ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քաղաքական գրավիտացիայի օրենքը

Քաղաքական գրավիտացիայի օրենքը
14.03.2015 | 12:00

Փետրվարի 12-ի ու 13-ի իրադարձությունների հիշատակը հավերժացնելու համար նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին նախագահականում կազմակերպեց քաղաքական ուժերի մարաթոն՝ սահմանադրական բարեփոխումների թեմայով հանդիպելով 7 կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քաղաքական դաշտը դեռ պիտի պաուզա վերցնի՝ նոր իրողությունների մեջ իր տեղն ու դիրքը ճշտելու, ինքնորոշվելու ու կողմնորոշվելու համար: Սահմանադրական փոփոխությունները ոչ միայն պետական կառավարման մոդելին են վերաբերում, այլև՝ իշխանական բուրգի կառուցմանը և, ուրեմն, յուրաքանչյուր կուսակցություն իր գաղափարական «այո»-ն ու «ոչ»-ն արտաբերելուց առաջ պիտի մտածի՝ նոր խորհրդարանում ու հետընտրական դաշտում իր տեղի ու դերի մասին: Վա՞ղ է, բնավ: Զուգահեռ գործընթացներ են, որ նաև պատճառահետևանքային կապ ունեն, բայց չեն սկսվում ու չեն ավարտվում նախագահական նստավայրում: Բովանդակային քննարկումներ, բնականաբար, նախագահականում չեն եղել, բայց եղել են խաղի պայմանների ճշտումներ: ՀՅԴ-ն միանգամայն ու հիմնովին համաձայն է, ու հավակնում է թիվ մեկ կոալիցիոն գործընկերոջ դերին: ԲՀԿ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, բայց չի ճշտել, որ դիրքորոշումը՝ երբ կողմ էր, թե երբ դեմ էր, միով բանիվ՝ քննարկումները շարունակվում են: Շարունակվում են և կոալիցիայի մեջ լինել-չլինելու պայմանների քննարկումները: «Ժառանգությունը» պայման է դնում Ընտրական օրենսգրքում 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը և քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, արդեն այս փուլում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալը և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից անմիջապես հետո արտահերթ ընտրություններ անցկացնելը: Պայմաններ, որ չեն ընդունվի ամբողջությամբ, խաղի տեղ կա, բայց խաղը գնալով կորցնում է իմաստը: Առավել ևս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ԱՄՆ-ում է: ՕԵԿ-ի, ՄԱԿ-ի, «Ազատ դեմոկրատների» ու ՀՀՇ-ի հետ հանդիպումները ևս տեղավորվում են նույն սխեմայում: Գործնականում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնած նախագահը հանդիպել է ընդդիմության հետ՝ անցյալ կամ ապագա, բայց՝ ներկա վերապահումներով: ՀԱԿ-ը նախագահական չի հրավիրվել, ի սկզբանե բացասական դիրքորոշում ունենալու հիմնավորումով: Իսկ Լևոն Զուրաբյանը պնդում է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ եռյակում մեկ դիրքորոշում է եղել․ «Եռյակում կար լիակատար ըմբռնում, որ սահմանադրական բարեփոխումները ուղղված են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը և արվում են միայն այդ նպատակով: Եռյակում կար ըմբռնում, որ սահմանադրական փոփոխություններ, եթե անգամ դրանց անհրաժեշտությունը կա, կարող են լինել միայն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի ռեժիմը հեռացվի և Հայաստանում հնարավոր լինի ազատ և արդար ընտրությունների մեխանիզմը հիմնել»: ՀԱԿ-ը մնում է նույն կարծիքին և դեմ է բարեփոխումներին, պատրաստ է միայնակ պայքարել սահմանադրական բարեփոխումների դեմ:

Եթե մարտի 12-ի քաղաքական օրվա թեման «սերժագնացներն» էին, մարտի 13-ին, օրացույցի քմահաճույքով նորից 13-ը ուրբաթ էր, Սերժ Սարգսյանը մատուցեց ավելի մեծ անակնկալ քան նախորդ օրվա մարաթոնն էր: Նա հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ասել, որ երկրի համար սահմանադրական բարեփոխումները կարևոր են ու կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում, ընդունել է, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են, Վենետիկի հանձնաժողովը ևս կարծում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում, բայց՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ օբյեկտիվորեն չեն կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ: Իսկ հետո մասնագիտական հանձնաժողովին առաջարկել է փարատել իր կասկածներն ու տագնապները. «Այդուհանդերձ, կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչը, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք լինել»: Անակնկա՞լ է: Այո, բայց նախապես պատրաստված: Վերդիկտ չկա ու չի լինելու՝ լինելու է կոնսոլիդացիա՝ առանց հրապարակավ գործող կամ առաջարկվող մոդելներից որևէ մեկին նախապատվություն տալու: Ընթացքը կորոշի արդյունքը: Տրամաբանակա՞ն է: Հարկավ: Ինչպես տրամաբանական է, որ որոշումը վաղուց և վերջնական տարբերակով կայացված է, բայց այդ որոշմանը մյուսները պիտի հանգեն հանգամանալից ու հակասական քննարկումների միջով անցնելով միայն:
Եվ նախագահը քաղաքական հավանություն է տվել հայեցակարգին՝ համոզված, որ պարտավոր է օգտագործել մեր պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն: Առաջադրվել է խնդիրը՝ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ: Սերժ Սարգսյանը երկակի խնդիր է դրել հանձնաժողովի առաջ՝ նախագծի մշակման բոլոր փուլերում՝ բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ անել քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: «Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ, թե կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը: Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի արդյունավետության և ճիշտ լինելու մեջ»: Այսինքն՝ գործող Սահմանադրության վրա վաղ է խաչ դնելը, խորհրդարան կարող են ներկայացվել երկու տարբերակներ՝ ընտրության:
Բայց ՀՀ նախագահի ինչի՞ն են պետք երկար-բարակ քննարկումներն ու պայման-պահանջները, նրա ինչի՞ն է պետք ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության», ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների», ՄԱԿ-ի ու ՀՀԿ-ի մեջ տարրալուծված մյուս քաղաքական ուժերի գնահատականը, ի՞նչ չգիտի նա, որ ուզում է իմանալ: Ոչինչ: Նոր՝ ոչինչ: Գործընթաց է, որ գրավիտացիայի օրենքի շրջանակներում է պահում քաղաքական ուժերին ու վերջ: Իսկ ովքեր դուրս են գրավիտացիայից, դուրս է մղում շրջանակից:
Գործնական նշանակություն ունեն հենց նրանք՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է ինքնակամ հեռանալ՝ ինքն է, չէ՞, հայտարարել իր տարիքի ու քաղաքականության խզվող կապի մասին, Ռոբերտ Քոչարյանը գրավիտացիայից առայժմ դուրս է և դուրս է նրանց հետ, ովքեր դուրս են արդեն ԲՀԿ-ից: Առաջիկա մի քանի օրը ՀՀ երկրորդ նախագահը նորից ինքնահարցազրույց կտա ու կմեկնաբանի բոլորի, բայց ոչ իր քայլերը: Հավանակա՞ն է: Այո, եթե նա մարտն ընդունում է: Ոչ, եթե իրականում հեռանում է, բայց չի բարձրաձայնելու, որպեսզի ինքն էլ իր գրավիտացիայի դաշտում պահի նրանց, ովքեր հույսները դնում են իրավիճակի փոփոխության վրա:


ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փառահեղ օրենք է գրավիտացիայի օրենքը: Առավել ևս, երբ համադրում եք Էյնշտեյնի հավանականության տեսությանը:

Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ