-բանկ գնալու կորիֆեյ: Ընդ որում, խնդիրը փոխշաղկապված է նաև իշխանական ճամբարում, իսկ առավել ճշգրիտ` ՀՀԿ-ում տեղի ունենալիք զարգացումներով: Եթե Սերժ Սարգսյանի մտքին կա «տյունինգի» ենթարկել գաղափարայնացնելով ապագա խորհրդարան մտնող իր թիմը ևս, բեռնաթափելով այն գեներալիտետա-օլիգարխներից, ապա նույնական քայլով ընդդիմադիր դաշտում «կորոնվեն» նոր-թարմ տղերք, թեկուզ և հին մունդիրով, ինչի սաղմերը, ի դեպ, արդեն նկատվում են Նարեկ Գալստյանի հնչակյան կուսակցության նախահարձակ պահվածքով, որի հետևից կարող են գալ էլի հետաքրքիր տղերք, քանզի գործում է ոսկե կանոնը` «նմանն զնմանս գտանե»:
Կա ևս մեկ «վՏ»: Ինչպես և որքան է դիվերսիֆիկացվելու հայոց մեջ քաղաքական դաշտն ընդհանրապես, այսպես ասած` կոմպլեմենտարիզմի ուղղությամբ: Բանն այն է, որ հասարակական մենթալիտետն ու առկա քաղաքական դաշտը նույնպես միմյանց չեն համապատասխանում. արևմտամետ սեկտորը հանրությունում ավելին է, քան ներկայացված է քաղաքական սպեկտրում: Եվ եթե Սերժ Սարգսյանը յուր «ղեկավարելի քաոսը» այստեղ ևս չներդնի, ապա դրսի խաղացողները շատ արագ և աննկուն քայլերով ¥ինչն արդեն իսկ նկատվում է¤ կլցնեն սուրբ տեղը, մի կողմից` քաղաքացիական նախաձեռնություններով, ինչպես նաև կոշտ-արմատական դիրքորոշում ունեցողներով, որոնք էլ ինչ-որ «իքս» պահի` կախված տարածաշրջանային և ներքին զարգացումներից, կարող են խաղը շրջել իրենց օգտին:
Եվ քանի որ Սերժ Սարգսյանը դանդաղ շտապող տեսակ է` նույնքան «դանդաղ» պետք է հետևել, թե ինչ կոնֆիգուրացիաներով է նա փորձում առաջ գնալ, ուշադրությունից դուրս չթողնելով նաև «կոնկուրենտ ֆիրմային», որը Սերժ Սարգսյանի` ԲՀԿ-ական էնդշպիլից հետո կարծես արդեն իսկ ուշքի է եկել ու սկսել է բավականին արագ վերակազմակերպվել և հետաքրքիր քայլեր անել:
Իսկ այս մասին, ինչպես ընդունված է ասել, արդեն հաջորդ դասին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ