ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երեք նախագահների թանգարանը

Երեք նախագահների թանգարանը
17.03.2015 | 11:48

Հետաքրքիր օրեր ենք ապրում, բայց մենք էլ չենք հասկանում: Օրինակ՝ հնարավոր է, որ Հայաստանում այլևս նախագահական ընտրություններ չլինեն և պարզվի, որ Սերժ Սարգսյանը համապետական ընտրություններով ընտրված վերջին նախագահն էր: Եթե Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման մոդելին, նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ՝ խորհրդարանը: Րաֆֆի Հովհաննիսյանը գիտեր՝ ինչեր են լինելու, որ ասում էր՝ առաջին ու վերջին անգամ եմ թեկնածությունս դնում:

Պետական բյուջեի մասին մտածելով և իբրև նոր խոսք խորհրդարանական կառավարման մոդելի պատմության մեջ՝ առաջարկում եմ նախագահի ինստիտուտն ընդհանրապես վերացնել: Ի՞նչ լիազորություններ է ունենալու այլևս առաջնային մանդատից զրկված նախագահը, որ չեն կարող անել խորհրդարանի նախագահը կամ վարչապետը, կամ էլ՝ արտաքին գործերի նախարարը: Իսկ Բաղրամյան 26-ը թող դառնա հայոց երեք նախագահների պատմության թանգարան և իբրև վերահսկողական լծակ՝ թող ընդդիմությանը տրվի թանգարանի տնօրենի պաշտոնը:
Պետական արարողակարգի մեջ էլ պարտադիր կետ դառնա Հայաստան պետական ու պաշտոնական այցերով ժամանող նախագահների, խորհրդարանների նախագահների, վարչապետերի, միջազգային կազմակերպությունների ղեկավարների այցելությունը հայոց երեք նախագահների թանգարան, որտեղ նրանք ժողովրդավարության նոր աստիճանը հավաստող խոսքեր կգրեն՝ հուզված Հայաստանի առաջադեմ փորձից: Համենայն դեպս՝ ուրիշ երկրներում նման թանգարաններ չկան:
Թանգարանում առանձին մասնաբաժին կունենան բոլոր երեք նախագահների օրոք գործած վարչապետերը, որ հետո դարձել են նախագահ՝ ապացուցելու համար, որ քաղաքական աշխարհն էլ կլոր-կլոր է: Մի քիչ չի բերի Հովիկ Աբրահամյանի բախտը, բայց ո՞վ գիտի, մեկ էլ, ու՝ բերեց: Օրինակ, ինչպես բերեց ԲՀԿ-ի պարագայում: Ինչպե՞ս ստացվեց, որ Գագիկ Ծառուկյանից շատ դժգոհ էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ սրտի պարտքով հաստատված: Որ Գագիկ Ծառուկյանից շատ դժգոհ էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հարցազրույց տվեց ու մի քաղցր խոսք անգամ չասաց նրա մասին: Որ Գագիկ Ծառուկյանից շատ դժգոհ էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 12-ին ելույթ ունեցավ ու ասելիքն ասաց: Երեքն էլ դժգոհ էին, ո՞վ էր նրանից գոհ: Արդյունքներից դատելով՝ միայն Հովիկ Աբրահամյանը, որ, տեսնողներն ու լսողները հավաստում են, բոլորովին էլ Գագիկ Ծառուկյանի գլխին բամփելու մտադրություն չի ունեցել, բամփելը՝ բամփել է, բայց իրականում Ժիրայր Սէֆիլյանի և ընկերության գլխին, մենք նրան սխալ ենք հասկացել: Իսկ հիմա պատկերացրեք, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քառօրյայում որոշել է ուղղվել, կլաուստրաֆոբիայից բուժվել է, Գալուստ Սահակյանից խիստ վախեցել ու եկել է նիստի: Հայ լրագրության աստղային ժամը՝ գոնե մեկ բառ էքսկլյուզիվ պոկելու համար բոլոր լրագրողները ի՞նչ են անում, ճիշտ է, շրջափակում են Գագիկ Ծառուկյանին, հարցնելու համար, թե… Իսկ նա որոշում է, որ հաջորդ դասը եկել է ու պատասխանում է բոլոր հարցերին: Ոչ այնպես՝ ինչպես առաջ, ոչ այնպես՝ ինչպես Մհեր Սեդրակյանը՝ Մհեր Արշակյանին, այլ՝ խիստ մանրամասն ու խիստ բանավոր: ՈՒ՝ ի՞նչ: Որևէ մեկը կհամարձակվի՞ պնդել, որ Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից: Գուցե միայն Նաիրա Զոհրաբյանը: Այն էլ՝ խիստ կանխակալ ու անհավաստի:
ՈՒ սա դեռ ոչինչ: Սա դեռ սկիզբն է փառավոր գործերի: Հովիկ Աբրահամյանի աստղային ժամը դեռ չի եկել՝ նա դեռ ճանապարհին է, որ տանում է դեպի… Իհարկե, Սերժ Սարգսյանի կողմից ազնիվ չէր նախագահի պաշտոնի գլխին չար խաղ խաղալը, հիմա ի՞նչ երազի Հովիկ Աբրահամյանը, եթե ինքն արդեն վարչապետ է, իսկ վարչապետի պաշտոնը գլխավորն է խորհրդարանական կառավարման դեպքում: Երազի ընդմիշտ վարչապետ մնա՞լ: Իսկ ո՞ւր մնաց ռոմանտիզմը, պայքարը, իշխանական լծակները աջից ահյակ, վերից վար կամ էլ հակառակը պտտելը: Եռանդը որտե՞ղ սպառի, երբ առավոտից երեկո վարչապետ է աշխատում, բիզնես էլ չունի, խորհրդարանին էլ, հայտնի պատճառներով, մոտ չեն թողնի: Ի՞նչ է մնում: Նորից ԲՀԿ-ն բաժանել-վերաբաժանելը կամ էլ Գագիկ Ծառուկյանին տուն ու տեղից կտրել ու քաղաքական դաշտ գցելը, որ այլևս ոչ ոք չորոնի, թե ովքեր էին ու որտեղ խառնակիչնե՞րը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դեռ այնքան գաղտնիքներ կան երեք նախագահների չբացված թանգարանում: Հրաշալի քառյակից՝ հրաշալի եռյակ, բայց հիմա ոչ թե նրանց, այլ երեք ոսկե մկրատների որոնման ժամանակն է, որով երեք նախագահները պիտի կտրեն իրենց թանգարանի եռագույն ժապավենը: Հետաքրքիր, շատ հետաքրքիր ժամանակներ են դեռ գալու:

Դիտվել է՝ 1546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ