ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վերադասավորվեք, պարոնայք

Վերադասավորվեք,  պարոնայք
17.03.2015 | 00:32

Եթե շատ անկեղծ, ապա Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար 2008-ին: Սակայն Մարտի մեկը խանգարեց:
Սերժ Սարգսյանը ցանկանում էր իր նախագահությունը սկսել նոր էջից: Գնալ լուրջ բարեփոխումների: Պատմության մեջ մնալ որպես բարեփոխիչ նախագահ: Ցանկանում էր օլիգարխաթափել քաղաքական դաշտը, լիբերալացնել, հայ-թուրքական հաշտեցում սկսել… և այդպես շարունակ:
Բայց քանի որ պատմության չսովորած դասերը կրկնվելու փիս խասիաթ ունեն, Սերժ Սարգսյանը հայտնվեց Վազգեն Սարգսյանի ցիկլի մեջ: Վազգենը ևս իր վարչապետությունը ցանկանում էր սկսել մաքուր էջից ու կառավարության բոլոր նիստերի ժամանակ մի միտք էր անվերջ կրկնում. նախորդ էջը պետք է ծածկել, սկսել նոր էջից` նոր խաղի կանոններով, ինչ ահավոր դժվար գործ էր` սկսած հոգևոր, վերջացրած ներ և գեոքաղաքական տեսանկյունից: Եղավ այն, ինչ եղավ:
Չնայած, որպես խաղացող ու որպես շախմատիստ, Սերժ Սարգսյանը հաշվել էր շատ ավելի մանրակրկիտ և դաս սովորելու հարցում էլ գերազանցիկ էր, որպեսզի իր դեպքում մարտահրավերները շրջանցվեին, այնուհանդերձ, ներքին ու արտաքին ուժերի «բարեհաջող» օպերացիայի արդյունքում տեղի ունեցավ Մարտի մեկ, և նրա` «բարեփոխիչ» նախագահ դառնալու «երազը» շպրտվեց հետ:
«Առաջ-հետի», էնդշպիլների, շախ ու մատերի քաղտեխնոլոգ-Սարգսյանը, այնուհանդերձ, և ինչպես ցույց են տալիս օրվա զարգացումները, չընկրկեց, և իր ահավոր համբերության շնորհիվ խաղը հասցրեց այսօրվան… չասենք ավարտին, որովհետև դեռ «հոպ» չի ասված` առուն չի «թռած», մանավանդ որ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները նույնքան անկանխատեսելի ու արագ վիբրացիայի մեջ են, ինչպես եղավ մեզանում ԲՀԿ-ի «ոչ ևս»-ացումը քաղաքական դաշտից` վայրկյանների ընթացքում, այնպես էլ հնարավոր է և ասիմետրիկ ինչ-որ զարգացում` նույն Սերժ Սարգսյանի համար:
Այնուհանդերձ, ինչ ունենք այս պահին հայաստանյան քաղաքական դաշտում, որը «քաղաքական» անվանելը անչափ մեծ շքեղություն է: Որովհետև այնտեղ առկա է ԲՀԿ-ից ոչ պակաս ¥չնայած մեծ ճանապարհ անցած և գաղափարական հենք ունեցող` ԱՄԿ-ից եկող նժդեհական ՀՀԿ¤ ՀՀԿ-ն, որը նույնպես «տյունինգի», օլիգարխաթափման ահավոր մեծ անհրաժեշտության առջև է կանգնած, քանզի հակառակ դեպքում` «էջը շրջելը» կրկին անհնար կլինի, եթե չասենք` խաղը կշրջվի Սերժ Սարգսյանի դեմ:
Հասկանալի է` Սերժ Սարգսյանը գնում է խորհրդարանական կառավարման: Սահմանադրական երկու նախագիծը, քաղաքական ուժերի հետ «ֆոտոսեսիաները», համապարփակ ու «լայնարձակ» քաղաքական քննարկումներն ընդամենը արտաքին, ինչու ոչ նաև ներքին աչքի համար: Նպատակը խորհրդարանական կառավարումն է:
Սակայն եթե ներքին շերտերում իսկապես լուրջ քայլեր չարվեն քաղաքական խաղը, արժեհամակարգային կոնտուրները փոխելու, հանրության ընդերքում քնած կինետիկ էներգիան տրանսֆորմացնելու, իրական-գաղափարական խաղացողներ հայտնաբերելու ու «խաղացնելու» համար, այս «խաղը» ևս ամբողջովին կփսորվի:
Քանզի նոր գինին նոր տիկերում պետք է հավաքվի: Նոր սահմանադրությունը` նոր արժեհամակարգ կրողներով հորով-մորացվի:
Սերժ Սարգսյանն այսօր եզակի հնարավորություն ունի տիկն ու գինին սինխրոնացնելու: ԲՀԿ-ի կապիտուլյացիայի, Ծառուկյանի փուչիկի պայթեցման, Քոչարյանի քաղաքական բանկրոտի, Տեր-Պետրոսյանի շամանաթափության, Մայդանի թոհուբոհը` այս փուլում Հայաստանում բացառելու, Ղարաբաղի «հարաբերական» դադարի այս փուլում տա նույնքան հետաքրքիր մաստեր-կլաս, ինչպիսին էր ԲՀԿ-ի կապիտուլացման «օպերացիան»… որն արվեց, որպեսզի ՀՀԿ-ն ամբողջական անցնի Մելիք-Ադամյանով, բայց եթե դա արվի հանուն երկրի առողջացման, իսկապես ու սպասված բարեփոխումների… Ինչպես կասեր ռուսը` игра стоит свеч!


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ