ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ե՞րբ կավարտվեն մարտյան իդենները Հայաստանում

Ե՞րբ կավարտվեն մարտյան  իդենները Հայաստանում
10.03.2015 | 00:57

Գուշակը նրան ասել էր՝ «Կեսար, զգուշացիր մարտյան իդեններից»: Լսել էր, ոչինչ չէր պատասխանել, մտքում ծանր ու թեթև էր արել ու որոշել էր՝ մարտյան իդեններից թող զգուշանան պարսիկները, մի շաբաթից ես գնում եմ Արևելքը նվաճելու, ի՞նչ պիտի Հռոմում ինձ պատահի: Սենատում ձեռքն էին տվել դավադիրների անուններով մոմապատ գրատախտակը, տանը մի հայացք էր նետել ու գցել բուխարու կրակը՝ 23 բարձրատոհմիկ հռոմեացի ու դավադրությո՞ւն, երեքը լինեին, արժեր մտածել, բայց 23-ը վտանգավոր չեն: Գիշերը կայծակը խփեց տան տանիքի պահապան աքաղաղին, ու փայտե աքաղաղը մոխրացավ, ծառաները գունատվեցին մինչև վերջին ստրուկը՝ Յուպիտերն էր զգուշացնում վերահաս վտանգը, քրքջաց ու հրամայեց նոր աքաղաղն ավելի մեծ հատել: Մարտյան իդենները սկսվել էին, իսկ Հուլիոս Կեսարը չէր նկատում: Սենատի աստիճաններով բարձրանալիս հանդիպեց նույն գուշակին ու ծիծաղելով ասաց՝ «Մարտյան իդենները սկսվել են, իսկ ինձ ոչինչ չի եղել՝ տես ինձ»: Գուշակը պատասխանեց՝ «Մարտյան իդենները սկսվել են, բայց չեն ավարտվել, Կեսար»: ՈՒ գնաց: Մի քանի րոպեից Հուլիոս Կեսարին Սենատում սպանեցին 23 բարձրատոհմիկ հռոմեացի դավադիրները: Նոր աքաղաղը դեռ չէին հատել ու տան տանիքին այրված նախորդի հետքերը դեռ կային: Արևելքի բախտը բերեց, վաղը պատերազմ չսկսվեց, պատերազմ սկսվեց Հռոմում: Մարտյան իդենները շարունակվում էին՝ մարտի 15-ն էր: Հետո իդենները դարձան խորհրդանիշ՝ վտանգի, սպառնալիքի ու մահվան, որը չես նկատում, թեև աչքիդ առաջ է, ու արդեն միայն մարտի 15-ին չէին սկսվում ու ավարտվում:
Մարտյան իդենները Հայաստանում ավարտվեցի՞ն: Համատարած խաղաղություն է քաղաքականության մարտական դաշտում: Ռազմական գործողություններն ավարտվեցին՝ չսկսված, խոսքերի զենքերն ու կուսակցական դրոշները իջեցրին՝ առանց զինադադար կնքելու, մարտադաշտում զոհեր չեղան, դաշնակիցների զորքերն էլ վերադարձան ելման դրություն: Եվ, այնուամենայնիվ, մարտյան իդենները Հայաստանում այդքան էլ խաղաղ չեն:
Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքական դաշտից ու իր հետ տարավ այն ամենը, ինչ ԲՀԿ-ն դարձնում էր բարգավաճ՝ ֆինանսները, գրասենյակը, վարկը: Կուսակցությունից սկսեցին հեռանալ ղեկավար ու շարքային անդամները: Տրամաբանորեն պիտի հեռանային Գագիկ Ծառուկյանի հետ՝ եթե պարտվել էին, պարտվել էին բոլորը, բայց նրանք հեռանում են ոչ թե Գագիկ Ծառուկյանի հետ, այլ՝ Գագիկ Ծառուկյանից ու նրանից հետո մնացած կուսակցությունից, որն իրեն արտահերթ համագումարում հռչակեց ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, վերջ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻՆ:
Կուսակցության ներսում վերադասավորումները շարունակվում են, բարդ է խնդիրը մարզային կառույցներում: Եթե նոր ԲՀԿ-ն դառնում է շարքային ընդդիմադիր, կորչում է այդ կուսակցությանն անդամակցելու շարքային հայերի ազդակը՝ ինչո՞ւ պիտի լինեն մի միության մեջ, որն այլևս որևէ առավելություն չի տալու իրենց, որը չի ֆինանսավորելու իրենց: Հասարակական հիմունքներով աշխատանքի նրանք պատրաստ չեն՝ հասարակական հիմունքներով աշխատանքի համար պետք է գաղափար, նպատակ, խնդիր: Նոր ԲՀԿ-ն այսօր դեռ չունի գաղափար, նպատակ, խնդիր եռամիասնությունը: Հին կարգախոսները հայտարարվեցին անվավեր, երբ նոր նախագահի մակարդակով ասվեց՝ «Վստահ եմ` առաջիկայում ունենալու ենք հստակ գաղափարախոսությամբ և լուրջ կուսակցություն»: Արդեն դժվար է հավատալ թե հստակությանը, թե լրջությանը, երբ անցած ճանապարհը միանգամից որակվեց անհստակ ու անլուրջ՝ անցնելիք ճանապարհից առաջ: Իսկ եթե իրոք «Մեր խոսքը գործ» լիներ, ի՞նչ վիճակում էր լինելու «Բարգավաճ Հայաստանին» հանձնված մնացած Հայաստանը:

Եթե ԲՀԿ-ին թողնենք իր նոր դեմքի, գրասենյակի ու անդամների որոնումների մեջ, ի՞նչ մնաց մարտյան իդեններից մյուս կուսակցություններին:
Նոր ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելու հայտարարությամբ ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն ստացան մրցակից քաղաքական դաշտում: Ոմանք համարում են՝ կոալիցիոն մրցակից, բայց կոալիցիաներ ձևավորվում կամ չեն ձևավորվում ընտրությունների արդյունքներով, ընտրությունից ընտրություն միջակայքում, երբ ՀՀԿ-ն ունի անհրաժեշտ մեծամասնություն խորհրդարանում, ինչի՞ն է պետք կոալիցիոն կառավարությունը: Բացի պորտֆելներ կորցնելուց՝ ի՞նչ է տալու ՀՀԿ-ին: Համագործակցության նոր ձևաչա՞փ: Բայց ի՞նչ հիմքի վրա: Ո՞ր և ո՞ւմ ծրագիրը կատարելու համար: Եթե այդ կուսակցությունները հայտարարում են «Իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք», կոալիցիան ջնջում է այդ սահմանը, և, ուրեմն ոչ մի կոալիցիա մինչև ընտրությունները չի կարող լինել: Տրամաբանորեն: Հայաստանում ամեն ինչ կարող է: Կլինի քաղաքական որոշում և կգտնվեն խնդիրներ ու նպատակներ, որ միայն համատեղ լուծում են պահանջում: Մարտյան իդենները չեն ավարտվել:
ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կորցրին ոչիշխանական եռյակում իրենց դաշնակցին, բայց եղե՞լ էր դաշնակցություն: Եթե այո, ինչո՞ւ այդքան արագ ձևաչափը կորցրեց իր 12 կետերը, համաժողովրդական պայքարի կարգախոսներն ու միասին լինելու իմաստը: «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն ունեն արտաքին ու ներքին քաղաքական տարաձայնություններ՝ թե ԵԱՏՄ-ին անդամակցության, թե իշխանափոխության ձևի ու ժամանակի հարցում: Նույն տարաձայնությունները «Ժառանգությունն» ունի ՀԱԿ-ի հետ: Ելքը չի երևում: Առավել ևս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եռյակի ավարտն ազդարարեց: Թեկուզ ուշացումով, բայց արձանագրեց: Մարտյան իդենները չեն ավարտվել:
ՀԱԿ-ը մնաց մենակ ու մեն-մենակ մարտի մեկին պատերազմ հայտարարեց բոլորին՝ ՀՀԿ-ին հանձնվելու միտումով: Քաղաքական երկխոսության երկրորդ փուլ, սակայն, չի կայանա՝ օրակարգ չկա: Եթե կայանա, երկուսի խոսակցություն չի լինի, մեկը կասի, մյուսը կլսի: Կամ՝ չի լսի, բայց այլևս թիկունքում ժողովուրդ չունի, որ իրեն լսեն: Արտախորհրդարանական ուժերի դեմ պայքարելու հանձնառությունն իսկ ՀԱԿ-ի արժեքը չի բարձրացնում ՀՀԿ-ի համար: Այդ ուժերի մի հատվածի հետ ինքը անձամբ կարող է խոսել անհրաժեշտության դեպքում, մյուս հատվածի հետ խոսակցության համար ՀԱԿ-ի հարթակը հակացուցված է: Առավել ևս, որ արևմտամետ հատվածն ու իշխանությունը միմյանց կարիքը չեն զգում: Որքան էլ ռուսամետ ընդդիմությանը հակակշռող ուժ է պետք իշխանությանը՝ արտաքին աշխարհում դիրքերն ամրապնդելու ու գործունեության դաշտը մեծացնելու համար՝ ՀՀԿ-ն միշտ գերադասել է իր ընդդիմությանը ինքը ստեղծել, ինքը վերացնել: Այդպես հուսալի է՝ գլխացավանք չեն դառնում: Մարտյան իդենները չեն ավարտվել:
Արտախորհրդարանական ուժերի համախմբումը, որ հունից հանում է ՀԱԿ-ի նախագահին, չի կայանալու: Ոչ այն պատճառով, որ բազմազան են, հատվածական ու համագործակցության պատրաստ չեն: Իշխանական տարածքում գործող բոլոր կուսակցությունների (ինչպես ցույց տվեց ոչիշխանական հրաշալի քառյակ-եռյակի փորձը) դաշինքը և համագործակցությունը կոնկրետ խնդրի լուծման համար են՝ կոնկրետ օրինագծի կամ հարցի համատեղ լուծման, և՝ վերջ: Ծրագրային-գաղափարական հարցեր, համակարգային փոփոխությունների ձգտումներ այս տարածքում չկան: Արտախորհրդարանական դաշտի խնդիրները այդ դաշտում գործող ուժերին կարող են միավորել ընտրություններից առաջ, միջանկյալ ժամանակում նրանց դաշինքը դատարկ հայտարարություն է լինելու, որի հետևում զուտ քաղաքականություն է, բայց ոչ գործունեություն: Համատեղ գործունեությունը իմաստ ու բովանդակություն ստանում է ընտրական գործընթացի առկայությամբ: Հիմա հավաքվեն մի ցուցանակի տակ ու միմյանց փառաբանե՞ն, թե որքան ճիշտ ու իմաստուն էին իրենք անցյալում, հիմա ու հետո, թե՞ դատափետեն նույն ցուցանակի տակ չեղողներին, բայց դա ՀԱԿ-ի սուրբ պարտականությունն է, պետք չէ հացից զրկել առանց այդ էլ զրկված ու զարկված կոնգրեսին: Իդենները չեն ավարտվել:
Հայաստանի քաղաքական դաշտում ոչ միայն ու ոչ այնքան կուսակցություններն են ազդեցիկ գործոն, որքան քաղաքական գործիչները: Գործիչ կա՞, կուսակցություն կլինի: Չկա՞, կուսակցությունն էլ չի օգնի: Պատահական չէ մարդ-կուսակցությունների այս առատությունը, որոնց առաջին դեմքից հետո կուսակցական շարքերի որոնումներն ավարտվում են ոչ թե իրավական 2000-ի սահմաններում, այլ հազիվ մեկ տասնյակի, երբեմն էլ եռյակի: ԲՀԿ-ից հեռացած գործարարները որոնելու են ՀՀԿ-ի դռները, պետական պաշտոնյաները՝ նույնպես: Դեռ «անտուն» է միայն նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, որ չմնաց ԲՀԿ-ում, բայց մնաց ԱԺ-ում: ԲՀԿ-ից հեռանալը հասկանալի էր՝ նոր ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանի քաղաքական նպատակների հենարան չի կարող լինել: ԱԺ-ից չհեռանալը նույնպես հասկանալի է՝ անհրաժեշտության դեպքում Վարդան Օսկանյանը ԱԺ-ում կարող է նոր խմբակցություն ձևավորել և խորհրդարանական հարթակ դարձնել քաղաքական նոր ուժի համար, որի նախագահը կարող է հենց ինքը լինել: Մինչև խորհրդարանական ընտրություններ դեռ ժամանակ կա նոր կուսակցություն ստեղծելու ու շրջանառության մեջ դնելու համար, եթե Ռոբերտ Քոչարյանը հավաքի շեփոր հնչեցնի: Երկրորդ նախագահը կմտնի՞ քաղաքական պայքարի մեջ ընտրություններից առաջ, թե՞ ոչ, կառաջադրի՞ թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ մինչ այդ խորհրդանական ընտրություններում սեփական քաղաքական ուժով կփորձի հաջողության հասնել՝ բոլոր հարցերի պատասխանները քաղաքական պայմանավորվածությունների դաշտում են լինելու՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս, որոնց 99,9 % ՕԳԳ-ի դեպքում միայն նա դաշտ կմտնի անձամբ կամ շքախմբով: Նրա մարտյան իդենները դեռ չեն սկսվել:
Կա նաև Հովիկ Աբրահամյանը՝ պաշտոնապես ՀՀԿ անդամ, ոչ պաշտոնապես ԲՀԿ: Փետրվարից մարտ՝ նաև նրան ասվեց, որ անհատական գլադիատորական մարտերը մեր քաղաքական կրկեսում արգելված են: Բայց երբ կրկեսում իրավիճակ փոխվի, Հովիկ Աբրահամյանը կարող է ինքը որոշել գլադիատորների մարտի արդյունքը բութի վերև կամ ներքև շարժումով՝ ԲՀԿ-ի ՕԳԳ-ն առավելագույնս օգտագործելով, եթե մինչև այդ ժամանակը պահպանեն միմյանց: Նրա մարտյան իդենները նոր են սկսվում:
Եթե առաջ բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ, հիմա մեր քաղաքական ճանապարհները տանում են դեպի Սահմանադրություն: Կավարտվե՞ն մարտյան իդենները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին ընթացք տալով, թե՞ հարցը կհետաձգվի մայիս ու ավելի հետո, դա ճանապարհ է, որ կարող է ընտրվել լուծելու համար հիմնական՝ առաջիկա տասնամյակի իշխանության ձևի ու բովանդակության հարցը՝ կառավարման մոդելից մինչև կառավարիչներ: Այդ հարցին են խաչվում քաղաքական ու մերձքաղաքական գործընթացները: Ի տարբերություն Հռոմի, երբ մարտյան իդենները սկսվում ու ավարտվում էին մարտի 15-ին, Հայաստանում կարող են տևել մինչև 2017-2018:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հուլիոս Կեսարի սպանությունից հետո մարտյան իդենները դարձան խորհրդանիշ՝ վտանգի, սպառնալիքի ու մահվան, որը չես նկատում, թեև աչքիդ առաջ է, ու արդեն միայն մարտի 15-ին չէին սկսվում ու ավարտվում: Բայց մարտյան իդեններով ժամանակը չի վերջանում, կան կալենդներն ու նոները: Ամեն ամսվա նոներին ժողովրդին ազդարարվում էին այդ ամսվա տոները՝ հացին հավելվում էր զվարճանքը: Իրականում հացն ու զվարճանքը նույն քաղաքականության երկու կողմերն էին, որ Հռոմը պահում էին կառավարելիության ձգողականության դաշտում և բացառում էին Կոլիզեումից բացի որևէ այլ տեղ կրկեսի գոյությունը, որովհետև հենց այդ «կրկեսը» հայտնվում էր, հերթական կեսարը աստված էր դառնում՝ հռոմեացիները հենց մահվան օրը իրենց կոնսուլներին, իմպերատորներին ու կեսարներին հռչակում էին աստված՝ այդպես նրանք դառնում էին նոր իշխանության պաշտպանը երկնքում, և ուրեմն կանխում էին նրա դեմ երկրային ոտնձգությունները: Իդեններից հետո կսկսվե՞ն մեր նոները, թե՞ տոներ մեր քաղաքական օրացույցում չկան:

Դիտվել է՝ 1987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ